Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեկ ճանապարհ, երկու ճակատագիր

Մեկ  ճանապարհ, երկու ճակատագիր
24.07.2015 | 10:46

Կոնցերտս ստեղծելիս, որպես անհասանելի օրինակներ, ես ունեցել եմ Մենդելսոնի, Բրամսի... կոնցերտները:

(Г. Шнеерсон, Арам Хачатурян, М., 1960, стр. 24)

Ե՛վ Մենդելսոնը, և՛ Խաչատրյանն իրենց կոնցերտները ստեղծել են գրեթե նույն տարիքում. մեկը՝ 35, մյուսը՝ 37։ Այսօր երկուսի կոնցերտներն էլ աշխարհի ջութակահարների փորձաքարն ու պարծանքն են։ Մեծ գերմանացու և մեծ հայի զուգահեռումը կարող է անակնկալ թվալ։ Չէ՞ որ այս երկու կոմպոզիտորների միջև ավելի շատ տարբերություններ կան, քան նմանություն։ Սակայն այդ զուգահեռները լրացնում են միմյանց, նպաստում մեկին մյուսի միջոցով ճանաչելուն։ Այս զուգահեռն ամենահակիրճ կերպով կարող են արտացոլել Մենդելսոնի «Իտալական սիմֆոնիայի» տարանտելլան և Խաչատրյանի «Գայանե» բալետի լեզգինկան, որոնցում բաբախում է նույն զարկերակը. որքան հեռու են և մոտիկ, թվում է, թե այս պարեղանակները միևնույն արմատից են ընձյուղվել։

Որպես դաշնակահար, հրաշամանուկ Ֆելիքսն իր առաջին հրապարակային ելույթն ունեցել է 9 տարեկանում։ 13 տարեկանում նա արդեն ղեկավարում էր տնային նվագախումբը։ 15-ում, տնային պայմաններում, ղեկավարել է իր իսկ «Քեռին Բոստոնից» կոմիկական օպերան։ 17 տարեկանում Ֆելիքսը ստեղծում է իր ամենակատարյալ գործերից մեկը՝ Շեքսպիրի «Միջամառնային գիշերվա երազը» կոմեդիայի հիման վրա գրված նախերգանքը։ Մանկական անկեղծությամբ, հնչյունների միջոցով արտահայտել է իր տպավորությունները՝ անտառային ոգիների թագավոր և թագուհի Օբերոնի և Տիտանիայի արկածները, զավեշտական կերպարանափոխությունները, ոգիների շուրջպարը, մեղմ զեփյուռը, տերևների սոսափյունը... Նախերգանքի 1-ին տարբերակը նախատեսված էր դաշնամուրային քառաձեռն նվագելու համար։ Եվ Ֆելիքսն ու իր քույր Ֆաննին «թև թևի տված» բազմիցս նվագում էին ու հիացմունք պատճառում ծնողներին և պատվական հյուրերին։

Հետագայում, Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխի պատվերով, Բեռլինի «Շաուշպիլհաուզ» թատրոնի համար Մենդելսոնը նախերգանքին գումարել էր այլ դրվագներ և ամբողջացրել ներկայացման երաժշտությունը։ Այսօր ամենատարածված համարը «Հարսանյաց քայլերգն» է, որը հնչում է աշխարհով մեկ, հատկապես հարսանյաց արարողություններում։ Ոչ պակաս տարածված է Խաչատրյանի «Սուսերով պարը»։ Նույնիսկ խենթաբարո հանճար Սալվադոր Դալին, որ ինքն էր ուրիշներին «խաղացնում» ու «պարեցնում», ընկավ «Սուսերով պարի» պտտահողմի մեջ և իր առանձնատանը մերկ պարեց հեղինակի՝ Խաչատրյանի առջև։

1829-ին երիտասարդ դիրիժոր Ֆելիքսը հարյուր տարվա մոռացումից վերհանեց-բացահայտեց Սեբաստիան Բախի հանճարեղ արվեստը։ Նա Բեռլինում կատարեց «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասիոնը։ Այս մեծակերտ ստեղծագործությունն արտացոլում է Մատթեոսի ավետարանում նկարագրված Հիսուսի տառապանքները, խաչելությունը՝ հանուն մարդկության փրկության։

Ալբերտ Շվայցերը պատմում է, թե ինչպիսի խոչընդոտներ է հաղթահարել Մենդելսոնը նախքան այս պասիոնի կատարումը։ Ֆելիքսն ու երգիչ Էդուարդ Դևրիենտը հանդգնեցին դիմելու իրենց ուսուցիչ, Բեռլինի երգեցիկ ակադեմիայի ղեկավար Կառլ Ցելտերին՝ կատարողական ահռելի կազմ ապահովելու համար (միայն երգչախումբը բաղկացած էր 400 հոգուց)։ Պատվախնդիր Ցելտերը վրդովվել էր ու կշտամբել «նորելուկներին», բացականչելով՝ «մեծամիտ կաթնակերներ»։

Մենդելսոնին նվիրված մենագրությունում երաժշտագետ Եվգենի Մեյլիխը մեջբերում է նաև այլ պիտակներ. «բարուրից դուրս չեկած ռահվիրաներ», «հավին ուսուցանող ձվեր»։ Այնուամենայնիվ, մաեստրոն տեղի տվեց, և սկսվեց տաժանակիր աշխատանքը։ Նախ՝ Ֆելիքսն ու Էդուարդը արտագրեցին և երգչախմբին ու նվագախմբին բաժանեցին նոտաները։ Տևական փորձերից հետո վերջապես տեղի ունեցավ այդ պատմական համերգը։ Դա Ֆելիքսի կյանքի ամենանվիրական օրերից մեկն էր։ Երիտասարդն ընդամենը 20 տարեկան էր։ Եվ Գերմանիան «բռնկվեց» Բախի երաժշտությամբ։ Եվ եթե վերադառնանք Խաչատրյանին, կտեսնենք, որ Արամն այս նույն տարիքում նոր էր սկսել լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Եղբայրը նրան Թիֆլիսից տեղափոխել էր Մոսկվա, և Արամը Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում նոր-նոր թավջութակ բռնել էր սովորում։ Մինչ այդ Թիֆլիսի առևտրի ուսումնարանում լսողությամբ նվագում էր փողային նվագախմբում, փորձում էր հորինել, սակայն նոտագրել դժվարանում էր։ Արամին զարմացրել էր այն, որ նվագախմբի տղաներից մեկը ներկայացրել էր իր հորինած վալսը։ Հետագայում նա պիտի գրեր՝ «Այդ օրվանից ես երազում էի, որ գա մի օր, երբ ես էլ իմ վալսը հորինեմ»։ Եվ ստեղծեց իր հոյակապ վալսը՝ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար։

«Վալսը», «Սպարտակ» բալետը և այլ փառահեղ կոթողներն են, որ ստիպել են «ակադեմիկոս Ասաֆևին Խաչատրյանին համեմատել հոլանդացի արքայական գեղանկարիչ Ռուբենսի հետ» (Գ. Խուբով, Արամ Խաչատրյան, Եր., 1977, էջ 523)։ Տեղին են Մարտիրոս Սարյանի հետևյալ խոսքերը. «Ես հինգ հազար տարեկան եմ, նույն տարիքն ունի նաև Արամ Խաչատրյանը. արվեստագետներն ընդգրկում են իրենց ժողովրդի կենսագրությունն ու պատմությունը»։ Ահա թե ինչու Խաչատրյանի «ժայռակուռ» երաժշտության մեջ բաբախում են վաղեմի գողթան երգերի հեռավոր արձագանքները, Հին Հռոմի գլադիատորների զենք ու զրահի զրնգոցը։

Մի կողմից՝ Գադեսի կանանց հեշտանքավառ պարի գալարումը, մյուս կողմից՝ «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը», Սպարտակի պարտության ողբը և 2-րդ աշխարհամարտի հաղթական զանգերը, մեր զինվորների «Քոչարի» պարը, որ սասանեց Բեռլինի Ռայխստագի պատերը... Մինչդեռ Մենդելսոնի «մարմարիոն» երաժշտությանը միահյուսվում են գերմանական երաժշտաձևերի կառուցիկ ճարտարակերտությունը և իտալական մեղեդայնության նրբագեղությունը, ասես Հռենոսի կարծր հունով ծավալում են Միջերկրականի մեղմօրոր ալիքները։

Հիշենք «Իտալական սիմֆոնիան», «Ծովային անդորր և երջանիկ նավարկություն» նախերգանքը։

Ճիշտ է, Մենդելսոնի «նավը» երբեմն բախվել է և ալեկոծումների, սակայն դա Ատլանտիկայում էր, որի շառաչը մինչ օրս հնչում է «Շոտլանդական սիմֆոնիայում», «Հեբրիդներ» նախերգանքում։ Ի դեպ, այս նախերգանքը լսելուց հետո Յոհաննես Բրամսը խոստովանել է. «Միայն այս «Հեբրիդների» դիմաց ես կտայի իմ բոլոր ստեղծագործությունները։ Այդուհանդերձ, Մենդելսոնը մնում է որպես գերմանացի կոմպոզիտոր, պատահական չէ, որ նա ասում էր. «Մենք բոլորս Բախի զավակներն ենք»։ Հիրավի, Սեբաստիան Բախից, նաև Գեորգ Հենդելից նա ժառանգել է բազմաձայն երաժշտության գաղտնիքները, խմբերգային արվեստի մեծակերտությունը, դասական պարզությունը, երաժշտության հյուսվածքի բյուրեղյա թափանցիկությունը և այլ բարեմասնություններ։ Այս ամենը զգացվում է «Պողոս» և «Եղիա» աղոթերգություններում, Սաղմոսներում և այլ գործերում... Մեծն Յոզեֆ Հայդնն ասում էր, թե որքա՜ն հանճարներ են ծնել աղքատությունը, կարիքը, բայց և որքա՜ն հանճարներ է կործանել նույն աղքատությունը՝ հանապազօրյա հաց հայթայթելու անհրաժեշտությունը։

Սակայն, ինչպես ասում են, հարուստներն էլ են լալիս։ Իսկ փիլիսոփա Նիցշեն ավելացնում է, թե երջանկությունը թմրեցնում ու թուլացնում է մարդուն։ Նման մարդիկ, չզգալով կյանքի ողբերգական կողմը, ուրիշի ցավը, տիեզերական ողբը, չեն կարող ճշմարիտ արվեստագետ դառնալ։ Բայց Մենդելսոնը չթուլացավ՝ շնորհիվ կոմպոզիտոր Գասպար Սպոնտինիի և նման ուսուցիչների։ Մեյլիխը գրում է, թե ինչպես մի առիթով, երբ Ֆելիքսի հետ Սպոնտինին ընթերցում էր նրա «Կամաչոյի հարսանիքը» օպերայի պարտիտուրան, նկատելով մակերեսայնությունը, տղային մոտեցրեց լուսամուտին, ցույց տվեց դիմացի տաճարն ու ասաց. «Սիրելիս, ահա ինչպիսի գաղափարներ են ձեզ անհրաժեշտ՝ բարձր, ինչպես այն գմբեթը» ...

Արվեստագետներից շատերը մարգարեների, ճգնավորների պես ցմրուր ճաշակել են կյանքի դառնությունը։ Օրինակ, Մոցարտը, Շուբերտը, Կոմիտասը, Վան Գոգը, Մոդիլիանին, Արշիլ Գորկին և այլք։

Արամը ծնվել է 1903-ին Թիֆլիսում, կազմարար Եղիայի ընտանիքում։ Իսկ Ֆելիքսը փիլիսոփա Մոիսեյ Մենդելսոնի որդի, Համբուրգի բանկատեր Աբրահամի զավակն էր։

Արամն ապրել է անհանգիստ մանկություն։ Բավական է խոսուն մի դրվագ ապագա կոմպոզիտորի հուշերից։ «1915 թվականի գարնանը, խուճապի մատնված, սարսափահար հայրս ու մայրս երկու կրտսեր որդիներով լքեցին տուն ու տեղ և կազմարարական արհեստանոցն ու ճամփա ընկան դեպի Կուբան՝ Եկատերինոդար քաղաքը, ուր ապրում էր Վաղինակը... բարեբախտաբար թուրք դահիճները մինչև Թիֆլիս չհասան...»։ Այս տառապանքները ևս վերածվեցին երաժշտության (Ջութակի կոնցերտի 2-րդ մասը, 2-րդ սիմֆոնիայում հնչող «Որսկան ախպեր» երգի մեղեդին, որը միահյուսվում է հատուցման՝ Աստծո դատաստանի թեմային (Dies Irae), «Սպարտակ» բալետում)։

Ֆելիքսը մանկուց նվագում էր Եվրոպայի լավագույն դաշնամուրներով, երգեհոններով։ Իսկ փոքրիկ Արամի առաջին գործիքը պղնձյա մի տաշտակ էր, որի որոտընդոստ ռիթմերից փրկվելու նպատակով հայրը գնել էր մի «ավերակ», որը դաշնամուր էր կոչվում։ Սակայն ապարդյուն չանցավ այդ օրերի փորձառությունը։ Հետագայում Արամը ղեկավարում էր ու դաշնամուրով համեմում մանկապարտեզի սաների հարվածային գործիքների անսամբլը։ Իսկ ավելի ուշ այդ ռիթմերը մի հրաշքով պիտի վերափոխվեին «Սուսերով պարի», դաշնամուրային «Տոկատայի», 2-րդ սիմֆոնիայի զանգի, կոնցերտների կենսահաստատ զարկերակի...

Ի տարբերություն Արամի, Ֆելիքսը ապրել է երջանիկ մանկություն։ Հավանաբար շնորհիվ այն բանի, որ տղայի հայրը խելացի կերպով էր տնօրինում իր հարստությունը, քաջ գիտակցում էր կրթության և հոգևոր զարգացման կենսական անհրաժեշտությունը։ Մեյլիխի մենագրությունից տեղեկանում ենք, որ Աբրահամ Մենդելսոնը Բեռլինում գնել էր մի մեծ տուն, շրջապատված գեղատեսիլ պուրակով, որտեղ երեխաները կարող էին զբոսնել, զբաղվել մարմնամարզությամբ և զանազան խաղերով։

Նրանց խաղերը սովորաբար ուղեկցվում էին երաժշտությամբ. խաղը դառնում էր երգ, երգը՝ խաղ։ Օրինակ, Ֆելիքսը հատուկ երգեր էր հորինում գետում լողալու ընթացքում երգելու համար։ Դա զարգացնում էր, այսպես կոչված, կոորդինացիան՝ մարմնի շարժումների, ռիթմի, շնչառության համաձայնեցումը (ինչն անհրաժեշտ է մասնավորապես դիրիժորներին)։ Տնամերձ այգում Ֆելիքսի հայրը կառուցել էր 200-տեղանոց մի համերգասրահ։

Այստեղ հավաքվում էին հայտնի արվեստագետներ և գիտնականներ՝ Նիկկոլո Պագանինին, Լյուդվիգ Շպորը, փիլիսոփա Գեորգ Հեգելը, հեքիաթագիրներ Գրիմ եղբայրները, բանասեր Վիլհելմ Հումբոլդտը, նրա եղբայր, բնախույզ Ալեքսանդր Հումբոլդտը, որի մագնիսական դիտարանը զետեղված էր նշված պուրակում։ Այսքանն էլ բավական է պատկերացնելու համար այն բացառիկ մթնոլորտը, որտեղ կրթվել են ու ձևավորվել Աբրահամ Մենդելսոնի զավակները՝ Ֆաննին, Ֆելիքսը, Ռեբեկան և Պաուլը։ Այդ հանդիպումները մեծ ուրախություն էին պատճառում և՛ երեխաներին, և՛ հյուրերին։ Հիշարժան է հետևյալ պատմությունը։ Մի անգամ մեծ կոմպոզիտոր Կառլ ֆոն Վեբերը պատրաստվում էր գնալու Ֆելիքսենց տուն։ Ճանապարհին հանդիպեց տղային և առաջարկեց իր կառքով տանել տուն։ Սակայն Ֆելիքսը հրաժարվեց ու կարճ ճանապարհով վազեց տուն, որպեսզի անձամբ բացի դուռը մեծարգո հյուրի առջև... Աբրահամի զավակները ստացան բազմակողմանի կրթություն։ Ֆելիքսի առաջին ուսուցիչը դաշնակահարուհի մայրն էր, իսկ ստեղծագործության դասերը նա ստացել է Կառլ Ցելտերից։ Ֆելիքսը 12 տարեկան էր, երբ Ցելտերը նրան տարավ Վայմար և ծանոթացրեց Վոլֆգանգ Գյոթեի հետ։

Մեծ բանաստեղծի տանը Ֆելիքսը օրական 6-8 ժամ պարապում էր։ Գյոթեի համար նվագում էր Բախի ֆուգաները և իր իսկ ստեղծագործությունները։ Մեյլիխը գրում է, թե ինչպես Գյոթեն անտրամադիր ժամանակ տղային ասում էր. «Ես Սավուղն եմ, իսկ դու՝ իմ Դավիթը։ Ես տխուր եմ և դառնացած։ Արի ինձ մոտ և քո նվագով ուրախացրու ինձ»։ Եվ այնժամ Ֆելիքսն իրեն երևակայում էր պատանի հովիվ, որն իր տավիղի մեղմ նվագով մեղմում էր ծեր թագավորի ցասումը» (նշված գործ, էջ 5)։ Հետագայում ինքը՝ Ֆելիքսը (ինչպես բիբլիական Դավիթը), պիտի դառնար երաժշտության «թագավոր»։ Տարիներ անց վերջին հանդիպման ժամանակ «Ֆաուստ» ողբերգության մի ձեռագիր թերթի վրա բանաստեղծը պիտի գրեր. «Ֆելիքս Մենդելսոնին՝ դաշնամուրի հզորաքնքուշ տիրակալին՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեից»։

Մեկ այլ դրվագ վկայում է, թե ինչպես մի օր Ֆելիքսը Գյոթեից ստացած նամակում գտավ վարդագույն թղթից ձևված թևավոր մի ձիուկ, որին հեծել էր մի փոքրիկ հանճար։ Այդ թղթի վրա Գյոթեի ձեռագրով գրված էր մի ոտանավոր։ Ֆաննին ու Ֆելիքսն օրերով կարդում էին այն։ Վերջապես տղան այդ բանաստեղծությունը վերածեց երգի։ Անշուշտ, Գյոթեն նկատի ուներ հունական դիցարանի Պեգասոս ձիուն, որը խորհրդանշում էր բանաստեղծական ներշնչանքը։ «Թամբել Պեգասոսին» նշանակում է դառնալ պոետ (Դիցաբանական բառարան, Եր., 1985, էջ 190)։

Փիլիսոփայի այս նուրբ հորդորն ու մաղթանքն իրականացան՝ թղթե ձիուկը վերածվեց «հրեղեն ձիու» և Ֆելիքսին տարավ Պառնասի գագաթը՝ հանճարների աշխարհ...

Կոմպոզիտորի հետագա կյանքի ուղին, լեռնապարի պես, շղթա կազմեց նորանոր մեծագործություններից։ Բացի նշվածից, Մենդելսոնը ստեղծեց հինգ սիմֆոնիա, նախերգանքներ, կոնցերտներ, «Երգեր առանց խոսքի» դաշնամուրային պիեսներ, սոնատներ, երգեհոնային երկեր և այլն։ Նա մեծ բարձունքների հասավ նաև կատարողական արվեստում՝ որպես դաշնակահար, երգեհոնահար և դիրիժոր։ Հիմնադրեց Լայպցիգյան դպրոցը՝ կոնսերվատորիան և հայտնի «Գևանդհաուզ» սիմֆոնիկ նվագախումբը, որը գործում է մինչ օրս։ Ի դեպ, այդ նվագախմբի հետ ելույթ է ունեցել նաև մեր հայրենակիցը՝ մաեստրո Օհան Դուրյանը։

Ժամանակին «Գևանդհաուզի» գլխավոր դիրիժոր Կուրտ Մազուրը հյուրընկալվել է Երևանում, ելույթ ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբով։ Ի դեպ, Մազուրն իր նվագախմբով ձայնագրել է նաև Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիան»։

Դառնալով Մենդելսոնին, նշենք, որ նա իր գործերի կողքին նույն խանդավառությամբ կատարում էր Մոցարտի, Հայդնի, Բեթհովենի, Շումանի և հատկապես Բախի ու Հենդելի երկերը, կազմակերպում փառատոներ։

Վաղուց ի վեր Իտալիան ուխտատեղի է դարձել տարբեր երկրների արվեստագետների համար։ Բաց երկնքի տակ այդ թանգարանը ներշնչանքի հզոր աղբյուր է։ Դանթեի, Միքելանջելոյի, Լեոնարդո դա Վինչիի, Պագանինիի հայրենիք այցելել են Մոցարտը, Հեկտոր Բեռլիոզը, գեղանկարիչ Ժան Էնգրը, Ֆերենց Լիստը և այլք։

Եվ ինչպես մեղուն ծաղիկներից նեկտար հավաքելով վերադառնում է փեթակ, այնպես էլ արվեստագետներն Իտալիայից վերադառնում էին մեծ «ավարով»։ Օրինակ, իտալական հովերով են համակված Բեռլիոզի «Հարոլդը Իտալիայում», «Դանթե-սիմֆոնիան» և այլն։ Մենդելսոնը ևս զմայլված էր Իտալիայի թե՛ արվեստով, թե՛ բնությամբ։ 19-ամյա կոմպոզիտորը ցնցված էր Հռոմի վաղեմի փառքը վկայող հուշարձաններով, ճարտարապետությամբ, քանդակներով, եկեղեցիներով, երաժշտությամբ, գեղանկարչությամբ՝ Կոլիզեում, Կապիտոլիում, ֆորումներ, Վատիկան և այլն։ Խաչատրյանն էլ եղել է Իտալիայում։ Դա 1950 թվականին էր։ Շարունակելով զուգահեռները Մենդելսոնի հետ, նշենք, որ այստեղ ևս զգացվում են նրանց խառնվածքների, աշխարհընկալման տարբերությունները։ Խաչատրյանն իր հուշերում գրում է. «Ես հաճախ էի անցնում այն վայրերով, որտեղ ժամանակին իր ընկերներով անցնում էր Սպարտակը»։ Դեպի Հռոմ տանող Ապիա ճանապարհով անցել է նաև Մենդելսոնը։ Սակայն երիտասարդ Ֆելիքսն «Իտալական սիմֆոնիայում» հիմնականում արտացոլել է իր լուսավոր տպավորությունները։ Լուսառատ են նաև Նեապոլում իր նկարած Վեզուվ հրաբուխը, խաղաղ նավահանգիստը և այլ բնապատկերները։

Այսպիսով, Մենդելսոնն իր հետ Գերմանիա տարավ իտալական արևով և Միջերկրականի հովերով շաղախված երաժշտություն։ Մինչդեռ Խաչատրյանը մարդկությանը պարգևեց «Սպարտակ» բալետը՝ որպես համայն մարդկության ազատագրման առհավատչյա։ Մեկ ճանապարհ, երկու ճակատագիր...

Կյանքի վերջում Մենդելսոնն ասես վերադառնում է իր ակունքներին, հարազատ տուն։ Հյուրախաղերից, հյուրանոցներից հոգնած, նա Լայպցիգում գնում է մի առանձնատուն, որի լուսամուտներից երևում է Սուրբ Թովմասի եկեղեցին, որտեղ ծառայել էր Բախը։ Նա որոշում է Բախի հիշատակը պայծառացնելու համար պատվիրել մի հուշատախտակ և հուշարձան։ Գումար հայթայթելու նպատակով նա համերգներ է տալիս հենց այն երգեհոնով, որին տարիներ շարունակ դիպել էին Բախի մատները։

Ինչպես նշում է Մեյլիխը, Ֆելիքսն այնքան էր պարապել, որ նույնիսկ փողոցով քայլելիս նրան թվում էր, թե երգեհոնի ոտնակների վրայով է քայլում և ուրվագծում Բախի և իր իսկ երաժշտության հնչյունների ելևէջները։ Բախի հուշարձանը մինչ օրս զարդարում է Սուրբ Թովմաս եկեղեցու մերձակայքը։

Ցավոք, 2-րդ աշխարհամարտի ժամանակ ֆաշիստները կործանեցին Մենդելսոնին պատկերող հուշարձանները։ Այսօր Լայպցիգի «Գևանդհաուզի» դիմաց, բարձր պատվանդանի վրա կրկին վեր է խոյանում Մենդելսոնի արձանը։ Սակայն ամենահարատևը նրա անձեռակերտ կոթողներն են՝ հնչյունակերտ տաճարները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Հատկապես Ջութակի կոնցերտը, որը հեղինակի հանճարին վայել կերպով հնչում է աշխարհի բեմերում, ձայնագրություններում՝ բազում վարպետների մեկնաբանությամբ։

Ահավասիկ՝ Կրայսլեր, Հեյֆեց, Մենուհին, Միլշտեյն, Ժան Տեր-Մերկերյան, Ռուբեն Ահարոնյան... Մենդելսոնի երկրային կյանքը տևեց 38 տարի, սակայն նրա երաժշտության մեջ, ինչպես Խաչատրյանի և այլ մեծերի արվեստում, խտացված են բազում կյանքեր, դարավոր մշակույթի նվաճումները։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ