Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առողջապահական մայդանի հոգեվարքը (նվիրվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին. հավերժ հիշատակ)

Առողջապահական մայդանի հոգեվարքը (նվիրվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին. հավերժ հիշատակ)
31.07.2015 | 00:48

Կովերի հսկա գլուխները` ասես ծիսական թատրոնի դիմակներ, վաճառքի են հանված։ Քիչ այն կողմ, գրեթե մանուշակագույն սոխի գլուխներ են, ձախ կողմում` հսկա գեղատես դդումներ։ Շուկայում հազվադեպ կհանդիպես միամիտ ու պարզունակ վաճառողի, թեպետ նրանք հաստատ կան։
«Ծառը, որը չկա», Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ ԱՄՌԱՆ ԿԵՍԻՆ
(այգաբաց է, ֆելիետոնն է արթնանում)


Ձեր լուսաշող կարծիքը` Հիպոկրատին երդում տված ճերմակ խալաթավորների մարդասիրության մասին, հավատացեք, կփոխվի անգթորեն արագ, յուրաքանչյուր բուժհաստատության ընդունարանում։ Դուք նաև արդեն բավականին հիմնավորված կասկածանքով կվերաբերվեք տիար Հիպոկրատի այս երազկոտ ասույթին և բժշկությանը, որ, հիրավի, ամենաազնիվն է բոլոր արվեստներից։ Ամենայն հավանականությամբ այս գեղաշունչ զեղումը մեծն բժշկապետը թույլ է տվել իրեն Հունաստանում շրջագայելիս, մ.թ.ա. 4-րդ դարում։ Ի դեպ, նա (ում անունը հունարենում հնչում է որպես Հիպպոկրատոս) պատկանում էր ժառանգական բժշկական տոհմի 17-րդ սերնդին։ Նա սովորեցնում էր, որ բժիշկը պիտի բուժի ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին։ Սակայն մենք Հայաստանում ենք, մի հիվանդանոցի ընդունարանում։ (Այս դեպքը, որ խիստ բնորոշ է ՀՀ ցանկացած բուժհաստատության, տեղի է ունեցել վերջերս Երևանի X բուժհիմնարկում)։ Արդեն տարիքն առած և անսպասելի առողջական լուրջ խնդիր ունեցող Ն-ին հասցնում են սույն պատվական հաստատություն։ Տեղում հիվանդն ուշաթափվում է, անհրաժեշտ է շտապ միջամտություն։ Հիպոկրատի հայրենասիրական հայ հետևորդները բավականին գործուն և լպրծուն են. ընթերցվում է դատավճիռը` կամ անմիջապես վճարում եք 155 հազար դրամ մուտքի վճար, կամ էլ վերցրեք ձեր ուշաթափված հիվանդին և ազատեք ընդունարանը։ Այս և մյուս բոլոր հազարավոր նմանատիպ դեպքերում հիվանդատերերի աղերսներն ու հիմնավորումներն առ այն, թե դուք, պատվելի բժիշկներ, բուժեք մեր տարաբախտ և թանկագին հիվանդին, մինչև կհայթայթենք և կհասցնենք ձեզ պահանջվող գումարը, այո՛, մնում են ձայն բարբառո հանապատի, բուժհաստատության մարդամերժ պատերի տակ։ Հիպոկրատի երդմնազանց զավակները, ըստ էության, ՀԷՑ-ի հետնորդներն են։ Այս պահին ինձ մնում է բացականչել` կեցցե՛ք, մսագործներ։ (Այստեղ և այնուհետև հիշատակվող եղելությունները չեն վերաբերում այն ազնվասիրտ և պատվական բուժաշխատողներին, ովքեր, ի հեճուկս մեր ախտածին ժամանակի, իրենց մարդկային և մասնագիտական բարձունքի վրա են)։ Տեղին եմ համարում հիշել հուզիչ մի պատմություն։ 2007-ին խմբագրում էի «Կիզակետ» շաբաթաթերթը։ Աշխատակցուհուս եղբայրը բանակում հայրենասիրական պարտքը մարելով վերադարձել էր, իսկույն ամուսնացել և աշխատանքի էր անցել շինարարությունում։ Բարդացել էր նրա դեռատի կնոջ նախածննդաբերական շրջանը։ Զանգահարեցի Հարություն Քուշկյանին։ Խնդրեցի օգնել հնարավորինս։ Շնորհակալ եմ նրան, ամեն բան արվեց բարձր մակարդակով։ Ամենակարևորը` անշահախնդիր։ Աշխատակցուհուս զարմիկն արդեն դպրոց է գնում։ Կասկած չունեմ, որ հարգարժան պարոն Քուշկյանը եզակի չէ, համակարգն է եզակիորեն ախտահարված։
Միով բանիվ որևէ հիվանդանոցում այսօր չի հորինվում նոր հեծանիվ, խաղի կանոնակարգը վաղուց է մշակվել և լրամշակվել, առողջապահությունը մոլեմսխուն փողեր դիզելու մի անեզր անդաստան է, կամենում ես վաղաժամ չմեռնել, ուրեմն վճարիր մի քանի կյանքի գին... կամ էլ առքով-փառքով ճանապարհ բռնիր ի վերին Երուսաղեմ։

ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՊՈՐՏԱՊԱՐԸ
(պամֆլետ ճաշից հետո)
Մենախոսություն։ Քեզ ի՞նչ պատահեց, գուցե խիստ հուզվե՞լ ես վարչապետ Հովիկ Աբրահամյանի (ծածկագիրը հայտնի է` «Վ-13») հարկահավաքության նոր ցնցուղ-փոցխից (արգո բազմամիլիոնատեր-վարչապետը քնեց-արթնացավ և մի բլեֆաբույր միտք հղացավ` չստուգել տնտեսավարողներին մի վեց ամիս, մինչև իրականանա սահմանադրական հանրաքվեն) կամ միգուցե Հայրիկյանի 1 անձ 1 հանրահավաք, 1 դրոշ և մորուք մի անորոշ ձևաչափից գազազել ես և փորձում ես ինքնասպանվե՞լ։ Չեղարկում եմ գաղափարդ։ Նախ` ինքնասպանությունը վայել չէ քրիստոնյային, և հետո` մերձավորներիդ արդեն այն աշխարհից կբռնադատես, տեղյա՞կ ես, ինչ է նշանակում մահանալ և հուղարկավորվել։ Քիչ անց քեզ լիկբեզի կենթարկեմ։ Առայժմ մի քանի նախահուղարկավորական դիտարկումներ։

Ն-ն վախճանվեց տանը։ Բժիշկներն անզոր էին պայքարելու նախախնամության դեմ։ Նրանք զորում-առաջադիմում են միայն դրամահավաքչության ասպարեզում։ Ն-ի որդին հրավիրում է համապատասխան ծառայությանը` հանգուցյալին դիահերձարան տեղափոխելու նպատակով։ Եվ փորձում է վճարել պետականորեն հաստատագրված 5 հազար դրամը։ Սակայն բուժանձնակազմի ծամածռուն դիմախաղը ստիպում է ևս մի քանի հազար դրամ ավելացնել։ Այսինքն` գողոնը մխրճել նրանց պնակալեզ գրպանը։ Այս պարագայում, բարեբախտաբար, մեր հարգարժան հանգուցյալը տոհմական գերեզմանոցում իր տեղն ուներ։ 28 հազար դրամ որդին վճարում է փոսը փորելու համար և թաղման բյուրոյից ստանում է փոսափորման վավերացված կտրոնը։ Սակայն գերեզմանափոր Վաղոյի և նրա խորհրդական Սմբոյի համար նույնիսկ իրենց տնօրենության փաստաթուղթ-կտրոնը հեղինակավոր չէ, վերջիններս ծամածռվում են ոչ պակաս դիվոտած և գերեզմանափոսը փորում են միայն 35 հազար դրամ կորզելուց հետո։ Անշուշտ, լույսի պես արդար են թե՛ դիահերձարանի, թե՛ գերեզմանատների տնօրենները և անտեղյակ են նման կողոպտչական ծամածռություններին։ Չնայած չարաճճի լեզվիկները ճիշտ հակառակն են պնդում, ի մասնավորի, որ վավերացված գումարները մտնում են պետբյուջե և ծառայում են «Վ-13»-ի հռչակած բարեփոխում-խնայողություններին (այսինքն` կառավարական գործուղումներին և բրենդային կահույքի հայթայթմանը), իսկ մնացածը զուտ հայկական դրամաշորթության գաղափարաբանությամբ «ատկատվում է», այսինքն` հետադարձ թռիչքով գերեզմանափոր-ավազակների գրպանից հայտնվում է թաղման բյուրոյի գանգստերների ծոցագրպանում։ (Ի դեպ, այս կարգի մարդկանց ծոցագրպանը... տաբատի հետևի ձախ գրպանիկն է)։ Սակայն եթե շարքային մահկանացուին վիճակված է լինում իր հարգևոր ննջեցյալի համար նոր գերեզմանատեղ հայթայթել, ապա «տուրքը» բազմապատկվում է, հասնելով մինչև 2-3 հազար դոլարի։ Անկասկած, այս ամենին ՀՀ իշխանակառավարական վերնադասը լիովին անտեղյակ է։ Տեղեկացնում եմ։ Եվ հավելում` ո՛չ թալանին հիվանդանոցա-գերեզմանատնային։

ՇՈՒՐԱ, ՄԻԱՅՆ ԿՈՂՈՊՈՒՏ
(շարունակություն)
Պետությունը, անշուշտ, ինչ-ինչ բարեփոխչական ներքնակ-վերմակ է կարել հանրության համար։ Սոցիալապես անպաշտպան բնակչությունը (այսինքն` նրանք, ովքեր կիսաքաղց են անկողին մտնում, ձմռանը սառչում են, ամռանն էլ երանի են տալիս մի թաս պաղ գարեջուր ըմպողներին), մեր պետության աննահանջ հոգածության գրկում է։ Տե՜ր իմ Երկնավոր, ինչպիսի՜ քնքշանվաղ գրկախառնությունների ենք մենք ականատեսվում, սա մի զարմանահրաշ ականապատ դաշտ է։ Տեսեք, համաձայն պետպատվերի պահանջների, դուք եթե սնանկ եք, կարող եք վիրահատության ենթարկվել միանգամայն անվճար. դիմում եք առողջապահության նախարարությանը, ներկայացնում եք համապատասխան փաստաթղթերը, ստանում եք պետպատվերյան-փրկչական վստահագիրն ու ուղևորվում այսինչ հիվանդանոց։ Ընդունարանում մի լա՜վ քննում-զննում են վստահագիրն ու տանջահար հոգոց հանելով շշնջում են ձեր ականջին, 500 հազար դրամի չափով ձեզ վիրահատելն անհնար է, 200 հազարը պետպատվերի շրջանակում, մնացածը ձեզ վրա։ Ցավոք մեր պետպատվերյան հիվանդների ճնշող մասը համաձայնում է այս ելուզակությանը, քանզի վիրահատությունն անխուսափելի է։ Սակայն միայն վիրահատությունը չի նման լրբենի ճանապարհով չեղարկվում։ Ցանկացած առողջապահական պետպատվեր նման ձևաչափով է ի կատար ածվում։

Ես որևէ կասկած չունեմ, որ ՀՀ առողջապահության հարգարժան նախարար Արմեն Մուրադյանը, ով, ինչպես հայտնի է հանրությանը, սիրում է երթևեկել մետրոյով, անտեղյակ է այս ամենին։ Տեղեկացրի։ Եվ սպասում եմ համապատասխան կանոնակարգման։
Մի խոսքով, վերոնշյալ համակարգերում յուրաքանչյուր գործընթաց տնօրինվում է Շուրա Բալագանովի և Միխայիլ Սամուիլովիչ Պանիկովսկու հանրածանոթ երկխոսությամբ, որի ընթացքում մեկը պնդում էր կողոպուտի անվերապահ առավելությունը շարքային գողության նկատմամբ։

ԾԱՌԸ, ՈՐ ԿԱ
(սարկազմն այս ի հայտ եկավ իրիկնահացի սեղանին)
Այո, պատվական Անգալադյան, ՀՀ-ն վաղուց է վերածվել ծիսական թատրոնի։ Ճերմակախալաթ դահճապետերը, էապես վատթարացնելով երկրի բնակչության առողջությունը, նաև զարկ են տալիս արտագաղթի տեմպերին։ Եվ ես ահավասիկ մի առաջարկով եմ ավարտում հուզաթրթիռ սույն հրապարակումը` ամեն բան օրինականացնել, այսինքն` բուժհաստատությունների ընդունարաններում փակցնել ահա նման մի ցուցանակ. «Թութքի վիրահատությունը ամենաառաջադեմ մեթոդներով, կատարվում է ահա այս գնային սանդղակով.
ա) պետական հաստատագրված գինը` 175000 դրամ,
բ) ստվերային հաստատուն կողոպուտը` 275000 դրամ»։
Նույնը պետք է իրականացնել յուրաքանչյուր գերեզմանատան տնօրենի առանձնասենյակում։ Աստված չարը խափանի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. 1- Պետպատվերյան «ատկատը» համաճարակել է հանրապետությունը, սակայն դուրս է մնացել ՀՀ ՎՊ-ի նախագահի ուշադրությունից։ Ինչո՞ւ։
Հ. Գ. 2- Հարգարժան «Վ-13»-ը արդյոք չի՞ մտորում, որ ճիշտ ժամանակն է հանրապետությունում բացելու պետական մի քանի բուժհաստատություն` միայն մեր չքավոր խավի համար։ Մեծարգո վարչապետ, հիշեք, որ երկրի բնակչության 37 տոկոսը պաշտոնապես աղքատ է, իրականում, սակայն, աղքատ-ընչազուրկ է ոչ պակաս շուրջ 70 %-ը։ Հասկանալի է, որ պետական բուժհաստատություններում պիտի բարձր աշխատավարձով աշխատեն ազնիվ և գործունյա մարդիկ։

Դիտվել է՝ 2122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ