Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայ տարազը՝ դարեդար»

«Հայ տարազը՝ դարեդար»
28.07.2015 | 12:09

Բավականին յուրօրինակ մարդ է զրուցակիցս, ում հանդիպել եմ ամենատարբեր բնագավառներում և ամենուր նա հաջողակ է իր նախաձեռնություններում: Այսօր նա` արևմտահայ ՊՈՂՈՍ ԵՂԻԱԶԱՐԸ, իր հայրենիքում հանրության դատին է ներկայացնում «Տարազ.Էյ Էմ» ՍՊԸ-ի ծրագիրը:


-Նախ՝ մեկ-երկու խոսքով ներկայացիր մեր ընթերցողներին:
-Ծնվել եմ Կ. Պոլսում, հայ ընտանիքում: 1999-ից բնակվում եմ Հայաստանում: Այստեղ նախ ավարտեցի ԵՊՀ բանասիրական բաժինը, այնուհետև Կոմիտասի անվ. կոնսերվատորիան, մասնագիտությամբ օպերային երգիչ եմ: Բանասիրականն ավարտեցի՝ հայ լեզվին և գրականությանն ավելի մերձենալու նպատակով: Որպես երգիչ բազում համերգներ եմ ունեցել ՀՀ-ում և օտար ափերում` Լոնդոնում, Թեհրանում, Կատարում և այլուր: Հետո բարեկամներիս հետ մի քանի տարի հարսանեկան զգեստների պատրաստմամբ և հարսանիքների կազմակերպմամբ եմ զբաղվել, մեր ընկերությունը կոչվում էր «Նարոտ» (նարոտը ամուսնական զույգերի թագերը միացնող թելն է):

«ՄԵՆՔ ԴԱՐՁԵԼ ԷԻՆՔ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴ ԵՐԿԻՐ»


-Պողոս, դու այսօր «Տարազ.ԷյԷմ» ընկերության հետ ես համագործակցում, որի նշանաբանն է` «Հայ տարազը՝ դարեդար»: Ի՞նչ եք հրամցնելու մեզ:
-Գիտես, հայկական տարազը չափազանց բազմաբնույթ է և դրանով առանձնանում է շատ ժողովուրդների ազգային-ավանդական հագուկապից: Անգամ հին հայկական գյուղերում տարազը միանման չէր: Մեծահարուստների հագուստը զանազանվում էր պարզ ժողովրդի հագուստից իր ճոխությամբ: Ժողովրդի հասարակ աշխատավորները նույնպես տարբեր տարազներով էին առանձնանում, նրանց ամենօրյա հագուկապն անգամ ցույց էր տալիս, թե ով է նա, դարբին է, անասնապահ է, որսորդ է, թե հողագործ է: Ոչ պակաս գեղեցիկ ու առինքնող էին մեր հոգևոր դասի հանդերձները, որոնք հաճախ փոխվում էին պատարագից պատարագ կամ ըստ տոնական պատարագի բովանդակության: Չմոռանանք, որ հայոց տարբեր մարզերում, որոնք հնում կոչվում էին աշխարհներ, ևս տարբեր տարազներ էին գործածում: Ցավոք մեզ շատ քիչ բան է հասել, որը փորձում ենք լավագույնս օգտագործել: Ընդհանրապես մենք խուսափում ենք, անհասկանալի է ինչո՞ւ, մեր պապենական հարուստ մշակույթի ժառանգանյութը ավելի հաճախ կիրառելուց մեր առօրեայում… մինչ այդ այլ ազգեր չունենալով այդպիսիք, նոր ստեղծելով «զարմացնում են» աշխարհին:
-Կ. Պոլսում այսօր ինչպե՞ս են հագնվում:
-Այս քաղաքը ժամանակին շատ էր նմանվում հին Թիֆլիսին, հատկապես բարձրաշխարհիկ հայ կանանց հագուկապը, նաև ինչու չէ տղամարդկանց և մանուկների հագուստները, կանայք ժանյակազարդ օձիքներով, թանկարժեք կտորներից կարված հագուստներ էին հագնում, որոնք հարստացվում էին համապատասխան այլ իրերով՝ հովանոց, ձեռնոց, գլխարկ: Տղամարդիկ նույնպես իրենց հագուկապը հարստացնում էին աքսեսուարներով՝ գավազան, գլխարկ, ճարմանդ: Չէ որ Թիֆլիսի նման Կ. Պոլիսն էլ է գտնվում Եվրոպայի և Ասիայի սահմանագծում, այսինքն՝ միավորում է երկու աշխարհամասերի մշակույթները:
-Ինքդ կարծես թե ազգային նախշազարդերով պատրաստված հագուստ ես հագնում, բայց դեպքից դեպք:
-Անպայման: Տեսե՛ք, եթե ես եթեր եմ ելնում, ըստ եթերի բովանդակության նախօրոք որոշում եմ իմ հագուստը: Ազգային տարազի զարդանախշերով պատրաստված հագուստով եթերում լինել փորձում եմ հաճախ, երբ հրավիրվում եմ ինչ-որ ծրագրի հյուր: Սա շատ եմ կարևորում: Որովհետև հավատում եմ, որ մեր ամեն ինչն ունի տիեզերական էներգետիկա՝ սկսած մեր մայրենիից մինչև տարազները և այլն:
-Ինչպե՞ս են հագնվում այսօր Հայաստանում և Երևանում:
-Այստեղ գտնվելուս 15 տարիների դիտանկյունից կարող եմ վստահեցնել, որ Երևանը շատ է փոխվել: Տարիներ առաջ համաշխարհային շուկայում որոշողը մեկ գույն էր, օրինակ` մանուշակագույնը՝ իր բոլոր տոներով. կարող էր իշխող նորաձևությունը լինել ամբողջ երկրով մեկ: Հագուստի առևտրով զբաղվողները, բնականաբար, չէին կարող անտեսել համաշխարհային շուկայում գոյություն ունեցող միտումները: Հետո այլ մի գույն էր դառնում գերիշխող և այսպես շարունակ: Այսինքն՝ մենք դարձել էինք նորաձևության կցորդ երկիր: Բայց հիմա ձևավորվել է բավականին բարձրաճաշակ նորաձևության ոլորտ, ինչին հետևում է շատ աշխուժորեն մեր ժողովուրդը:


«ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄԻՆԸ ՊԻՏԻ ՍԻՐԻ ՀԱԳՈՒՍՏԸ»


-Կա այսպիսի հասկացություն, տնտեսությունն է թելադրում մոդան: Փարիզում, օրինակ` մի քանի նշանավոր վաճառատների ցուցափեղկերում ներկայացվում են նոր նմուշի կոշիկ և հագուստ: Ճանաչված պճնամոլները սկսում էին դրանք կրել: Քաղաքն ընկալում էր դա, և պարզվում էր, որ դա է ժամանակի պահանջը: Հարցս, սակայն, այլ ուղղություն է բռնում: Տարիներ առաջ մեր հեզաճկուն աղջիկների և դեռափթիթ տիկնանց մեծ մասը ամռան կիզիչ շոգին պճնվում էր սև զուգագուլպաներով: Այդ համաճարակը դեռ չմարած, սկսվեց հարեմական մշակույթի քարոզարշավը. բաց պորտերով էին շատերը ելնում տնից: Այժմ էլ «քրջի մշակույթի» վազքարշավն է, կանայք և աղջիկները պատառոտված տաբատներն են համարում իրենց նրբագեղության առհավատչյան:
-Այս ամենին պիտի հակադրվել միայն սեփական հիմնավոր առաջարկով: Մենք, մեր հասարակությունը պիտի իր ազգային և առողջ էներգետիկան գտնի նաև իր հագուկապում: Մեր նշանաբանը պատահական չի ընտրված` «Հայ տարազը՝ դարեդար», այսինքն՝ մենք այսօր վերականգնում ենք ազգային հագուստի մշակույթը, այն, ինչը հայեցի է, առինքնող է և, ինչը ոչ պակաս կարևոր է` առողջության համար վտանգավոր չէ:
Մեր նախնիները հագել են բնական նյութից, բրդից կամ բամբակից, նաև մետաքսից կարված հագուստ: Մարդու մարմինը պիտի սիրի հագուստը, պիտի համերաշխ լինի նրա հետ: Մի՞թե սինթետիկ հագուստը համեմատելի է բնական նյութերից պատրաստված հագուստի հետ: Իհարկե ոչ: Ինչպես գյուղի անարատ կարագը չի կարելի համեմատել քաղաքում վաճառվող կարագի կամ մածնի հետ:
«Ազգային տարազը պիտի ամրագրվի հայ կրթօջախներում»
- Աշխարհում կարծես թե նոր բան չէ ազգային տարազի պահպանումը:
- Այո՛, այդպես է Չինաստանում, Հնդկաստանում և շատ այլ զարգացած, հզոր երկրներում: Այդ երկրներում ազգային տարազը հագնում են ազգային տոների ժամանակ, նաև դպրոցում և այլուր: Եվ սրանով հզոր պաշտպանական համակարգ են ստեղծում համաշխարհայնացման դեմ:
- Ընկերության ծրագրերի մասին մի քանի խոսքով:
-Ազգային տարազի նախշազարդերով պատրաստված հագուստ պիտի հագնեն հայ դպրոցում: Սա գլխավոր ծրագիրն է: Ինչպես շախմատն ու ազգային պարն են ամրագրվել հայկական դպրոցում, այնպես էլ ազգային տարազը պիտի ամրագրվի բոլոր հայ կրթօջախներում: Մենք ամբողջական համալիրներ ենք մշակել, բոլոր տարիքի դպրոցականների համար և տարվա բոլոր եղանակների համար: Սա մտածողություն է մշակում, ազգային նկարագիր և սոցիալական վարք է կերտում: Այն էլ մեր այս օրերում: Բացի սրանից, ցանկություն ունենք վերականգնելու այդ ավանդույթը հայ ընտանիքներում, որ իրենց զգեստապահարաններում գոնէ մեկ նմուշ ազգային հագուստ ունենան և դա կիրառեն իրենց առօրեայում, հագնեն տոնական օրերին, ի դեպ ժամանակակից նորաձևության թելադրած ոճով հայկական ազգային էլեմենտների օգտագործմամբ հագուստներ են լինելու դրանք, քանի որ զուտ հայկական տարազի բնօրինակների կիրառումը մեր օրերում անհնարին է, ինչպես մեր մշակույթի այլ ճյուղեր, տարազ հասկացությունն էլ որպես մշակույթ հարուստ է և ոճի, և նյութի կիրառման առումով: Մեր նպատակն է հայ ընտանիքի զգեստապահարանում հայ ազգային-ժամանակակից հագուստը գերակշռող դառձնել: (Ժպտում է): Հագնվեք հայեցի, կտեսնեք՝ տիեզերքի բարիքների լայնանիստ դռները,շռայլորեն բացվելու են ձեր դիմաց:

Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ