Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երևան ջուրը» երկնեց և համագործակցության հրովարտակ ծնեց

«Երևան ջուրը» երկնեց  և համագործակցության հրովարտակ ծնեց
28.07.2015 | 01:09

«Երևան ջուր» ընկերությունը բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել Երևանի, հայոց անապակ ջրի և, բնականաբար, հայ սպառողների առաջ։ Մասնավորապես, որ էապես կկրճատի ջրի կորուստները, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, 80 %-ից ավելի են։ Թե «Երևան ջուրը» ինչպես է պայքարում և որքան է նվազեցրել ահռելի կորուստները, այլ խնդիր է։ Սակայն ամեն բան բավականին ակներև է, ջուրը մեր հանապազօր հոսում է անտերության մատնված։ Եվ մինչև անդրադարձը բուն խնդրին, այսինքն` «Երևան ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանի «հրովարտակին», մի քանի դիտարկում այս փառապանծ ՓԲԸ-ի` մեր աչքին տեսանելի գործունեության շուրջ։


Մի փոքրիկ շրջայց կատարենք Ծիծեռնակաբերդի հուշաբլրում։ Ապրիլին, ընդառաջ գնալով Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, նշյալ ընկերությունը Ծիծեռնակաբերդում տեղադրեց 12 ցայտաղբյուր և 3 արտաքնոց։ Ամենայն հավանականությամբ, այս ընկերության մտավոր դասը հուշաբլուրը շփոթել էր հանդիսությունների և զվարճանքների ասպարեզի հետ։ Չէ՞ որ վաղուց ի վեր հուշաբլրի ստորոտում, գետնանցումից դուրս գալուն պես այցելուին դիմավորում է բազալտակոփ ցայտաղբյուրը։ Ճանապարհը հաղթահարում է բարձունքը և Մարզահամերգային համալիրի մոտ ճյուղավորվելով ծառուղիով և շարունակվող ճանապարհով` ընթանում է դեպի նպատակակետ։ Հենց այստեղ է տեղակայված 2-րդ բազալտակոփ ցայտաղբյուրը։ Երրորդն արդեն հասանելի է ծարավից տոչորվող այցելուներին հուշահամալիրին մերձ հրապարակում։ Այստեղ է նաև հանրային արտաքնոցը, թաքնված ծառերի մեջ, զի, հասկանալի է, արտաքնոցը ցուցադրական երևույթ չէ, այն անտեղի հանրահռչակելը, մեղմ ասած, ամոթ է, առավել ևս, երբ սույն հանրօգուտ հաստատությունը գտնվում է սրբազնական մի վայրում, այս պարագայում` Ծիծեռնակաբերդի հուշաբլրի գագաթին։
«Երևան ջուր» ՓԲԸ-ի 12 ցայտաղբյուրներից 10-ը չեն գործում։ Արտաքնոցները` դեպքից դեպք։ Հատկապես անհասկանալի է հուշաբլրի հարավային փեշին ¥այնտեղ, ուր ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նստավայրն է¤ տեղակայված արտաքնոցը։ Այստեղ մարդիկ առհասարակ չեն գալիս։ Ո՞Ւմ է ծառայում այս արտաքնոցը` ագռավների՞ն, թե՞ առնետներին։
Հուշաբլրի հյուսիսային, Հրազդանի կիրճին հարող անտառածածկ հատվածում տարիներ շարունակ մի ինքնաշեն աղբյուր է կարկաչում։ Մետաղյա խողովակի հաստությունը 2 դյույմ է։ Գիշեր-ցերեկ և տարին բոլոր և տասնամյակներ շարունակ որքա՞ն անապակ քաղցրահամ ջուր է անտեղի կորչում։ Արտաքնոցային և ցայտաղբյուրաբարո գործընթացների մեծ սիրահար վերոնշյալ ընկերության տնօրեն տիար Գոռ Գրիգորյանին և վերոնշյալ աշխարհացունց նամակ-բացատրագիր-խրատանու երկնող Մուրադ Սարգսյանին եղբայրաբար հորդորում եմ նախ` վնասազերծել վերոնշյալ խողովակը, այնուհետև շրջել քաղաքով մեկ և հայտնաբերել հարյուրավոր նման «ծովահենային աղբյուրներ»։ Եվ, խնդրեմ, «Երևան ջուր» ՓԲԸ-ի դղրդուն խոստումը` էապես նվազեցնել ջրի կորուստը, մասամբ կիրականանա։

Հիմա դառնանք «Օրենքն ամենքի համար է, նաև լրագրողի» վերտառությամբ նամակ-բացատրագիր-խրատանուն։ Ակնհայտ է, որ տիար Մուրադը կամ նենգափոխում է իրականությունը, իր հավատարմահպատակային ծառայությունը մատուցելով հարազատ ընկերությանը, կամ էլ, ներող եղեք, որոշակի խնդիրներ ունի «Իրատեսի» հիշյալ հոդվածում բարձրացված հարցի ճշգրիտ ընկալման հետ։ Ի՞նչն է բանը, մի՞թե մենք արտոնյալ որևէ բան էինք պահանջում մեր աշխատակցուհու համար։ Ամենևին։ Խնդիրը վերաբերում է շատերին, այն է` ընկերության պահանջով փողոցում տեղակայված ջրաչափի սարքերն ինքնին խնդրահարույց են, պատահական մեկը, միտումնավոր կամ ակամա, կարող է վնասել ջրաչափը, բնականաբար, այս երևույթի սադրիչը, այսինքն` «Երևան ջուրը», պիտի սեփական միջոցներով վերականգնի վնասված ջրաչափը, այնուհետև պարզագույն տրամաբանության թելադրանքով դրանք պետք է որ տեղակայի անվտանգ մի վայրում, այս պարագայում` տների բակում։
Այնուհետև զարմանք է հարուցում տիար Մուրադի վերջաբանը, որում ասվում է հետևյալը. «Լինենք փոխադարձ հարգալից և խնդիրներ չեն առաջանա` ի գոհունակություն բոլոր կողմերի։
Համագործակցության ակնկալիքով`
Հանրային կապերի ծառայություն,
«Երևան ջուր» ՓԲԸ»։
Սա գրում է մեկը, ով տողեր առաջ հոխորտացել է հետևյալը. «Հնարավոր է, որ բաժանորդ, «Իրատես» թերթի աշխատակից Գոհար Սարգսյանին ձեռնտու է առաջնորդվել «Я не я и лошадь не моя» ռուսական ասացվածքի տրամաբանությամբ, չկրելով ոչ մի պատասխանատվություն անգամ սեփական գույքի հանդեպ»։ Ինչպես կասեր ռուսը՝ եղբայր Մուրադ, «ты не прав», քանի որ Գոհար Սարգսյանը 4000 դրամ արդեն իսկ մուծել է և վստահաբար այդ գումարը կծառայի Երևանի ջրամատակարար ընկերության ինչ-ինչ անհասկանալի ծախսերը փակելուն։ Եղբայր իմ պատվական, «սեփական գույքը» փողոց եք հանում ու դարձնում ավարառության սուբյեկտ։ Այնուհետև, մի՞թե «Երևան ջուր» ՓԲԸ-ում սպառողի, այն էլ կնոջ հետ խոսելու տարրական բարեկրթությունը պարտադիր պայման չէ։ Սա իր հերթին։ Այնուհետև ինքնագովանքից գրեթե շնչահեղձվելով նշում եք, թե վերջին տարիների ջրամատակարարման ակնհայտ բարելավումը Երևանում արդյունք է վերահսկողության ուժեղացման։ Դուք շատ թույլ եք վերահսկում, սա ակնհայտ է, ծիծեռնակաբերդյան ոդիսականը Ձեզ օրինակ։ Եվ այսօր շուրջօրյա ջրամատակարարումը բնավ Ձեր տառապագին աշխատանքի արդյունքը չէ, Դուք ուղղակի ավելի շատ ջուր եք վերցնում մայրաքաղաքը սպասարկող ջրամբարներից։
Մի խոսքով, «Երևան ջուր» ՓԲԸ-«Իրատես» թերթ համագործակցությունը հնարավոր է միայն այս ձևաչափում, «Երևան ջուրը» այսուհետ կլինի մեր սևեռուն ուշադրության կենտրոնում։ Հանրությունը պիտի ճանաչի իր երկրորդ սպասարկող լեգենդին, այսինքն` «Երևան ջրին»։ Առաջինը, հիշեցնում եմ, ՀԷՑ-ն է։
Իսկ սույն գրության կերտիչ Մուրադ Սարգսյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։


Մեծագույն պատկառանքով` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Նորագավիթ համայնքում հուլիսի 22-ից մինչև հուլիսի 24-ը խմելու ջուրը դեղնակարմրագույն էր։ Այն խմելուց հետո, ինչպես քաջ հայտնի է, թունավորվեց Նորագավթի շուրջ 50 սպառող, այդ թվում` մանուկներ ու ծերեր։ Սա վստահաբար հաստատում է «Երևան ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության վեհաշունչ հայտարարության ոգին։ «Երևան ջուր» ՓԲԸ-ն ունի ավելի քան 300000 բնակիչ-բաժանորդ, և վերջին տարիների ջրամատակարարման ակնհայտ բարելավումը Երևանում արդյունք է ինչպես ընկերության կողմից վերահսկողության ուժեղացման... և այլն»։ Այստեղ են ասել` երնեկ ձեր տիրոջը։
Հ. Գ. -2 -Եղբայր իմ, Մուրադ, աստվածաշնչյան այլ ճշմարտություններ էլ կան, զորօրինակ՝ մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր և այլն, և այլն։

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ