«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ոչ մի Սահմանադրություն մեզ չի փրկելու, եթե չանսանք Օլիմպոսից հնչած պատասխանին

Ոչ մի Սահմանադրություն մեզ չի փրկելու, եթե  չանսանք  Օլիմպոսից հնչած պատասխանին
22.07.2015 | 01:02

Անկեղծ ասած, ինձ բացարձակապես չի հետաքրքրում երկրի կառավարման ձևը, որովհետև ինչպիսին էլ լինի այն, անկախության մոտ երեք տասնյակ տարիները ցույց տվեցին, որ մենք դեռ շատ ենք հեռու գոնե միջին կացութաձևով ապրելու պետություն լինելուց: Նախագահը կլինի առաջին դեմքը, թե ԱԺ-ի նախագահը, կամ վարչապետը, ոչինչ չի փոխվելու: Ինչո՞ւ: Րաֆֆին իր «Էշերն Օլիմպոսում» բանաստեղծության մեջ մի հիանալի միտք ունի արտահայտած: Էշերը գնում են Օլիմպոս, թե` տեր Աստված, ինչ անուն ուզում ես տուր մեզ, միայն թե վերցրու մեզնից այդ արհամարհական անունը: Ամենուրեք մեզ ծաղրում են, վիրավորում, անարգում: Երբ էշերը սպասում են իրենց խնդրանքի պատասխանին, հանկարծ լսվում է Տիրոջ ձայնը.
-Ձեզ ուղղված արհամարհանքի, վիրավորանքի, ատելության պատճառը ամենևին էլ ձեր էշ անունը չէ, այլ ձեր էությունը: Գնացեք փոխեք ձեր էությունը, և ամենևին էլ ձեր հանդեպ ոչ մի խոսք վիրավորական չի հնչի:
Մտազբաղ էշերը հետ են դառնում Օլիմպոսից:
Ասելիքս որն է: Մինչև հայ կառավարողը չսովորի, որ ինքը պետության տերն է, որ ժողովրդի մի մասնիկն է, որ իր ապրելաձևը ոչնչով չպիտի տարբերվի ժողովրդի կյանքից, որ ինքը ոչ թե իր աղջկա, տղայի, փեսայի կամ հարսի հայրն է, աները, սկեսրայրը, այլև ողջ ժողովրդի, ինչպիսի Սահմանադրություն էլ ուզում է լինի, ոչինչ չի փոխվելու: Լի Կուան Յուն Սինգապուրի կառավարման տարիներին իրեն զգում էր որպես բոլորի հայր, աներ, սկեսրայր, եղբայր ու քույր, դրա համար էլ Սինգապուրը դարձավ մի վառ երկիր: Եթե կառավարողը կարող է լկտիաբար ասել` եղունգ ունես, գլուխդ քորիր, կամ կառավարողի վարորդը կարող է գազալցակայաններում ռազբորկաների հարց լուծել, կամ որդին միլիարդներ կուտակել, կամ կառավարողի հարազատը կարող է ցանկացած չափով ցանկացած տեղում որոշել ընթացող մեքենայի արագությունը և խախտողից հսկայական գումարներ գանձել, ասացեք, խնդրեմ, ինչո՞վ է փոխվելու այդ ամենը, եթե կառավարողը կոչվում է ոչ թե նախագահ, այլ վարչապետ կամ ԱԺ-ի նախագահ:
Տեղին է հարցնել, եթե նորացված սահմանադրությամբ երկրի առաջին դեմքը լինելու է ոչ թե նախագահը, ապա այդ դեպքում ինչների՞ս է պետք անգլիական թագուհին, ավելորդ աշխատավարձ, սպասարկում և էլի այլ ծառայություններ: ԱՄՆ-ի պես երկիրն ընդամենը մեկ անգամ է ընդունել Սահմանադրություն և ավելի քան 200 տարվա ընթացքում ընդամենը 18 անգամ փոփոխություն (ուղղում) կատարել դրանում: Ինչո՞ւ: Այսօրվա հայերս, մեր «կարկառուն» իրավաբանները, որոնք մեծ են և տարիքով (նկատի ունեմ ժամանակը), և կենսափորձով ԱՄՆ-ի Սահմանադրության հայր Ջեֆերսոնից, ինչո՞ւ են փրփուրները բերաններն առած ուզում համոզել ժողովրդին, որ ընդունվելիք փոփոխությունները կնպաստեն… Հիշենք` ժամանակին մի դատավոր՝ Մհեր Խաչատրյան անուն-ազգանունով, գիտության թեկնածու, ինչպես էր համոզում մեզ ու հիմնավորում և պարծենում (անձամբ եմ լսել նրա ճոռոմ հիմնավորումները), որ ապացուցեց Ռոբերտ Քոչարյանի ՀՀ քաղաքացի լինելը: Ինչ դժվար է, որ այսօր մի Վարդան Պողոսյան, կամ մի արդար դատող նախկին նախարար Հրայր Թովմասյան ևս կհիմնավորեն այդ փոփոխությունների անհրաժեշտությունը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ի Սահմանադրությունը բռնել 200-ամյա քննությունը, իսկ մերը՝ չնայած քսանամյակին, արդեն երկու անգամ «անհրաժեշտություն» է առաջանում փոփոխելու: Սկզբնական տարիների ԱՄՆ-ը ամենևին էլ դեմոկրատական չէր: Բանդաները վխտում էին երկրում, բայց գրվեց մի վեհ Սահմանադրություն, որովհետև Ջեֆերսոնին չէր պատվիրված պատվիրողի հագով սահմանադրական հագուստ կարել: Ընդամենը երկու անգամ նախագահի աթոռ և անկախ տարիքից հրաժեշտ այդ աթոռի համար հետագա պայքարից: ԱՄՆ-ի ոչ մի նախագահի ընտրման օրինականությունը երբեք կասկածանքի տեղիք չի տվել: Ավելին ասեմ, իր նախագահ ընտրվելու մասին Աբրահամ Լինկոլնը իմացել է Տեխասից Վաշինգտոն մեկնող գնացքի մեջ և այդ պահին ոչ մեկը շամպայն չի բացել և ասել (ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը)` հաղթել ենք (իմա` կեղծել ենք) եվրոպական չափերով՝ 51 %-ից փոքր ինչ ավելի: Ռոբերտ Քոչարյանի մասին ավելորդ եմ համարում որևէ խոսք ասել, որովհետև նա երբեք չի հաղթել: Սերժ Սարգսյանի մասին դատողությունները թողնում եմ ընթերցողին: Սահմանադրական բարեփոխումներն ի՞նչ պիտի տան ժողովրդին՝ մամուլի ազատություն: Ավելի ազատ մամուլ, քան Հայաստանինն է, չես գտնի ոչ մի տեղ: Սակայն թող թույլ տրվի հարցնել` մամուլի ազատությունը, նրա քննադատական խոսքը ո՞վ է շան տեղ դնում: Մարութխանյանն ասում էր` թող ես դառնամ կլորիկ միլիոնատեր, ով ինչ կուզի թող ասի, թող թքեն երեսիս և ասեն, թե դա գողացած է: Մհեր Սեդրակյան, Սուրեն Խաչատրյան, Վարդան Այվազյան, Սամվել Ալեքսանյան, մի խոսքով` բոլոր բոլորի հասցեին, նրանց ունեցվածքի մասին ինչ ուզում ես ասա և որքան ուզում ես ասա, չալաղաջ ուտելու ժամանակ մի լավ հռհռում, գուցե և մի երկու լավ խոսք են ասում իրենց քննադատողների հասցեին: Այդ քննադատությունից նրանց ունեցվածքը չի պակասում, այլ հակառակը:
Կարելի է շարունակել և մեր իրականության ռեալ պատկերը է՛լ ավելի իրական գույներով ներկայացնել, բայց դրանից ի՜նչ օգուտ: Միևնույն է, Սահմանադրությունը կարվելու է ըստ ցանկության: Ինձ համար միևնույն է, թե ինչ է տալու: Սահմանադրության փոփոխությունները առանց որևէ կասկածանքի պատվիրել է Սերժ Սարգսյանը, սակայն ինչպես գիտենք, ինքը միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի հավակնելու որևէ բարձր պաշտոնի, թեպետ և ոչ մեկը չի հավատում դրան, բնական է, պետք է կասկածեն, որովհետև նա էլ չի ցանկանա երիտասարդ թոշակառու դառնալ: Ես հավանաբար այն եզակի անհատն եմ, որ հավատում եմ նրա խոսքերին, որ ինքը որևէ բարձր պաշտոնի չի հավակնելու: Այդ դեպքում ինչու կատարել մի բան, որը սվիններով է ընդունվելու ժողովրդի կողմից: Սերժ Սարգսյանը ապրել և աշխատել է Ղարաբաղում, ու բնատուր խելքը նրան թույլ է տվել հարմարվել կևորկովյան ստոր աշխատաոճի հետ: Քաղաքական գործչի համար դա մեծ պլյուս է, և աճելով այդ բնաշխարհում` նա պայքարել ու հասել է իր երազանքի իրականացմանը հայրենի Ղարաբաղի ազատագրմանը: Հետո հայաստանյան իրականություն, անկախ երկիր, ամենուրեք բռնի ուժի դրսևորում, թալան, հարստանալու ագահ տենչ, իսկ նա լռել է մինչև իր աստեղային ժամի գալը: Եվ այն եկել է: Այդ աստեղային ժամը հեշտ չի եղել: 2008 թվականի մարտի մեկ, մարդկային զոհեր, անկախ Հայաստանում հանուն աթոռի թափվել է հայի կողմից հայի արյուն: Պակաս վտանգավոր չէր նաև 2013-ը: Միայն Րաֆֆու սուտ զսպվածությունը, գուցե նաև այլ գործոն, իր դերը խաղաց, որ նախագահական հետընտրությունը չբերեց նոր զոհերի: Սարգսյանը զգում է, որ մոտենում է իր փայլուն կարիերայի ավարտը: Նա զգում է, որ իր գնալով իշխանության համար պայքարը լինելու է դաժան և արյունոտ: Սահմանադրական բարեփոխումներով նա այդ երկուսին` իմա` Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ¥իրականում ՀՀԿ-ի թեկնածուից բացի¤, որևէ շանս չի տալիս պայքարելու իշխանության առաջին դեմքի համար: Որ ՀՀԿ-ն որպես հաղթող ուժ դեռևս ընթանում է առջևում, ոչ ոք չի կասկածում: Ես չեմ կրկնում անցած դարի ՀՀՇ-ականների միտքը, թե մեր դեմ դեռևս 20 տարի խաղ չկա, թեպետ եղավ հակառակը: Եթե այդ հակառակը չգործի ՀՀԿ-ի պարագայում, նրանք իրենց էությամբ և գործելաոճով դեռ երկար արտիստական ոճով կպայքարեն թալանի ու կոռուպցիայի դեմ: Եթե ապագայում ՀՀԿ-ն է իշխող և հաղթող քաղաքական ուժը, ապա Լևոնը չունի քաղաքական հենարան որևէ կուսակցություն, իսկ Ռոբերտի առաջին բլեֆը, թե ժողովուրդն է իմ կուսակցությունը, չի գործելու: Մնացած բոլոր կուսակցությունները կստանան խորհրդարանում որոշակի ձայներ համապատասխան իրենց քսակի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Հոգով դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, էս գլխից նրան ասում եմ՝ այո: Այն էլ ասեմ, որ փոփոխություններով չի իրականանա իմ երազանքը, վերջ չի տրվի ՀՀՇ-ի հիմնադրած թալանին, բայց և տեսնելով արթնացող ջահելությանը Բաղրամյան փողոցում, ասում եմ` խաղաղ ճանապարհով մե՛կ էլ, մե՛կ էլ մի զարկ տվեք:
Ոչ մի Սահմանադրություն մեզ չի փրկելու, եթե չանսանք Օլիմպոսից հնչած պատասխանին։

Դիտվել է՝ 2068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ