«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Տերտերյանի ժամանակը միշտ և ամենուր, մինչև աշխարհի վերջն ունենալու է իր տեղը»

«Տերտերյանի ժամանակը միշտ և ամենուր, մինչև աշխարհի վերջն ունենալու է իր տեղը»
27.07.2015 | 13:05

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղում` Ավետ Տերտերյանի առանձնատանը (Ստեղծագործական տուն), կանցկացվի «Տերտերյանի ժամանակը» հայ-ռուսական համատեղ նախագիծ: Միջոցառումը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նախաձեռնության հեղինակը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, «Մշակույթ և ապագա» հիմնադրամի նախագահ Կարեն Մկրտչյանն է: Նախագիծը համակարգում է ռեժիսոր, պրոդյուսեր Լև Շուլմանը, ով անձամբ ճանաչել է Ավետ Տերտերյանին:
«Շուրջ մեկ տարի է Լև Շուլմանի հետ բուռն կերպով զբաղվում ենք Տերտերյանի երաժշտության, նրա փիլիսոփայության պրոպագանդայով: ՈՒրախ եմ Լևի հետ հանդիպման համար, ես մտածում էի, որ Տերտերյանի ժամանակը գալու է 20-30 տարի հետո: Լևի շնորհիվ մեզ համար նրա ժամանակը եկավ շատ ավելի շուտ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ:- Պետերբուրգում տերտերյանական ընթերցումներ ենք կազմակերպել, կոնսերվատորիայի մեծ դահլիճում ներկայացվել է Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան: Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում պետք է անպայման միջոցառում կազմակերպեինք, և մտածեցինք, որ ամենալավ ձևաչափը փառատոնն է` նվիրված մեր ազգային հանճարին` Ավետ Տերտերյանին»:
«Տերտերյանի ժամանակը» փառատոնին ներկա կլինի Եկատերինբուրգի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը: Հյուրընկալվելու են նաև նկարիչներ, պոետներ, երաժիշտներ` Եկատերինբուրգից: «Կարծում եմ` փառատոնը արձագանք կգտնի նաև Հայատանում ապրող ռուս բնակչության շրջանում»,- ասաց Կարեն Մկրտչյանը:
ԼԵՎ ՇՈՒԼՄԱՆԸ նշեց, որ գրեթե նույն անվանումով համերգներ ու նախագծեր են իրականացվել Եկատերինբուրգում: «Տերտերյանի ժամանակը» անվանումը բրենդ է դարձել. «Մի կողմից կարևոր է Տերտերյանի երաժշտությունը, մյուս կողմից, մեր համոզմամբ, հիմա է Տերտերյանի ժամանակը: Պետք է լսել ու ընկալել հաղորդագրությունը, որ նա ուղարկում է իր երաժշտությամբ»: Լև Շուլմանը հավելեց, որ ծրագրին միացել են հայ գործընկերները, ու բոլորը մասնակցում են բացառապես անվճար: Սա իրենց նվերն է Մաեստրոյի հոբելյանին:
Լև Շուլմանը ընտանիքի հետ մոտ մեկ ամիս է` Երևանում է, զբաղվում է փառատոնի նախապատրաստական աշխատանքներով: Ծրագրին միացել է նաև Հայաստանի կոմպոզիտորների միությունը: ՀԿՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ նշեց, որ մյուս տարի միջոցառումը կանցկացվի Դիլիջանում. «Տերտերյանը երկար տարիներ ապրել է Դիլիջանում և համարյա բոլոր սիմֆոնիաները գրել է Դիլիջանում: Ավետ Տերտերյանը մեծ դեր է ունեցել հայ երաժշտության զարգացման գործում, կարողացել է հայ երաժշտական արվեստը ներկայացնել դրսում և գնահատվել: Ես ցավում եմ, որ մեր արվեստագետները երբեմն դրսում են ճանաչում ստանում, հետո նոր Հայաստանում: Բայց Տերտերյանն այն կոմպոզիտորն էր, որ գնահատվեց և՛ դրսում, և՛ մեզ մոտ»:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ նախարարությունը երբեք չի անտեսում նման հետաքրքիր նախաձեռնություններն ու պատրաստ է համագործակցելու: Հավելեց, որ Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները սկսել են անցյալ տարվանից: Անցկացվել է «Տերտերյան ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, վերաբեմադրվել է «Կրակե օղակ» օպերան, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել պրեմիերաներով. հնչել են Տերտերյանի անտիպ գործերը, նախատեսվում են ձայնագրություններ: «Տերտերյան հնչում է ամենուր` ֆիլմերում, հետաքրքիր նախաձեռնություններում, նվագախմբերի համերգացանկում: Որևէ առաջադեմ խոսք առանց տերտերյանական երաժշտության ուղեկցության չի լինում,- ասաց նախարարության ներկայացուցիչը, փաստելով, որ, անկախ հոբելյանական տարեթվերից, հայաստանյան բոլոր պետական և ոչ պետական երաժշտախմբերն անպայման անդրադարձ են կատարում Տերտերյանի ժառանգությանը:- Տերտերյանը միայն մերը չէ, համաշխարհային անուն է, նրան անդրադառնում են ողջ աշխարհում»:

Անդրադառնալով մեր` «Ամենամյա՞ է լինելու «Տերտերյանի ժամանակը» հայ-ռուսական փառատոնը» հարցին` Կարեն Մկրտչյանն ասաց, որ իրենց գլխավոր նպատակն ու երազանքն է, որ փառատոնը լինի ամենամյա ու անցկացվի ոչ թե տարվա մեջ մեկ անգամ` Հայաստանում, այլ ամբողջ տարվա ընթացքում` Եկատերինբուրգում, Սանկտ պետերբուրգում և Մոսկվայում. «Քանի որ խոսքը Տերտերյանի ժամանակի մասին է, որ միշտ և ամենուր, մինչև աշխարհի վերջն ունենալու է իր տեղը: Եկատերինբուրգում ջերմ վերաբերմունք կա տերտերյանական երաժշության հանդեպ, Սանկտ Պետերբուրգում արդեն չեմ կասկածում, որ ջերմությամբ է ընդունվում: Որովհետև ֆիլհարմոնիկի համերգի ժամանակ հանդիսատեսը հիացած էր, չէին հասկանում՝ որտե՞ղ են, ի՞նչ է կատարվում իրենց հետ: Սանկտ Պետերբուրգում, ներառյալ տեղի հայերը, 95 տոկոսը չգիտի` ով է Տերտերյանը: Կարծում եմ` Հայաստանում էլ նույն պատկերն է: Ժամանակն է բացահայտելու մեր հանճարին, ում ստեղծագործության ամեն նոտայում մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան»: Կարեն Մկրտչյանը չի բացառում, որ դժվարին աշխատանք է սպասվում, բայց նշում է, որ ցանկացած լուսավոր, լավ գործ դժվարությամբ է իրականանում:
«Այս և նման փառատոները ի՞նչ դեր ունեն հայ երաժշտարվեստի զարգացման գործում և ի՞նչ արձագանք են գտնում հանրության շրջանում: Կարո՞ղ են դրանք համաժողովրդական բնույթ ստանալ»: Ի պատասխան «Իրատեսի» այս հարցի՝ Արամ Սաթյանը նախ խոսեց կոմպոզիտորական դպրոցի մասին. «Տերտերյանը չէր դառնա Տերտերյան, եթե չլիներ կոմպոզիտորական միջավայրը, որ կար Հայաստանում: Այդ ժամանակ կային շատ հեղինակներ, որոնք դեռ պետք է ճանաչելի դառնան: Երբ ասում ենք Տերտերյան` խոսում ենք հեղինակներից մեկի մասին: ՀԿՄ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ հայ հեղինակը պետք է հնչի: Անցյալ տարի Նյու Յորքում կայացավ հայ կամերային երաժշտության համերգ, շատերը զարմացել էին, որ հայ կոմպոզիտորները գրում եմ այդպիսի երաժշտություն` դարին համահունչ: Մեր երաժշտության, առհասարակ Հայաստանի մասին քիչ ինֆորմացիա կարող ես գտնել համացանցում: Մեղավոր ենք բոլորս: Հիմա նոր սկսել են աշխատել այդ ուղղությամբ: Տերտերյանը, նրա ժամանակակիցները, հաջորդ սերնդի կոմպոզիոտորները, որ շարունակում են զարգացնել հայ արվեստը, քչերին են հայտնի, և դա մեր թերացումն է: Դրա համար պետք է անենք հերթական քայլը»: Ինչ վերաբերում է «Տերտերյանի ժամանակը» նախագծին, Արամ Սաթյանի համոզմամբ` այն կարող է արձագանք գտնել, եթե ինչպես հարկն է լուսաբանվի լրատվամիջոցներով: Նա վստահ է, որ յուրաքանչյուր այսպիսի փառատոն մեծ դեր է խաղում հայ երաժշտարվեստի զարգացման գործում: Մյուս կողմից՝ նկատում է, որ հաճախ հնչում է երգը, երաժշտութունը, բայց չի հայտարարվում ո՛չ երաժշտության, ո՛չ խոսքերի հեղինակի անունը: «Շատ անգամ երաժշտությանը ծանոթ են, բայց չգիտեն, որ գրել է հենց Տերտերյանը»,- նկատեց ՀԿՄ նախագահը, նշելով, որ կոմպոզիտորների միության այս տարվա գործունեությունը կամփոփի հայ ժամանակակից երաժշտության փառատոնը, որ կիրականանա մշակույթի նախարարության հետ համատեղ. «Փառատոնը ամենամյա կլինի, ու կիմանանք, թե ինչ երաժշտություն է ստեղծվում, կճանաչենք մեր կողքին ապրող երաժիշտներին: Երբ մեկը աշխատում է, բոլորն սկսում են իրենց վերաբերմունքը ցույց տալ, ճանաչելի դարձնել հայ երաժշտությունը: Այդ առումով վերջին երկու տարիներին ակտիվացել են Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Շվեյցարիայի հայ համայնքները: Ես լավ բաներ եմ տեսնում մոտ ապագայում»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Կազմակերպիչների կողմից կտրամադրվեն անվճար ավտոբուսներ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան մասնակցել «Տերտերյանի ժամանակը» փառատոնին։ Ավտոբուսները կշարժվեն Երևանից (Կոնսերվատորիայի մոտից) դեպի Հայրավանք հուլիսի 29-ին, առավոտյան ժամը 10։30-ին և կվերադառնան երեկոյան ժամը 22։00-ին։

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ