ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ինչպես կփոխի աշխարհը Իրանի հետ կնքված համաձայնագիրը

Ինչպես կփոխի աշխարհը Իրանի հետ կնքված համաձայնագիրը
27.07.2015 | 10:23

Հուլիսի 14-ին Իրանի ու վեցյակի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո սկսում է փլվել Իրանի ու Արևմուտքի միջև պատը՝ կարծում է El Mundo-ի թղթակից Խավիեր Կոլասը: 2014-ը՝ Ղրիմի անեքսիայի տարին, բեռ է դարձել Ռուսաստանի համար, որ «ինչպես երբեք մեկուսացած է Արևմուտքից»: Ռուսաստանն ու Իրանը կամաց-կամաց դերերով փոխանակվում են քաղաքական շախմատի տախտակի վրա: Խավիեր Կոլասը կանխատեսում է ցնցումներ էներգետիկ ոլորտում: «Հարցն այն չէ, որ համաձայնագրից հետո նավթի գնի անկում է սպասվում, հարցն այն է, թե որքան կընկնի նավթի գինը»,- բացատրում է տնտեսագետ Էդ Մորսը (Citigroup):

Շատ փորձագետների զարմացրել է, որ Իրանի հարցով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այնպես էին համագործակցում, ասես չէին էլ վիճել ՈՒկրաինայի հարցով: «Իսկ եթե համաձայնագիրը մեկ այլ՝ չբարձրաձայնված համաձայնության երկրորդ ռաունդն է՝ Վաշինգտոնը Կիևին մահաբեր զենք չի հատկացնում, իսկ Մոսկվան օգնում է Իրանին խավարից դուրս գալ»՝ գուշակում է Խավիեր Կոլասը:
«ԱՄՆ-ը և Ռուսաստանը ներքաշվել են մեծ արկածախնդրության մեջ Իրանի համաձայնագրով, որ սպառնում է երկու երկրների նավթարդյունահանող արդյունաբերությանը, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական աճին»,- գրում է Bloomberg View-ի մեկնաբան Լեոնիդ Բերշիդսկին: Բարելի դիմաց 56 դոլարը մոտ է այն գնին, որին և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը կարող են դիմանալ՝ նշանակալից կորուստներ չկրելով: «Իրանի նավթի նախարարը կցանկանար, որ և ամերիկացիները, և ռուսները հավատան վատագույնին: Հունիսին Իրանը օրական 2,85 միլիոն բարել նավթ է արդյունահանել, բայց նախարար Զանգանին հավատացնում է, որ արդյունահանումը մեծացվելու է մինչև օրական 4 միլիոն բարել՝ պատժամիջոցների չեղարկումից վեց ամսվա ընթացքում, իսկ հետո կարող է հասնել 4,7 միլիոնի: Իրանի նպատակը շուկայում իր նախկին դիրքերին վերադառնալն է»:
«Անկասկած, Իրանը կարող է շուկա հանել իր նավթային պաշարները, որ 30-40 միլիոն բարել են: Բայց դա նավթի չափազանց մեծ պաշար է, որ միանգամից սպառվի: Իրանը կտուժի նավթի գնի կտրուկ անկումից, եթե ցանկանա արագ վաճառել»,- կարծում է Կոլումբիայի համալսարանի փորձագետ Ռիչարդ Նևյուն: Նա համոզված է, որ և ամերիկյան ֆրեկինգային արդյունաբերությունը, և ռուսաստանյան տնտեսությունը «ստիպված են հավասարակշռել պարանի վրա, որը Իրանը կամ նորություններն Իրանից, կարող են ճոճել»: «Սակայն և Մոսկվան, և Վաշինգտոնը գործարքի մեջ գտել են առավելություններ, որ գերազանցում են ռիսկերը», -գրում է Բերշիդսկին և հիշատակում համագործակցությունը Մերձավոր Արևելքում ի տրիտուր ՈՒկրաինայի կոնֆլիկտի սառեցման ու Իրանի տնտեսական էքսպանսիայի: «Երկու դեպքում էլ գինը՝ արտահայտված նավթի նոր գնանկումով, կարող է ավելի բարձր լինել, քան սպասվում է»,- զգուշացնում է լրագրողը:
Գերմանական Die Zeit-ի մեկնաբան Միխայել Տումանը ուշադրություն է հրավիրում Իրանի հետ գործարքի մեկ այլ կողմի վրա՝ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում ձեռք է բերում նոր շփումներ ու նոր շուկաներ: «Ստորագրված համաձայնագիրը Սաուդյան Արաբիայի համար աշխարհը գլխիվայր շրջեց՝ հանկարծ նրանց հակառակորդ Իրանը սկսեց մերձենալ ԱՄՆ-ի հետ և իբրև արդյունք կստանա արևմտյան վարկեր ու տեխնոլոգիաներ: ԱՄՆ-ից իր դժգոհությունը Էր Ռիադն արտահայտում է Ռուսաստանի հետ ֆլիրտով»,- գրում է Միխայել Տումանը՝ հիշեցնելով, որ վերջերս Պուտինը հանդիպեց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանի հետ: «Իրանի համաձայնագիրը և թագավորի փոփոխությունը Էր Ռիադում Ռուսաստանի համար պատուհան բացեցին արաբական թերակղզու վրա»՝ կարծում է ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը: Նոր թագավոր Սալման ալ Սաուդը, նրա կարծիքով, հորից շատ ավելի քիչ է հույսեր կապում ԱՄՆ-ի հետ ու Եմենի դեմ ինքնուրույն է պատերազմում, իսկ ռուսները, ի տարբերություն ամերիկացիների, Սաուդյան Արաբիային ռազմական համագործակցություն են առաջարկում, այնպես՝ ինչպես Իրանին: «Ռուսաստանի մերձավորարևելյան քաղաքականության առաջին հայացքից հակասության խոր իմաստն այն է, որ այդ քաղաքականությունը դարձել է հարմար դեպքերի որսորդ: Քանի որ իրանյան համաձայնությունը ամբողջությամբ փոխում է մերձավորարևելյան լանդշաֆտը, ռուսները ռազմավարական նիշաներ են որոնում և շատ հաջող»՝ ամփոփում է Վիտալի Նաումկինը՝ ընդգծելով, որ ռուսներին ամեն ինչ հաջողվում է ու դա չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին:
Վեցյակի համաձայնությունը Իրանի հետ անմիջական հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների համար, բայց համաձայնագրի ներուժը չի սահմանափակվում այդ տարածաշրջանով՝ El Mundo-ում գրում է Նիկոլաս դե Պեդրոն: Կարող է փոխվել աշխարհաքաղաքական իրավիճակը «Կենտրոնական Ասիայում՝ Ռուսաստանի հյուսիսից մինչև Հնդկաստան ու Չինաստան՝ ներառելով բոլոր կենտրոնասիական հանրապետությունները»: «Հնդկաստանի համար Իրան-ԱՄՆ հարաբերությունների ապասառեցումը ոչ միայն գլխավոր խոչընդոտներից մեկն է վերացնում ԱՄՆ-ի հետ ռազմավարական կապերը խորացնելու ճանապարհին, այլև թեթևացնում է մուտքը Իրանի վառելիքաէներգետիկ համակարգ և հեռանկարային ճանապարհ է բացում հետխորհրդային Կենտրոնական Ասիա»,-գտնում է Նիկոլաս դե Պեդրոն: Թեհրանը Դելիին առաջարկել է զարգացնել Չախբեխար նավահանգիստը, որ Հնդկաստանի առաջ բացում է Աֆղանստանի ու Կենտրոնական Ասիայի դարպասները, իսկ Իրանին կօգնի ստեղծել Թեհրան-Հերատ-Դուշանբե առանցքը:
Ռուսաստանը հասկանում է, որ Իրանը կարող է վճռական ներդրում ունենալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, և հույս ունի մեծացնել զենքի արտահանումը ու նշանակալից տեղ ունենալ Իրանի էներգետիկ սեկտորում: Բայց Ռուսաստանը զգուշանում է համաշխարհային շուկաներ Իրանի նավթի «մակընթացությունից», նաև Կենտրոնական Ասիայից ածխաջրածինների արտահանման այլընտրանքային միջանցքի ստեղծումից:
«Չինաստանն ընդմիշտ վերջ դրեց Կասպից ծովի ռեսուրսների վրա Ռուսաստանի մոնոպոլիային, բայց Մոսկվայի դիրքերը կարող են ավելի թուլանալ»,- կարծում է լրագրողը: Թուրքմենստանն Իրանին միացող երկու գազատարները շատ կարևոր են ԵՄ-ի համար, որովհետև թույլ են տալիս «շրջանցել Մոսկվայի շրջափակումը», որը չի ցանկանում ԵՄ-ն մուտք ստանա դեպի Թուրքմենստանի ու Ղազախստանի ածխաջրածիններ՝ Ռուսաստանի թիկունքում: Էներգակիրների Եվրոպա մատակարարման դիվերսիֆիկացիայի նոր սցենար է ձևավորվում:
Սենատում միջուկային գործարքի քննարկումների ժամանակ անդունդ բացահայտվեց՝ հաղորդում է Los Angeles Times-ը: Սպիտակ տան անունից հանդես եկող պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ գործարքը Իրանի առաջ փակում է միջուկային զենքի բոլոր ճանապարհները նվազագույնը տասը տարով: Եթե Կոնգրեսը համաձայնագիրը մերժի, ԱՄՆ-ը կհայտնվի մեկուսացման մեջ ու պարսավանքի օբյեկտ կդառնա, իսկ Իրանը կհրաժարվի նոր բանակցություններից: Պետքարտուղարի տեսակետով՝ գործարքի դեմ քվեարկությունը Իրանի առաջ վառ կանաչ լույս կվառի՝ ուրանի հարստացումը երկու անգամ արագացնելու, լիամասշտաբ աշխատանքներ սկսելու ծանր ջրով ռեակտորով, նոր ու առավել արդյունավետ ցենտրիֆուգաներ կառուցելու համար՝ այդ ամենն անելով առանց այն աննախադեպ ստուգումների ու անվտանգության ապահովման, որին մենք հասել ենք», փոխանցում է թերթը պետքարտուղարի խոսքը: Գործարքի քննադատները սենատոր Բոբ Կորկերի գլխավորությամբ համոզմունք են հայտնում, որ Օբաման ու նրա դաշնակիցները չափազանցում են ռիսկերը: «Կարծում եմ՝ բանակցություններում ձեզ խաբել են,- ասաց Կորկերը Քերիին,- ձեր պատճառով Իրանը դադարեց ֆուրիա լինել, իսկ Կոնգրեսը ֆուրիայի է վերածվում»:
«Բանավեճը հիշեցնում էր սառը պատերազմի ժամանակների բանավեճերը ԽՍՀՄ-ի հետ սպառազինությունների մրցավազի նկատմամբ վերահսկողության սահմանման համաձայնագրի շուրջ, Սպիտակ տունը ջանում էր ուշադրության կենտրոնում պահել գործարքի նշանակությունը Իրանի միջուկային ծրագրի զսպման համար, սակայն ընդդիմախոսներն ընդգծում էին Իրանի թշնամանքը ԱՄՆ-ի նկատմամբ այլ խնդիրներում՝ ներառյալ ահաբեկչությունն ու Իսրայելը»,-գրում է Los Angeles Times-ը: Կոնգրեսը կարող է գործարքի համար աննպաստ բանաձև ընդունել, սակայն Օբաման հայտարարել է, որ վետո կդնի՝ հիշեցնում է թերթը: Համաձայնագրի ընդդիմախոսները Իսրայելի աջակցությամբ եռանդուն պայքար են սկսել «գործարքը մերժելու կամ խիստ թուլացնելու համար»: Եթե ամառային դեբատների ընթացքում հաջողվի գործարքը լավ վատաբանել, դա հաջորդ նախագահին պատճառ կտա չեղարկումի համար: Քննադատները նշում են, որ համաձայնագիրը կարող է խանգարել Իրանին միջուկային ռումբ ստանալ մեկ տասնամյակ, բայց թույլ կտա այդ ընթացքում ընդլայնել հարստացված միջուկային վառելիքի պաշարները: Նրանք կարծում են, որ Իրանի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը թույլ է, պատժամիջոցներին վերադարձի մեխանիզմը շատ աշխատատար, իսկ զենքի էմբարգոյի չեղարկման պայմանները չափազանց բարենպաստ են, որ Իրանն այդ ընթացում ամրապնդի իր ոչ միջուկային զինատեսակները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Փաստորեն՝ համաշխարհային մամուլում ոչ մի խոսք չկա Իրանի ու հարևան պետությունների հետ հարաբերությունների մակարդակի հնարավոր փոփոխությունների մասին: Գուցե դա շատ փոքր հարց է՝ քննարկված խնդիրների մասշտաբների ու գլոբալ նշանակության համեմատությամբ: Բայց դա մեզ վերաբերող հարց է, ուրեմն մենք էլ պիտի այդ հարցով զբաղվենք:

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ