Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տեղական սենսացիաներ Հայաստանում

Տեղական սենսացիաներ Հայաստանում
28.07.2015 | 12:38

Տարածաշրջանում անկառավարելի գործընթացներ են սկսվել՝ Իրանը Վիեննայում է համաձայնագիր կնքում, Բաքու Տուսկն է գալիս ու Ադրբեջան-Եվրամիություն նոր էջ է բացում, Թուրքիան 1050 մարդ է ձերբակալում ահաբեկչության դեմ պայքարում ու Սիրիան է ռմբակոծում, իսկ Հայաստանում երեկ երկու ամսով կալանավորվեց Սյունիքի մարզպետի որդին: Ձերբակալությունից հետո ոչ ոք չէր հավատում, որ Տիգրան Խաչատրյանը տուն չի վերադառնա: Փաստաբանն արդեն հուզիչ վարկած ունի, որ Սդղի գյոլ Տիգրան Խաչատրյանը գնացել է կռվողներին բաժանելու ու չի մասնակցել ծեծկռտուքին: Գուցե հետաքրքիր զուգադիպություն է, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց արձակուրդի, Սյունիքի մարզպետի բախտը սկսեց չբերել՝ հանցանքներ կատարելու ու անպատիժ մնալու ընտանեկան ավանդույթների շարունակականության մեջ: Իհարկե, նախագահը տեղյակ է՝ ինչ է կատարվում Հայաստանում իր բացակայությամբ: Երկու ամիս հետո Տիգրան Խաչատրյանը կարող է և վերադառնալ տուն, և դատով-դատարանով պատիժը կրել: Համենայն դեպս՝ հայրը ասում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են: Տարօրինակ չէ՞, որ Խաչատրյանների ընտանիքը Հայաստանի քրեական-քաղաքական քրոնիկոնի զարդն է դարձել՝ իրենց տան բակից մինչև Երևան՝ սպանությունից մինչև սպանության փորձ: Եթե Տիգրան Խաչատրյանը մի անգամ կարողացավ ապացուցել իր անմեղությունը, երկրորդ անգամ էլ կկարողանա: Համենայն դեպս՝ մայիսի 2-ից մինչև հուլիսի 27 կարողացավ ազատության մեջ մնալ: Երեք ամսում միայն Քննչական կոմիտեն պարզեց, որ կարող է մեղադրանք առաջադրել: Հիմա միայն քննչական կոմիտեն որոշեց «Գորիսում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված Տիգրան Խաչատրյանին՝ միջնորդելով դատարանին որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը»։ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ «դիտավորությամբ մեկ ուրիշի կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելը»: Միջադեպի պատճառով Հարություն Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Ըստ քննչական կոմիտեի հայտարարության՝ «Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ»: Սուրիկ Խաչատրյանի բախտը Սդղի գյոլի գործով կտրուկ չի բերել՝ յոթ մեղադրյալներից չորսը ազգականներն են՝ որդին, եղբայրը և երկու եղբորորդիները: Եթե կրկնվելու է երկու տարի առաջվա պատմությունը ու որդին ազատ է արձակվելու «անհրաժեշտ ինքնապաշտպանության» հիմնավորումով, ինչի՞ են դիմել եղբայրն ու եղբորորդիները: Եթե այս պատմությունը համարենք համարյա ավարտված՝ սահմանադրական բարեփոխումների պատվին երկրում տեղ-տեղ ու ժամանակ առ ժամանակ Խաչատրյանների ընտանիքի նկատմամբ օրենքի ի հայտ գալով, ի՞նչ է կատարվելու Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով: Որքանո՞վ է հիմնավոր Արա Բուդաղյանի ձերբակալությունը, ու դեռ ինչքա՞ն Խաչատրյանների մատը փուշ մտնի, պատվիրատուն որդի ու եղբայր կորցրած Բուդաղյաններն են լինելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գետն անցավ, առվո՞ւմ է լռվելու մարզպետի որդին: Իրականում այս պատմությունը ոչ թե բարձրաստիճան պաշտոնյային ու նրա ընտանիքի անդամներին է վերաբերում, այլ արդարադատության համակարգին, որն անկախ չէ ու չի կարող քրեական գործերին քրեական ընթացք տալ, որովհետև գործում է հրահանգներով: Հետաքրքիր է՝ իսկ խորհրդարանական կառավարման դեպքում նման հրահանգ իջեցնողը ո՞վ է լինելու՝ վարչապե՞տը, ԱԺ նախագա՞հը, թե՞ նախագահը: Եթե երեքն էլ այլևս այդ «իրավունքն» ունենան, համակարգը հաստատ անկախանալու է՝ ոնց էլ լինի երեքից մեկը մյուսի դեմ պատվեր է տալու:

Դիտվել է՝ 1719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ