Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի՞նչ երկիր է կառուցվում Հայաստանում

Ի՞նչ երկիր է կառուցվում  Հայաստանում
31.07.2015 | 11:41

Իրոք: «Ի՞նչ երկիր է կառուցվում Հայաստանում» հարցն արդեն քառորդ դար մշտապես հնչում է հայ հանրության ամենատարբեր հատվածներում՝ տանն ու փողոցում, լսարանում ու աշխատավայրում, սրճարանում ու մարզասրահում, տրանսպորտում ու հիվանդասենյակում, ուրախ ու տխուր պահերին, տոնական ու անգամ թաղման ծեսերի ընթացքում: Թեև սահմանադրորեն նշվում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական կարգավիճակի մասին, այսուհանդերձ, մարդիկ միշտ առիթ ու պատճառ ունեն արտահայտվելու և մտորելու, վստահելու և կասկածելու, հավատալու և հիասթափվելու, մի խոսքով՝ սպասումների ու ակնկալիքների տրվելու, առավել հաճախ` վրդովվելու և հուսալքվելու: Տարօրինակն այն է, որ այս կարգավիճակում են ոչ միայն իրենց առօրյայից դժգոհ մեր հարյուր հազարավոր քաղաքացիները, այլև հայ հանրության նորօրյա հարուստներն ու մեծահարուստները, որոնք պարտադրված են քողարկվել թիկնապահներով ու հզոր ցանկապատերով, ապրել անառիկ բերդեր հիշեցնող առանձնատներում, երթևեկել ինքնաձիգների փամփուշտներից պաշտպանված ավտոմեքենաներով: Ծանոթանալով նրանց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերին` նկատում ես, որ անհարմարության զգացում են ապրում իրենց իրական ունեցվածքից, ասենք, 3 մլն դոլար արժեցող հազիվ մեկ հյուրանոցի կամ ռեստորանի, արտադրության կամ առանձնատան արժեքն է ներկայացվում որպես ողջ սեփականություն: Ասվածի պարզ օրինակ է «Հաղթանակ» զբոսայգու դիմացի տարածքը, տասնամյակներ առաջ այստեղ կառուցված պատը շուրջ 2 մետրով բարձրացնելը, որի վրա երիտասարդ բաղրամյանականներն իրենց խոսքերը գրառեցին: Հասել ենք մի վիճակի, երբ անգամ եկեղեցի կառուցելն է քննարկման առիթ դառնում, թեև այն վեր է խոյանում կոնկրետ գործարարի կամ հանգանակության և Մայր աթոռի միջոցներով: Մարդ արարածին առաջնահերթորեն անհրաժեշտ պարզ ու հասարակ պահանջմունքներից զրկված հանրային զգալի հատվածը իշխանությանն ու իշխանավորին է դիտարկում որպես իր վիճակի հիմնական մեղավորի, նրան գնահատում ամենախիստ որակումներով, չարիքի կրող ու տարածող համարում, անգամ ¥մեղա, մեղա¤ մեր թշնամուց ատելի համարում: Հայաստանյան հանրության ու իշխանության միջև բարերար միջավայրի ու մթնոլորտի ստեղծումը կարծես ազգային խնդիր չէ, այն օրակարգային չէ, հայերիս համախմբելու միջոց չէ: Եվ խնդրեմ, այս խառնակ ժամանակներում հանրությանն իր դժգոհությունն ու զայրույթն արտահայտելու նոր միջավայր է ստեղծվում, հերթական «մայր օրենք» որակվող փաստաթղթի տեսքով, որը տարօրինակորեն չունեն, ասենք, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան: 70-ը բոլորած համալսարանական կրթությամբ ՀՀ քաղաքացիս վկայում եմ, որ ծանոթ-բարեկամներիս, ընկեր-հարազատներիս, աշխատանքային ու հարևան միջավայրիս մի քանի հարյուր ներկայացուցիչներից հազիվ 1-2-ն են ծանոթ նույնանուն նախորդ սահմանադրություններին, քանզի, բարեկիրթ քաղաքացիներ լինելով, երբևէ խնդիրներ չեն ունեցել ո՛չ տեղական կառավարում հռչակվող կառույցների, ո՛չ մեծ ու փոքր իրավապահների, պետական այլևայլ կառույցների հետ, դրանք համոզված որակելով անցավ գլուխը հարվածի տակ դնելու հաստատություններ: Նրանց սրտնեղությունը նրանից չէ, որ օրվա սնունդը խաշած կարտոֆիլն ու մակարոնն է, հաջորդ օրը` բրնձի փլավն ու տապակած կարտոֆիլը ¥դրանք իր ճակատագիրն է համարում, երբեմն՝ առողջ սնունդը¤: Նրա այդ հանդարտ վիճակը վրդովմունքի է վերածվում, երբ կեսգիշերին մոտ ավտոմեքենայով բակ մտած վարորդը 9-րդ հարկի իր ծանոթին գալու մասին հիշեցնում է ձայնային զիլ ազդանշանի միջոցով, իսկ հարևան իրավապահն անգամ դիտողություն չի անում: Առավոտյան արթնանում ու տեսնում է, որ բակում ու հարակից մայթին հերթական ապօրինաշինությունն է ծավալվում, իսկ հարևան պաշտոնյան անտարբեր նայում է, սպասելով, որ ինչ-որ մեկը բողոքի դիմում կգրի: Օրվա տարբեր ժամերի բազմաբնակարան շենքերի բակերում աղմուկ-աղաղակ է արձանագրվում, սպառնալիք ու հայհոյանք հնչեցվում, անգամ կրակոցներ արձակվում, արձագանքը զրոյական է, ոստիկանության հենակետերում ոչ մի շարժ, սպասում են ակտիվ քաղաքացիների, ովքեր «կհանդգնեն» ահազանգել ու վկայություններ տալ: Կարծես այդ բնակելիներում չեն ապրում տասնյակ ուսադիրավոր ու փաստաթղթավորված պաշտոնյաները, չնշելով գաղտնի գործակալների ու գործ տվողների մասին: Քաղաքացին բակից մայթ է անցնում, և խնդրեմ՝ նրա ճանապարհը փակել է ինչ-որ մեկի ջիպը, որը շրջանցելու համար ստիպված է հայտնվել փողոցի երթևեկելի մասում: Օրվա յուրաքանչյուր ժամի միայն Երևանում նման հազարավոր փաստերի կհանդիպես, որն արհամարհանք է ոչ միայն հետիոտնի, այլև առավել այն կառույցի հանդեպ, որը կոչված է կանխելու նման զանցանքը, որն այս դեպքում հանցանք կարելի է որակել: Ի՞նչ հրահանգ ու որոշում, կարգադրություն ու հրաման է անհրաժեշտ օրինապահ քաղաքացուն արհամարհող ու վիրավորող ամոթալի այս երևույթը վերացնելու համար, որը մեզանում փոխարինվում է անգամ զանցանքի տարրեր չպարունակող երևույթների դիմաց մարդկանց հազարավոր դրամներով տուգանելու անհարկի գործելաոճով:
Այսպիսին է մեր առօրյան, հարյուր հազարավորների կենցաղը, մարդիկ, որոնք համեստ կարգավիճակով են ապրում, հարկեր ու տուրքեր վճարում, ակնկալում, որ դրանցով հայաստանյան չափանիշերով բավարար աշխատավարձ ստացող ու օժանդակ ծախսեր իրականացնող պաշտոնյաներն էլ իրենց հերթին բարերար միջավայր կստեղծեն հանրության համար: Ավաղ, չի ստացվում. մեկ բակում հերթական շինությունն է հայտնվում, մայթին` բետոնակառույց առևտրի կետ, թաղամասում ու հանրային վայրում` էլիտար շենք ու ռեստորան կամ մի ամբողջ թաղամաս։ Մի խոսքով, անհարկի ու անբարո վիճակ, միջավայրի այլանդակում, հանրային կարծիքի արհամարհում, և այս ամենը` «հանրային կարիք» հորջորջվող մանանեխ-սոուսով: Անգամ մարդկանց ուշադրությունը շեղելն է անհարկի գործ համարվում, որպիսի միջոց կարելի է համարել, ասենք, քաղաքամերձ քարքարուտները այգեգործական նպատակներով մարդկանց տրամադրելը, որը տասնամյակներ առաջ հաջողությամբ իրականացրեց համայնավարական նոմենկլատուրան: Թե՛ ուշադրությունը կարելի է շեղել, թե՛ պտուղ-բանջարեղենի մշակությամբ զբաղվել, հետն էլ յուրօրինակ տարածքային հանգիստ հայտարարել: Բայց կարծես հաշվարկել են, որ այս պարագայում կպակասեն խեղճուկրակները, որոնց շարքերում են հարկադրված ընտրակաշառք ակնկալողները:
Պարզից էլ պարզ է, որ այս վիճակը պարզունակ ամենաթողություն չէ, այլ ինչ-որ ձևով լավագույնս կառավարվում է: Կեսգիշերին ավտոմեքենայի ազդանշանը հնչեցնողը, մայթին տաղավար կառուցողը, այգում ձկան խանութ տեղադրողը, կարմիր գծեր քաշողը, առևտրի դիմաց կտրոն չտրամադրողը, շենքի տանիքը բնակտարածության վերածողը, ընդհանուր օգտագործման նկուղային հարկը սեփականաշնորհողը, համանման խախտումներ իրականացնողը պատահական մեկը չէ, նա տվել-առել, վստահություն է ներշնչել, արդյունքում համակարգն իրեն է հարմարեցրել, կամ, նույնն է թե, իրեն են հարմարեցրել: Այստեղ կարգուկանոն հաստատելու կոչված փոքր ու մեծ այրերը պարզ անտեղյակություն են ցուցաբերում, քանզի նրանց նախորդ գործողություններն անգամ նվազագույն դրվատանքի չեն արժանացել, այլ գնահատվել են ավելի լուրջ գործերով զբաղվելու ցուցումներ: Եթե խաղի այս կանոններից ինչ-որ շեղումներ արձանագրվում էլ են, ապա դրանք հանրահայտ սակագնային հանձնաժողովի աշխատաոճի դրսևորումներից են. քեզ 7 դրամ է պետք, դու 17 պահանջիր, ես քո 7-ը կերաշխավորեմ: Կամ` դու ուղեվարձի համար կամայական 200 դրամ գին ակնարկիր, ես քո ակնկալածը կհաստատեմ: Այսօրինակ գործելաոճում իրականությունն ու տնտեսագիտական միտքը տեղ չունեն, երբ ամենահամոզիչ կերպով հաստատվում է գների ուռճացված լինելը, գերշահույթներ ստանալը, գործընթացի ստվերային կողմը, առանձին ոլորտների օլիգարխացումը։ Արդյունքում` արդեն 8-րդ տարին շարունակ ունենք 10 մլրդ դոլար համախառն ներքին արդյունքով երկիր, երբ երբեմնի ԽՍՀՄ-ի մաս հանդիսացող 1,2 մլն բնակչությամբ Էստոնիայում այն 35 մլրդ է, աֆրիկյան 1,8 մլն-անոց Բոտսվանայում՝ 40 մլրդ, երբեմնի սոցիալիստական 2 մլն բնակչությամբ Սլովենիայում՝ 60 մլրդ, բյուջեն` ՀՀ-ի տասնապատիկը` 25 մլրդ դոլար:
Տարօրինակից առավել արտառոց է, երբ ՀՀ տնտեսության առանձին ճյուղում, ասենք, գյուղոլորտում, վերջին տարիներին 10 տոկոսի չափով կայուն աճ է արձանագրվում, երբ անգամ ստեպղինն ենք հողազուրկ Իսրայելից ներմուծում: Փաստում եմ, որ համեստ կենցաղով ապրող շրջապատիս տասնյակ ընտանիքների խոհանոցներում չեն հայտնվել ո՛չ տեղական արտադրության հատիկաընդեղեններն ու կենդանա-բուսական ծագմամբ յուղերը, ո՛չ շաքարավազն ու երշիկեղենը, ո՛չ էլ անարատ կաթից պատրաստված կաթնամթերքները: Կարտոֆիլն ու հացահատիկը մշակվել են արտերկրից ներմուծված հազարավոր տոննաների հասնող տնկանյութով ու սերմերով, երշիկեղենի ողջ հումքը արտասահմանյան ծագում ունի, հավի, խոզի ու տավարի մսի տասնյակ հազարավոր տոննաներ ներկրվում են աշխարհի չորս կողմերից, շաքարավազի հումքը` նույնպես: Արտահանվում են հիմնականում ալկոհոլը, ծխախոտն ու վերամշակված սուրճը, եղանակային բարենպաստ տարիներին էլ` մի քանի հազար տոննա պտուղ-բանջարեղենը: Անգամ աննախադեպ 20 հազար տոննա ծիրանի արտահանման պարագայում այն ՀՀ 1 գյուղաբնակի հաշվով անգամ 15 դոլար չի կազմում, արտահանման ծավալի էլ՝ հազիվ 1 տոկոսը: Տարբեր միջոցներով ու եղանակներով, ծրագրերով ու ռազմավարական հռչակվող փաստաթղթերով ՀՀ գյուղական համայնքների լիարժեք կայացման խոչընդոտներն անկարող են կանխելու օգնություն տրամադրող միջազգային տարբեր կառույցները: Ինչո՞ւ, որովհետև չի արվում այն, ինչ ուսուցանում է կայացած երկրների փորձը, որն է՝ գյուղգործունեությունում առաջնահերթություն համարել պակաս ռիսկային կենդանական ծագմամբ սննդահումքի, կաթի ու մսի արտադրությունը: Մեզանում գյուղոլորտ ասելիս անգամ փորձառու լրագրողներն են ծիրան ու խաղող, կարտոֆիլ ու ցորեն պատկերացնում: 2006-2008 թթ. ոլորտում շուրջ 2 տարի իրականացված լիարժեք անասնակերի արտադրության ծրագրի մասնակցիս մեջ կարծիք է ձևավորվում, որ գյուղգործունեության հիմնական նպատակ կենդանական ծագման սննդի արտադրության ծավալումն այսօր ՀՀ գյուղնախարարության ուժերից վեր է: Սույն կառույցը, ԱԻՆ-ի օրինակով, հարկ է ընդգրկել գյուղական համայնքների հետ առավել սերտ ու կայուն կապեր և վարչարարական լծակներ ունեցող երբեմնի տարածքային կառավարման նախարարության կազմում: Երկիր մոլորակի պարենապահովության հարց ունեցող հարյուրավոր երկրներ թիվ 1 մշակաբույս համարում են անասնակերի նպատակով եգիպտացորենի հատիկ արտադրելը, այն մշակում են անգամ վարելահողերի երկու երրորդի վրա, որի արդյունքում մշակաբույսի համաշխարհային արտադրության ծավալն անցել է 1 մլրդ տոննան, երբ ցորենը տասնամյակներ շարունակ 600-700 մլն տոննա է: 2013-ին գերհզոր ԱՄՆ-ում այս մշակաբույսի արտադրությունը կազմել է 353 մլն տոննա, ցորենինը՝ 60 մլն տոննա: Չինաստանում եգիպտացորեն հավաքել են 218 մլն տոննա, բրինձ՝ 205 մլն տոննա: Երբեմնի փոքրիկ սոցիալիստական Սերբիայում մշակաբույսի բերքը 6 մլն տոննա է, ՀՀ-ում՝ 10 հազար տոննայի սահմանում: Արդյունքում ունենք արտերկրների այծերի չափ կաթ տվող կովեր, մսաճ չապահովող խոզեր ու հավեր, պարբերական գնաճ ու պարենանվտանգության խնդիր:
Եգիպտացորեն ասելիս ոմանք երկընտրանքի են տրվում, քանզի չգիտես ինչու, տարածված է գենետիկական առումով բույսի տարընկալումը: Եվրոպայում 2013-ին արտադրվել է 118 մլն տոննա, վկայում եմ, որ այն մայր ցամաքի սակավահողության պատճառով ցանվում է անգամ գեղեցկագույն քաղաքների, մասնավորապես, վերջին տարիներին հեղինակիս հաճախակի այցելավայր Ավստրիայի 2-րդ` 300 հազար բնակչությամբ Գրաց քաղաքի վարչական տարածքում: Մինչև 2 մլն տոննա եգիպտացորենի հատիկի արտադրության զգալի ծավալները որպես լիարժեք անասնակեր օգտագործելու արդյունքում է նաև, որ Ավստրիայում խոզի մսի տարեկան արտադրությունը հասնում է 600 հազար տոննայի, 1 կգ-ը կարելի է ձեռք բերել անգամ 2-3 եվրոյով, երբ ՀՀ-ում արտադրությունը հազիվ 6-7 հազար տոննա է, գինը` եռապատիկ: Քաղաքացուս մտահոգությանը` ուշադրություն դարձնել խնդրի վրա, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը 2013-ի մարտին հետևյալ գրավոր պատասխանն է տվել. «Հանրապետությունում խոզի մսի արտադրության 80-100 հազար տոննա ծավալների ապահովումը գտնում ենք ոչ իրատեսական, եթե անգամ 1 խոզամայրի հաշվով արտադրվի 1,5 տոննա միս, պետք է ունենալ 55-66 հազար խոզամայր, մինչդեռ այսօր խոզամայրերի գլխաքանակը 23 հազար է»: Ստացվում է, որ այսօր 1 խոզամոր հաշվով ունենք 300 կգ միս: Պատճառներից մեկն էլ, թերևս, ՀՀ գյուղակադեմիան օտարահունչ ագրարային անվանումով կոչելն է:
«Իրատեսի» ընթերցողը սույն մտորումները կարող է պարզունակից մինչև պարզ որակել, առավել անհեթեթ ու մարդու մեր տեսակին անհարմար օրինակներ նշել, որից հեղինակը չի նեղվի, քանզի մեր առօրյան շատ ավելի տարօրինակություններից է բաղկացած, քան փորձ արվեց ներկայացնելու սույն հոդվածում: Ցավալիորեն դրանք խորանում են, նոր դրսևորումներ ձեռք բերում, առեղծվածային միջավայր ստեղծում, և «ինչո՞ւ» հարցը հնչում է ինքնաբերաբար:
Մերօրյա Հայաստանը յուրօրինակ փաստ-առեղծված է դառնում:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ