Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նշանակություն չունի կյանքի տևողությունը

Նշանակություն չունի կյանքի տևողությունը
10.07.2015 | 10:56

«Եթե մարդուն տրված է հարություն առնել, ապա տեղը և ժամանակը նշանակություն չունեն»,- ասել է Հենրի Դեյվիդ Թորոն։ Նշանակություն չունի նաև կյանքի տևողությունը։ Սա վերաբերում է հատկապես վաղամեռիկ հանճարներին։ Այդպիսին է և անզուգական Կետլին Ֆերիերը, որն ապրել է ընդամենը 41 տարի։ Անգլիացի անվանի երգչուհին ծնվել է 1912 թ. Լանկաշիրում և... անմահացել 1953 թ. Լոնդոնում։ Ֆերիերի ընտանիքը Մենդելսոնի ընտանիքի պես հարուստ չէր, ոչ էլ Շուբերտների պես աղքատ։ Այլ, ինչպես ասում են՝ ծայրը ծայրին հասցնում էին, մինչև Կետլինը դարձավ 14 տարեկան։ Հետո աղջիկը ստիպված եղավ դպրոցը թողնել և աշխատել հեռախոսավարուհի։ Բջջային հեռախոսների ժամանակակիցներին գուցե հարկ լինի բացատրել, թե 20-րդ դարի 20-ականներին ինչ էր նշանակում հեռախոսավարուհի լինելը։ Ամբողջ օրը աթոռին գամված, քաղաքացիների պահանջով աշխատողը պիտի միացներ նշված հեռախոսահամարը և կապ ապահովեր նրանց միջև։ Անշուշտ, նման զբաղվածությունը պիտի դժվարացներ Կետլինին տրված երաժշտության դասերի յուրացումը։ (Կետլինի ծնողները երգում էին քաղաքի ինքնագործ երգչախմբերում, մայրն էլ նրա առաջին ուսուցիչն էր)։ Այնուամենայնիվ, Կետլինը ժամանակ էր գտնում պարապելու և, շնորհիվ տաղանդի, քաղաքային մրցույթում արժանացավ 1-ին մրցանակի։ Ընդ որում՝ որպես երգչուհի և դաշնակահարուհի։ Կետլինը երգում էր երգչախմբում, հանդես գալիս նաև որպես մեներգչուհի։ Շուտով վրա հասավ 2-րդ աշխարհամարտը։ Կետլինը սկսեց երգել զորամասերում, հոսպիտալներում, գործարաններում։ Աղջկա հրաշալի կատարմամբ անգլիական ժողովրդական երգերը զորացնում էին ու գոտեպնդում ունկնդիրներին։

Մերթ ընդ մերթ երգչուհին երգում էր նաև համերգասրահներում։ Համերգներից մեկում Կետլինի ձայնով զմայլված, անվանի դիրիժոր Մալկոլմ Սարջենտը խորհուրդ տվեց աղջկան մեկնել Լոնդոն կատարելագործվելու և երգելու խոշոր բեմերում։ Լոնդոնում Կետլինը դասեր ստացավ հմուտ մանկավարժ Ռոյ Գենդերսոնից և բազմապատկեց իր ուժերը։ Մայրաքաղաքում Կետլինը մենահամերգներ էր տալիս բավական բարդ ծրագրով, ելույթներ ունենում նաև երգչախմբերի հետ, կատարում Հենդելի, Մենդելսոնի, Հենրի Փրսելի և այլոց երգերը։ 1943 թ. որպես մեներգչուհի նա մասնակցեց Հենդելի «Փրկիչ» օրատորիայի կատարմանը։ Իսկ առաջին օպերային դերը, որ Կետլինը խաղաց, Լուկրեցիան էր` Բենջամեն Բրիտտենի «Լուկրեցիայի անարգումը» օպերայում։ Պրեմիերան տեղի ունեցավ 1946 թ. հուլիսի 12-ին, Գլանդբոռնի փառատոնում։

Ինչպես Օթելլոյի դերակատարության համար Ջուզեպպե Վերդին հայտնագործել էր անզուգական տենոր Ֆրանչեսկո Տամանիոյին, այնպես էլ Լուկրեցիայի կերպարը մարմնավորելու համար գտավ Կետլին Ֆերիերին։ Երաժշտագետ Լեոնիդ Էնտելիսը զուգահեռ է անցկացնում ինչպես Վերդիի և Բրիտտենի մոտեցումների, այնպես էլ Դեզդեմոնայի և Լուկրեցիայի կերպարների միջև։ Հռոմեացի զորավար Կոլլատինոսի կնոջ` Լուկրեցիայի ողբերգությունը նկարագրել է անտիկ պատմաբան Տակիտոսը։ Այդ պատմությունը հետագայում օգտագործել են տարբեր արվեստագետներ, այդ թվում՝ Շեքսպիրը։ Հակիրճ` սա է պատմությունը։

Տարկվինիոս թագավորը, օգտվելով զորավարի բացակայությունից, ուժով տիրանում է նրա կնոջը։ Մաքրության տիպար Լուկրեցիան, չտանելով այդ անարգանքը, ինքնասպան է լինում։ Եվ ահա Դեզդեմոնայի պես հավատարիմ, փխրուն ու անպաշտպան Լուկրեցիայի դերը Բրիտտենը վստահեց Կետլին Ֆերիերին։

Հաջորդ և վերջին օպերային կերպարը, որ մարմնավորել է Ֆերիերը, Օրփեոսն էր` Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում։

Այս օպերայի ներկայացումով էլ բացվեց նույն Գլայնդբոռնյան հերթական փառատոնը 1947 թ.։ Անդրադառնալով օպերայի գագաթնակետին, մասնավորապես 3-րդ գործողությունում հնչող «Ես կորցրի Էվրիդիկեին» արիային, երաժշտագետ Վսեվոլոդ Տիմոխինը համեմատել է երկու մեծ երգչուհիների մեկնաբանությունները։ Գերմանացի Մարգարետ Կլոզեի կատարմամբ արիան հնչում է սգալի, վեհ և լուսավոր։ Մինչդեռ Ֆերիերի կատարումն ավելի պոռթկուն է, դրամատիկ։ Եվ նույն արիան հնչում է ոչ թե հովվերգական կամ եղերական, այլ ավելի հուզական ու ալեկոծ։ Հավանաբար նման մի կատարում էր լսել Ժան-Ժակ Ռուսոն, որ հուզմունքից արտասվել էր (չէ՞ որ փիլիսոփան էլ իր «Էվրիդիկեին» էր կորցրել)։ «Օրփեոսի» ներկայացումից հետո Ֆերիերը խոստովանել է. «Այս դերն ինձ շատ հոգեհարազատ է. տալ այն ամենը, ինչ ունես` հանուն քո սիրո։ Ահա սրա համար ես` որպես մարդ և արվեստագետ, միշտ պատրաստ եմ դիմելու այդ քայլին»։

Երգչուհու կատարումներից կարելի է եզրակացնել, որ նա ոչ միայն խաղում է, մարմնավորում ազնիվ, նվիրյալ, սրբասիրտ հերոսների դերը, կերպարը, այլ Ֆերիերն ինքն էլ կյանքում այդպիսին էր, դա նաև նրա մարդկային «ամպլուան» էր, տեսակը, նրա հերոսներն իր իսկ «ինքնադիմանկարն» են։ Սա հատկապես վերաբերում է Շուբերտի, Բրամսի և Մալերի երգերի հերոսներին։ Ֆերիերի արվեստի զորության առեղծվածներից մեկի վրա լույս է սփռում Վսեվոլոդ Տիմոխինի հետևյալ խորաթափանց դիտարկումը։ Երաժշտագետը նշում է, որ երգչուհին նախ օժտված է հուզական մեծ դիապազոնով, սակայն նրա պոռթկումները միշտ զուսպ են։ Բացի այդ, շնորհիվ իր հոգեբանական «բազմերանգության» և ձայնի նրբերանգների, նա կարողանում է գունավորել երգվող մեղեդիները։ Երբ նա թախիծ է արտահայտում, լսողին թվում է, թե նրա ձայնի ընդերքում խմորվում է, հասունանում դրամատիկ բախման սերմը։ Իսկ երբ երգչուհին դրսևորում է բերկրալից, լուսավոր տրամադրություն, դա էլ իր գունային «սպեկտրը»` սանդղակն է ունենում։ Եվ այդ գունափոխություններում սկսում է նշմարվել տագնապալի թրթիռ, հուզական լարվածություն։ Արվեստի ստեղծագործություններում գործող ձևագոյացման օրենքների համապատասխանությունը բնության օրենքներին վկայում է այդ գործերի կատարելությունը։ Լինում են, անշուշտ, բացառություններ։ Օրինակ, ծովն իր խորքում հանդարտ է, մինչդեռ մակերեսն ալեկոծվում է։ Իսկ արվեստում կարող է լինել հակառակը և ոչ պակաս ազդեցիկ ու ցնցող։ Որպեսզի «ի խորոց սրտի» բուռն ալեկոծումները, այսպես ասած, ավերածությունների պատճառ չդառնան, ափերից դուրս չգան, արտաքուստ զսպվում են։ Ժամանակին ֆինն երաժշտագետ Էրիկ Տավստշեռնան այսպես է բնութագրել մեծանուն դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի արվեստը. «Լյուբիմովը երաժշտության փիլիսոփա է, բայց բնավ ոչ հանգիստ և անկիրք, այլ հակառակը` ըմբոստ ոգով առլեցուն, որոնող, ով իր մեջ զուգակցում է բոցաշունչ սրտի տեր ինտելեկտուալին և նուրբ հոգով անհատին, և հիշեցնում է պատկառուկ ծաղիկը, քանզի իր հույզերը նա հաճախ քողարկում է կուռ ոճի զրահով» (Հելսինկի Սանոմատ, 1975 թ., մայիս)։ Այդպիսին է նաև Կետլին Ֆերիերը, որի նմանատիպ ոճը և հոգեկերտվածքը հնարավորություն էին ընձեռել նրան լավագույնս մեկնաբանելու Բախի, Բրամսի և այլոց երկերը։ Օրինակ, «Պետրոսի ողբը» («Erbarme dich, mein Gott») արիան (N47), Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասիոնից, որն արտահայտում է առաքյալի զղջումը, ողբը` Հիսուսին ուրանալուց հետո։

Լավագույն օրինակներից է նաև Մալերի «Երգեր ննջեցյալ երեխաների մասին» շարքը, որը Ֆերիերը կատարել և ձայնագրել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Բրունո Վալտերի ղեկավարությամբ։ Շնորհիվ Ֆերիերի երգելաոճի, հեղինակի մտահղացումը, կարելի է ասել, հեշտությամբ է «բուն դնում» երգչուհու սրտում։ Սրան մեծապես նպաստել է Բրունո Վալտերը, որի հետ համագործակցությունը Ֆերիերի համար բախտորոշ է։

Ժամանակին երիտասարդ Վալտերը համագործակցել է Մալերի հետ, կրել նրա ազդեցությունը և փոխանցել մեծ կոմպոզիտորի և դիրիժորի ավանդույթները։ Ի դեպ, Վալտերը Մալերի «Երգ հողի մասին» (1911 թ.) և 9-րդ սիմֆոնիաների առաջին կատարողն էր (1912 թ.)։ Ֆերիերը Բրունո Վալտերի հետ հանդես է եկել նաև Նյու Յորքում, մասնակցելով «Երգ հողի մասին» սիմֆոնիայի կատարմանը, ինչպես նաև մենահամերգներով։ Որպես դաշնակահար, Բրունո Վալտերը Ֆերիերին նվագակցել է Զալցբուրգի և Էդինբուրգի (1949 թ.) փառատոներում` կատարելով Շուբերտի, Շումանի, Բրամսի երգերը։ Իսկ 1950 թ., կրկին Էդինբուրգում Կետլինը երգել է Բրամսի «Ռապսոդիան»` նվագախմբի և երգչախմբի հետ` Բրունո Վալտերի գլխավորությամբ։ Անշուշտ, սրանով չեն սահմանափակվում Ֆերիերի և Վալտերի համատեղ ելույթները։

Երգչուհին մենահամերգներ է տվել Կանադայում, Կուբայում, սկանդինավյան երկրներում։ Մասնակցել է նաև հոլանդական փառատոներին (1948, 1949, 1951 թթ.), հանդես գալով «Օրփեոս» օպերայի և «Երգ հողի մասին» սիմֆոնիայի կատարումներում։ Երգել է նաև Բրիտտենի «Գարնանային սիմֆոնիայի» համաշխարհային պրեմիերայում։

1950 թ. մեծ խանդավառությամբ Ֆերիերին ընդունեցին Վիեննայում` Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասիոնի կատարման առիթով։ Կետլին Ֆերիերի այս հաղթարշավում բեկումնային էր 1952 թվականը, երբ Վիեննայում նա մասնակցեց «Երգ հողի մասին» սիմֆոնիայի կատարմանը։ Անբուժելի հիվանդությունն արդեն գլուխ էր բարձրացրել։ Սրանից հետո երգչուհու գործունեությունը հետզհետե սկսեց նվազել։ Իսկ 1953 թ. փետրվարին, Լոնդոնի «Քովենթ-Գարդեն» թատրոնում նախատեսված «Օրփեոսի» չորս ներկայացումներից Ֆերիերը երգեց միայն երկուսում։ Այս ներկայացումների առիթով քննադատ ՈՒինթոն Դինը «Օպերա» ամսագրում գրել է. «Ձայնի զարմանալի գեղեցկությունը, բարձր երաժշտականությունը և հուզականությունը հնարավորություն ընձեռեցին երգչուհուն մարմնավորելու Օրփեոսի մասին առասպելի «ուղնուծուծը», հաղորդելու մարդկային կորստի ողբը և երաժշտության ամենահաղթ ուժը»։

Առաջին հայացքից թվում է, թե, ասելով «երաժշտության ամենահաղթ ուժը», քննադատը նկատի ունի Գլյուկի օպերայի կամ, առհասարակ, երաժշտական արվեստի ուժը։ Սակայն եթե մտաբերենք օպերայի բովանդակության մանրամասները, ապա կպարզվի հետևյալը։ Հայտնի է, որ Օրփեոսը երգ ու նվագով, ինչպես Շեքսպիրն է ասում. «Քարշում է ծառեր, քարեր, գետեր։ Չկա մի էակ այնքան փայտացած, բիրտ ու կատաղի, որ գեթ մի րոպե չբռնափոխվի երաժշտությամբ»։ Օրփեոսի այս զորությունը նկատի ունենալով է, որ առասպելում Զևսը պայման է դնում երգչի առջև. եթե Օրփեոսը դժոխքում իր երգով կարողանա հաղթել չար ոգիներին, ապա նա կկարողանա վերադարձնել իր սիրեցյալ Էվրիդիկեին։ Չար ոգիները տեղի են տալիս, ավելին, Օրփեոսն իր երգով բացում է նաև դրախտի դռները և հանդիպում Էվրիդիկեին։

Ինչ վերաբերում է Ֆերիեր-Օրփեոսին, ապա կարելի է ասել, որ երգչուհին նույնանում է իր հերոսին. երգչուհու շուրթերով ասես ինքը` Օրփեոսն է երգում, և թվում է, թե լսողն էլ է հայտնվում դրախտում։ Ըստ Ֆրիդրիխ Նիցշեի, լավ ասված խոսքը մեռածն էլ կլսի։ Ահա այսպես, Օրփեոսն իր երգով կենդանացնում է Էվրիդիկեին։ Ահա երաժշտության այս «ամենահաղթ ուժը» նկատի ուներ քննադատը։ Եվ վերանում են միջնորմները կատարողի և իր մարմնավորած հերոսի միջև։ Հիրավի, Շուբերտի, Բրամսի, Մալերի մենություն, ունայնություն արտահայտող երգերի «հայելում» Ֆերիերը ինքն իրեն էր տեսնում, հատկապես հիվանդության շրջանում։ Սրա վառ օրինակը Ֆրիդրիխ Ռյուկերտի խոսքերով գրված` Մալերի «Աշխարհիս համար վաղուց եմ կորած» երգն է, որը երգչուհին ձայնագրել է, հաղթահարելով անտանելի ցավերը։ Նա նայում էր ոչ թե նոտաներին, որոնք անգիր գիտեր, այլ մահվան աչքերին։ Ֆերիերն էլ բանաստեղծ Առաքել Սյունեցու պես կարող էր ասել. «Չարին յաղթեմք քոյին երգով` քաղցրանուագ այսու դեղով»։ Եվ ձայնագրության ընթացքում երգչուհուն նվագակցող Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների (նույնիսկ տղամարդկանց) աչքերում արցունքներ փայլեցին։ Եվ ինչպես չարտասվեին, եթե մահամերձ Կետլինը իր հանճարեղ, իր «կարապի երգով» ասում էր.

Աշխարհիս համար վաղուց եմ կորսված,

Որտեղ ես այդքան ժամանակ կորցրի,

Ինձ էլ են այնտեղ վաղուց մոռացել։

Սակայն այլևս դա ինձ չի հուզում.

Մեռած են կարծում, թե անհայտ կորած,

Ես չեմ առարկի, ինչ էլ որ կարծեն,

Քանզի ես իրոք վաղուց եմ մեռել

ՈՒնայն աշխարհի և մարդկանց համար,

Եվ գտել անդորր լռության գրկում։

Ապրում եմ մենակ, իմ լուռ երկնքում,

Երգիս աշխարհում, սիրո եզերքում։

(թարգմանությունը` Դանիել ԵՐԱԺՇՏԻ)

Հիրավի, լսելով այս «աշխարհի համար կորսված» Ֆերիերին, գտնում ես հրեշտակաձայն երգչուհուն, գտնում ես Լուկրեցիային, Էվրիդիկեին, գտնում ես կորսված դրախտը։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 1629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ