Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երբ որ բացվեն դռներն հուսոյ»

«Երբ որ բացվեն դռներն հուսոյ»
31.07.2015 | 02:11

Վաղվանից սկսվում է կեսարների ամիս օգոստոսը՝ ինչպես Օսիպ Մանդելշտամն էր անվանում: Թեպետ՝ նույնքան «կեսարական» է հուլիսը: ՈՒ եթե հուլիսը հուլիս չլիներ, չէր լինի օգոստոսը, իսկ ավելի պարզ՝ եթե չլիներ Հուլիոս Կեսարը, ում անունն է կրում հուլիսը, երբեք կեսար չէր լինի Օկտավիանոսը, ում հռոմեացիներն անվանեցին Ավգուստոս՝ Օգոստոս ու նրա պատվին էլ` ամիսը: Մեր թվարկությունից առաջ առաջին դարից մինչև մեր օրերը համարյա փոփոխություններ չեն եղել. եթե չլինի հուլիսը՝ չի լինի օգոստոսը: Ժամանակների հաջորդականության մեջ ամեն ինչ հաստատուն է՝ պատճառահետևանքային կարուսելը գործում է անխափան: Թեպետ մենք չենք սիրում մեր կարճաժամկետ հիշողությունները համադրել ու միասնական դարձնել հիշողության շղթան, նրանք գտնում են իրար ու միանում առանց մեզ՝ մեր հիշողությունները, որտեղ դեպքերն ու իրադարձությունները բխում են իրարից, բայց երբեմն անտեսանելի է նրանց կապը, երբեմն մենք չենք ուզում տեսնել:
2015-ին ինչ էլ լիներ-չլիներ, լինի-չլինի, ապրիլը բոլորիս համար առանձնանում է. 2015-ի ապրիլին ցեղասպանության 100 տարին լրացավ: Մենք գրեթե ինքնաբերաբար տրվեցինք իրադարձությունների արտաքին շերտին՝ ո՞վ եկավ, ո՞վ չեկավ, ո՞վ ասաց, ո՞վ չասաց: Ինչո՞ւ, ե՞րբ, առա՞ջ, թե՞ հետո: Ո՞վ ընդունեց, ո՞վ չընդունեց: Պատարագե՞ց, թե՞ ոչ: Հռչակագրե՞ց, թե՞ ոչ: ՈՒ քանի՞սը մեզնից այդ օրերի իրադարձությունների հարահոսից առանձնացրեց ապրիլի 23-ը, երբ մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն կատարվեց: Նրանք, ովքեր ներկա՞ էին: Քանի՞սը մեզնից իմաստավորեց այդ իրադարձության հոգևոր նշանակությունը: Ընկալեցի՞նք, որ արդեն միլիոնուկեսից ավելի պաշտպաններ ունենք այնտեղ, որտեղ բոլորն ամեն ինչ գիտեն: Միստիկայի զոհերի շարքերում ինձ չգրանցեք, պարզապես մտածեք՝ պատահակա՞ն ժամանակի պատճառահետևանքային հոսքում ապրիլին հաջորդեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետևանքով Թուրքիայում ստեղծված վիճակը: ՈՒներ, չէ՞, Թուրքիայի նախագահն իր նախնիների ոճրագործությունն ընդունելու հնարավորություն: Չընդունեց: ՈՒներ, չէ՞, «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրություններում հերթական հաղթանակը տանելու ու խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորություն: Հաղթեց, բայց մեծամասնություն չունի: Անցած դեկտեմբերին Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, եկել էր Հայաստան ու ասում էր. «Զարմանալի ժողովուրդ եք հայերդ, դուք 100 տարի ապացուցում եք, որ Անատոլիայում ձեզ սպանել են, իսկ քրդերը, որ ապրում են»: ՈՒ ի՞նչ է հիմա կատարվում քրդերի հետ Թուրքիայում. երկու տարվա զինադադարը խախտվեց, ու թուրք-քրդական չհայտարարված պատերազմը վերսկսվեց: Թուրքիան խփում է քրդերին՝ երկրում ու երկրից դուրս: Կրկնում եմ՝ միստիկայի զոհերի շարքերում ինձ մի որոնեք: Իրաք, Սիրիա, «Իսլամական պետություն», ահաբեկչություն, Թուրքիա, Իրան, շիաներ, սուննիներ, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, ՌԴ, Մերձավոր Արևելք, նավթ, գազ, պատերազմ՝ այս ամենը եղել է ու կա ու գուցե շարունակվելու է երկար: Իրադարձությունների արտաքին կեղևի տակ կատարվում են բուն իրադարձությունները, որոնք միմյանց հետ տրամաբանական ոչ մի կապ չունեն արտաքուստ, բայց ներքուստ նույն շղթայի օղակներն են: Այդ շղթան մենք չենք տեսնում, մենք առավելագույնը առանձին օղակներն ենք գտնում ու սկսում շուռումուռ տալ, որ հասկանանք, որ բացատրենք, որ օգտագործենք: Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ: ՈՒ մենք գուցե երբեք էլ օղակները չենք շղթայելու, որովհետև Բաբելոնի աշտարակն այդպես էլ չկառուցվեց: ՈՒ հրաշալի էր, որ չկառուցվեց: Հրաշալի էր, որ մարդկանց լեզուները խառնվեցին, որ նրանք ցրվեն աշխարհով մեկ ու որոնեն իրենց ինքնությունը, ոչ թե Աստված դառնալու հնարավորությունը: Աստված կա, ու պետք չէ նրան կրկնել: Հնարավոր չէ:

Հնարավոր է սեփական պատմությունն ունենալ: Թուրքիան խորհրդարանական արտահերթ ընտրությունների շեմին է. կառավարություն այդպես էլ չկազմավորվեց սահմանադրական ժամկետում: Եթե կազմավորվի էլ, այլևս չեն լինելու այն գործունակ կառավարությունն ու այն ուժեղ նախագահը, որ կարող էր Սահմանադրություն փոխել: Եթե ընտրություն էլ լինի, Էրդողանի «Արդարություն և զարգացումը» կա՛մ բռնությունների դիմելով է բացարձակ մեծամասնություն հավաքելու, կա՛մ նորից չի հավաքելու: Երկու դեպքում էլ ակնհայտ է՝ Թուրքիան այլևս նախկինը չէ ու նախկինը չի լինելու: Հարյուր տարի հետո Թուրքիան չի լինելու այն Թուրքիան, ինչ մենք ենք ուզում տեսնել, բայց 2015-ի Թուրքիան հաստատ այն Թուրքիան չէ, ինչ 100 տարի առաջ ուզում էին երիտթուրքերը տեսնել:
Մենք էլ ենք ուզում Սահմանադրություն փոխել: Մենք, այսինքն՝ Հայաստանի իշխող կուսակցությունը: ՀՀԿ-ն նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ՝ խոստանալով նաև համակարգայինը: Ռեա՞լ է: Չգիտեմ, որովհետև անցած տարիները ցույց են տվել, որ Սահմանադրությունն ու օրենքները ունեն իրենց կյանքը, քաղաքական որոշումները՝ իրենց: ՈՒ համարյա չեն հատվում: Հակառակվում են, բայց չեն հատվում: Միջին վիճակագրական հայի անկախական փորձը հուշում է, որ հիմա էլ 10 տարին մեկ փոխվող Սահմանադրությամբ իմ կյանքը չի փոխվում: Որովհետև իմ կյանքը կփոխվի, երբ փոխվի բոլորիս կյանքը: Իսկ բոլորիս կյանքը թղթին հանձնված անկապ կամ փառահեղ մտադրություններից կախված չէ: Երեք նախագահ, Սահմանադրության երեք փոփոխություն: Օրինաչափությու՞ն է: Թերևս: Իշխանության բարձրադիր հարթության մեջ կյանքը այլ տրամաբանություն ունի, այլ խնդիրներ, այլ նպատակներ, այլ իմաստ: Մենք, որ այդ բարձրադիր հարթության մեջ չենք, իզուր ենք ուզում, որ այնտեղ ընդունված որոշումներն ու կատարվող քայլերը նաև մեզ վերաբերեն: Այս տրամաբանությամբ մեզ վերաբերելու են իբրև անդեմ, անկամ, անհասկ զանգվածի, որ մի առաքելություն ունի՝ համապատասխան թղթի համապատասխան վանդակում համապատասխան «այո»-ն արձանագրել: Բայց՝ խիստ ներշնչված, որ փոխում ենք մեր երկրի ու մեր կյանքը, ներկան ու ապագան, որովհետև բարբարոսություն է կիսանախագահական ու նախագահական կառավարումը, իսկ քաղաքակիրթ ու առաջադեմ խորհրդարանականը բացում է զարգացման ու բարեկեցության դռները, ու մանանա է, որ թափվելու է երկնքից մեր սոված ու ծարավ շարքերի վրա, ուստի՝ շարան-շարան դեպի հանրաքվե: Չէ, չեմ հեգնում, պարզապես չեմ հասկանում: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի կայուն մեծամասնություն ունենա որևէ կուսակցություն, որն էլ լինի, խորհրդարանական կառավարման պարագայում: Կայուն մեծամասնությունը նշանակում է կառավարության ու հենց իր՝ կայուն մեծամասնության բոլոր օրինագծերի առաջ կանաչ ճանապարհ, ուրեմն ի՞նչ տարբերություն ներկա կառավարումից: Կայուն մեծամասնությունը հակառակ է խորհրդարանական կառավարման տրամաբանությանը, որտեղ քաղաքական ուժերը պետք է ունենան երկրի կառավարմանը մասնակցելու հնարավորություն, ոչ թե մեկը մյուսի ծրագրերին կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորություն: Քաղաքական ուժերը պետք է ունենան իրական, երկրի խնդիրներն ու զարգացման հնարավորությունների հաշվառումով գրված ծրագրեր ու ընտրությունների ժամանակ պիտի նրանց ծրագրերը մրցեն, ոչ թե կուսակցությունների ղեկավարներն ու անդամները: ՈՒ եթե ծրագիրը մրցունակ չէ, քաղաքական ուժը չպիտի հավակնի իշխանության: Եթե կուսակցությունը շեղվել է իր ծրագրից, ընտրություններում կորցնելու է ձայները, հետևաբար՝ իշխանությունը: Եվ իշխանության է գալու առավել ռեալ ու իրատեսական ծրագիր ունեցող ընդդիմությունը: Սա է մոդելը, որին մենք ձգտում ենք, բայց ի սկզբանե բովանդակազրկելով քաղաքական մեծամասնության թեզով: Որովհետև իրականում չունենք մրցունակ ծրագրերով կուսակցություններ: Որովհետև իրականում չունենք ընտրությունները իբրև ընտրություն անցկացնելու ցանկություն: Որովհետև իրականում չունենք ընտրող, որ ազատ-արդար-թափանցիկի դեպքում գիտի՝ ում է ընտրելու: ՈՒնենք իշխանություն ձևավորելու անհրաժեշտություն, որովհետև պետությունը պիտի կառավարվի, ունենք ընդդիմություն ձևավորելու ցանկություն, որովհետև ձևի համար նրանք էլ պետք է համակարգի մաս կազմեն: Ունենք իշխանություն, որ համակարգային փոփոխությունը հասկանում է մեկ պաշտոնյայի մեկ այլ՝ համարժեք կամ ավելի բարձր պաշտոնի անցնել: Առավելագույնը՝ նախարարությունները միացնել ու բաժանել:
Վաղը օգոստոսի 1-ն է, էլեկտրաէներգիան թանկացա՞վ, աուդիտից ի՞նչ լուր կա, յոթ դրամը ո՞վ ու ինչպե՞ս է վճարելու սպառողի փոխարեն, երկու շաբաթից գնալու ենք կոմունալ վճարումների, ինչպե՞ս ենք բաժանումները կատարելու: Այսօրվա սակագնո՞վ ենք վճարելու, հետո կառավարությունն ավելացնելո՞ւ է, թե՞ ինչ: Սահմանադրության հետ ի՞նչ կապ ունի: ՈՒղիղ: Կյանքի իրավունք է ոտնահարվում: Նորմալ կյանքի, որի երաշխավորը Սահմանադրությունն է, Սահմանադրության երաշխավորը՝ նախագահը: Իսկ նախագահը մեկ ամիս առաջ է հանձնարարել վարչապետին սակագնի բարձրացումը փոխհատուցելու ֆինանսներ գտնել մինչև աուդիտի արդյունքները: ՈՒ վարչապետը հուլիսի 27-ին, մեկ ամիս անց, դեռ ոչինչ չի հայտնիացրել նախագահի հանձնարարականի կատարման մասին: Որովհետև ապրում ենք օրով, օրը՝ օրին, օրը կգա՝ բախտը կտա:
ՈՒ եթե վերադառնանք 2015-ի յոթ ամիսների տված-տարածին, բացի ամեն ինչից՝ պիտի արձանագրենք՝ կրկեսում ձանձրալի է, մի քիչ աղմկեց ու եկեղեցի կառուցելու գնաց Գագիկ Ծառուկյանը, այլևս ոչ ոք մեր կողքին չէ, այլևս հաջորդ դասին չենք սպասում, գոնե մի նոր 12 կետ չեն հնարում, որ առանձին-առանձին, հետո միասին քննարկեն, կառավարությունից պատասխան պահանջեն, ստանան, չընդունեն, ընդունեն՝ անգամ շարժման պատրանք չկա, որովհետև ինչպես իշխանությունը, այնպես էլ ոչիշխանությունը այլևս գոնե ձևականորեն հասարակական աջակցություն ապահովելու խնդիր չունեն՝ համատեղ զբաղվում են սահմանադրական բարեփոխումների գործընթացով, այսինքն՝ ապագա իշխանական բուրգում իրենց տեղադերաբաշխման խնդիրներով, որից հետո միայն իմաստ ունի մտածել հասարակական, քաղաքական, ժողովրդավարական փաթեթավորումն ապահովելու մասին: Իշխանությունն ու ոչիշխանությունը այս ամռանը, ինչպես նախորդ, այս աշնանը, ինչպես անցած, նույն գործընթացով են զբաղվելու՝ առաջ, դեպի ապահով, առավել ապահով, ամենաապահով Հայաստան: Սա հրաշալի կարուսել է, որի ձիուկները չեն փոխվում, որի պտույտները արագանում ու դանդաղում են, բայց ձիուկները միշտ նույն շրջանի մեջ են՝ շրջանի փոփոխությունը նշանակելու է կարուսելի փոփոխություն: «Մենք», «կրկես», «դարձնել», «Հայրենիք», «չունենալ». խոնարհեք, հոլովեք ու բառերը դասավորեք ըստ ձեր հայեցողության ու ճաշակի: Կարող եք դերանունն էլ, գոյականն էլ, բայն էլ փոխել, հոմանիշներ ու հականիշներ ավելացնել, առավել ևս՝ կետադրել ըստ ցանկության: Դուք ազատ եք ձեր գործողություններում: Եթե, իհարկե, վերջապես, գործելու ցանկություն ունենաք: Միայն թե չերգեք հայտնի երգը՝ «ծՈրՑՏÿքՌւ ոցռվօւ ՎՈսՏ, ԹՏՑ Ռ վպՑց ՉՏՋՈՍՏՉ»: Երգեք «Կիլիկիան»՝ հին հայկական երգ է, պատմական երգ է, բուն հայկական՝ «Երբ որ բացվեն դռներն հուսոյ»: Ազգովին 100 տարի ու ավելի երգում ենք, թեև արդեն «Մհերի դռան գիրքն» էլ ունենք ու գաղտնիքն էլ գիտենք: Մենք ենք, ու մեր Ժամանակների հաջորդականության մեջ ամեն ինչ հաստատուն է՝ պատճառահետևանքային կարուսելը գործում է անխափան: Մենք չենք սիրում մեր կարճաժամկետ հիշողությունները համադրել ու միասնական դարձնել շղթան, փոխարենը առանձին օղակների մեջ հարմար տեղավորվում ենք ու սպասում՝ աշխարհն ինչ կասի, աշխարհն ինչ կանի, ո՞վ կգա՝ մեզ տեր կանգնի: Չէ՞ որ «Մենք ենք տերը մեր երկրի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Օսիպ Մանդելշտամն ասում էր. «Երբ կյանքը մի ծեր գայլ էր էգ, Կեսարների ամիս օգոստոսն ինձ ժպտաց»: ՈՒ եթե մի անգամ ժպտացել է, կժպտա նորից, թող ձեզ ժպտա Օգոստոսը, որ սկսվում է Հուլիսից: Ձեզ Կեսար զգացեք: Բարի աշուն ձեզ:

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ