Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինչո՞ւ եք այդքան վախեցած ՀՀԿ-ից»

«Ինչո՞ւ եք այդքան վախեցած ՀՀԿ-ից»
28.07.2015 | 01:33

«Իրատեսի» հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ի՞նչ է փոխվել երկրում, որ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ:
-2005-ից, երբ առաջին անգամ փոփոխություններ կատարվեցին 1995-ին՝ 10 տարի առաջ ընդունված Սահմանադրության մեջ, այդ հարցը ևս հնչում էր, ու հիմա՝ 2015-ին, ակնհայտ է, որ որևէ օրենք, առավել ևս Հիմնական օրենքը, քարացած ու դոգմատիկ ճշմարտությունների հավաքածու չէ, կյանքը փոխվում է, քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, պատմամշակութային նոր իրողություններ են ձևավորվում, որոնք և բերում են գործող օրենքների համապատասխանեցման անհրաժեշտություն՝ սա աքսիոմ է, որ բոլոր երկրներին է վերաբերում: Մենք երկար ժամանակ գնացել ենք այս ճանապարհով և հիմա, թերևս առաջին անգամ, փորձում ենք ոչ թե իրադարձությունների հետևից հասնել, այլ քայլ առաջ անել՝ բարեփոխելով պետական կառավարման համակարգը ոչ թե իշխանությունների թևերի մեջ լիազորությունների վերաբաշխմամբ, այլ միակենտրոն կառավարումից անցնելով խորհրդարանական կառավարման: Ես չեմ ուզում անդրադառնալ այլ երկրների կառավարման փորձին՝ թե նախագահական, թե խորհրդարանական կառավարման հաջողված ու չհաջողված օրինակներ աշխարհը տվել է: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, թե իր զարգացման այս փուլում Հայաստանի համար կառավարման ո՞ր համակարգն է ավելի արդյունավետ:
-ՀՀԿ-ն համարում է, որ խորհրդարանական կառավարումն ավելի՞ արդյունավետ է, ինչո՞ւ:
-ՀՀԿ-ին երկար ժամանակ մեղադրում էին, որ Հայաստանի քաղաքական դաշտում միակուսակցական համակարգ է գործում փաստացի, հիմա ՀՀԿ-ն առաջարկում է քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին մասնակցել պետական կառավարմանը, վա՞տ է:
-Լավ է, բայց որքանո՞վ է ռեալ:
-Սահմանադրությունը ստեղծում է մեխանիզմներ, իսկ թե որքան ու ինչպես այդ մեխանիզմները կգործեն, որոշում է կյանքը: Ռեալ է, թե ռեալ չէ, որոշվում է ընտրությունների ժամանակ: Եվ որոշողը ՀՀԿ-ն չէ, այլ ընտրողը: 100 % համամասնական ընտրակարգին անցումը կար համարյա բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում, հիմա առաջարկվում է հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և խորհրդարանը ձևավորել միայն համամասնական ընտրակարգով, վա՞տ է: Բազմակուսակցական համակարգի կայացմանը նպաստող քա՞յլ է: Այո: Խորհրդարանում քաղաքական ուժերի պատասխանատվության մեծացմանը և խմբակցությունների դերի բարձրացմանը նպաստող քա՞յլ է: Այո: Ես չեմ ուզում մեծամասնական ընտրակարգով ընտրված ու անկախ պատգամավորների դերը նսեմացնել, բայց ակնհայտ է, չէ՞, որ եթե նրանք ընդգրկված չեն խմբակցություններում, որոշումների ընդունման վրա համարյա ազդեցություն չեն կարող ունենալ: Իսկ եթե ընդգրկված են և ներկայացնում են կուսակցական տեսակետներ, ինչո՞ւ չընտրվեն կուսակցական ցուցակներով:
-ՀՀԿ-ին մեղադրում են, որ սահմանադրական բարեփոխումներով ուզում է իր գերիշխանությանը իրավական հիմնավորումներ տալ, այդպե՞ս է:
-Ինչպե՞ս է տալու:
-Խորհրդարանական կայուն մեծամասնության թեզով, որը վերարտադրելու է ՀՀԿ-ի իշխանությունը:
-Դուք արդեն ունե՞ք ընտրությունների արդյունքները: Ես այդպես չեմ կարծում: Եթե ՀՀԿ-ն հանրապետության ամենակայացած և ամենաբազմանդամ քաղաքական ուժն է, եթե ՀՀԿ-ն կարողանում է ընտրողների մեծամասնության վստահությունը ստանալ, ինչո՞ւ պիտի հրաժարվի իր ծրագրերը կատարել՝ իշխանություն դառնալով: Ես հասկանում եմ, որ իշխանությանը սովորաբար չեն սիրում: Բոլոր երկրներում էլ այդպես է, որովհետև իշխանության հակառակ կողմը պատասխանատվությունն է: Մարդիկ սովորաբար ավելի լավ գիտեն՝ ինչ չունեն, քան ինչ ունեն: Ընդունեք, որ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական ստեղծված պայմաններում ՀՀԿ-ն կարողանում է կատարել իշխանության իր գործառույթները՝ ապահովելով երկրի զարգացումը: Գուցե դանդաղ, գուցե ոչ այնքան տեսանելի, բայց ո՞ր քաղաքական ուժն է այսօր պատրաստ փոխարինել ՀՀԿ-ին ու ավելին անել: Միշտ էլ շատ ավելի հեշտ է խոսել, քան գործ անել:
-Ձեզ չի՞ զարմացնում, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի բուն քննարկման փոխարեն քաղաքական ուժերը նախընտրում են քննարկել գործող նախագահի հետագա քաղաքական ճակատագրի հարցը:
-Չի զարմացնում, բայց հիասթափեցնում է: Որովհետև դա վկայում է, որ քաղաքական ուժերը գերադասում են ընթացիկ հարցերը: Փաստորեն ոչ թե Սահմանադրության նոր տարբերակն է քննարկվում, այլ պաշտոնների բաշխումը, ու՝ խիստ անձնավորված: Երբ հասարակական քննարկման է ներկայացված Սահմանադրության բարեփոխումների նախագիծը, իսկ քաղաքական ուժերին զբաղեցնում է գործող նախագահի հետագա պաշտոնը, նշանակում է` նրանց հետաքրքրում է ոչ թե պետական կառավարման մոդելը, այլ իրենց քաղաքական ճակատագիրը միայն: Սերժ Սարգսյանը ի սկզբանե հայտարարել է, որ չի հավակնում ոչ նախագահ, ոչ վարչապետ դառնալ, նաև՝ ԱԺ նախագահ:
-ՀԱԿ-ը կարծում է, որ Սերժ Սարգսյանը նախընտրում է գենսեկի դերը:
-Գենսեկի դերում իրեն ամենից հարմար զգում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 2007-ից վերադառնալով մեծ քաղաքականություն, բայց ոչ իշխանություն, համառորեն փորձում է վերահսկել ընդդիմադիր քաղաքական դաշտը ու իր գենսեկությունը հաստատել ընդդիմադիր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի վրա: Կարծում եմ՝ դա բոլորն են տեսնում և բոլորն են գնահատում նրա «գենսեկության» արդյունքներն ու հետևանքները՝ սկսած ՀԱԿ-ի տրոհումից մինչև քաղաքագիտական վերլուծությունը գործողության մեջ ու ընդդիմադիր դաշտում նրա կատարած իրական դերը: Գործնականում այսօր ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարն է հիմնականը, այլ ընդդիմադիր դաշտում գերակայության համար պայքարը, որտեղ ՀԱԿ-ն իր ռեսուրսները փոշիացնելով՝ ցանկանում է հաղթական դրոշ պարզել մյուս կուսակցությունների վրա ևս: Սերժ Սարգսյանը գենսեկության կարիք չունի: Վերջապես՝ ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը գիտեն, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ է ուզում ու ի՞նչ է անելու Սահմանադրություն փոխելով, խորհրդարանական ընտրություններում, խորհրդարանական ընտրություններից հետո, ո՞վ է լինելու նախագահ, ո՞վ է լինելու վարչապետ: Եթե այդպես է, ինչի՞ համար են ընտրությունները: Կրկնում եմ՝ անձնավորված քննարկումները հեռացնում են բովանդակային հարցադրումներից:
-Ձեզ չի՞ զարմացնում, որ այսքան երկար լռում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Սահմանադրության փոփոխության մասին իր տեսակետը չի հրապարակում:
-Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ արտահայտել է իր տեսակետը ամիսներ առաջ, իսկ ներկայացված նախագծի վերաբերյալ դեռ բավարար ժամանակ ունի տեսակետ արտահայտելու:
-Չե՞ք կարծում, որ սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանին զրկում են նախագահ դառնալու հնարավորությունից:
-Հարցը կոռեկտ չեմ համարում: Որովհետև նախ պետք է ինքը ասի՝ ուզո՞ւմ է նախագահ դառնալ, ուզո՞ւմ է պետական կառավարման համակարգ վերադառնալ: Եթե այո, մամուլում արդեն հրապարակվել են տեղեկություններ, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել: Մինչև խորհրդարանական ընտրություններ բավարար ժամանակ կա, որ նոր կուսակցությունը հասցնի ներկայացնել իր ծրագրերն ու գաղափարները և մասնակցի ընտրություններին, մնացածը իրադարձությունների զարգացումը ցույց կտա: Ընդհանրապես՝ սահմանադրական փոփոխությունները ոչ ինչ-որ մեկին նախագահ չդարձնելու, ոչ էլ ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու նպատակ ունեն: Սահմանադրական բարեփոխումների նպատակը պետական կառավարման համակարգի կատարելագործումն է, համակարգային բարեփոխումների հնարավորության ստեղծումը, որի մասին բոլորն են խոսում, բայց երբ ՀՀԿ-ն քայլ է անում այդ ուղղությամբ, պարզվում է, որ իրենք դեմ են ու բոլոր հիմնավորումները ունեն մեկ պատճառ՝ դուք խանգարում եք մեզ իշխանության գալ:
-Ի՞նչ իմաստ ունի, բացի պատգամավորներից, նախագահի ընտրիչների ինստիտուտի ներմուծումը:
-Խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում նախագահին ընտրում է խորհրդարանը: Այս դեպքում նախագահի պաշտոնը դառնում է շատ ավելի ներկայացուցչական՝ նրան ընտրում են ոչ միայն ուղիղ ընտրված պատգամավորները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, որ նույնպես ուղիղ ընտրված են: Կարծում եմ՝ դա նաև ՏԻՄ-երի դերի մեծացում է ու ՏԻՄ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հիմք:
-Թե՞ դա ՀՀԿ-ի համար ապահովության բարձիկ է՝ ՏԻՄ ընտրիչների հաշվին ավելացնելու նախագահի իր թեկնածուի ձայները խորհրդարանում:
-Բայց ինչո՞ւ եք այդքան ՀՀԿ-ից վախեցած կամ այդքան վախեցած եք պատկերացնում ՀՀԿ-ին, որ ամենուր իր համար ապահովության բարձիկներ շարելով զբաղվի: Սահմանադրության նախագծի յոթ գլուխների հրապարակումից հետո, կարծես, նախագծի ու ՀՀԿ-ի նույնացում տեղի ունեցավ՝ ամեն գլխի ու ամեն հոդվածի տակ խոշորացույցով որոնվում են ՀՀԿ-ի ստվերը ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ստվերային մտադրությունների վկայությունները: Հավատացնում եմ թե Ձեզ, թե բոլոր թերահավատներին՝ ՀՀԿ-ն վերարտադրվելու ու իր իշխանությունը ամրապնդելու քաղաքական ու օրենսդրական բավարար հնարավորություններ ունի և գործող Սահմանադրությամբ: Այս պատմությունը ՀՀԿ-ի պատմությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության: Կընդունի՞ հասարակությունը առաջարկող փոփոխությունները, Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական մոդելի: Չի՞ ընդունի, կշարունակվի կիսանախագահական կառավարումը: Ասել ենք, էլի ենք ասում՝ դա ՀՀԿ-ի համար ոչ աղետ է, ոչ տիեզերական ձախողում:
-Այս ամառը Սահմանադրության բարեփոխման նախագծո՞վ կմտնի պատմության մեջ, թե՞ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական պայքարով:
-Ես պատմությանը շատ ավելի մեծ դեր եմ վերապահում, քան ժամանակագրությունը: Տասնամյակներ անց մեր օրերի շատ իրադարձություններ, որ այսօր կենսական են թվում, գուցե մոռացված լինեն: Ի վերջո, մենք պիտի ընդունենք, որ կարևորը ընթացքը չէ, այլ արդյունքը: Իսկ պատմության մեջ արձանագրված արդյունքների հասնում է ոչ թե որևէ առանձին վերցրած քաղաքական կամ քաղաքացիական ուժ, այլ պետությունը: ՈՒրեմն բոլորս պիտի մտածենք՝ ի՞նչն է մեր պետության համար առաջնահերթ ու կարևոր, և մեզնից յուրաքանչյուրը ի՞նչ կարող է անել, որ այդ առաջնահերթն ու կարևորը օր առաջ իրականություն դառնան:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Խմբագրության կողմից

Այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ծննդյան օրն է: «Իրատեսը» միանում է բոլոր շնորհավորանքներին, մաղթում երջանկություն ու հաջողություններ գործունեության բոլոր ասպարեզներում:

Դիտվել է՝ 991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ