Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Բարձր մարդկային գծեր կան մեր ժողովրդի մեջ, որը ես անչափ արժեքավոր եմ համարում»

«Բարձր մարդկային գծեր կան մեր ժողովրդի մեջ, որը ես  անչափ արժեքավոր եմ համարում»
31.07.2015 | 11:31

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում՝ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, բացվել է և մինչև օգոստոսի 30-ը կգործի չորս տասնամյակ Կանադայում ապրող մեր հայրենակցի՝ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Միջազգային բազմաթիվ պարգևների և համաշխարհային հռչակի արժանացած արվեստագետի վաստակը հայրենիքում և հայկական սփյուռքում գնահատվել է «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, «Արշիլ Գորկի», Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի «Նարեկացի», «Պատվո շքանշան» մեդալներով:
«Արտո Չաքմաքչայն. վերածնունդ» խորագրով ցուցադրությունը ներառում է արվեստագետի շուրջ երեսուն աշխատանք ¥քանդակներ, գրաֆիկական գործեր¤, որոնցով հետխորհրդային շրջանում առաջին անգամ կայանում է հայ արվեստասերների և անվանի արվեստագետի հանդիպումը՝ անհատական ցուցահանդեսի ձևաչափում:
Մեր զրույցի ընթացքում քանդակագործը, ի թիվս այլ թեմաների, խոսեց իր նվիրական նպատակների մասին՝ ապրել Հայաստանում, հայրենիքին ի պահ հանձնել իր ամբողջ ստեղծագործական ժառանգությունը և հայրենի հողի վրա կանգնեցնել մեծադիր մի քանդակ՝ «Երևանի մուտքը» աշխատանքը՝ արված 1970-ականներին:
Արվեստասերները ոչ միայն հնարավորություն ունեն մաեստրոյի մեծարժեք գործերը տեսնելու «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, այլև ձեռք բերելու նրա ստեղծագործությունների պատկերագիրքը, որ լույս է ընծայվել ցուցահանդեսի կազմակերպիչների ջանքերով:

«ԱՄԵՆ ԿԵՐՊ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՈՒ ԱՇԽԱՏԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ»


-Մաեստրո, Ձեր կենսագրության մեջ ինձ հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ 1964 թվականին Մոսկվայի խաղաղության կոմիտեի 1-ին մրցանակին եք արժանացել «Հիրոսիմա» քանդակի համար, որն ի սկզբանե վերնագրված է եղել «Հայաստան»: 1948 թվականին հայրենադարձված ընտանիքի զավակ էիք, Ձեր գեղագիտական մոտեցումներում ընդգծված ազգային որակներ ունեիք, ինչպե՞ս պատահեց, որ ճակատագիրը Ձեզ մատուցեց այդպիսի նվեր:
-Ես այս աշխատանքն արեցի մեզ՝ հայերիս համար, և կոչեցի «Հայաստան»: Բայց այն չընդունեցին խորհրդային պաշտոնյաները: Հետո Մոսկվա ներկայացրի քանդակս՝ ուրիշ առիթով, ուրիշ վերնագրով, և այն ստացավ առաջին մրցանակ: Ցուցադրվեց Ճապոնիայի թանգարանում: Տասնհինգ մետր բարձրությամբ այն քանդակելու առաջարկ ստացա, բայց ԿԳԲ-ն արգելեց, և ես զրկվեցի այդ արձանի իրական կատարման հնարավորությունից: Ես հոգով-սրտով այդ քանդակը Հայաստանի համար եմ արել: Բայց դա չհասկացվեց ժամանակին: Հիմա տեսնում եմ, որ Հայաստանում սկսել են հասկանալ, գնահատել այդպիսի արժեքները, ինչի համար ես շատ ուրախ եմ: Եվ ամեն կերպ պիտի աշխատեմ վերադառնալ ու ապրել Հայաստանում:

«ՆԱՐԵԿԱՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿՆ Է, ԻՍԿ ԿՈՄԻՏԱՍԸ ԻՄ ՍՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»


-«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում Ձեր ցուցահանդեսի բացման ժամանակ նվեր ստացաք Կոստան Զարյանի գիրքը, մի բան, որ շատ սպասելի էր: Ինչո՞վ էր պայմանավորված 1965-ին նրան քանդակելու հանգամանքը, երբ խորհրդային իշխանությունն ու հասարակությունը պարզապես անտեսել էին այդ մեծ մտավորականին:
-Ես սիրում եմ քանդակել խելացի մարդկանց:
-Ա՞յս մտայնությամբ եք առաջնորդվել Կոմիտասի և Նարեկացու կերպարների բազմաթիվ մեկնաբանություններում, որ տեսնում ենք Ձեր գրաֆիկական և քանդակագործական աշխատանքներում:
-Այո: Նրանք Հայաստանի լավագույն դեմքերն են: Մեկը՝ Գրիգոր Նարեկացին, Հայաստանի ներքին մտածողության լավագույն օրինակն է, մյուսը՝ Կոմիտասը, իմ սրտի Հայաստանն է:
-Այդ կերպարների մասին Ձեր ստեղծագործական ասելիքը համարում եք սպառվա՞ծ:
-Այդ թեմաները չեն կարող սպառվել: Իմ «Վերջին Կոմիտասը» քանդակում, որն արել եմ 2011 թվականին, Կոմիտասի բերանը բաց է:
-Այո, այդ քանդակում Կոմիտասը սնամեջ է, ասես այն մի տարածություն է, որում յուրաքանչյուրս կարող է գտնել-տեսնել իր պատկերացրած հոգևոր բովանդակությունը:
-Կոմիտասը երգում է: Եվ եթե երկար կանգնես այդ քանդակի կողքին ու ականջդ մոտեցնես նրա բերանին, այնտեղից դուրս եկող երաժշտությունը կլսես:
-Կարելի՞ է ասել, որ Ձեր քանդակում Կոմիտասը երգեհոնի փողի է վերածվել:
-Ո՜չ, ոչ: Դա Կոմիտասն է, երգեհոն չէ:
-ՈՒրեմն ի՞նչ է, ծիրանափո՞ղ է:
-Ո՜չ: Կոմիտասը երգի փոքր նշույլ է: Եվ ես այդ երգը շատ սիրել եմ: Դա մարդկային ձայն է:
-Գրիգոր Նարեկացու մեծադիր քանդակ անելու նպատակ չե՞ք ունեցել երբևէ:
-Գիտեք, ես այլևս պայքարել չեմ կարող: Այնպես որ…

«ԳԱՖԷՍՃԵԱՆ» ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ՈՒՐԻՇ ԼԱՎ ՆՊԱՏԱԿԻ Է ԾԱՌԱՅՈՒՄ, ՄԵԾ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԸ` ՈՒՐԻՇ»


-Դուք երկու հանրահայտ մոնումենտալ գործ ունեք. 1983-ին արված «Կոմիտասը», որ գտնվում է Դետրոյթում, և 1984-ին արված «Ապրիլյան հուշակոթողը», որ գտնվում է Տորոնտոյում: Արվեստաբանները դրանք համարում են ամենանշանակալիցը Ձեր ստեղծագործական ժառանգության մեջ: Համամի՞տ եք այդ գնահատականին:
-Ո՜չ, ես կարևոր այլ գործեր էլ ունեմ: Օրինակ՝ շատ կարևոր եմ համարում իմ քանդակներից մեկը, որ անվանել եմ «Հույս»: Այն հինգ մետր բարձրությամբ մի քանդակ է, որը տեղադրված է Մոնրեալում: Բրոնզե մանրակերտը, որ իմ անձնական հավաքածուի նմուշներից է, ցուցադրված է այստեղ՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացված ցուցահանդեսում: Դա ինձ համար մեծ նշանակություն ունեցող գործ է:
-Բազմաթիվ ցուցահանդեսներ եք ունեցել աշխարհի խոշոր մշակութային կենտրոններում, Ձեր քանդակները զարդարում են տարբեր քաղաքների հրապարակներն ու փողոցներրը: Այս շարքում առանձնակի տեղ ունի 2010-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած Ձեր քանդակների ցուցահանդեսը: Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ մասշտաբային ձեռնարկումների և այս՝ հայրենիքում բացված ցուցահանդեսի առիթով:
-Այստեղ՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում արված ցուցահանդեսն ուրիշ լավ նպատակի է ծառայում, այնտեղ՝ մեծ բեմահարթակներում ներկայացվելը՝ ուրիշ: Մեծ ասպարեզում ես ցույց եմ տալիս, թե ինչ կարող է անել քանդակագործը, ինչ արժեքներ ստեղծելու է ընդունակ: Իսկ հայրենիքում ես ցույց տվեցի, որ օգտակար մարդ եմ: Մինչև հիմա օգտակար չէի եղել, հիմա փորձեցի օգտակարությունս ապացուցել:
-Կարծում եք, թե նո՞ր պիտի ապացուցեք Ձեր օգտակարությունը հայրենիքին:
-Սա դառը կատակ է: Սովետի ժամանակ դժվար էր համոզել, որ դու օգտակար ես:
-Դուք հայրենադարձվել եք ստալինյան հետապնդումների ժամանակաշրջանում: Ինչպե՞ս եք դիմակայել դրանց:
-Ես հեռու էի պահում ինձ վտանգավոր մարդկանցից: Երբեք չեմ աշխատել նրանց կողքին:
-Բայց նրանք չէին ներում հատկապես իրենցից հեռու եղող, իրենց հետ չշփվող մարդկանց: Դուք ինչպե՞ս եք խուսափել արհավիրքից:
-Այո, Դուք ճիշտ եք ասում: Բայց ես բավական զգույշ էի: Եվ կարողացա չնկատվել նրանց կողմից:

«ՈՐՊԵՍԶԻ ԻՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ ԳՏՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»


-Վերջերս Դուք հայրենիքում արժանացաք «Պատվո շքանշանի»: Ի՞նչ նշանակություն ունի այս պարգևը Ձեզ համար:
-Ես չգիտեի, որ իմ ստացած պարգևն այդքան արժեքավոր է: Նման բարձր պարգև չէի սպասում, որովհետև ես որևէ ներդրում չեմ կատարել այստեղ, հիմքեր չկային այդպիսի գնահատականի արժանանալու համար: Ես ոչ մի քանդակ չունեմ Հայաստանում դրված: Ինչ խոսք, ուրախ եմ, շատ ուրախ այդ պարգևի համար: Բայց իմ արվեստը չպիտի շեղվի իր ուղղությունից: Ես ցանկանում եմ իմ ամբողջ ժառանգությունը բերել հայրենիք, որ իմ ստեղծագործությունները վերջնական հանգրվան գտնեն Հայաստանում:
-Իսկ Հայաստանում մեծադիր քանդակ անել չե՞ք ցանկանում:
-Ես չեմ կարող վստահ խոսել Հայաստանի հետ կապված այդպիսի նպատակների մասին: Բայց այդպիսի նպատակ, իհարկե, ունեմ: Ցանկանում եմ քանդակել «Երևանի մուտքը»: Ցանկանում եմ, որ դրսից Հայաստան եկող մարդիկ այդ արձանի կողքով անցնեն ու տեսնեն այն: Տեսնենք, թե ինչպես կստացվի:
-Արձանի համար նախանշած տեղ ունե՞ք արդեն:
-Այո: Այն պիտի դրվի այնպես, որ և՛ օդանավակայանին մոտ լինի, և՛ Երևան քաղաքի մուտքին:
-Դուք դասավանդել եք Քվեբեկում: Ձեր հայկական ստեղծագործական միտքն ու մարդկային որակները ընկալո՞ւմ էր Արևմուտքի երիտասարդությունը:
-Այո: Շատ լավ ընկալում էին իմ արվեստը և շատ լավ սովորում իմ տված դասերը: Ես այստեղ էլ էի ցանկանում դասավանդել, բայց մարդիկ չցանկացան: Ի՞նչ կարող եմ անել:
-Հայաստանո՞ւմ էիք ցանկանում դասավանդել:
-Այո: Ինչ-որ շրջանում ցանկություն ունեի դասավանդելու Հայաստանում, ցանկություն ունեի հիմք դնելու: Որովհետև որևէ բան կարող է աճել, եթե հիմք ունենա: Հիմք ունենալու դեպքում ոչ միայն կաճի, այլև պտուղ կտա: Բայց ես դա չկարողացա անել:
-Ինչո՞ւ չկարողացաք: Այդ չկարողանալն ինչո՞վ է բացատրվում:
-Բաներ կան, որ չեն բացատրվում…
-Դուք լավ ծանոթ եք Խորհրդային Հայաստանի իրականությանը: Հիմա ցանկություն ունեք վերադառնալու և ապրելու մի Հայաստանում, որը մեծապես տարբերվում է Ձեր ճանաչածից: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքն այսօրվա Հայաստանի Հանրապետությունում:
-Ես տեսնում եմ, որ շատ է փոխվել այսօրվա հայը, շատ է զարգացել: Բարձր մարդկային գծեր կան մեր ժողովրդի մեջ, որը ես անչափ արժեքավոր եմ համարում: Եվ այս ժողովրդի մեջ, այս Հայաստանում եմ ցանկանում ապրել մնացած կյանքս:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ