Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԷՑ-ի աուդիտի և էներգետիկ համակարգի խնդիրները՝ մասնագիտական եզրակացություններով

ՀԷՑ-ի աուդիտի և էներգետիկ համակարգի խնդիրները՝ մասնագիտական եզրակացություններով
31.07.2015 | 01:23

Էլէներգիայի սակագնի բարձրացման պատճառների հետազոտություն է կատարել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներն ուսումնասիրող հեղինակային խումբը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի գլխավորությամբ: Հետազոտության արդյունքները և իրենց եզրակացություններն են ներկայացնում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆՆ ու «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ։

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ինչո՞վ է պայմանավորված էլէներգիայի սակագնի բարձրացումը:
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ- ՈՒսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ հինգ տարում ՀԷՑ-ի շահույթի բաժնեմասն ընդհանուր էներգահամակարգում 50 %-ից իջել է 23 %-ի, այսինքն՝ գնագոյացումը համակարգում փոխվել է: «Հրազդան» ՋԷԿ-ից և «Գազպրոմի» 5-րդ բլոկից գնվող էլէներգիայի տոկոսը 12-ից բարձրացել է 20-ի: Մինչև 2009-ը 1 կՎտ ցերեկային էլէներգիայի սակագինը եղել է 25 դրամ, 2009-ին դարձել է 30 դրամ: 2013-ին՝ 38 դրամ, 2014-ին՝ 42, 2015-ից` 49 դրամ: Բարձրացումը հիմնականում պայմանավորվում է փոխարժեքի փոփոխությամբ, քանի որ ՀԷՑ-ը ծախսերը տարադրամով է կատարում, որպեսզի կորուստներ չունենա: Բայց ընդհանուր պատկերն ունենալու համար հարցը պետք է ուսումնասիրել դինամիկայի մեջ:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ի՞նչ է ցույց տալիս դինամիկան:
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ- Դինամիկան ցույց է տալիս, որ 2005-ին 1 կիլովատտը եղել է 5,5 ցենտ, նշանակում է՝ եթե փոփոխությունները լինում են տարադրամի տատանումների պատճառով, դոլարով սակագինը էապես չպետք է փոխվեր: Հիմա հասել է 10 ցենտի, դոլարով գինն աճել է 1,9 անգամ: 10 տարվա դինամիկան վկայում է, որ տարի է եղել, երբ գինը դրամով էապես է աճել (2008-ին փոխարժեքը եղել 1 դոլարը 305 դրամ): Եթե ուսումնասիրում ենք միայն վերջին տարին, 16 % փոխարժեքի փոփոխության դեպքում, որոշակի ազդեցություն ունեցել է: Փաստորեն՝ իջել է ՀԷՑ-ի շահույթի տոկոսը, իսկ փոխարժեքի տատանումների դինամիկան էապես չպետք է ազդեր սակագնի բարձրացման վրա:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ի՞նչ գործոններ են ազդում էլէներգիայի գնագոյացման և գնի փոփոխության վրա:
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ- Առաջին՝ գազի գինը սահմանին 1000 խորանարդ մետրի համար 189 դոլարից իջել է 165 դոլարի, սակայն խոշոր սպառողների համար, որոնք սպառում են 10000 խորանարդ մետրից ավելի, գինը դոլարով չի փոխվել, փաստացի դա հանգեցրել է արտադրական սպառողների համար դրամով գնի բարձրացման. 1000 խորանարդ մետրը եղել է 113 հազար դրամ, դարձել է 131 հազար դրամ: Նաև այդ պատճառով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գները բարձրացրել է ՋԷԿ-երի համար: «Երևան» ՋԷԿ-ի էլէներգիայի գինը օգոստոսի 1-ից 18 դրամից բարձրացվելու է մինչև 22 դրամի մեկ կիլովատտի դիմաց, Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի արտադրած էլէներգիայի գինն է նաև բարձրանալու՝ 37-ից 43 դրամի: Քանի որ «Հրազդան» ՋԷԿ-ը և 5-րդ բլոկը տալիս են էլէներգիայի մոտ 20 %-ը, ստացվում է, որ 20 %-ի գնի բարձրացման պատճառով բարձրանում է ամբողջ էլէներգիայի գինը 16 %-ով: Եթե միայն այդ գործոնը հաշվի առնենք, էլէներգիայի գինը 42-ից պիտի բարձրանար 44 դրամի: Երկու դրամի աճը ՀԷՑ-ի հետ կապված չէ: Երկրորդ գործոնը՝ ՀԷՑ-ը կատարում է պլանային գնումներ՝ որոշակի տոկոս գնում է ԱԷԿ-ից, որոշակի՝ ՋԷԿ-երից, որոշակի՝ ՀԷԿ-երից, բայց այդ պլանն անընդհատ խախտվում է ի վնաս ՀԷՑ-ի, երաշտի, ատոմակայանի երկար կանգառի պատճառով: Տարեկան պորտֆելի փոփոխությունները չեն կարող գնի վրա չանդրադառնալ, որովհետև ՀԷՑ-ը գումարի տարբերությունը փակում է վարկեր վերցնելով, որոնց տոկոսադրույքները վճարելը նույնպես ազդում է գնի վրա:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Պլանային պորտֆելի խախտումների պատճառով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատասխանատվություն կրո՞ւմ է:
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ- Ոչ, թեպետ մասնակցում է պորտֆելի ձևավորմանը: Երրորդ գործոնը՝ պետք է պարզել՝ ոլորտում կատարված ծախսերը հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ: Վերակառուցման և զարգացման նպատակով արվող ծախսերը արդյունավետ են, թե ոչ: Հայաստանի ՀԷՑ-ի համակարգում 30-40 տարվա չվերանորոգված ու չվերակառուցված ռեսուրսներ կան, որոնք պետք է նորոգել ու վերակառուցել, հակառակ դեպքում դա կազդի էլեկտրաբաշխման վրա: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց կարող է այդ գումարը գոյանալ և ի՞նչ արդյունավետությամբ ծախսվել վերակառուցման և զարգացման վրա: Երրորդ գործոնը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին՝ շահույթի նորմը 14 % է՝ հարաբերած ծախսերին, ինչքան շատ են ծախսերը, այնքան շահույթը մեծ կլինի: Երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ եթե ՀԷՑ-ը մոնոպոլ կարգավիճակում է, էլէներգիայի գեներատորները օլիգոպոլ կարգավիճակում են, այդպիսի կառույցները փաստացի շահագրգռված չեն կրճատել ծախսերը:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Լավ, ի՞նչ է տալու ՀԷՑ-ի աուդիտը և ի՞նչ աուդիտ պիտի արվի:
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ- Անհրաժեշտ է համալիր աուդիտ: Եթե մասնավոր ընկերություն է, տարեկան հաշվապահական աուդիտը, որ միջազգային կազմակերպություններն են իրականացնում, իր համար լրիվ բավարար է: Հաշվապահական աուդիտը ստուգում է՝ հասույթի, ծախսերի, եկամուտի հաշվետվությունները ճի՞շտ են արված, լիարժե՞ք են կատարված հարկային պարտավորությունները: Դա բավարար չէ մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպություններում, որովհետև այստեղ ծախսերը կարող են լինել շատ ավելին, քան անհրաժեշտ են: Այս դեպքում պետք է իրականացնել համեմատական աուդիտ և արդյունավետության աուդիտ: Արդյունավետության աուդիտը հնարավորություն կտա գնահատել՝ իսկապես արդյունավե՞տ է ծախսերի կառուցվածքը, մենեջմենտի վրա կատարված ծախսերը նպատակայի՞ն են եղել, նպաստե՞լ են կորուստների կրճատմանը: Համեմատական աուդիտը անհրաժեշտ է, որ համեմատենք՝ կազմակերպության իրականացրած գնումները շեղում ունե՞ն շուկայական գներից, բա՞րձր են, թե՞ ոչ: Նաև պետք է համեմատվի մարժայի տարբերությունը տարածաշրջանում: Եթե կա էական տարբերություն, ի՞նչ պատճառով: Էլէներգիայի գինը, որով վաճառվում է սպառողին, էապես բա՞րձր է տարածաշրջանում վաճառվող էլէներգիայի գնից, թե՞ ոչ: Այս վերլուծությունները կարող են արվել միայն համեմատական և արդյունավետության պարզման աուդիտներով: Հաշվապահական աուդիտը որպես կանոն միջազգային կազմակերպություններն են իրականացնում: Նրանք կարող են ստուգել ու եզրակացնել, որ ամեն ինչ հստակ ձևակերպված է, նրանց փաստացի չի հետաքրքրում, թե ծախսերը կատարվել են ինչ ծառայությունների ու ապրանքների դիմաց, որովհետև այդտեղ զուտ օրենքի խախտում չես կարող գրանցել: Կառավարման անարդյունավետությունը կարող է պարզել միայն արդյունավետության աուդիտը:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ի՞նչ է բխում Ձեր թվարկած գործոններից:
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ- Առաջին՝ ԵԱՏՄ պայմանագրի 64-րդ հոդվածը պահանջում է, որ ԵԱՏՄ անդամները իրականացնեն համաձայնեցված տարադրամային քաղաքականություն, որի համար անհրաժեշտ է հատկապես էներգետիկ ոլորտում անցնել դրամ-ռուբլի փոխհաշվարկի, այլ ոչ թե գործարքները կատարենք դոլարով: Դա կհամահարթեցնի դոլարի փոխարժեքի փոփոխությունը, որն այլևս չի հանգեցնի սակագնի կտրուկ բարձրացման: Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համակարգված կարգավորի գազի ու էլէներգիայի գները, որպեսզի գազի գնի փոփոխությունն անմիջապես չազդի էլէներգիայի սակագնի վրա: Սպառողների և արտադրողների համար գազի 277 դոլար սակագինը դրամով բարձրացրել է էլէներգիայի գնից բխող ապրանքների ու ծառայությունների արժեքները: Երրորդ՝ անհրաժեշտ է համալիր աուդիտ՝ արդյունավետության և համեմատական, որպեսզի պարզվի էներգահամակարգի ամբողջ շղթայի վիճակը՝ գնագոյացման տարբերությունների ազդեցությունը: Էներգակիրների գների հարցը ոչ միայն սոցիալական հարց է, այլև ազդում է երկրի մրցունակության վրա, որովհետև էլէներգիայի բարձր գնի պատճառով թանկացնելով ապրանքները՝ դրանք շուկայում դարձնում ենք ոչ մրցունակ:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Հնարավո՞ր է հայթայթել գումարներ էներգահամակարգից, կառավարման օպտիմալացմամբ, կատարված ծախսերի կրճատման միջոցով, թե՞ պիտի վճարի սպառողը: Եթե աուդիտը ցույց տա, որ խնայողության ու ռեսուրսների տեղ այլևս չկա իրականում, սպառողներին պետք է բացատրել վիճակը: Մեր հետազոտող խումբը հանգել է հետևյալ եզրակացության. համեմատական և արդյունավետության աուդիտները թանկ և աշխատատար գործընթացներ են, որ իմաստ ունի անցկացնել միայն այն դեպքում, երբ կա այդ գործի նկատմամբ հասարակական վստահություն:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ինչո՞ւ պիտի հասարակությունը վստահի աուդիտին:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Ես կարծում եմ, որ հասարակական բողոքները իրականացնողները պիտի կարողանան գտնել իրենց միջից բավարար մասնագիտական պատրաստություն ունեցող մարդկանց և լիազորեն նրանց մասնակցելու թափանցիկ աուդիտի իրականացմանը: Օրինակ՝ Հանրային խորհուրդն է հետաքրքրություն հայտնել այդ գործընթացին մասնակցելու: Կգտնվեն նաև ուրիշները, գուցե և քաղաքական ուժեր, որ կցանկանան մասնակցել: Միայն նրանց ներգրավվածությունը կապահովի աուդիտի նկատմամբ հասարակական վստահությունը: Երկրորդ՝ տասը տարի հետո ԵԱՏՄ-ում գործելու է միասնական էներգետիկ համակարգ, դա նշանակում է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի էներգահամակարգերը միավորվելու են մեկ մեծ տնտեսական օրգանիզմի մեջ: Կարծում ենք` նպատակահարմար է, որ այս աուդիտում Հայաստանի և Ռուսաստանի պետական պաշտոնյաները մասնակից դարձնեն ՀՀ Վերահսկիչ պալատին և ՌԴ Հաշվիչ պալատին: Վերահսկիչ և Հաշվիչ պալատները պետական վերահսկող մարմիններ են, որ ունեն համեմատական ու արդյունավետության աուդիտի անցկացման մեծ փորձ:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ի՞նչ է տալու երկու երկրների վերահսկիչ կառույցների համատեղ աշխատանքը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Առաջին՝ կմեծացնի երկու երկրների վերահսկիչ մարմինների աշխատանքի կոորդինացիան ռազմավարական ոլորտներում, որոնք որոշում են երկրի տնտեսության դեմքը: Երկրորդ՝ արդարացված կլինի նրանով, որ Հայաստանի էներգետիկ ռեսուրսների զգալի մասը ռուսական ընկերություն է և նրանց գործունեության համեմատական և արդյունավետության աուդիտին մասնակից դարձնելը ՌԴ Հաշվիչ պալատին միանգամայն տրամաբանական է: Երրորդ՝ վաղ թե ուշ՝ 5, 10, 15 տարի հետո, խնդիր է առաջանալու ԵԱՏՄ անդամ երկրների վերահսկիչ մարմիններին համագործակցության դաշտ բերելու կարևորագույն ասպարեզներում: Ավելի լավ չէ՞ սկսել այսօր, երբ ստեղծվել է առիթը: Եթե առաջին դեպքում մենք խոսում էինք հասարակական վստահության մասին, երկրորդ դեպքում խոսում ենք պետական կառավարման արդյունավետության բարձրացման մասին համաձայնեցված դաշտերում, որը ենթադրում է ԵԱՏՄ պայմանագիրը:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ո՞վ պիտի աուդիտը իրականացնի:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- ՈՒմ կհրավիրեն: Բայց, կրկնում եմ, միայն հաշվապահական աուդիտը իրավիճակը չի պարզելու: ՀՀ ՎՊ-ի և ՌԴ ՀՊ-ի մասնակցությամբ մենք լուծում ենք ոչ միայն հաշվապահական, այլև համեմատական ու արդյունավետության աուդիտների անցկացման հարցերը և ստանալու Հայաստանի ամբողջ էներգահամակարգի ընդհանուր, բացատրելի ու հասկանալի պատկերը, որը ունենալով արդեն այլ մակարդակում կարելի է որոշումներ կայացնել:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Եթե աուդիտը պարզում է, որ ամեն ինչ ճիշտ է, գնի բարձրացումն արդարացվում է, եթե պարզում է, որ սակագնի բարձրացումը ՀԷՑ-ի վատ մենեջմենտի հետևանք է, ի՞նչ է լինելու:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Կարծում եմ` կընդունվեն քաղաքական որոշումներ, նաև վարչական` մենեջմենտը բարելավելու նպատակով:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Հնարավո՞ր է, որ սեփականատերը փոխվի:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է երեք տարբերակ: Առաջին՝ սեփականատերը մնում է նույնը, երկրորդ՝ ՀԷՑ-ն ազգայնացվում է, երրորդ՝ փոխվում է սեփականատերը: Այս հարցերի պատասխանների վերաբերյալ հասարակական-քաղաքական քննարկումներ իմաստ ունի անցկացնել միայն համալիր աուդիտի արդյունքներն ունենալով, այլապես ցանկացած խոսակցություն աչքաչափով տված գնահատական է:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- ՀԷՑ-ն աշխատել է առանց աուդիտի՞:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- ՀԷՑ-ում անցկացվում է հաշվապահական աուդիտ, և ամեն ինչ նորմալ է՝ ըստ իրենց հրավիրած աուդիտորական կազմակերպության:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Օրենսդրական փոփոխությունների կարիք ոլորտում կա՞:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Եթե անհրաժեշտ է, որ ՀՀ օրենսդրությունը լրամշակվի և կատարելագործվի, դա էլ հնարավոր է քննարկել միայն համալիր աուդիտից հետո:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ- Ի՞նչ դեր ունի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Նախարարությունը իրականացնում է էներգետիկայի ոլորտում պետական քաղաքականություն: Եթե աուդիտը պարզի, որ արդյունավետության բարձրացման նկատմամբ պետությունը պիտի ավելացնի իր մասնակցությունը ինչ-որ ձևերով, նախարարությունը այդ առաջարկությունները կձևակերպի ու կներկայացնի կառավարությանը: Այս դեպքում խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության համաձայնեցման մասին է Հայաստանում էներգետիկայի գնագոյացման միտումներին:


Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ