Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Տուր ինձ իմաստություն բարին խորհել և խոսել և գործել Քո առաջ ամենայն ժամ»

«Տուր ինձ իմաստություն  բարին խորհել և խոսել և գործել Քո առաջ ամենայն ժամ»
21.07.2015 | 00:58

Երբ գրվեց «Մկների ժողովը», դեռևս չկար մկների այս դրախտը, քանի որ գիտնականները դեռ չէին որոշել, թե ինչպես երջանկացնեն մկներին ու կատվի ահից հեռու պահեն։ Բայց ահա 1968 թվականին կենդանաբան Ջոն Կելխունը, ամերիկյան ազգային ինստիտուտի հոգեբանական առողջության բազայի հիման վրա, աներևակայելի մի փորձ դրեց սպիտակ մկների համար։ Նա պարզապես առանձնացրեց երկուսը երկուսի վրա մի տարածք, 1,5 մետր բարձրությամբ, որ կրծողները չկարողանան դուրս գալ այդ տարածքից, ու նրանց համար ստեղծեց ամենաիդեալական պայմանները, ասել կուզի` մկան դրախտի մի մոդել, որտեղ բառիս բուն իմաստով ամեն բան կա մկների երջանկության համար։ Այս փորձի նպատակը հեռահար էր. գիտնականն ուզում էր հասկանալ, թե ինչ է սպասում մարդկությանը, եթե նրանք նույն պայմաններում հայտնվեն, և ըստ այդմ զգուշացնել կամ օգնել «Ամեն ինչ մարդկության բարօրության համար» հումանիստական գաղափարախոսության հայրերին։ Դրախտային այդ տարածքի ջերմաստիճանը միշտ անփոփոխ ու օգտակար մակարդակում էր պահվում, ամեն օր առատ կերակուր էր տրվում, համապատասխան նյութեր էին մատակարարվում մկներին, որ իրենց համար բներ կառուցեն, իսկ շաբաթը մեկ անգամ էլ տարածքը մաքրվում էր նրանց թողած աղբից ու մնացորդներից։ Մի խոսքով` կեր, խմիր, քեֆ արա, մինչև տեսնենք, թե վերջն ինչ կլինի։
Փորձի համար առանձնացրել էին չորս զույգ առողջ ու կենսախինդ սպիտակ մկների, որոնք սկսեցին իրենց դրախտային վիճակը։ Ասենք, որ գիտնականների տվյալներով` տարածքը բավարար էր այդ զույգերի անարգել բազմացմանը, ու 55 օր հետո նրանք տվեցին իրենց առաջին սերունդը, և արդեն 145 օր անց մկների թիվը հասավ 600-ի։ Տարածքը դարձավ նեղ այդքան մկների համար, և հենց այդ ժամանակից սկսվեց, կարելի է ասել, սոցիոլոգիական աստիճանակարգում։ Փաստենք, որ այդքան տարածքում կարող էր ծնվել ու ապրել 3840 մուկ, բայց երբ այդ թիվը հասավ 2200-ի, դադարեց աճը։ Սկսվեց հակառակ հաշվարկը, նրանք սկսեցին նվազել, բայց տարօրինակ հետընթացով։ Սկզբում առաջացավ «մերժվածներ»-ի կաստա, որը հիմնականում կազմված էր երիտասարդ մկներից։ Մնացած ավագ մկները ագրեսիվ էին վարվում նրանց հետ. քշում էին տարածքի մեջտեղի անբնակ մասը, պոչերը կծոտում ու երբեմն սպանում դրանցից ակտիվներին։ Այդ կատարվում էր «բարգավաճած», ընտանիքներ կազմած ծեր մկների միջոցով, որոնք խանգարում էին ընտանիք կազմելուն ու աճելուն, որ նեղվածք չլինի տարածքում։ Արդյունքը եղավ այն, որ ջահել մկները, կոտրվելով այդ հարձակումներից, դադարեցին պաշտպանել իրենցից հղիացած էգերին, որոնք էլ իրենց հերթին վերածվեցին ագրեսիվ մկների ու ամեն գնով փորձում էին պաշտպանել իրենց սերնդին։ Հետագայում դրանք էլ սկսեցին սպանել իրենցից ծնվածներին և, առանձնանալով տարբեր անկյուններում, դադարեցին էգերին ընձեռված սերնդաբանությունից։ Արդյունքում պակասեց մկների ընդհանուր քանակը, իսկ սատկելու միտումը արագացավ։ Եվ այստեղ սկսվեց մկնային դրախտի մի նոր էտապ. առաջացավ «գեղեցիկների» նոր կատեգորիա, որ մինչ այդ չէր եղել մկների սերնդաբանության մեջ։ Այդ նոր սերնդի անհատները դադարեցին հետաքրքրվել իրենց հակառակ սեռով, կամ պայքարել զուգընկեր ունենալու ցանկությունից։ Սրանք միայն զբաղված էին առատ ուտելիքից օգտվելով, ուտել-խմելով, քնելով, ու իրենց մորթի համար հոգս տանելով, և ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում նրանց. ոչ բներ սարքել, ոչ ընտանիք կազմել ու բազմանալ, ոչ պայքարել։ Արդյունքում նմանները, առանձնացած էգերի հետ միասին այնքան շատացան, որ գերակշռեցին մնացածներին, որոնց սերնդաբանությունը հավասարվեց զրոյի։ Շուտով մի նոր տարատեսակ էլ առաջացավ։ Ինչքան էլ զարմանալի թվա, առաջացան հոմոսեքսուալ մկներ, որոնց չէին հետաքրքրում էգ մկները, այլ միայն հարաբերվում էին որձերի հետ։ Այս մկնատեսակները շուտով սկսեցին ուտել իրենց նմաններին, կանիբալիզմը դարձավ սովորություն, հենց այնպես, կարծես հաճույքի համար, չնայած տարածքում կերակրի պակաս չկար։ Մկնային դրախտի փորձը 1780-րդ օրը դադարեց ինքնաբերաբար, առանց արտաքին ազդակների, ու սկսված դրախտային կյանքը վերածվեց դժոխքի։
Գիտափորձը դադարեց, մարդկանց զգուշացման ազդակներ հաղորդելով, ինչը և հիմա կատարվում է զարգացած պետություններում, որտեղ ամեն բան մարդկանց նյութական բարօրության համար է արվում, անուշադրության մատնելով հոգևոր արժեքները, բայց իրականում այն հենց մարդկության դեմ է գործում, քանզի ագրեսիայի լարվածությունն իր վերջնակետին է հասնում։ Հիշենք Լիբիան. այդ երկիրը մի քանի տարի առաջ կիսադրախտի վիճակին համապատասխան տվյալներ ուներ. ձրի ուսուցում, ցածր գներ, զվարճությունների առատություն, բարձր աշխատավարձ, գործազրկության մինիմում, իսկ արդյունքում եղավ այն, ինչ եղավ, ու հիմա այդ երկիրն աշխարհում ամենաթշվառներից մեկն է։ Երկիր մոլորակում այսօր շուրջբոլորը մահ ու կործանում է, նմանը նմանին է հոշոտում ու ոչնչացնում, խեղաթյուրված ընտանիքներ, սեռական սանձարձակությունն ու միասեռական կապերը պետական հովանավորության մակարդակի են հասել։ Այս ամենի վերջակետը դարձավ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումը. այսուհետ այդ երկրի բոլոր նահանգները անխտիր միասեռականների առջև կանաչ ճանապարհ բացեցին. սա վերջի սկիզբն էր. այժմ սպասենք վախճանաբանական այն վարագույրին, որ պիտի փակի մարդկային 7 հազար տարվա կատակերգությունը, ավելի շուտ` ողբերգությունը։ Այս մասին, ինչքան էլ տարօրինակ թվա, զգուշացվել է մարդկությանը դեռ Պողոս առաքյալի միջոցով. «Ասում եմ ձեզ. Հոգով ընթացեք ու մարմնի ցանկությունը մի կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին մարմնի հակառակը, և քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք։ Իսկ մարմնի գործերը հայտնի են. այսինքն` շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, բաժանումներ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց մնան ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, թե նրանք, ովքեր այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Գաղատ. 5.16-21)։
Մռայլ էր, չէ՞, ամենը, ինչի մասին կարդացինք, բայց վարագույրը ինչպես փակվում է, այդպես էլ բացվում է այն Մեկի կողմից, Ով իրավունք ունի այդ անելու։ Վերջին խոսքը Արարիչ Աստծունն է, Ով մարդկություն է ստեղծել ու փրկության ծրագիր է տվել Իր Որդու մահվամբ ու հարությամբ։ Արարչական Խոսքն ասում է. «Այժմ երկինքն ու երկիրը պահված են կրակի դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման համար» (Բ Պետրոս 3.7)։ ՈՒշադիր կարդացի՞ք, որ ոչ թե մարդկության կործանում է սպասվում, այլ միայն ամբարիշտ ու անօրեն մարդկանց ոչնչացում, ինչպես կրակը ոչ թե ոսկին ու արծաթն է ոչնչացնում, այլ ընդամենը նրա միջի ավելորդ անազնիվ մետաղներն է մաքրում, միաժամանակ ազնիվ մետաղների` ոսկու և արծաթի նիշը (հարգը) բարձրացնում։ Այդպես էլ գրված է Տիրոջ խոսքում. «Տիրոջ Օրը պիտի գա ինչպես մի գող (այսինքն` մեր չիմացած ժամանակ ու հանկարծակի- Մ. Բ.), երբ երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, և տարերքը հրով կիզված պիտի լուծվի, և երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն։ Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով ու աստվածապաշտ ընթացքով, սպասելով և ջանալով հասնել Տիրոջ Օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և տարերքը հրկիզվելով պիտի հալվի։ Բայց մենք, Աստծո խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվելու» (Բ Պետրոս 3.10-13)։
Եվ ինչ գրված է Սուրբ գրքում, անպայման կատարվելու է, քանզի Խոստացողն է անսուտ ու արդար Իր բոլոր խոսքերում։ Իսկ ընտրությունը մերն է, միայն մերը. արդարությա՞մբ ապրենք մեր կյանքի մնացած օրերը, թե՞ շարունակենք մեղքին հնազանդվելով, գալիք կրակի համար վառելափայտի վերածվենք։
Տերը օգնի բոլորիս Ներսես Շնորհալու այս աղոթքի համաձայն ապրելու. «Իմաստություն Հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն բարին խորհել և խոսել և գործել Քո առաջ ամենայն ժամ»։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ