Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վնասարարության և անտարբերության հետևանքը՝ չորացող ծառեր

Վնասարարության և անտարբերության հետևանքը՝ չորացող ծառեր
17.07.2015 | 02:10

Լինում են դեպքեր, երբ ավելորդ անգամ ևս համոզվում ես, որ փոքր մարդիկ մե՜ծ հիշաչարություն են ունենում, հատկապես, երբ արդարությունը, հանրային սեփականությունը պաշտպանելու համար զսպում ես նրանց ախորժակը։
Անցած տարվա հունիսին, «Իրատեսի» թիվ 43 (541)-ում «Մի փոքր ամոթ ունեցիր գրպանդ լցնելուց առաջ» հրապարակմամբ բարձրաձայնեցի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կանաչապատման ծառայության պետի «փայլուն» աշխատանքի մասին, երբ իր ներկայությամբ և հրահանգով երկու հաստաբուն, կանաչ ու բարձրուղեշ ծառ կտրվեց մեր շենքի (Անդրանիկի փողոց) դիմացի փոքրիկ պուրակից։ Կարծում էի՝ կանխվեց մյուս ծառերի «սպանդը», սակայն պարզվեց, որ միայն վնասարարության տակտիկան է փոխվել։ Երկու շաբաթ է՝ չեմ կարողանում «բերման» ենթարկել թաղապետարանի կանաչապատման ծառայության պետ Հայկ Դադայան անվանյալին. երբ զանգում եմ, ասում են. «Կես ժամ առաջ սենյակում էր»։ Իսկ ամառվա այս տապին մեր մուտքի դիմացի հատվածի երկու տասնյակից ավելի ծառ չորանում է (չորս մատղաշ՝ 2-4 տարեկան ծառ արդեն չորացել է)։ Ոռոգման ջուր կա, միայն թե խողովակները միմյանցից միտումնավոր հեռացրել և փայտ են խցկել մեջը։ Փորձ արեցի փայտը հանել՝ ուժս չպատեց (հանեի էլ, խողովակների ծայրերն ինչպե՞ս էի ի մի բերելու)։ Իմ ահազանգերը թաղապետարան՝ անարդյունք մնացին. երկու շաբաթ է՝ հասցեն վերցնում են, բայց չեն գալիս։ Դեռ մեկ աշխատակից էլ զարմացավ. «Ձեր շենքում մի տղամարդ չկա՞, որ էդ հարցը հոգա»։
Ճարահատ՝ համայնքապետի ընդունարան զանգեցի։ Քարտուղարուհին սերտած դաս պատասխանեց. «Խորհրդակցություն է մոտը»։ Հասցեն և խնդիրը փոխանցեցի քարտուղարուհուն։ Անցել է ևս մեկ շաբաթ, իսկ ծառերն իրենց այրված տերևներով և խղճալի տեսքով ոչ միայն ջուր են աղերսում, այլև ամո՜թ են ճչում։ Վնասարարությունն ու ձրիակերությունն էլ ինչպես են լինում, ինչի՞ համար են աշխատավարձ ստանում։
ՈՒղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած՝ կարածե ոչխար.
Աղվեսը՝ հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։
Դադարել ենք արդեն «խելքի աշելուն», հիմա միայն անամոթության, անպատժելիության և լպիրշության ականատեսն ու հանդիսատեսն ենք։
Մեկ խորհուրդ ներկայիս համայնքապետին (նա, ասում են, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է). Վահան Զատիկյանի աթոռը «ժառանգելուց» զատ, լավ կլիներ նրա աշխատաոճը, սրտացավությունն ու մարդկային որակներից մեկ-երկուսը ևս «ժառանգեիք». խնդիրն իրազեկելուց հետո էլ գործ չեք անում, տնաշեններ։ Էլ ինչպե՞ս կասկած չլինի, որ սա դիտավորություն է, ավելին՝ անխիղճ հանցագործություն, որի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև շենքի բնակիչները։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ