Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանին պետք չեն աշխարհի հետ հարաբերվելու անկարող միջնորդներ

Իրանին պետք չեն աշխարհի հետ հարաբերվելու անկարող միջնորդներ
28.07.2015 | 01:03

Այս տարվա 7 ամիսներն արդեն անցյալ են: Թեպետ հիմա ամեն տեղ ինչ-որ բան է կատարվում, չափազանցություն չէ ասելը, որ անցած 7 ամիսների գլխավոր արդյունքը սպասումն է Իրանի ու Արևմուտքի, նախ և առաջ ԱՄՆ-ի ապագա հարաբերությունների: Շտապեմ հիասթափեցնել երևանյան ամերիկասերներին՝ արագ ոչինչ չի լինելու: Ոչ մի «ցնցում» ու աղետ՝ Իրանը չի շեղվելու անկախ արտաքին քաղաքականության իր կուրսից Անդրկովկասում ու մյուս տարածաշրջաններում: Եվ դրա գրավականը Իրանի իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Հուսեին Համենեիի երկու հայտարարություններն են՝ մեկը հուլիսի 13-ին (այն օրը, երբ Վիեննայում միջուկային ծրագրի վերաբերյալ փաստաթղթի վերջնական համաձայնեցումն էր կայանում), մյուսը՝ հուլիսի 18-ին (Ռամադանի ավարտի կապակցությամբ): Համենեին Իրանի հասարակությանը հայտարարեց. «Անկախ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքներից՝ Իրանը չպետք է դադարեցնի դիմակայությունը ԱՄՆ-ին»: Ինչպես հաղորդում են իրանական հեռուստաալիքները՝ իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդը իր խոսքում ԱՄՆ-ը անվանեց «մեծամտության հիանալի օրինակ» միջազգային մակարդակում և զգոնության կոչ արեց իրանցիներին «գլխավոր թշնամու» հետ հարաբերություններում: Այդ պատճառով և Իրանի ժողովրդի, և մնացած աշխարհի համար այսօր պարզ է. 1) ԱՄՆ-ը մնում է Իրանի գլխավոր թշնամի: 2) Իրանը շարունակելու է ԱՄՆ-ի հետ դիմակայությունը Անդրկովկասում, մերձկասպյան շրջանում, Մերձավոր Արևելքում և մյուս տարածաշրջաններում:
Բոլորը պետք է հստակ հասկանան, որ չնայած «իրանական դոսիեի» որոշ առաջընթացին, ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների իսկական կարգավորումը դեռ շատ հեռու է: Իրանի և վեցյակի (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնությունը, անկասկած, դարձավ վերջին տարիներին ամենադրական միջազգային իրադարձություններից մեկը: Բանակցությունների վերջնական փուլում թվում էր, որ մյուս պետություններից (բացառյալ Իրանը) իրանական միջուկային խնդրի լուծումն ամենից շատ ցանկանում է ԱՄՆ-ը: Սակայն, ինչպես պարզվեց, ոչ բոլորն էին Վաշինգտոնում դա ցանկանում: Հիմա, երբ արդեն ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է հաստատի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը, ակնհայտ է, որ գործադիր ու օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները այդ հարցում առճակատման են գնալու: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները (հանրապետական, Օհայո նահանգից) խոստացել է, որ կոնգրեսականները հնարավորը կանեն՝ մերժելու համաձայնագիրը: Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, որ ուժեղ լոբբիստներ ունեն Վաշինգտոնում, նույնպես սպառնում են ձախողել «իրանական փաստաթղթի» վավերացումը Կոնգրեսում:
Սպիտակ տանը ոչ ոք չի էլ սպասում, որ Իրանի հետ գործարքի վավերացումը հեշտ ու հանգիստ է անցնելու: Թեկուզ այն պատճառով, որ հիմա խորհրդարանի երկու պալատներում մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին: Նրանք բազմիցս տարբեր առիթներով հայտարարել են, որ չեն ընդունում վեցյակի ու Իրանի համաձայնությունը: Իրենց նախագահին կարծես թե պաշտպանում են դեմոկրատները: Բայց ոչ այնքան համերաշխ: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին միանշանակ աջակցում է Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին: Սակայն մյուս դեմոկրատները հայտարարել են, որ պետք է փաստաթղթերն ուսումնասիրել: Վերջերս ԱՄՆ-ում ընդունված օրենքով՝ օրենսդիրներն ունեն 60 օր, որից հետո կամ պիտի վավերացնեն, կամ մերժեն: Նախագահը վաղօրոք զգուշացրել է, որ թույլ չի տա համաձայնագիրը կասեցնել և կօգտագործի վետոյի իրավունքը: Նրա վետոն հաղթահարելու համար Կոնգրեսի երկու պալատները պետք է հավաքեն ձայների երկու երրորդը և առայժմ պարզ չէ՝ կկարողանա՞ն: Հանրապետականները դեմ են հանդես գալու, իրենց կարծիքով, անհաջող գործարքին, սակայն նրանց պետք են դեմոկրատների ձայները, իսկ նրանք այնքան էլ չեն ուզում Օբամային և Փելոսիին հակառակվել:
Ինչո՞ւ է ԱՄՆ-ի համար, թվում է, այսքան հաջող գործարքը նման վճռական դիմադրության հանդիպում Կոնգրեսում: Բանակցությունների հիմնական կետերում Իրանը, փաստացի, հրաժարվել է իր նախնական պահանջներից: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների խոսքով՝ Իրանի հետ համաձայնությունը սպառնում է ամերիկյան ժողովրդի անվտանգությանը և կարող է հարուցել միջուկային սպառազինության մրցավազք ամբողջ աշխարհում: Չի բացառվում, որ բացի այս, մեծ հաշվով, հերթապահ փաստարկներից, թե հանրապետականները, թե դեմոկրատներն ունեն ավելի ծանրակշիռ պատճառներ: Օրինակ, Իսրայելի դժգոհությունը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կապիտոլիումի բլրի վրա և ՈՒոլլ Սթրիթում հրեական լոբբին շատ ուժեղ է: Այդ պատճառով քվեարկելով ցանկացած ամերիկացու համար սրբազան անվտանգության օգտին, հետևաբար՝ Իրանի հետ համաձայնության դեմ, որոշ օրենսդիրներ, անկախ կուսակցական պատկանելությունից, մտքում ունենալու են հրեական պետության շահերը: Բացի այդ՝ պետք չէ մոռանալ ԱՄՆ-ում արդեն սկսված նախագահական նախընտրական պայքարի մասին: Եթե դեմոկրատները կարողանան իրենց ակտիվում հավելել տարիներ ձգված միջազգային խնդիրների լուծումը, հանրապետականներն առիթը չեն կորցնի նրանց մեղադրելու անսկզբունքայնության և պետական շահերը «ծախելու» մեջ:
Երկար ժամանակ տնտեսական մեկուսացման մեջ գտնված Իրանն էլ հազիվ թե շտապի գործակցել ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հետ: Թեհրանը գերակայությունը կտա ռուսական ու եվրոպական ընկերություններին: Չասենք Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի ու Պակիստանի հետ համագործակցության զարգացման շահագրգռության մասին: Արդեն հիմա իրանյան ուղղությամբ ակտիվ աշխատում են ֆրանսիացիները: Առաջիկայում Թեհրան է մեկնելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Ճիշտ է, նա հայտարարեց, որ Իրան է մեկնում իբրև «քաղաքական ղեկավար» և մտադիր է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Պատվիրակության կազմում բիզնեսմեններ չեն լինի: Սակայն շատ դժվար է պատկերացնել, որ արտաքին գործերի նախարարը սեփական երկրի բիզնես շահերը չի պաշտպանելու այնքան հեռանկարային շուկայում, որքան Իրանն է: Չինաստանը, իբրև Մետաքսի մեծ ճանապարհի իր ազգային ծրագրի նախաձեռնող՝ առավել հետաքրքրված է Իրանով, քան նույնիսկ իրանցիները՝ Չինաստանի հետ համագործակցությամբ: Նույնիսկ եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը արգելափակի Իրանի հետ համաձայնագիրը, մյուս երկրները չեն ցանկանա պահպանել Թեհրանի հետ առևտրի էմբարգոն, ինչն ակնհայտորեն վնասելու է ամերիկյան բիզնես հանրությանը:
Առայժմ դժվար է ասել՝ ինչով կավարտվի Սպիտակ տան ու քննադատորեն տրամադրված օրենսդիրների դիմակայությունը: Օրենքով նրանք 60 օր ունեն իրանական հարցը ուսումնասիրելու համար: Մինչև 2015-ի ավարտ ձգելը դժվար չի լինի: Առայժմ պարզ է, որ Օբամայի վարչակազմը խիստ կքննադատվի և ստիպված կլինի արդարանալ: Հնարավոր է նույնիսկ համաձայնագիրը մերժվի և նախագահը վետոյի դիմի: Սակայն, երբ նախընտրական «սերուցքը» սառի և հաջողվի հանգստացնել Թել Ավիվին, բացառված չէ, որ կոնգրեսականները, չցանկանալով հանդերձ, վավերացնեն համաձայնագիրը՝ ինչ-որ վերապահում հավելելով: Ոչինչ բացառված չէ: Իրանի հարցով ԱՄՆ Սենատում հուլիսի 24-ի լսումների ժամանակ, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, պետքարտուղար Ջոն Քերին հարկադրված է եղել պատասխանել ամերիկյան սենատորների հարցերին նաև ԻԻՀ-ի նկատմամբ ռազմական օպերացիայի անցկացման հնարավորության մասին: «Վաշինգտոնի ռազմական օպերացիան Իրանի դեմ հիմա չէր ստանա միջազգային հանրության ու նույնիսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցների աջակցությունը»՝ միանշանակ հայտարարել է Ջոն Քերին: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ եթե ապագայում Իրանը խախտի Վիեննայի համաձայնագիրը, փորձելով միջուկային զենք ստանալ, ԱՄՆ-ը լեգալ հիմքեր կունենա Իրանի դեմ ռազմական միջոցներ կիրառելու: Առաջ Ջոն Քերին երդվում էր Իրանին ու վեցյակի մյուս երկրներին, որ կհամոզի Կոնգրեսին Թեհրանի հետ համաձայնագրի ճիշտ ու անհրաժեշտ լինելը, մինչդեռ հիմա հանգիստ խոսում է Իրանի հետ պատերազմի մասին:
Իրանում հուլիսի 13-ին ու 18-ին այաթոլա Համենեիի հրամանները ստանալուց հետո նույնպես հիանալի հասկանում են, որ ԱՄՆ-ի խոստումներին հավատալը խելամիտ չէ: Այդ պատճառով հուլիսի 22-ին Թեհրանից Վաշինգտոնին ուղղված երկու հայտարարություն հնչեց: Նախ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին (որ մասնակցում էր Վիեննայի բանակցություններին) հայտարարեց, որ Թեհրանը կատեգորիկ դեմ է վեցյակի՝ Իրանի միջուկային ծրագրին առնչվող պատժամիջոցները երկարացնելու փորձերին, երբ կավարտվի գործողության ժամկետը (10 տարուց): «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում հստակ սահմանված է համաձայնագրի ժամկետային սահմանը՝ 10 տարի, որից հետո Իրանի միջուկային գործունեության մասին գործը ՄԱԿ-ի ԱԽ-ում փակվելու է»՝ ընդգծեց Արաքչին: Իրանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը պատասխանն էր այն տեղեկատվության, որ վեցյակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հաղորդել է իր մտադրության մասին՝ 10 տարի անց բանաձևի նոր նախագիծ ներկայացնել, որը ևս 5 տարով երկարաձգում է Իրանի դեմ պատժամիջոցները: «Եթե ԱՄՆ-ը և վեցյակի միջազգային միջնորդների մյուս ներկայացուցիչները հայտարարում են, որ ուզում են ընդունել նոր բանաձև 10 տարի հետո, որի համաձայն պատժամիջոցները վերականգնվելու են, դա Վիեննայի համաձայնագրի խախտում է և վստահության կորուստ է բերելու»,- նշեց Իրանի ԱԳ փոխնախարարը:
Իսկ հետո Իրանի հակաօդային ուժերի «Հաթամ ալ Անբիա» ռազմաբազայի բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին մեկնաբանեց ԱՄՆ-ի վարչակազմի իրանական ռազմական օբյեկտների վերաբերյալ հնչեցրած սպառնալիքները: «Իրանական հրթիռների տեղորոշման համակարգերի առավելությունն այն է, որ այդ համակարգերը հայրենական արտադրության են, և ամերիկացիները սխալվում են, եթե կարծում են, թե արգելքներ ստեղծելով GPS համակարգում, կարող են մեզ համար խնդիրներ հարուցել»,- հայտարարեց գեներալը: Ֆարզադ Էսմայիլին մանրամասնեց, որ եթե հակառակորդը փորձի իրանական ռազմական տեխնիկայի տեղորոշման համակարգերում արգելքներ ստեղծել, GPS-ի փոխարեն հնարավոր է տեղորոշման այլընտրանքային համակարգը գործի մեջ դնել: Հրամանատարը հիշատակեց դեպքերը, երբ իրանական ՀՕՊ-ն իջեցրել է ամերիկյան անօդաչու թռչող RQ-170-ը և իսրայելական «Հերմեսը»: «Իրանցիները երբեք բլեֆի չեն դիմում՝ իրենց պաշտպանական ներուժի մասին խոսելիս: Հույս ունենք, որ թշնամիները հասկացել են, թե ինչ կործանարար հակահարված կստանան ագրեսիայի փորձի դեպքում»,- բացատրել է Էսմայիլին: Եթե այս երկու տեղեկություններին հավելենք Իրանի կամավորականների ռազմական «Բասիջ» միավորման հրամանատար Մոհամադ Ռեզա Նակդիի զայրալից հայտարարությունը (հուլիսի 21-ին) և Իրանի պաշտպանության նախարարության փակ աղբյուրի տեղեկատվությունը (հուլիսի 22-ին), պարզ կդառնա, թե իրականում ինչի են պատրաստվում Իրանի ղեկավարությունն ու ժողովուրդը: 1) «Ցանկացած իրանցի, որ կարդա Վիեննայի փաստաթղթերը, ԱՄՆ-ի նկատմամբ 100 անգամ ավելի մեծ ատելություն կզգա, քան առաջ,- հայտարարեց Նակդին:- ՄԱԿ-ին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի բոլոր կետերը լի են Իրանի նկատմամբ թշնամանքով»: 2) «Իրանի միջուկային ծրագրով համաձայնությունը կարող է հանգեցնել Ռուսաստանից ավելի ժամանակակից համակարգեր ստանալուն, քան նախկինում հայտարարված C-300-ը»,-հաղորդեց Իրանի ռազմական գերատեսչության աղբյուրը՝ հրաժարվելով մեկնաբանել հայցը հանելու հարցը, որ Թեհրանն ուղարկել է Միջազգային արբիտրաժային դատարան, երբ Մոսկվան սառեցրել էր Իրանին ՀՕՊ համակարգերի մատակարարումը: Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են այդ հարցով: «Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը և զենքի ներկրմանը վերաբերող կետերը չեն ազդում C-300 համակարգերը Իրանին տրամադրելու գործընթացի վրա»,- հավելեց աղբյուրը: Մատակարարման որոշակի ժամկետ աղբյուրը չնշեց, որովհետև դեռ չի որոշվել: Մեկնաբանելով իրանա-ռուսական ռազմական համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նա նշեց, որ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել ռազմական համագործակցությունն Իրանի հետ: Պարզ է, որ ԱՄՆ-ը արդեն, ինչպես առաջ, չի կարող ամբողջ աշխարհին թելադրել իր պայմանները: Եվ Սպիտակ տունը, ով էլ այնտեղ լինի՝ հանրապետականները, թե դեմոկրատները, ստիպված է ավելի մտածված քաղաքականություն վարել ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոնների համադրմամբ: Արտաքին գործոնները Վաշինգտոնին շանսեր չեն տա: Չինաստանը, օրինակ, հուլիսի 22-ին խոստացավ Իրանի հարավում կառուցել երկու ատոմային էլեկտրակայան: Թեհրան են պատրաստվում ուղևորվել մայրցամաքային Եվրոպայի համարյա բոլոր երկրների ու կառավարությունների ղեկավարները: Իրանն ուշադիր ու կենտրոնացած հետևում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը, առայժմ հող հարթելով, օրինակ, Սիրիայի իշխանության հերթական հայտարարության տեսքով, որ ուզում են այս կամ այն ձևով մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին: Այս ամենը Հայաստանի համար դաս է՝ պետք չէ սեփական ինքնասիրությունը շոյել և բարձր ինքնագնահատական ունենալ «նախագծերով», որ Հայաստանը կարող է Իրանի համար ինչ-որ դեր խաղալ: Եթե հավատանք, ասենք, Երևանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին, տարածաշրջանային քաղաքականության մեջ Թեհրանի համար Հայաստանի դերը՝ ընդամենը տրանզիտի գոտիներից մեկն է Պարսից ծոցի ու Սև ծովի միջև: Քիչ չէ, պետք է համաձայնել: Բայց, ավաղ, ոչ ավելին: Իրանը հիմա աշխարհի ուշադրության կենտրոնում է և նրան պետք չեն աշխարհի հետ հարաբերվելու անկարող միջնորդներ, որովհետև հիմա աշխարհն է ուզում Թեհրանի ուշադրությանն արժանանալ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ