Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ե՞րբ կավարտվի հինգ րոպեն

Ե՞րբ կավարտվի հինգ րոպեն
28.07.2015 | 01:38

Շոգ է Իտալիայում, ու իտալացիները կորցրել են հումորի զգացումը: Երբ Սիլվիո Բեռլուսկոնին ասաց՝ ինձ չե՞ք ուզում իշխանության մեջ տեսնել, կգնամ Պուտինի էկոնոմիկայի նախարար կաշխատեմ, թերթերը «հիմարության հինգ րոպե» որակեցին, իսկ Սիլվիո Բեռլուսկոնին ընդամենը կատակել էր: Շոգ է նաև Հայաստանում, հայերը ևս հումորի զգացումը կորցրել են, միայն մի քանիսն են պահպանել, որ լուրջ տեսքով լուրջ քայլեր են անում: Օրինակ՝ Պարույր Հայրիկյանը:
Հուլիսի 24-ին: Ազատության հրապարակում: «Բազում» քաղաքական ուժերի հետ, ի դեմս «Հիմնադիր խորհրդարանի», «Ժառանգության» ու անհատների, որ միշտ ամեն ինչի մասին կարծիք ունեն, բայց երբեք՝ տեսակետ: Պարույր Հայրիկյանը ավելին չէր էլ ուզում՝ ընդամենը «Ճշմարիտ արձագանքել ու մատուցել, որպես ինչ-որ չափով համակարգող այս փուլում»: Հիմքը ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆ է՝ մարդը ուզում է միշտ առանցք լինել: Լավ, չկա՞ր այս պետության մեջ մի անկապ հանձնաժողով, անիմաստ գործակալություն, «կարևորագույն հարցեր համակարգող վարչություն», որի պետ նշանակվեր Պարույր Հայրիկյանը, և հասարակությունն ազատվեր առիթով ու անառիթ նրա մեջ ընկնելուց: Գոնե դեսպան ուղարկեին, ասենք, Զանզիբար: Մարդը չի հասկանում, որ իր ներկայությամբ անլրջացնում է ամեն ինչ՝ համապետական ընտրություններից մինչև անեկդոտ:
ՀԱԿ-ը ևս տեսակետ հայտնեց սահմանադրական հայեցակարգի մասին՝ որակելով «իշխանության յուրացման նպատակով պետական հեղաշրջման ծրագիր» և միջազգային կազմակերպություններին կոչ արեց չաջակցել Հայաստանի իշխանությունների «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։ Նախագծի յոթ գլուխների հրապարակումից առաջ հայտնի էր, որ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրության փոփոխությանը և հայտարարության մեջ գլխավորը ոչ թե տեսակետն ու հիմնավորումն է, այլ միջազգային կազմակերպություններին դիմելը: Միջազգային կառույցներից ու նրանց բազմակի ստանդարտներից հիասթափված ՀԱԿ-ը, որ վերջերս հրաժարվում էր նրանց ներկայացուցիչներին հանդիպել, վերադառնո՞ւմ է նրանց առանցք՝ կոչ անելով չաջակցել սահմանադրական բարեփոխումներին Հայաստանում: ՀԱԿ-ը ռուսական հունից դո՞ւրս է գալիս, թե՞ համաձայնեցրել է իր «եվրոպական շեղումը» ու նորահայտ կոմպլեմենտարիզմը: Թե՞ ռուսներին համոզել է, որ Հայաստանը հիանալի փորձադաշտ է՝ կառավարման մոդելներ փորձարկելու, հետո նաև Ռուսաստանում ամբողջությամբ կամ մաս-մաս կիրառելու: Ի վերջո ՌԴ նախագահն էլ է վերընտրվելու սահմանադրական արգելքի առաջ կանգնելու: Նորի՞ց Դմիտրի Մեդվեդևը նախագահ դառնա: Նույն գետը երկրորդ անգա՞մ: Վայե՞լ է: Իսկ Հայաստանի փորձը կարող է հետաքրքիր լինել: Ինչ-որ չափով: Հայաստանը Վրաստան չէ: Եվրաինտեգրման կուրս վերցրած ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն ունեցող Վրաստանի խորհրդարանական կառավարման փորձը օրինակ չէ: Հայաստանում հնարավոր չէ, որ նախագահն ու վարչապետը միմյանց հետ քաղաքականից բացի տասնյակ այլ կապեր չունենան: Թուրքիայի օրինակը կա՝ երազում էր, չէ՞, Էրդողանը նախագահական կառավարում: Բայց խորհրդարանական ընտրությունները ջուրը գցեցին նրա ոսկե երազանքը, սահմանադրորեն որոշված 45 օրն էլ անցնում է, իսկ կառավարություն չի ձևավորվում խորհրդարանի ընդամենը չորս ուժերի միջև համաձայնություն չլինելու պատճառով: Սա էլ քեզ ժողովրդավարության օգուտները:

Հայերն ուրիշ են՝ խորհրդարանում կայուն մեծամասնություն ունենալու համար ընտրությունների երկրորդ փուլ են հնարել, որ թուրքերի օրը չընկնեն: Հայի հետին խելքով հրեաներն էլ են հիանում: ՀԱԿ-ը նոր Սահմանադրության դեմ պայքարը կոնկրետացրել է Սերժ Սարգսյանի «հակաժողովրդավարական ռեժիմի» վերարտադրման ու հավերժացման դեմ պայքարի վրա: Ինչո՞ւ: Այդպես հարմար է՝ ստիպված չես նոր ոչինչ ասել, մի գնդակով երկու թիրախ ես խոցում: Գուցե նաև այն պատճառով, որ ինքն էլ այդ համակարգի մաս է վաղուց կամ վախենում է, որ համակարգ փոխվի՝ քաղաքագիտական նոր վերլուծությունների ու օրը մեկ ձևավորվող ու անէացող «համաժողովրդական շարժումների» կարիք այլևս չի լինի:
Ընդհանրապես շատերի կարիքը չի լինի: Ավելի շատ «ոչ», քան «այո» ասելով՝ լռում է ԲՀԿ-ն: Այդ լռությունը պետք է հասկանալ իբրև Հովիկ Աբրահամյանի պահուստային խաղաքարտ ներիշխանական բանակցություններում: Չի՞ ստանա ՀՀԿ փոխնախագահը ցանկացածը, ԲՀԿ-ն հանդես կգա ընդդիմադիր դիրքերից՝ պնդելով, որ նախկինում էլ դեմ էր, ոչինչ չի փոխվել, որ այդ կարծիքը փոխվեր: Այո, խորհրդարանական կառավարմանը կողմ է եղել, բայց ոչ այս իշխանության ձեռամբ, չի կարող այս իշխանությունը ինքնասպասարկումից դուրս որևէ քայլ անել, ու նմանատիպ մեկնաբանությունների մի շարան: Կստանա՞ Հովիկ Աբրահամյանը իրեն անհրաժեշտ լծակները, ԲՀԿ-ն կհայտարարի, որ սահմանադրական փոփոխությունները բացարձակ անհրաժեշտություն են երկրի համար, որ իրենք չեն կարող դեմ լինել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին ու ժողովրդավարության քայլ առաջին՝ որպիսին խորհրդարանական կառավարման համակարգն է նախագահականի համեմատությամբ: ՈՒ նույն շարանը՝ նմանատիպ փաստարկների: Իսկ եթե Հովիկ Աբրահամյանից վերցվի՞ ԲՀԿ-ն՝ թուլացնելով նրա քաղաքական հենարանը: Ոչինչ էլ չի փոխվի: ԲՀԿ-ն ազդեցիկ հենարան լիներ, Ռոբերտ Քոչարյանի համար կապահովեր իր ծրագրերի կատարումը, երբ նոր էր ստեղծվել ու ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնության ավարտը պիտի նշանավորեր: Չեղավ: Հաստատ Երկվորյակի համաստեղության տակ է ԲՀԿ-ն ստեղծվել ու գենետիկ երկվության է դատապարտված: Ռոբերտ Քոչարյանը, սակայն, մասնակի կորցնելով ԲՀԿ-ն, չի կորցրել իշխանությունը վերադարձնելու ցանկությունը: Նա հրաշալի հասկանում է, որ Սահմանադրություն փոխելու թիրախն ինքն է: Ինքն էլ ժամանակին Սահմանադրություն է փոխել՝ նախագահի հաշվին մեծացնելով վարչապետի լիազորությունները, որ վարչապետ դառնա հետո, բայց բերեց ուրիշների բախտը: Ինչո՞ւ է նա լռում: Շուտ է: Թող առայժմ ասպարեզ գան մանրապճեղներն ու նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու: Ներիշխանական պայմանավորվածությունների փուլը չի ավարտվել, չկա որոշակիություն իշխանության ներսում: Կլինի՞, կասի իր խոսքը: Ռոբերտ Քոչարյանը կասի իր խոսքը արդեն քաղաքական ուժ ունենալով։ Նոր ուժ: Թեպետ մեծ պայմանականություն է Հայաստանում նոր կուսակցության ստեղծումը, երբ նպատակը նույնն է, ինչ մյուս կուսակցություններինը՝ իշխանության գալ, ուրեմն ունենալու են մի քիչ ավելի լավ կամ վատ ձևակերպված, երկար կամ կարճ ծրագիր, հնչեղ կամ անհաջող կարգախոսներ, ինչպես «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կամ «Իմ խոսքը գործ է» և այլն: Հիմնական հարցը՝ «Ովքե՞ր են ձեր կողքին, և ո՞վ եք դուք», մնալու է անպատասխան, որովհետև հին ու նոր կուսակցությունները Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ չունեն նոր խոսք, նոր գաղափար՝ նրանք առաջնորդվում են իրավիճակային լուծումների անհրաժեշտությամբ: Անցյալի էջը փակելն ու առաջ նայելը դեռ Հայաստանի քաղաքական դաշտի համար սխրանք է, որի գիտակցությունը չի հասունացել: Նաև նրանց համար, ովքեր հրաշալի վանկարկում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», որովհետև նրանք շատ արագ հասկացան՝ ովքեր են տերերը ու ինչպես նրանց հարաբերվել՝ կորուստներ չունենալու համար:
Կորուստների դուռը չի կարողանում փակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ցեղասպանության զոհերի սրբադասված հոգիները նրան անակնկալ անակնկալի հետևից են մատուցում՝ ի հատուցումն իր համառ ժխտողականության: Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Թուրքիայի ԱԳՆ-ն մի անատամ նոտա ընդունեց՝ բանաձևը չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցմանը և այլն: Բայց դա չէ Էրդողանի գլխացավանքը: Խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի չորս քաղաքական ուժերը չեն կարողանում կառավարություն ձևավորել: Խորհրդարանական նոր ընտրությունների հեռանկարը նաև վարչապետի պարտականությունները կատարող Ահմեդ Դավութօղլուն հրապարակավ ընդունեց, իսկ նոր ընտրությունները «Արդարություն և զարգացում» կուսակցության ձայներն ավելի կարող են պակասեցնել հուլիսի 20-ից ստեղծված իրավիճակում: Սուրուչի ահաբեկչությունից հետո ուժը կորցրած հայտարարվեց քրդերի ու թուրքերի երկամյա զինադադարը: Թուրքիան սկսեց ռմբակոծել Սիրիայի տարածքը, թվում էր, պիտի պայքարի ահաբեկչությունը կազմակերպած «Իսլամական պետության» դեմ, բայց Անկարան թիրախ դարձրեց և՛ ԻՊ-ին, և՛ սիրիաբնակ քրդերին: Քրդական աշխատավորական կուսակցությունը պատերազմ հայտարարեց Թուրքիային՝ հիմնավորելով, որ թուրքերն առաջինն են խախտել պայմանավորվածությունը: Դժվար է ընկալել Էրդողանի տրամաբանությունը, առավել դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Իսկ պետք է՝ Թուրքիան հարևան է, լավ, վատ, բայց՝ անմիջական, որտեղ կատարվող իրադարձություններն անդրադառնում են նաև Հայաստանի վրա:
Իրանը հուլիսի 14-ին Վիեննայում միջուկային ծրագրի վերաբերյալ վեցյակի հետ համաձայնությունից հետո անցած երկու շաբաթում մնում է աշխարհաքաղաքական ուշադրության կենտրոնում: Գերմանացիներն ու ֆրանսիացիները արդեն եղան Թեհրանում՝ ուսումնասիրելու տնտեսական համագործակցության հնարավորությունները: Ժամկետի մեջ կվավերացնի՞ համաձայնագիրը ԱՄՆ-ի Կոնգրեսը, թե՞ հրեաներին կհաջողվի ձգձգել վավերացումը, Եվրոպան այդ խնդիրը չունի, Եվրոպան ունի փոխշահավետ տնտեսական զարգացման պայմանների ապահովման հարց: Հատկապես, երբ այդ դաշտից պատժամիջոցներով դուրս է բերվել Ռուսաստանը: Սեպը սեպով են հանում: Դեռ երբեք այդքան ակտիվ չէր եղել Հայաստանում Իրանի դեսպանը, թեպետ հակառակը պիտի լիներ: Մոհամադ Ռեիսին ասաց, որ առաջիկայում Հայաստան կժամանի Իրանի փոխնախագահ Ջահանգիրին, մինչև տարեվերջ՝ նախագահ Հասան Ռուհանին: Հայաստանը քաղաքակրթությունների կամուրջ կդառնա՞, թե՞ ոչ, կկապի՞ Պարսից ծոցի երկրները տարածաշրջանին ու Եվրոպային, կկառուցվե՞ն Իրան-Հայաստան երկաթուղին, Մեղրիի հէկ-ը, բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, սահմանամերձ նավթավերամշակման գործարանը, Իրան-Հայաստան գազամուղը: Տարածաշրջանի քաղաքական, ռազմական ու տնտեսական անվտանգությունից մինչև զարգացում՝ տասնյակ հարցեր կարող են լինել ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի Հայաստան այցի օրակարգում: Բնականաբար՝ նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Իրանը չի կարող իր հյուսիսային սահմանների նկատմամբ անտարբեր լինել, մանավանդ երբ ԼՂ հարցի քննարկումներում առաջարկվում է արտատարածաշրջանային խաղաղարար ուժերի տեղակայում, ինչին Թեհրանը միշտ դեմ է եղել: Մեզ սպասում է անակնկալների աշուն՝ տարածաշրջանը ոտքի է կանգնել ու գնում է, կամ տանում են՝ դեռ անհայտ ուղղությամբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Սերժ Սարգսյանը մեկնեց արձակուրդ, քաղաքական ամառը պաշտոնապես փակվեց: Չէ, իհարկե, օգոստոսին էլ կլինեն քաղաքական ու քաղաքացիական հայտարարություններ ու գուցե նաև հանրահավաքներ, երթեր, լույս ընծայվող թերթեր ու քաղաքական եթեր: Պարույր Հայրիկյանը հաջորդ հրապարակային հանդիպումը ¥սակավամարդ հանրահավաքը հիմա այդպես է կոչվում¤ կանցկացնի հուլիսի 30-ին Մատենադարանի տարածքում. հույսը Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտներն են մնում: Ամեն ինչ կլինի, բայց նույնի կրկնության շրջանակներում: Սեպտեմբերին կսկսվեն ներիշխանական պարզաբանումները՝ ՀՀԿ-ն ինքն իր համար պիտի պարզի՝ երբ Սերժ Սարգսյանը հրապարակավ ասել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին ու չի ուզում ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ դառնալ, ինքն ի՞նչ հեռանկարներ ունի: Նրա՞ հետ, թե՞ առանց նրա: Կավարտվի՞ հայկական «հիմարության հինգ րոպեն», թե՞ կշարունակվի, կերևա աշնանը: Գուցե նաև պարզվի, որ կատակ էր ամեն ինչ: Քաղաքական կատակ:

Դիտվել է՝ 1036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ