Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկրաջերմային էներգիայի ուսումնասիրման և հայտնաբերման հեռանկարները Հայաստանի տարածքում

Երկրաջերմային  էներգիայի ուսումնասիրման և հայտնաբերման  հեռանկարները  Հայաստանի տարածքում
28.07.2015 | 11:51

ԱՌԱՋԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Երկրի ընդերքի ջերմությունը էներգիայի խոշոր և գործնականում անսպառ աղբյուր է, որը կարող է հուսալի բազա հանդիսանալ էլեկտրաէներգիայի և ընդհանրապես էներգիայի արտադրության համար։
Երկրաջերմային էներգիան օգտագործվում է բազմաթիվ երկրներում և աչքի է ընկնում իր տնտեսական էֆեկտիվությամբ, էժանությամբ, էկոլոգիական մաքրությամբ։
Երկրի խորքային ջերմությունը մարդիկ օգտագործել են հնագույն ժամանակներում, իսկ որպես էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուր առաջին անգամ օգտագործվել է Իտալիայում 1904-ին, հետագայում էլեկտրակայաններ կառուցվեցին Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Թուրքիայում, Կամչատկայում, ԱՄՆ-ում։
Այժմ ամենահզոր երկրաջերմային էլեկտրակայանը գործում է ԱՄՆ-ում ¥Կալիֆոռնիա¤` 1200 ՄՎտ հզորությամբ։
Երկրի խորքային ջերմության հանքավայրերը հիմնականում տեղադրված են նորագույն հրաբխային շրջաններում կամ նրանց հարող տարածքներում։
Հայկական լեռնաշխարհի կազմավորման վրա պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխային պրոցեսները թողել են մեծ ազդեցություն։ Ընդ որում, այդ ազդեցությունը այնքան մեծ է, որ մասնագիտական գրականության մեջ այն հաճախ նշվում է որպես «Հայկական հրաբխային լեռնաշխարհ»։ Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեն մի քանի գործող ¥Թոնդուրեկ, Նեմրութ¤ և բազմաթիվ հանգած հրաբուխներ, որոնց մի մասը գործել է մի քանի հազար տարի առաջ։
Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը, լինելով Հայկական լեռնաշխարհի փոքրիկ հատվածը, բնութագրվում է նույն երկրաբանա-երկրաֆիզիկական և աշխարհագրական առանձնահատկություններով։
Հանրապետության տարածքում նորագույն հրաբխականության լայն տարածումը և տեկտոնական ակտիվությունը, ինչպես նաև խորքային տաք ջրերի բազմաթիվ երևակումները հուշում են երկրաջերմային խոշոր բնապաշարների առկայության մասին։ Երկրաջերմային հանքավայրերի սիստեմատիկ ուսումնասիրությունները հանրապետության տարածքում սկսվել են 1970-ին, իսկ նպատակաուղղված որոնողական աշխատանքները` 1984-ից Սյունիքի հրաբխային լեռնաշղթայի տարածքում, որը բնորոշվում է չորրորդական-հոլոցեն հասակի ակտիվ հրաբխականությամբ։
Առաջին հետազոտությունները թույլ տվեցին անել հետևյալ հիմնավոր եզրակացությունները, որոնց շնորհիվ էլ հնարավոր եղավ հայտնաբերել մի քանի հանքավայրեր։
ա¤ Սյունիքի լեռնաշղթայի ամենաերիտասարդ հրաբուխները գործել են 4-7 հազար տարի առաջ, այսինքն` նշված հրաբուխների մագմատիկ օջախները գտնվում են հրահալոցքային վիճակում։
բ¤ Նորագույն հրաբխային երևույթներն ուղեկցվել են յուրօրինակ տեկտոնական ճկվածքների առաջացմամբ, որոնք հիմնականում տեղադրվել են նշված հրաբուխների մագմատիկ օջախների վերերկրյա հատվածներում։
Այդ ճկվածքների հայտնաբերումը թույլ է տալիս բավականին ճշտությամբ որոշել հրաբխային օջախների չափերը։
Կատարված ուսումնասիրությունների շնորհիվ հայտնաբերվել է երեք խոշոր ճկվածք, որոնց տեղամասերում կատարված երկրաֆիզիկական հետազոտությունները հաստատեցին հրաբխային չսառած մագմատիկ օջախների առկայությունը։
1. Ջերմաղբյուրի տեղամաս - գտնվում է Սիսիանի շրջանում, Ջերմաղբյուր գետի ¥Բուգուրչայ¤ վերին հոսանքում, 2650-3000 մ բացարձակ բարձրության վրա։ Տեղամասն իր անվանումը ստացել է այնտեղ գտնվող Ջերմաղբյուր տաք ¥34օC¤ հանքային աղբյուրի անունից։
Տեղամասը հատված է բեկվածքներով, որոնցից մեկի վրա գտնվում է նշված տաք հանքային աղբյուրը։
Ըստ երկրաֆիզիկական հետազոտությունների, մագմատիկ օջախը գտնվում է 1500-2000 մ խորությունում և շրջապատից խիստ տարբերվում է իր երկրաֆիզիկական չափանիշներով։ Նրա կենտրոնական մասում փորվել է 1000 մ խորությամբ հորատանցք, որի 920 մ խորությունում արձանագրվեց 99օC ջերմաստիճան, իսկ գեոթերմիկ գրադիենտը, որն ըստ խորության հաստատուն կերպով աճում էր, վերջին 50 մետրում հասավ ռեկորդային մեծության` 17 աստիճանի։
Եթե տվյալ տեղամասում գեոթերմիկ գրադիենտը նույնիսկ ընդունենք հաստատուն 13օ ¥100 մ¤, ապա հետագա խորություններում վստահորեն կարելի է կանխատեսել` 1500 մ-ում-180օC 2000 մ՝ 245օC և 2500 մ՝ 310օC։
Ըստ հեղինակների նախնական հաշվարկների, այս հանքավայրը կարող է հանդիսանալ մոտ 200 ՄՎտ հզորության էլեկտրակայանի հուսալի աղբյուր։
2. Կարկարի տեղամաս - գտնվում է Ջերմաղբյուրի տեղամասից 7 կմ հարավ-արևելք, Սյունիքի լեռնաշղթայի ջրբաժանային մասում, 2750-3100 մ բացարձակ բարձրության վրա, որտեղ հիմնականում գործել են ամենաերիտասարդ` 5-6 հազար տարեկան հասակ ունեցող հրաբուխները։ Այն իր կառուցվածքով և առաջացմամբ Ջերմաղբյուրի տեղամասի նմանակն է։ Այստեղ նույնպես երկրաֆիզիկական աշխատանքները ցույց են տալիս հրաբխային չսառած օջախի գոյությունը 1500-2000 մ խորություններում։
3. Սիսիանի տեղամաս - գտնվում է Սիսիանի շրջանում, Անգեղակոթ գյուղից արևելք և Սիսիան քաղաքից հյուսիս, 1650-2500 մ բացարձակ բարձրությունների վրա։ Այն տաք ջրերի կուտակման խոշոր ավազան է, որը հաստատվում է էլեկտրահետախուզական և հորատման աշխատանքներով։
Տեղամասի հեռանկարայնությունը, որպես երկրաջերմային հանքավայրի, մեծանում է նրանով, որ այն կտրտված է խոշոր տեկտոնական խախտումներով, որոնց վրա գտնվում են վերին չորրորդական հասակի հրաբխային կոներ և տաք ջրերի երևակումներ։
Նշված խախտումների վրա փորված մի քանի հորատանցքերից շատրվանում են 25-42օC ջերմության տաք հանքային ջրեր։
4. Վայոց սարի տեղամաս - գտնվում է Վայքի և Եղեգնաձորի շրջաններում 2200 մ բացարձակ բարձրության վրա։
Վայոց սարի հրաբուխը գործել է վերին չորրորդականի վերջում ¥15-20 հազար տարի առաջ¤։ Տեղամասի 2-3 կմ խորություններում նույնպես ենթադրվում է չսառած մագմատիկ օջախի առկայություն։
5. Ակնալճի տեղամաս - գտնվում է Գեղամա լեռնաշղթայում, 3000-3100 մ բարձրության վրա։ Տեղամասն իր կառուցվածքով Ջերմաղբյուրի և Կարկարի տեղամասերի նմանակն է։
6. Ղոլղաթի տեղամաս - գտնվում է Արթիկ-Ալագյազ հատվածում, 2000-2200 մ բարձրության վրա, Ղոլղաթ երիտասարդ հրաբխի շրջանում։
7. Հայկական ատոմակայանի տեղամաս - գտնվում է ատոմակայանից հյուսիս գտնվող Նոր Եդեսիա գյուղի շրջակայքում, 1000-1300 մ բացարձակ բարձրության վրա։
Նախնական երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարածքում նույնպես մեծ զարգացում են ստացել հրաբխային պրոցեսները, որոնց շնորհիվ շրջանը հեռանկարային է ընդերքի ջերմության հանքավայրերի հայտնաբերման և օգտագործման տեսակետից։
1993 թ. գիտության և բարձրագույն կրթության նախարարության գիտության վարչությանը ներկայացված «Ընդերքի ջերմության ուսումնասիրման երկրաբանահետախուզական աշխատանքներ Հայկական ատոմակայանի տարածքում» թեման, արժանանալով փորձաքննական երկրաբանական հանձնաժողովի հավանությանը, սկսեց իրագործվել, աշխատանքները շարունակվեցին երկու ամիս, որից հետո ընդհատվեց ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Կատարված աշխատանքների շնորհիվ խումբը արեց հետևյալ եզրակացությունները։
ա) Տեղամասը կառուցվածքային տեսակետից ներկայացնում է օվալաձև 6x7 կմ չափի ճկվածք, որի եզրերին տեղադրված են հրաբխային կենտրոններ, ներկայացված խարամային և լավային կոներով։ Նշված ճկվածքում առաջացել և գոյատևել է խոշոր լճային ավազան։
բ) Նշված հրաբխային կենտրոնները պոլիգեն են, նրանք գործել են ընդմիջումներով և ունեն մի ընդհանուր հրաբխային օջախ, որը, դատելով ճկվածքի առաջացման արագությունից, ամենայն հավանականությամբ, տեղադրված է ոչ խոր` 2-3 կմ միջակայքում։
գ) Տեղամասը ակտիվ է եղել նաև տեկտոնական տեսակետից։
դ) Կատարված երկամսյա ուսումնասիրությունները թույլ են տալիս հանգել ամենակարևոր եզրակացությանը` տեղամասը հեռանկարային է և կարոտ ավելի տևական ու մանրամասն ուսումնասիրությունների։
8. Մուխանի տեղամաս - գտնվում է Գավառի շրջանի Ծովազարդ գյուղի շրջակայքում, ասֆալտապատ ճանապարհից 5-6 կմ և Երևանից 80 կմ հեռավորության վրա, Սևանի ավազանում, 2200 մ բացարձակ բարձրության վրա։
Տեղամասում մեծ զարգացում են ստացել երիտասարդ ¥վերին չորրորդական¤ հրաբխային պրոցեսները, առաջացած բազմաթիվ մանր և խոշոր հրաբխային կենտրոնները արտավիժել են հիմնականում անդեզիտա-բազալտային լավաներ և խարամներ, որոնցով ծածկված է ամբողջ տարածքը։ Նշված հրաբխային կենտրոնները տեղադրված են 4-5 կմ տրամագծով շրջանագծի վրա, որոնց միջակայքում առաջացել է լավ արտահայտված ճկվածք։ Ճկվածքը լավ արտահայտված է ինչպես ժամանակակից ռելիեֆում, այնպես էլ մեծ մասշտաբի աերոնկարների և տիեզերական նկարների վրա։ Տեղամասն իր կառուցվածքով, հրաբուխների առկայությամբ և դասավորվածությամբ գրեթե նույնական անալոգն է Սիսիանի շրջանում հայտնաբերված երկրաջերմային հանքավայրերի, որտեղ 1,5-2,5 կմ խորության վրա ենթադրվում է 200-400օ հրաբխային օջախի գոյությունը։ Մուխանի տեղամասի հեռանկարայնությունն են հաստատում նաև տվյալ շրջանում կատարված մագնիսաթելուրիկ, էլեկտրահետախուզական, գրավիմետրական ուսումնասիրությունները։
9. Բացի նշված տեղամասերից, Սյունիքի լեռնաշղթայի տարածքում հայտնաբերվել են մի քանի խոշոր տեկտոնական բեկվածքներ, որոնց զոնաներում տեղադրված են բազմաթիվ հրաբուխներ և տաք հանքային աղբյուրներ, այսինքն՝ այդ բեկվածքները խորքային ջերմության բարձրացման ուղիներ են։
Հանրապետության տարածքում հայտնի են նաև ցածրապոտենցիալ տաք ջրերի բազմաթիվ հանքավայրեր՝ Արզականի, Մարտունու, Ոտուտի, Սիսիանի, Ջերմուկի, Հանքավանի, ՈՒզի, Բջնիի հանքավայրերը, որոնց մի մասն օգտագործվում է բուժման և խմելու համար։
Հոկտեմբերյանի շրջանի Կարա-Կազայի տեղամասում նավթահետախուզական հորատանցքի 3100 մ խորությունից շատրվանել է տաք աղաջուր, որը երկրի մակերեսին ունեցել է 83օC։

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ


Ըստ երկրաջերմային հանքավայրերի հայտնաբերման հեռանկարայնության, հանրապետության տարածքը կարելի է բաժանել երեք հիմնական շրջանի (տե՛ս կից քարտեզը).


1. Կենտրոնական հրաբխային շրջան, որն ամենահեռանկարայինն է ցանկացած տիպի երկրաջերմային հանքավայրերի հայտնաբերման տեսանկյունից։
2. Հարավ-արևմտյան շրջան, որտեղ կարելի է սպասել ցածրապոտենցիալ երկջերմային հանքավայրեր։
3. Հյուսիս-արևելյան շրջան, որտեղ երկրաջերմային հանքավայրերի հայտնաբերման հեռանկարներն ամենափոքրն են։
Ելնելով նշված շրջանների հեռանկարայնությունից, երկրաջերմային հանքավայրերի հայտնաբերման և ուսումնասիրման աշխատանքներն առաջին հերթին պետք է ծավալել Կենտրոնական հրաբխային շրջանում։
Երկրի խորքային ջերմության աղբյուրների հայտնաբերման աշխատանքները հանգում են հետևյալ խնդիրների լուծմանը.
ա) տաք ջրերի որոնումներ, որոնք կարելի է օգտագործել հիմնականում ջեռուցման նպատակով։
բ) Տաք և գերտաք ջրերի կուտակման ավազանների որոնումներ, որոնք հնարավոր է օգտագործել էլեկտրաէներգիայի ստացման և ջեռուցման նպատակով։
գ) Չսառած մագմատիկ օջախների կամ տաք և գերտաք ապարների տեղամասերի որոնողական աշխատանքներ, որոնք կօգտագործվեն էլեկտրաէներգիայի և ընդհանրապես էներգիայի ստացման նպատակով։

ՏԱՔ ՋՐԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


Տաք ջրերի հանքավայրերը հիմնականում կապված են խոշոր բեկվածքների հետ, որոնք հանդիսանում են խորքային ջերմության դուրսբերման նպաստավոր ուղիներ։
Այդպիսի խոշոր բեկվածքների զոնաներում են տեղադրված Ջերմուկի, Արզականի, Բջնիի և այլ հայտնի հանքավայրերը։
Այսպիսով, տաք ջրերի որոնման աշխատանքները պետք է տարվեն Կենտրոնական հրաբխային շրջանի խոշոր բեկվածքների զոնաներում։

ՏԱՔ ԵՎ ԳԵՐՏԱՔ ՋՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ՉՍԱՌԱԾ ՄԱԳՄԱՏԻԿ ՕՋԱԽՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


Նշված երկու տիպի հանքավայրերը գտնվում են տարածական կապի մեջ։ Տաք և գերտաք ջրերի կուտակման ավազանները հիմնականում տեղադրված են լինում չսառած մագմատիկ օջախների շրջակայքում կամ նրանց հարող տեղամասերում։ Հրաբխային գործունեությունից հետո, որպես կանոն, մագմատիկ օջախի վրա առաջանում է նրա չափերին համապատասխան իջվածք։ Վերջինս, կախված օջախի վրա տեղադրված շերտախմբի ջրամերժությունից, կարող է հանդիսանալ տաք և գերտաք ջրերի կուտակման ավազան։
Օջախը պարփակող չոր ապարները կարող են ծառայել որպես պետրոթերմալ տիպի երկրաջերմային հանքավայր։
Մագմատիկ օջախը հատող և նրա հարող բեկվածքները համարվում են ջերմության վերբարձրացման ուղիներ։
Այս դատողությունների ապացույցն են Սյունիքի լեռնաշղթայում հայտնաբերված Ջերմաղբյուրի, Կարկարի և Սիսիանի երկրաջերմային հանքավայրերը։
Այսպիսով, հանրապետության տարածքում երկրաջերմային հանքավայրերի հայտնաբերման և ուսումնասիրման աշխատանքները հիմնականում պետք է ծավալել Կենտրոնական հրաբխային շրջանում, գլխավորապես չսառած մագմատիկ օջախների հայտնաբերման նպատակով։
Ելնելով վերը նշված տվյալներից, ինչպես նաև հանրապետության տարածքում իրագործված երկրաջերմային ուսումնասիրությունների փորձից, առաջարկվում է հետագա ուսումնասիրությունները և որոնողական աշխատանքները կենտրոնացնել երկու տեղամասերում, որոնք և հեռանկարային են, և հարմար են աշխարհագրա-տնտեսական տեսակետից ¥մոտիկ են բնակավայրերին, կան գործող ճանապարհներ¤.
1. Մուխանի տեղամաս ¥Սևանի ավազան¤
2. Հայկական ատոմակայանի տեղամաս։
Նշված երկու տեղամասերում պետք է կատարել որոնողական երկրաբանա-երկրաֆիզիկական աշխատանքներ, յուրաքանչյուր տեղամասում փորելով մեկ հորատանցք 500-1000 մ խորությամբ։ Աշխատանքները կարելի է իրականացնել 2-3 տարում։
Նախատեսվող աշխատանքների մոտավոր արժեքը` 700-900000 դոլար։

Հովհաննես ԱԶԻԶԲԵԿՅԱՆ
Երկրաբան
Խաչիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Կենսաֆիզիկոս

Դիտվել է՝ 5615

Մեկնաբանություններ