Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վիճակը գցված է, մնում է մնացածը

Վիճակը գցված է,  մնում է մնացածը
28.07.2015 | 12:16

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, անցկացվեց 2018 թվին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Բնականաբար, մեզ առավել հետաքրքրում էր խնդրի եվրոպական կողմը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ընտրանին: Հինգերորդ զամբյուղում հայտնված հայերիս բաժին հասավ E խումբը, իսկ մրցակիցներն են Դանիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Ղազախստանի, Չեռնոգորիայի ընտրանիները:

Մեր հին բարեկամներից, ինչպես տեսնում ենք, այստեղ է Դանիայի ընտրանին, որի հետ ճակատ տալու թերևս քիչ փորձ չունենք: Բավական է ասել՝ արդեն երրորդ անընդմեջ ընտրական փուլն է, որ սկանդինավների հետ խաչաձևում ենք սրերս: Այդ թրատումներից առանձնապես հպարտանալու բան չունենք, եթե մի պահ մոռացության տանք 2013-ի հանդիպումը, երբ մրցակցի հարկի տակ սենսացիոն հաղթանակ տարանք 4:1 հաշվով: Մնացած չորս հանդիպումներն ավարտվել են մեր պարտությամբ:
Հինգ անգամ ճակատել ենք նաև Լեհաստանի ու Ղազախստանի ընտրանիների հետ: Եթե առաջինի հետ մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի, երեք պարտություն հարաբերակցություն է գործել հօգուտ մրցակցի, երկրորդի հետ այդ հարաբերակցության հայելային անդրադարձն է եղել:
Երեք հանդիպում ենք ունեցել Ռումինիայի ազգայինի հետ. մեկը՝ հաղթական, երկուսը՝ բացասական ելքով: Փաստորեն միակ հավաքականը, որի հետ մրցախաղ չենք ունեցել, Չեռնոգորիայի ընտրանին է:
Առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար, գիտեք, առաջին երկու տեղի մակարդակով պիտի հանդես գալ: Տեսականորեն դա միանգամայն մեր ընտրանու ներուժի սահմաններում է (հենց սրանում են տեսականի անսքող հմայքն ու առավելությունը), իսկ, այ, գործնականում արդեն հարցեր են առաջանում: Ամենայն հավանականությամբ, Ղազախստանը մեզ վեց միավոր չի տա, եթե չասենք, որ իրենց հաշվարկներում նրանք էլ մեզ նման մաքսիմալիստ են: Մեզ հետ իրենց հաշվարկներում, բնականաբար, առավելագույն հնարավորն են ակնկալում նաև չեռնոգորցիները, իսկ Լեհաստանի, Դանիայի ու Ռումինայի զիջողության մասին խոսելը, թերևս, ավելորդ է:
Սակայն սա չի նշանակում, որ մենք ծայրահեղ անհուսալի վիճակում ենք:
Ամեն ինչ կախված է արտերկրյա ակումբներում հանդես եկող մեր ֆուտբոլիստների կամային ու որակական պատրաստվածությունից, տրամադրվածությունից, այդ տղաների պոտենցիալն ի մի բերելու մարզչական կորպուսի հմտությունից ու կարողությունից: Ակնկալել, որ այդպիսի ուժի որակում կարող է հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ամենայն աջակցությունն ունեցող ու բացառապես նրա ֆուտբոլային իմացությամբ խոհունորեն կառավարվող, «Փյունիկ» ակումբին զուգահեռ համատեղությամբ Հայաստանի ազգայինի գլխավորի ժամանակավոր պաշտոնակատարի պոստը զբաղեցնող Սարգիս Հովսեփյանն իր սատելիտներով, անգամ մանկական բյուրեղյա երազանք չէ, քանզի մարդկությանն անհայտ «գրավիչ խաղի» նրա տեսությունը նոնսենս է ժամանակակից ու առհասարակ բոլոր ժամանակների ֆուտբոլում:
Այնպես որ, այս կտրվածքով այդ հարցը համարենք փակված:
Կունենա՞նք մենք մի նոր Պորտերֆիլդ Հայաստանի ազգայինի գլխին՝ սա խոշոր հարց է, որովհետև ինքնուրույն մտածողություն ունեցող մարզչի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության գլուխները չեն խաշվի մեկ ընդհանուր կաթսայում, քանզի մեկը որքան էլ եփվի, մյուսը կիսահում է մնալու:
ՈՒշադիր ընթերցողը հավանաբար այս բացատրություններից հետո կփորձի հակասություն տեսնել մեր ասածի մեջ, ընդդիմանալով, թե բա էլ ինչպե՞ս ծայրահեղ անհուսալի վիճակում չենք: Պարզաբանեմ՝ չենք ու վերջ, եթե Հայաստանում գտնվի մեկը, ով կամք ու վճռականություն կունենա ասելու, որ ֆուտբոլը մեկ անձի համակրանքների ու հակակրանքների վրա կառուցվող նախագիծ չէ և եթե, դիցուք, հաջողակ ես այս ոլորտում, բնավ չի նշանակում, թե հաջողակ կարող ես լինել նաև մեկ այլ ոլորտում:
Կլինի՞ Հայաստանում այդ ասող մեկը՝ այ, սա է խնդիրը, իսկ մնացածն արդեն ժամանակի հարց է տևական ընդգրկումով, որը տեսնելու բախտին գոնե իմ սերունդը, թերևս, չարժանանա:
Դառնալով վիճակահանության արդյունքներին՝ ներկայացնենք, թե եվրոպականում որ խմբում որ թիմերն են հայտնվել՝
A խումբ՝ Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ,
B խումբ՝ Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Անդորա,
C խումբ՝ Գերմանիա, Չեխիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո,
D խումբ՝ ՈՒելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան,
F խումբ՝ Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա,
G խումբ՝ Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտայն,
H խումբ՝ Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս,
I խումբ՝ Հորվաթիա, Իսլանդիա, ՈՒկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա:
Որպես առաջնության կազմակերպիչ երկիր, Ռուսաստանն ազատված է խմբային փուլի հանդիպումներից:
Հ.Գ. Ըստ խաղացանկի, Հայաստանի ընտրանու առաջին հանդիպումը Դանիայի հավաքականի հետ է` սկանդինավների երկրում: Այնուամենայնիվ հուսանք, որ 2016-ի սեպտեմբերի 4-ի մեկնարկային խաղը հաջողված կլինի մերոնց համար: Ինչ վերաբերում է ցիկլի ավարտին, այն կեզրափակվի 2017-ի հոկտեմբերի 8-ին` Ղազախստանի ընտրանու հետ կայանալիք արտագնա հանդիպումով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ