«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զմյուռնիայի վախճանը

Զմյուռնիայի  վախճանը
28.07.2015 | 12:03

Համացանցում կա մի կայք, որտեղ զետեղված են Զմյուռնիայում (Իզմիր) տնտեսական գործունեություն ծավալած աշխարհի տարբեր ազգերի և ազգությունների ներկայացուցիչների հարյուրավոր փոստային բացիկներ, գովազդապատկերներ, այլ նյութեր: Տեղ են գտել բազմաթիվ եվրոպացիներ, ամերիկացիներ, հրեաներ, հեռու ու մոտիկ ասիացիներ, գրեթե բոլորը, բացի… հայերից: Բնականաբար, նման, մեղմ ասած, անտեսումը ձեռնտու է նրանց, ովքեր նպատակ ունեն ջնջելու հայոց ներկայությունը, այսինքն՝ կատարելու պատմական զեղծարարություն: Այդպիսի անմաքուր մոտեցման հետ հաշտվել չի կարելի, և ստորև կներկայացնենք զմյուռնահայության դերակատարումը:

Շուրջ 70 կիլոմետրով ցամաքի մեջ խրված, Էգեյան ծովածոցում ծվարած Զմյուռնիան քաղաքակիրթ աշխարհի տարիքն ունի: Մարդկության վաղ շրջանի այս բնակավայրը Ք. ծ. ա. X դ. հիմնել են էոլացիները: Աշխարհագրական հարմար դիրքի, փոթորիկներից և ալեկոծություններից պաշտպանվածության շնորհիվ այն մշտապես եղել է Փոքր Ասիայի ռազմական և առևտրատնտեսական ապահով հանգրվանը:
Հռոդոսցիներից, նիկեացիներից, ճենովացիներից հետո XIV դ. սկզբին քաղաքը նվաճեցին թուրքերը և իրենց նավատորմով Միջերկրական ծովում սկսեցին զբաղվել ծովահենությամբ ու թալանով: Նույն XIV դ. կեսերին Զմյուռնիայի վրա իշխող Պագոս լեռան վրա ձևավորվեց քրիստոնեական թաղամասը:
1535 թ. Ֆրանսիայի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի նավահանգիստը դարձավ ազատ առևտրի գոտի: Դրա շնորհիվ Զմյուռնիայում հայտնվեցին հազարավոր այլազգի վաճառականներ` քաղաքը վերածելով ժողովուրդների, ազգերի և ազգությունների խառնարանի:
Հայերի առաջին ներհոսքը Զմյուռնիա տեղի է ունեցել 1380-ական թթ.` Կիլիկյան թագավորության անկումից հետո: Նրանք հունական Smirna անվանումը հայեցի թարգմանեցին և կոչեցին Զմյուռնիա, այսինքն՝ մյուռոնից ծնված, մյուռոնից ծագած, մյուռոնով օծված: Ապա Վերին փողոցում (Apano mahala) կառուցեցին մատուռ, որին կից կար գերեզմանատուն. վերջինիս երեք տապանաքարեր հետագայում փոխադրվեցին Սբ. Ստեփանոս եկեղեցու գերեզմանատուն ու պահպանվեցին մինչև 1920-ական թթ.:
Հայոց երկրորդ ներգաղթը սկսվել է 1610 թ. հետո՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, իսկ երրորդը` 1800-ական թթ. վերջերին:
Քաղաքի յուրատեսակ արյունատար երակները օրնիբուն շարժման մեջ գտնվող ուղտերի քարավաններն էին: Հում մետաքսով, համեմունքներով, մրգերով ու պտուղներով բեռնավորված` դրանք Փոքր Ասիայից գալիս ու ծանրաքայլ մոտենում էին Զմյուռնիայի դարպասին` հանրահայտ Քարավանի կամրջին (Pont des Caravans): Քարավանը հասնում էր նավահանգստի առափնյակ, բեռնաթափվում, ապա բեռնավորվում եվրոպական ապրանքներով ու բռնում հետդարձի ճամփան: Դրանք փոխանակում էին ոչ միայն ապրանքներ, այլև եվրասիական նոր բարքեր, սովորույթներ, կենցաղավարություն: Զմյուռնիայում և Զմյուռնիայի միջոցով էր կատարվում Ասիայի ու Եվրոպայի քաղաքակրթական շփումը, մշակութային ներթափանցումը:


1876 թ. Զմյուռնիա այցելած ականատեսը գրում էր. «Զմիւռնիոյ բնակութիւնները` միայարկ, երկյարկ եւ քիչերն եռայարկ եւ քառայարկ կ’բարձրանան, ընդհանրապէս ընդարձականիստ, քարաշէն եւ հոյակապ են. Քրիստոնէից թաղերն եւ նաւահանգստի փողոցներն մաքուր են եւ վայելուչ սալայատակներով կ’ծածկուին, լայն ու ընդարձակ են եւ մեծաւ մասամբ կազի լապտերներով կ’զարդարին, որք գիշերն ի բուն կ’վառին. կան այնպիսի փողոցներ ալ որ միջին դարէ մնացած են»:
1899 թ. մեկ այլ ականատես հավելում էր. «Երբ նաւ մ’այս խորշին մէջ կը մտնէ, յարկին վրայ գտնուող օտարական ճանապարհորդը, որ անհամբերութեամբ կը սպասէ նոր քաղաք մը տեսնելու, վեր վար ելլելով իջնալով` աջ ու ձախ հետաքրքրական նայուածք նետած ժամանակ, վերջապէս կը նշմարէ հեռուն կարգ մը բլրակներու վրայ եւ անոնց ստորոտը շինուած Զմիւռնիոյ քաղքին շէնքերը, երկայն կարգի մը վրայ ճերմակ տները, մզկիթներու գմբեթներն ու աշտարակները: Քիչ մ’աւելի քաղքին մօտեցած ժամանակ` կը տեսնէ ցած, խառնաշփոթ ու գոյնզգոյն տներուն վրայ տիրող եկեղեցիներու գմբեթաւոր յարկերը, զանգակաւոր բարձր աշտարակներն եւ նշանաւոր շենքէրը: Իսկ երբ նաւը բոլորովին կը մերձենայ նաւահանգստին, միայն կարգ մը շէնքեր կը տեսնուին, որոնք ծովեզերեայ քարափանց վրայ վերէն վար շինուած, գեղեցիկ տեսարան մը, եւրոպական քաղքի մը տեսքը կ’ընծայեն նաւուն յարկին վրայ կեցող հետաքրքիր աչքերուն:
Բաց` խորշին մէջտեղէն` Զմիւռնիոյ շուրջն ակնարկ մը նետելով` կը տեսնենք քաղքին ետեւի կողմը` հոս հոն նոճիի (sypres) մշտադալար անտառակներ, որոնց կռնակը բարձրացած է Պագոս լեռնաբլրակն իւր աւերակներով: Հարավակողմը, դէպ ի Եփեսոս կը տարածուին հարուստ արգասաւոր դաշտագետիններ, որոնց վրայ կարծես թէ կ’իշխէ կրկնագագաթ եւ «Երկու Եղբարք» (Իքի գարտաշլար) ըսուած լեռը: Հիւսիսային կողմը կը տեսնուին Սիպիլ լերանց շարքը, Գորտելիօյ ցած եւ Պայրաքլը բարձր գիւղերն եւ ամառնային ուրիշ բնակավայրեր: Իսկ հիւսիս-արեւելեան կողմը կը տեսնուին Պուռնապատ եւ Հաճըլար գիւղերուն ձորերն ու ծործորները: Զմիւռնիոյ ծովն եւ երկինքն անոյշ կապուտակ են, օդն այնպէս մաքուր եւ յստակ է որ խորշին արեւմտեան կողմը` հեռուն եւ շուրջը բարձրացած լեռները կ’երեւան մօտ եւ անշփոթ»:
Քաղաքի փողոցները նեղլիկ էին, ծուռմռտիկ, քաղաքաշինական որևէ համակարգվածությունից զուրկ, ու միայն Հայկական թաղամասը (Quartier Armenien) ուներ կանոնավոր բաժանումներ: Եվ հենց նեղլիկ փողոցների պատճառով ներքաղաքային հիմնական փոխադրամիջոցը էշն էր: Ավանակ նստած ֆրանսիական շրջազգեստով ու հովանոցով բաղնիս գնացող հայ տիկինը սովորական երևույթ էր:
Հայոց թվաքանակը Զմյուռնիայում մեծ չի եղել, տատանվել է 5-12 հազարի սահմաններում: Այսպես, 1631թ. 90 հազար բնակչից 8 հազարն էր հայ, 1840 թ. 130 հազարից` 5 հազարը, 1868 թ. 187 հազարից` 12 հազարը, 1898 թ. 340 հազարից` 11 հազարը: Սակայն համեմատաբար փոքրաթիվ հայությունը առաջատար դիրք էր գրավում տնտեսական ասպարեզում: Հնագույն փաստաթղթերի հիման վրա Զմյուռնիայի, այդ թվում և զմյուռնահայոց պատմությունը հիմնովին ուսումնասիրած եվրոպացի Բոնավենթյուր Սլաարսը գրում է. «Զմիւռնիոյ հայերն ընդհանրապէս վաճառական են. Եւրոպայի հետ ուղղակի յարաբերութեան մէջ մտած են, ի մասնաւորի Մանչեսթերի եւ Լոնդոնի հետ, ուր այս օրս վաճառականական խէլ մը տներ բռնած են: Անգղիական բամբակի ձեռագործութիւնն (manufacture) իրենց տուրեւառին գլխաւոր մէկ ճիւղը կը կացուցանէ: Հայք իրենց աւանդական վաճառականի հանճարովն եւ իրենց ունակութեամբն այնպիսի մեծ մրցութեան մէջ մտած են անգղիական եւ յունական վաճառատանց հետ, որ այս վերջինները ստիպուած են իրենց գործքը դադրեցընել: Զմիւռնիոյ տարազագործութեան (manufacture) վաճառականութիւնը` միահամուռն եւ մասնականը` այսօրւան ամբողջ Հայոց ձեռքն է, որոնք շուկայի մէջ խանութպաններու եւ ձեռագործութեան վաճառականներու մեծագոյն մասը կը կազմեն: Աննշան թուով մէկ մասն ալ` ամենայն յաջողութեամբ ոսկերչութեան, նարօտաներկութեան, դարբնութեան եւն կը զբաղի:
…Հայերն անհամեմատաբար աւելի հարուստ են քան զԼատինները, եւ համեմատաբար աւելի հարուստ են քան զՅոյները: Հայոց մէջ կան ընչաւէտ եւ կալուածատէր անձինք, որոնց գոյքը Յունաց եւ Լատինաց ունեցածներէն աւելի է` համեմատաբար»:
Այս տեսակետից ուշագրավ են 1875 թ. տվյալները: Նյութական տեսակետից, ըստ իրենց տարեկան եկամտի և ծախքի, հայերին կարելի էր չորս դասի բաժանել.
Ա. դասը ամենաաղքատներն էին, որոնք օրվա վաստակով էին գոյատևում և ձրի ապրում ազգապատկան մի քանի խաներում.
Բ. դասը՝ տարեկան 10-15 լիրա վճարելով, բնակվում էր վարձու տներում և 5-6 հազար ղուրուշի ծախս կատարում.
Գ. դասը՝ 25-40 լիրա վճարելով, բնակվում էր վարձու տներում և տարեկան 20-40 հազար ղուրուշի ծախս կատարում.
Դ. դասը, որ ամենահարուստն էր, տարեկան 50-80 հազար ղուրուշի ծախս էր կատարում։ Այս դասը սեփական տներում էր ապրում և ուներ ձիեր ու կառքեր։ Սույնի ներկայացուցիչները հիմնականում Մանչեստրից ու Եվրոպայի այլ քաղաքներից, ապրանքներ էին բերում և այստեղի խանութներում վաճառում: Նրանցից էին «Սպարտալյան եղբայրներ և ընկ.», «Էքիզյան եղբայրներ և ընկ.», «Եսայան եղբայրներ և ընկ.», «Մելքոն Հ. Մաքսուդյան», «Գույումճյան եղբայրներ և ընկ.»։ Երևելի վաճառականներ էին Հակոբ և Ստեփան Եսայանները, Հակոբ Մաքսուդյանը, Գյուլբենկյանները և այլք, որոնք Փոքր Ասիայից զանազան ապրանքներ բերելով, ինչպիսիք էին բամբակը, բուրդը, ներկանյութը, ափիոնը և այլն, կամ այստեղ էին վաճառում, կամ առաքում Եվրոպա։ Նշանավոր էին նաև Պայլոզյան եղբայրները, որոնք ԱՄՆ-ից մեծ քանակությամբ մետաղյա իրեր էին ներմուծում։
Այժմ անդրադառնանք 1899 թ. փաստական տվյալներին:


Անվանի կալվածատերեր էին Հովսեփ Չելեբի Յուսուֆյանը, Գրիգոր Գույումճյանը, Սպարտալյան եղբայրները, Ավետիքյան եղբայրները, Զարեհ Թագթագյանը, Թովմաս Թովմասյանը, Կարապետ Արապյանը, Կարապետ Պայլոզյանը, Կարապետ Սերչոյանը, Ղուկաս Եսայանը, Մատթեոս Պայլոզյանը, Մանուկ Չաքճյանը, Մովսես Թևյանը, Հարություն Գույումճյանը, Հակոբ Վեմյանը, Հարություն Ոսկանյանը, Հովհաննես Բարսեղյանը, Պետրոս Պագրճյանը, Պողոս Կոստանդյանը։
Մանուֆակտուրայի երեք կարգի վաճառականներ կային։ Թվարկենք միայն առաջինկարգայիններին՝ «Փափազյան-Անտոնյան ընկ.», «Յալտզճյան-Օդաբաշյան ընկ.», Ավետիքյան եղբայրներ, Գույումճյան եղբայրները Թոփալյան եղբայրներ, Սուքիասյան եղբայրներ, Սպարտալյան եղբայրներ, «Եսայան-Բերգամալյան ընկ.», Թագվոր Սպարտալյան, Կարապետ Արապյան, Կարապեետ Հակոբյան, Համբարձում Համբարձումյան, Նազարեթ Կյուրինյան, Պետրոս Պագրճյան, «Սարգիս Սիվրիսարյան և ընկ.», Ստեփան Իփլիքճյան, Տիգրան Իփլիքճյան։
Բամբակի, ցորենի, թզի, չամիչի առևտրով էին զբաղվում Արամ Համբարձումյանը, Արմենակ Աքչելյանը, Ավետիս Քյոլեյանը, Գասպար Եղվարդյանը, Գևորգ Ճելեպյանը, Էլմասյան եղբայրները, Դավթյան եղբայրները, Զաքյան եղբայրները, Եսայան եղբայրները, Շիրինյան եղբայրները, Արևյան եղբայրները, Վարպետյան եղբայրները, Սիմոնյան եղբայրները, Օհանյան եղբայրները, Լևոն Մկրտչյանը, Լողոֆետ Պայլոզյանը, Խաչատուր Զաքյանը, Կարապետ Արապյանը, Գյուլբենկ Կյուրինյանը, Կոստանդ Սուքիասյանը, Մատթեոս Պայլոզյանը, Միհրան Զանպաքճյանը, Միհրան Փափազյանը, Հակոբջան Պալքճյանը, Հակոբ Տիլսիզյանը, Հարություն Քեքլիկյանը, Բաղդասար Ճերմակյանը, Ռուբեն Աղաշարյանը։
Մանրավաճառներ էին Վարպետյան եղբայրները, Մկրտիչ Աղամջանյանը, Հակոբ Աղամջանյանը, Հովսեփ Մաղազաճյանը, Սարգիս Ավագյանը։
Ոսկեթել հյուսվածքների վաճառականներ (սըրմաճի) էին Առաքել Փափազյանը, Մովսես Թևյանը, Սարգիս Համբարձումյանը, Սարգիս Պտտիմյանը, Ստեփան Ճելեպյանը։
Ծաղկանկար վարշամակների ու շղարշների վաճառականներ (յազմաճի, թյուլպենտճի) էին Արթին Մանուելյանը, Գևորգ Փանոսյանը, Գասպարյան եղբայրները (գործարանատերեր), Էլիգյուզելյան եղբայրները, Թագվոր Ղազարոսյանը, Կարապետ Հակոբյանը, Հայրապետ Փափազյանը, Մկրտիչ Մաղաքյանը, Միհրդատ Ղազարոսյանը, Ներսես Գասպարյանը, «Շիրինյան և ընկ.», Սարգիս Ղազարոսյանը, «Ս. Սիվրիսարյան և ընկ.» (գործարանատեր), Օհան Բաքլավաճյանը (գործարանատեր), Օհանջան Գալստյանը, Քրքաղաճլյանը, Լևոն Մկրտչյանը, Քերեստեճյանը (գործարանատեեր)։
Շինանյութի առևտրով էին զբաղվում Աբրահամ Բերգամալյանը, Գալուստ Փափազյանը, Գառնիկ Սարաֆյանը, Մանուկ Չագճյանը։
Նպարավաճառներ էին Շերիտճյան եղբայրները, Մաղաքյան եղբայրները, Մելքոն Գասպարյանը, Հակոբ ՈՒնճյանը, իսկ ժամացույցի վաճառականներ՝ Արմենակ Գարագաշյանը, «Գարագաշյան և Զմյուռնակեսյան ընկ.», Սիմոն Սիմոնյանը։


Այս անունները մենք հանիրավի չենք նշում, այս մարդիկ եվրասիական «մայրաքաղաք» Զմյուռնիայում տնտեսական լրջագույն գործոն էին: Նրանք վաճառականի իրենց ավանդական հանճարով և ունակությամբ այնպիսի ուժեղ մրցակցության մեջ էին մտնում անգլիական ու հունական ֆիրմաների հետ, որ վերջիններս ստիպված դադարեցնում էին իրենց գործունեությունը։ Մասնավորապես մանուֆակտուրայի առևտուրն ամբողջովին հայոց ձեռքում էր, որոնք շուկայում խանութպանների և առևտրականների մեծագույն մասն էին կազմում։ Ինչպես իրավացիորեն նշում է ժամանակակիցներից մեկը. «Հայք թէեւ քաղաքին ընդհանուր բնակչաց թուոյն քով փոքր թիւ մը կը կազմեն, բայց միշտ կարեւոր և նշանաւոր դիրք մը բռնած են: Առեւտրական մրցումին մէջ յաջողութիւնը վիճակեցաւ հայ վաճառականներուն, որոնք կարգ մը առաւելութիւններ ունէին, այսինքն իրենց գրաւած վստահութենէն և իրենց ցոյց տուած ճարպիկութենէն զատ, Անատօլուի ներքին գաւառներուն հետ առուտուր ընելու աւելի դիւրութիւն և ընդունակութիւն ունէին և այդ գաւառներուն արտադրած բուրդէ և բամբակէ կերպասներուն վաճառումը գրէթէ իրենց մենաշնորհ ըրած էին»:
1901 թ. նշանավոր վաճառական Հովհ. Սպարտալյանի նախաձեռնությամբ, որի մարմարաշեն ճակատով փառավոր տունը գտնվում էր հռչակավոր առափնյակում, նրա իտալացի փեսա Ալբերտ Ալիոտին Սբ. Հակոբ թաղամասում բացեց երկու գորգագործարան: Այս օրինակին հետևելով, մյուս հարուստ հայ վաճառականները, բաժնետիրական ընկերություններ կազմելով, գորգագործարաններ բացեցին թե քաղաքում և թե շրջակա այլ քաղաքներում ու ավաններում: Բիզնեսի հաջողությանը նպաստում էր այն հանգամանքը, որ հումքը՝ բուրդը, շատ էժան էր, է՛լ ավելի էժան՝ աշխատուժը:
1906-1907 թթ. ակնավաճառության մեջ նշանավոր էին Մելքոն Գարագաշյանը, Կարապետ Դիլբերյանը և Կարապետ Մուրադյանը: Մանուֆակտուրայի հայտնի գործարանատերեր էին Օհան Բագլավաճյան, Գասպարյան եղբայրները, «Մուրադյան-Գրմաճյան» ընկերությունը: Մեծաքանակ վաճառողներ էին Սիվրիսարյանն ու Ազնավորյանը, Օհանջան Գալստյանը, Սիմոն Հակոբյանը, Ներսես Գասպարյանը, Հայրապետ Փափազյանը, Մ. Ճելեպյանը, Հայկ Քերեսթեճյանը, Հովհ. Աղասյանը, Լ. Մկրտչյանը, Աղազար Պազպազյանը, Զարեհ Կոտանյանը, Թ. Թագվորյանը, Թագվոր Ղազարոսյանը, Մ. և Ս. Ղազարոսյանները, Հովհ. Կարմիրյանը, Հակոբ Մուրադյանը, Եղիա Պինյաթյանը, Հայկ Ագտարյանը, Ար. Ավագյանը, Հ. Քրքաղամլյանը, Հ. Սվազլյանը, Մկրտիչ Քալայճյանը, Հ. Քեսիքբաշյանը և այլք: Ինչպես դիպուկ նկատել է ժամանակակիցներից մեկը. «Կապիտալը ճուտեր է, որ հանում էր»:
Սակայն հայ տնտեսավարողների այդ կապիտալը, բնականաբար, իր առաջնային դերակատարումն ուներ նաև ազգային կյանքում, ազգապահպանության խնդրում:
1500-ական թթ. վերջերին հայերը հիմնեցին իրենց գեղեցիկ և ընդարձակ առանձին թաղը, որն իր կանոնավոր կառույցներով ամենատեսարժանն էր: Ազգային ամենակարևոր հաստատությունները՝ Սբ Ստեփանոս եկեղեցին, առաջնորդարանը, դպրոցները, հիվանդանոցը և այլն, գտնվում էին այստեղ կամ մոտակայքում: Հայոց Սբ. Ստեփանոս գեղեցկաշեն եկեղեցու գավթի հատակը 1885-ին կառուցել էին մեզ արդեն ծանոթ Պալյոզյան եղբայրները: 1878-ին եկեղեցու մարմարյա հատակը շինել էր տվել Խաչատուր Գարագաշյանը: Եկեղեցու պարտեզը ժամանակին օգտագործվում էր որպես գերեզմանոց, ուր կային բազմաթիվ հին՝ 1567 թվականից սկիզբ առնող տապանաքարեր: Այստեղ էր նաև Եգիպտոսի կուսակալի գլխավոր տնտեսական խորհրդական, ազգային բարերար, ծագումով զմյուռնացի Պետրոս Յուսուֆյանի մահարձանը: Այս գերեզմանոցից զատ, քաղաքի հարավ-արևելյան կողմում, Գուն-Չեշմե կոչվող վայրում հայերն ունեին նաև նորը, որը հիմնվել էր 1884-ին: Գերեզմանատունը պարսպապատ էր և ուներ մի փոքրիկ մատուռ՝ Սբ. Հարություն, որը կառուցել էր վաճառական Գևորգ Սուլթանյանը: Առաջնորդարանը գտնվում էր եկեղեցու պարտեզի արևմտյան անկյունում և 1858-ին կառուցվել էր Խաչատուր Ղազերյանի ծախքով:
Քաղաքի գլխավոր ազգային կրթական հաստատությունը Մեսրոպեան արական վարժարանն էր, որ 1799 թ. կառուցել էին հնամենի ու հռչակավոր Ապրոյան գերդաստանի ժառանգներ Գալուստն ու Մարգարը: 1825-ին դրա տեղում, Անգլիայի հյուպատոսարանի թարգման Գրիգոր Պապոյանի և վաճառական Ավետիս Էքիզյանի նախաձեռնությամբ ու հսկողությամբ, կառուցվեց վարժարանի նոր շենք: Տրիեստում բնակվող խոշոր վաճառական ու բանկատեր Պողոս Յուսուֆյանը ծննդավայրի այդ վարժարանում ֆրանսերեն և անգլերեն դասավանդելու համար ուսուցիչներին կտակեց 40000 ֆիորին: 61 տարի անց Հովհ. Սպարտալյանի առատաձեռնությամբ 1886-ին հնի տեղում կառուցվեց նոր՝ շքեղ մի շենք: ՈՒսումնական խորհրդի տեղեկագրի համաձայն, Մեսրոպյան վարժարանն ուներ 305 աշակերտ և 17 ուսուցիչ:
Արականից բացի, կար նաև Հռիփսիմյան իգական վարժարանը, որ 1830-1835 թթ. կառուցել էր վաճառական Հակոբ Սարգսյանը: 1845-ին Զմյուռնիայում բռնկած ամենակուլ հրդեհից այրվեց շենքը, բայց չորս տարի անց տիկին Հռիփսիմե Կոստանդյանի ծախքով կառուցվեց նորը՝ երկհարկ ու քարաշեն:
1895 թ. Կարապետ Արապյանը Սբ. Ստեփանոսի պարտեզում կառուցեց ուսումնական արհեստանոց, որտեղ կային հյուսնության, թիթեղագործության և կոշկակարության դասարաններ:
Առհասարակ հայ հասարակությունը տարեկան 100000 ֆրանկ եկամուտ ուներ, որի 30 %-ը հատկացվում էր դպրոցներին:
Ազգային հաստատությունների մեջ նշանավոր էր նաև Սբ. Լուսավորչյան հիվանդանոցը, որ գտնվում էր Հայոց թաղի հյուսիս-արևելյան կողմում: Այդ հոյակապ շենքը 1879 թ. հիմնանորոգեցին Հակոբ և Հովհաննես Սպարտալյանները, ինչպես նաև կից կառուցեցին եկեղեցի:
Վերոհիշյալներից զատ, գործում էին Աղքատասիրաց, Անձնվեր, Արագածունյաց, Սյունյաց, ազնվափայլ տիկնանց Հոգատար, Աղքատախնամ ընկերությունները, համեստափայլ օրիորդաց Կրթասեր ընկերությունը, մի խումբ երիտասարդների հիմնած Հաշտենից միությունը, Հայ ընթերցատունը, Արևելյան ակումբը: Տպագրվում էին բազմաթիվ գրքեր ու լույս էին ընծայվում մեկ տասնյակից ավելի լրագրեր: Եվ դեռևս 1840-ին մեծահարուստ կալվածատեր-վաճառական Ստեփան Պապոյանը Դևրիշ օղլու խանում հիմնել էր տպարան:
Ամփոփելով Զմյուռնիայի հայոց վերաբերյալ մեր համառոտ պատումը, կարող ենք փաստել, որ Զմյուռնիայում, նախ, հիմնվեց առևտրատնտեսական համայնք, որը վերածվեց գաղթօջախի, և սա մեր ազգային կապիտալի ինքնադրսևորման դասական օրինակ է: Իսկ եթե համեմատելու լինենք հայ բնակչության թվաքանակը այլ ժողովուրդների հետ, ապա պարզ կդառնա, որ տնտեսական գործոնն էր գաղթօջախի հենասյունը: Եվ զմյուռնահայության ճակատագիրը միանգամայն այլ կլիներ, եթե վրա չհասներ 1922-ի արհավիրքը:
1915-ին զուտ ցեղասպանական տեսակետից՝ ազգային պատկանելության հատկանիշի հիման վրա զանգվածային բնաջնջումից, հայերը զերծ են մնացել օսմանյան Թուրքիայի երեք քաղաքներում՝ Կ. Պոլսում, Զմյուռնիայում և Կոմիտաս վարդապետի ծննդավայր Կուտինայում (Քյոթահիա): Կ. Պոլիսը մայրաքաղաք էր, աշխարհի աչքի առաջ, ու թուրքերը բավարարվեցին մտավորականության ձերբակալմամբ, աքսորով ու հետագա ոչնչացմամբ: Կուտինահայությունը փրկվեց քաղաքագլուխ, ծագումով քուրդ, բանաստեղծ Ֆայիք Ալի բեյի և ոստիկանական ուժերի հրամանատար Մեհմեդ Ռիֆաթի շնորհիվ: Զմյուռնիայի պարագան այլ էր:
1922 թ. սեպտեմբերի 9-ին թուրքական զորքը գրավեց քաղաքը, կոտորածի ենթարկեց հայ ու հույն ազգաբնակչությանը, բազմաթիվ եվրոպացիների, թալանեց ու բռնազավթեց վիթխարի նյութական ունեցվածք: Ռմբահարեց Սբ. Ստեփանոս եկեղեցին, ուր պատսպարվել էին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ, հրկիզեց քրիստոնեական թաղամասերը: Իսկ սեպտեմբերի 11-ին ջարդերի կազմակերպիչ ու ղեկավար Մուստաֆա Քեմալը հայտարարեց. «Երկար նայեցեք այս տեսարանին: Սա մեր երկրում օտար միջամտության վախճանն է: Այս կրակը դրա խորհրդանիշն է: Այն նշանակում է, որ մեր հայրենիքը վերջնականապես ազատագրվել է դավաճաններից և առևտրականներից: Այսուհետև ազատագրված ու մաքրազարդված Թուրքիան կպատկանի միայն և միայն թուրքերին»:
Զմյուռնահայությունը ենթարկվեց տնտեսական ցեղասպանության, ցիրուցան եղավ, և գաղթօջախը վերացավ:
Վերացավ, բայց դա չի նշանակում, թե մենք մոռացել ենք: Թուրքերի այսօրվա ցանկացած նկրտում՝ մոռացության մատնելու աշխատասեր, ազգանվեր, քարից հաց քամող զմյուռնահայությանը, դատապարտված է ձախողման:
Մենք հիշում ենք:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ