Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Լավ գիտցեք, որ երբ առիթը գտնեն ընկեր թալեաթները, ձեզ ալ կոտորել պիտի տան»

«Լավ գիտցեք, որ երբ առիթը գտնեն ընկեր թալեաթները, ձեզ ալ կոտորել պիտի տան»
31.07.2015 | 00:56

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:



-Դուք նշել եք ցեղասպանությունը հնարավոր դարձրած արտաքին ու ներքին ազդակները, բայց դրանք ամբողջությամբ չեն բացատրում մեկուկես միլիոն մարդու սպանդը: Ինչո՞ւ դիմադրության շարժում չձևավորվեց:
-Ավա՜ղ, մեր մեծագույն ողբերգության պատճառների քննարկումներում հաճախ չենք հանդիպի մեղքը արտաքին աշխարհի դավադիր գործողությունների վրա չբարդողների։ Այս ու այնտեղից շարունակ լսել ու լսում ենք, որ խեղճության բուն պատճառը հարյուրամյակներ հայոց պետականություն չունենալն է։ Այդպես են ոմանք փորձում բացատրել հայերի ցեղասպանության փաստը, երբ նույն ժամանակահատվածում՝ Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում պատմության որևէ շրջանում երբևէ պետություն չունեցած այլ ազգեր ու ժողովուրդներ պետականություն ձեռք բերեցին։ Մեծ եղեռնը հնարավոր է դարձել, քանի որ հայ քաղաքական միտքը չի կարողացել ժամանակի մարտահրավերներին և պայմաններին դիմագրավելու քաղաքական ճանապարհները գտնել։
-Ամբողջ ժողովուրդը միայն քաղաքական կուսակցություններից չէր կազմված:
-Ցեղասպանության ընթացքում ժողովրդին իր դահիճների դեմ զինված պայքարի մղելով, գոնե արժանապատիվ դիմադրության կոչող առաջնորդների պակասն էլ ավելի նշանակալից դեր է խաղացել:
-Ո՞րն է այդ դերը և ինչո՞ւ չի բարձրաձայնվել հարյուր տարի:
-Այո, շատ վաղուց հասունացել է ժամանակը՝ քննարկելու, հասկանալու և վերլուծելու՝ ինչո՞ւ նախապես չեն գտնվել բացահայտ վտանգավոր իրավիճակից դուրս գալու քաղաքական ելքերը, ինչո՞ւ չի իրականացվել հայ բնակչության զինված պաշտպանությունը համատարած ապստամբության կոչի կամ էլ ինքնուրույն հայկական կամավորական ջոկատներ, գնդեր կազմավորելու միջոցով: Այս և նման հարցերի, ինքնապաշտպանության դիմել-չդիմելու պատճառների ճշգրիտ պատասխանները փնտրելով է, որ պիտի ինքներս մեզ բացատրենք անբացատրելին: Արդեն օրհասական վիճակում տեղ-տեղ առանձին հերոսամարտեր տեղի են ունեցել և դրանց արդյունավետությունն ինքնին անհերքելի ապացույց է զինված պայքարի միջոցով անզեն ժողովրդին ֆիզիկական ոչնչացումից փրկելու։ Թե ինչու իր իսկ հողում ավելի քան երկու միլիոն բնակչություն ունեցող հայությունը նման մեխանիզմի գոյությունն անտեսելով, ամենուրեք վտանգի հետ դեմ հանդիման գտնվող ժողովրդի բոլոր-բոլոր շերտերը ներգրավելով չի փորձել համատարած ապստամբության դիմել և իր ուժը չի գործարկել, իրոք անհասկանալի է մնում։
-Դուք ունե՞ք պատասխանը, թե՞ առաջարկում եք մտածել միայն:
-Գուցե պայքարի առանձին օջախների սփռվածությունը Օսմանյան կայսրությունում՝ հայաշատ բնակության տարբեր վայրերում (Վան, Մուսա լեռ, Շապին Գարահիսար, Սասուն, Զեյթուն, ՈՒրֆա, Հաճն, Այնթապ և այլն) ցույց է տալիս, որ խնդիրը սահմանափակ տարածքում մղվող պայքարի տրամաբանությունը չընկալող հայ քաղաքական մտքի ամլությանը ևս չենք կարող վերագրել: Տրամաբանությունը հուշում է, որ այսպես թե այնպես, շատ թե քիչ «զինված լինելով» ողջ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ֆիդայական շարժման արդեն մոտ քառորդդարյա փորձառությամբ, վառ պահելով ոչ վաղ անցյալի, Զեյթունի և Սասունի ինքնապաշտպանական վաղուց երգ ու պարերի վերածված հերոսական մարտերի արձագանքները, և հատկապես աչքի առաջ ունենալով ցեղասպանության օրերին հայկական մյուս բնակավայրերից եկող հայության տարագրվող քարավանները՝ զինված ապստամբության դիմելու միտքը պետք է ծագեր կենտրոնական գավառներում: Սակայն առավել քան հավանական է անվճռականությունն ու զինված դիմադրություն կազմակերպելու անպաշարությունը, որոնց պատճառով էլ մերոնք երևի այդ քայլին չեն գնացել: Նաև՝ խաբվածությունը: Հարկ է մատնանշել նրանց, ովքեր իրենց բնակավայրերում աղետից դեռ մի քանի շաբաթ առաջ նույնիսկ երիտթուրքերի հետ «եղբայրություն» քարոզելով թևանցուկ ման եկող «հեղափոխականներ» էին ու ամենավճռական պահին, երբ ինչ-որ գործողություններ պետք էր ձեռնարկվել, չգիտես ինչու անշարժացան։ Հատկապես նրանք էին, որ չդիմելով ինքնապաշտպանության վճռական գործողությունների, հազարավոր անպաշտպան երեխաների, կանանց և ծերերի «ոչխարի նման» մորթվելու պատճառ դարձան։ Անդրանիկի հուշերից մի հատված մեջբերելով փորձեմ միտքս ամբողջացնել. «Ադանայի ջարդեն մոտ 50 օր առաջ կեղծ անցագրով մը Կ. Պոլիս հանդիպեցա, ուր Ակնունի, Վարդգես, Զարդարյան և դաշնակցության շեֆերեն դեռ ուրիշներ ամբողջ հինգ ժամ ուզեցին զիս համոզել, թե երիտասարդ թուրքերը այլևս թույլ չեն տար ոչ մեկ կոտորած: Ես հակառակը կպնդեի և կըսեի.
-Չեմ հավատար, այս գազանները մեզ դարձյալ կկոտորեն, ըրածնին դարձյալ կեղծիք է, դուք կխաբվիք և կխաբեք մեր ժողովուրդը: Ինքնապաշտպանության գաղափարը երբեք մի լքեք և ժողովուրդին ալ պատրաստեցեք այդ ուղղությամբ: Տիգրանակերտեն սկսած մինչև Պարսից սահմանագլուխը 160 հազար զինված քուրդ կա: Երիտասարդ թուրքերը զինաթափ չեն ըներ զանոնք և կպահեն մեզ հարմար առիթով մը կոտորել տալու համար:
Մալումյանն այն ատեն դարձավ ու ինձ ըսավ.
-Ի՞նչ հոռետես մարդ ես դուն, երբեք չտեսա, որ քիչ մըն ալ լավատես ըլլայիր:
Նույն պահուն Վարդգես ինձ կառաջարկեր, որ ծանոթանամ Ալի փաշայի հետ, որ այն միջոցին ոստիկանության տնօրենն էր Կ. Պոլսո մեջ:
Հարցուցի, փնտրեցի և հասկացա, թե այս այն Ալի փաշան է, որ Սասունի Տալվորիկի «Զբոսանք» թաղի բնակչությանը կոտորել տվավ եկեղեցիին մեջ և հետո այրել տվավ զայն: Ալի փաշան ինձ դեմ կռված էր երեք անգամ: Հիմա կուզեին, որ իմ ձեռքս դնեմ անոր արյունոտ ձեռքերուն մեջ և ըսեմ` երեկ կռիվ կընեինք, այսօր ընկեր ըլլանք:
Իմ սովորական զայրույթովս պատասխանեցի այս բոլորին և ըսի.
-Խերը տեսանք. բայց գոնե ժողովուրդը մի խաբեք:
Եվ «մնաք բարով» ըսելով, մեկնեցա Եգիպտոս:
45 օր չէր ընցած, երբ իմացա, թե Թալեաթ և իր նմաննները կոտորել կուտան Ադանայի հայությանը:
Այն ատեն բուռն ոճով նամակ մը գրեցի Ակնունիին, ըսելով, թե ո՛վ իրավունք ուներ, ե՞ս իմ հոռետեսությամբ, թե՞ ինքն իր լավատեսությամբ. «Լավ գիտցեք, որ,- ավելացրի,- երբ առիթը գտնեն ընկեր թալեաթները, ձեզ ալ կոտորել պիտի տան»:
Այս տողերը գրելու ատեն երբեք միտքես չէի կրնար անցնել թե՝ դաշնակցությունը նույն միջոցին Սելանիկի մեջ համաձայնություն մը կնքեր իթթիհատի հետ…»:


Հայոց ցեղասպանության հիշատակումների ժամանակ, ինչու, չգիտեմ, բայց գրեթե մշտապես շեշտադրումներն արվել ու շարունակում են արվել «ցեղասպանության զոհերին», հազվադեպ են հիշվում հայ ֆիդայիների քաջագործությունները, նրանց մղած ինքնապաշտպանական, անօրինակ հերոսամարտերը և այլն։ Անհերքելի է, որ սա նպաստում է 100 տարի ձևավորված զոհի կաղապարի, ավելին՝ զոհի մշակույթի գոյատևմանն ու խորացմանը։
-Չե՞ք կարծում, որ ավելի հեշտ է զոհ լինել, քան պայքարել:
-Դեռ Առաջին աշխարհամարտի սկզբից Արևմտյան Հայաստանի և Հարավկովկասյան ճակատներում կռվում էր 300 հազար հայազգի զինվոր։ Յոթ կամավորական ջոկատ էր կազմավորվել, որոնց կազմերում մոտավորապես 6 հազար հայորդի կար։ 1916 թ. նոյեմբերին ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց 5 հազար հայ զինվորից բաղկացած հայտնի Արևելյան լեգեոնը, որը 1918 թ. դեկտեմբերին վերանվանվեց Հայկական լեգեոն։
-Ո՞րն էր այդ ամենի արդյունքը:
-Հայերի ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում տեղի ունեցան հայերի մի շարք ինքնապաշտպանական կռիվներ՝ Շատախ/Թաղ (1915 թ. ապրիլի 1- մայիսի 14), Վան (1915 թ. ապրիլի 7-մայիսի 3), Շապին-Գարահիսար (1915 թ. հունիսի 2-29), Մուշ (1915 թ. հունիսի 26-29), Ֆընտըճագ (հուլիսի 6-26- օգոստոսի 3), ՈՒրֆա (1915 թ. սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 23)։ Գավառներից՝ Գավաշ (Վասպուրական)՝ 1915 թ. ապրիլի 3-մայիսի 11, Փեսանդաշտ (Շատախի գավառ, Վասպուրական)՝ 1915 թ. ապրիլի 14-մայիսի 10, Յոզղատ գավառի (Անկարայի նահանգ) հայկական գյուղեր՝ 1915-917 թթ., Սասուն՝ 1915 թ. ապրիլ- օգոստոս, Մուսալեռ (1915 թ. օգոստոսի 7- սեպտեմբերի 12), Խնուս գավառի հայկական գյուղեր (1915 թ. մայիս), Խոտորջուրի գավառ (1918 թ. հունվարի 20- մայիս)։ Այս դիմադրության օջախներին պետք է հավելել նաև հայկական Կիլիկիայում Հաճնի (1920 թ. ապրիլի 1-հոկտեմբերի 15) և Այնթապի (1920 թ. ապրիլի 1- 1921 թ. փետրվարի 8) հերոսամարտերը։ Որոշ բնակավայրերում հայերը դիմադրել են կարճ, բայց այլ տեղերում՝ շաբաթներ և նույնիսկ ամիսներ շարունակ։ Նրանց մի մասը եղել է լավ կազմակերպված, մի մասը` անկազմակերպ, հաճախ անբավարար զենք ու զինամթերքով, սակայն այս վայրերում հայ ազգաբնակչությունը հենց այնպես չի կոտորվել, ոչ մի դեպքում չի մորթվել «ոչխարի նման»։ Առանց որևէ պաթոսի պետք է շեշտել, որ «ոչխարի նման մորթվող ժողովուրդը» չէր կարող իր մորթվելուց քիչ, շատ քիչ անց, 1918 թ. մայիսին, դեռ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, պետականության բացակայության պայմաններում, մի բռունցք դառնալով, հաղթական ինքնապաշտպանական ճակատամարտ մղել Սարդարապատում և Ապարանում, ոսոխին դիմակայել Ղարաքիլիսայում՝ արդեն արևելահայությանը փրկելով սպասվող ցեղասպանությունից։
-Ինչո՞ւ հետո նրանց փոխարեն զոհի բարդույթը գերակա դարձավ:
-Երկար տասնամյակներ զոհի շեշտադրումները բերեցին թերարժեքության բարդույթ, որը ստիպեց ցեղասպանության հիշողությունը որպես բեռ ընկալել, որոշ դեպքերում նույնիսկ՝ դրանից տեղին-անտեղի «ազատվելու» քայլերի: Եթե չլինեին 1915-1923 թթ. ցեղասպանության տարիներին հայության հոգով և ոգով ամենաառողջ հատվածի ապրելու համար պայքարը, մղած անհավասար կռիվն ու հանուն ազգի վաղվա օրերի մարտնչելով ողջ մնալու համառությունը, դժվար թե մի քանի տասնամյակ հետո կարողանայինք մեր հայկական փոքրիկ Արցախ աշխարհը 70-ամյա գերությունից ազատել։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հ. Գ. - 1915-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը Վան քաղաքի և նահանգի մի շարք գավառների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ փրկվել է ավելի քան 180 հազար հայ:
Մեծ եղեռնի ժամանակ հաջողությամբ ավարտված ինքնապաշտպանական կռիվներից Սուեդիայի հայության գոյամարտի (1915 թ. հուլիս-սեպտեմբեր) շնորհիվ փրկվել է Մուսա լեռ բարձրացած 4058 հայ:
1915 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՈՒրֆայի հերոսամարտի արդյունքում ողջ է մնացել մոտ 15 հազար հայ, հիմնականում՝ կանայք և երեխաներ:
Իսկ Շապին-Գարահիսարի հերոսամարտի (1915-ի հունիս) շնորհիվ փրկվել է մոտ 2 հազար հայ։

Դիտվել է՝ 3047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ