Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աստծուց առավել դասվող ինչ մեծություն էլ լինի, ինքնաբերաբար վերածվում է կուռքի

Աստծուց առավել դասվող ինչ մեծություն էլ լինի, ինքնաբերաբար վերածվում է կուռքի
31.07.2015 | 11:53

ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ


Պաշտել նշանակում է մեծարել ու պատվել քեզնից մեծ ու զորավոր մեկին` Աստծուն կամ Նրա սրբերին ու հրաշագործներին, ապա` երկրային մեծությունները, սկսած սիրելի ծնողներից, վերջացրած տնեցիներով ու երեխաներով։ Այլ մարդկանց տաղանդն ու մեծությունը, ասենք, մշակույթի ու սպորտի աստղերի, նույնպես շատերի մոտ պաշտամունք է առաջացնում։ Բայց այդ ամենի կողքին գտնվում են մարդիկ, որ սնոտի ու փուչ բաներ են պաշտում ու մեծարում. դրանք էլ կոչվում են սնոտիապաշտներ։ Վերը նշված ցուցակից ընթերցողը նախ կիմանա, որ մենք մեզ ստեղծող Աստծուն պետք է պաշտենք, մեծարենք ու երկրպագենք, իսկ մնացածներին, որպես ստեղծվածների, ըստ իրենց արժանիքների պատվենք ու հարգենք, ինչպես, օրինակ, վայել է մեզ ծնող ու մեծացնող ծնողներին, բայց խորհուրդ չէի տա Աստծուց առաջ որևէ մեկին դնել, քանզի կհայտնվենք կռապաշտության մեջ, քանզի Աստծուց առավել դասվող ինչ մեծություն էլ լինի, ինքնաբերաբար վերածվում է կուռքի։ Այդպես էլ գրված է Աստծո տասը պատվիրաններում. «Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ» և դարձյալ. «Ինձանից բացի այլ աստվածներ չունենաս»։
Իսկ այժմ անցնենք բուն նյութին, ինչի համար որ սկսեցինք գրել` սնոտիպաշտության ախտի մասին։ Այո, դա մի ախտ է, որով մարդկության գերակշիռ մասն է վարակված։ Երևի հիմա ընթերցողներից շատերն իրենց սրտերում մտածեցին, որ իրենք դրանց մեջ չեն մտնում։ Չշտապենք ու կարդանք մնացածը, հետո նոր հետևություններ անենք մեր մասին, քանզի հոգևոր հայելու առաջ ենք հիմա ամենքս կանգնելու, ինձնից սկսած։
Ըստ Մալխասյանցի բառարանի, սնոտիապաշտությունը բացատրվում է այսպես. ավելորդապաշտ, ունայն, դատարկ ու սուտումուտ բաներով առաջնորդվողներ։ Նույն բառարանում կան նաև «սնոտի» բառի բազմաթիվ համադրումներ, ինչպես օրինակ` սնոտիափառ, այսինքն` սնափառ, սնոտիաբան, այսինքն` դատարկախոս, սնոտիաբարուր, այսինքն` կեղծ պատճառանքներով խոսքեր, սնոտիագործ, այսինքն` անօգուտ ու ավելորդ կատարված աշխատանք, սնոտիաժողով, այսինքն` սնոտի ու փուչ գաղափարներով առաջնորդվող ժողովված մարդիկ, սնոտիախոս, այսինքն` դատարկ ու նանրախոս ունայնաբաններ, սնոտիապատիր, այսինքն` խաբեական, պատրողական գաղափարներով առաջնորդվող մարդիկ, սնոտիաջան, այսինքն` զրաջան ու փուչ գործունեությամբ կատարվող գործեր, սնոտիասեր, այսինքն` չնչին ու անարժեք բաներ սիրողներ, սնոտիմա, այսինքն` սնոտի գաղափարներ ու հասկացողություն ունեցող ու չնչին բաներ մտածողներ։ Կան էլի նման բառատեսակներ, որոնց հիմքը փուչ է ու անարժեք, բայց, մարդկանց տգիտության պատճառով, արժևորվող ու երբեմն մեծարվող իմացություններ։ Եթե ընթերցողն իրեն չտեսավ այդ սնոտիական արժևորումների մեջ, դա արդեն մեծ առաջընթաց է իր կյանքում, բայց ոչ կատարյալ։ Իսկ կատարյալին դեռ կհասնենք, եթե մանրամասնենք սնոտիապաշտության տարատեսակները, որ մեր կենցաղն են սողոսկել ու նույնիսկ մեր կյանքի անբաժանելի մասը դարձել։ Չե՞ք հավատում. հապա հիշեք, թե քանի անգամ եք ինչ-որ խոսքեր արտաբերել, երբ տանը ինչ-որ արժեքավոր բան է կոտրվել։ Հիշեցի՞ք, որ ասել եք. «Չարը խափանվեց», կամ դրա նման մի բան։ Իսկ երբ աղ է թափվել, վրան խաչ չե՞ս գծագրել մատով, որ չարը խափանվի, եթե ոչ, ուրեմն լավ է։ Իսկ երբ բացված մկրատը ուզեցել ես փակել, որ դժբախտության բերան չբացվի տանդ մեջ, ուրեմն այդ գաղտնի ախտով ես դեռ վարակված։ Եթե հանկարծ ականջդ ձայն է տալիս, իսկույն մտածել ես, թե մեկը քեզնից է խոսում կամ բամբասում։ Երբ առավոտյան արթնանալով աշխատել ես աջ ոտքով առաջին քայլդ անել, որ օրվա ընթացքում գործերդ հաջող ընթանան, ուրեմն քո ենթագիտակցական շերտերում սնոտիավարակված հատվածներ են պահպանվում։ Երբ ճանապարհդ կատուն է կտրում, անցնում, այն էլ սև կատու, մի պահ շփոթված կանգնում ես ու մտածում, թե ինչպես այդ անհաջողությունից դուրս գաս ու ինչ-որ բառեր ես մրմնջում կամ գործողություն անում, իմացիր, որ սնոտի հիշողություններդ են արթնացել ու երևակայական չարից ես ուզում պաշտպանվել։ Երբ տանը նստած ճաշում եք, հանկարծ մեկի պատառաքաղը կամ դանակն է ընկնում, չե՞ք ասում, որ հիմա տուն հյուր կգա, այն էլ հստակ որոշված սեռով, պատառաքաղի դեպքում` կինարմատ, դանակի դեպքում` տղամարդ։ Երբ մի բան ես պատմել, ու հանկարծ կողքից մեկը փռշտացել է, չե՞ս ասել. «Այդքան էլ օղորթ», այսինքն` այդքան էլ ճիշտ։ Իսկ երբ տնից դուրս գալիս հանկարծ մի բան ես մոռացած լինում ու ստիպված հետ ես գալիս, ապա այդ օրվա անհաջողության նշան է համարվում շատ շատերի համար։ Հաստատ գիտեմ, որ հիմա էլ շատ ընթերցողների տների դռան մուտքի վերևում ձիու պայտ, դաշտի փշի խուրձ կամ դրա նման մի բան է կախված, որ տանը հաջողություն ու պահպանություն լինի ու չար աչքից պահպանի, ինչը հեթանոսական փուչ սովորությունների մնացորդն է դեռ մեր մեջ։ Իսկ երբ նորածին մանուկը մի քիչ մեծանում է ու շատ ընտանիքներ «ատամնահատիկ» կոչվող արարողությունն են անում իրենց զավակների վրա, որ իմանան, ավելի շուտ գուշակեն, թե այդ երեխան ինչ ուղղվածություն է ընտրելու իր կյանքում, ու նրա մոտ շաղ են տալիս դրամներ և այլ կենցաղային իրեր, ու ըստ մանուկի որևէ իրի ընտրության որոշում նրա կյանքի ուղին, սա արդեն սնոտիապաշտության վարակի տարածում է սեփական զավակների վրա։ Երբ շատերի տանը մանուկ է ծնվում, նրա օրորոցի գլխավերևում աչքի ուլունք են կախում, որ չարը խափանվի ու երեխին աչքով չտան. սա էլ մեր մերձակա մուսուլմանական ազգերից մնացած հիմար սովորությունն է դեռ մեր ազգի մեջ։ Շա՞տ ես մտածում երեխայիդ պահպանության համար, խաչ գնիր, աղոթել ու օրհնել տուր ու կախիր տանդ կամ երեխայի սնարին, մինչև որ կգա օրը ու մկրտությամբ կհանձնես նրան Տիրոջ պահպանությանը։ Մի խոսքով, մարդն իր կենցաղով հանդերձ կարծես սնոտիապաշտական սարդոստայնով է պատվել, որից դուրս գալն անհնար է թվում, քանզի այն ամենուր է։

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Որ մարդկության միջնադարը հայտնի է մութ տարիներով ու մարդկային դժբախտություններով, գիտենք պատմությունից, բայց որ այդ դարերում է արմատացել ազգերի մեջ սնոտիապաշտությունը, այդ մասին քչերը գիտեն։ Այդ ախտից զերծ չի մնացել նաև մեր ազգը, չնայած քրիստոնեական ուղղվածություն ուներ, բայց ընդամենը ուղղվածություն, այլ ոչ կենդանի հավատ, հիմնված Աստծո խոսքի վրա։ Որպեսզի ասվածը մերկախոսություն չմնա, կարդանք մեր ազգի սնոտիապաշտական տարածված սովորությունների մասին, որ ազգագրական գրականության մեջ է հավաքված։
. Կրակի վրա ջուր չեն ածում, որ օջախը չմարի-տունը չավերվի։
. Մայիսի 10-ին աթար են շինում, պատերին փակցնում, որ աթարի բարաքաթը ավելանա։
. Բարաքաթը չպակասելու համար գիշերը կրակը դուրս չեն տալիս։
. Բարաքաթը ավելացնելու համար ինչ վերցնում են, ասում են. «Աստծու խաչը վրեդ»։
. Տան պատի երեսին ջուր չեն սրսկում, որ չաղքատանան։
. Տան մեծը մեռնելիս ոտը լվանում են, ջուրն ածում են սնվածքը, որ տան բարաքաթը մնա։
. Հացը չթանկանալու համար կացինը ուսին դուրս չեն գնում։
. Երբ քիթ ու բերանը քոր գա, հյուր կգա։
. Հաջողության համար ճանապարհ գնացողի հետևից ջուր են ածում։
. Կնկա հետ տուն չեն սարքում, մինչև որ նրա հետ մի գետ չանցնեն։
. Գուշակելու համար` ճանապարհորդը շուտ կգա, թե ուշ, էրեխին գլուխը քորել են տալիս. եթե հեռու տեղ է քորում, ուրեմն ուշ կգա, եթե մոտիկ, ուրեմն շուտ։
. Մազը երկարելու համար մայիսի 7-ին եթե անձրև գա` հերարձակ կանգնում են անձրևի տակ։
. Նույն նպատակի համար գողանում են երկար մազեր ունեցողի ջրից ու իրենց գլխին ածում կամ էլ անզգալի կերպով բարձրացնում ուրիշի երկար մազերն ու տակից անցնում երեք անգամ։
. Եթե տղա երեխաները աղջիկների մազերին ձեռք տան, մազերը կթափվեն։
. Աղջիկներն ու կանայք տղամարդու գլխարկ չեն դնում, որ մազերը չթափվեն, ինչպես տղամարդկանցն է։
. Կտրած մազերը ցած չեն թափում, որ գլուխը չցավի։
. Գորտ տեսնելիս պետք է ատամները սեղմել, որ գորտերը ատամներդ չհաշվեն, թե չէ շուտ կթափվեն դրանք։
. Կտրած եղունգները թոնրի շուրջն են թաղում և ասում. «Եղոնկ, դուն ֆոս կեցիր, Ադամ, դու վկա կեցի», որպեսզի վերջին դատաստանի օրը գան իրենց գտնեն։
. Եթե թոնրի մեջ հացը ծակվի, չար բերան կբացվի ու բամբասող կլինի։
. Եթե աջ աչքը խաղա, գործը կհաջողի, եթե ձախը, չի հաջողի։
. Եթե ջուխտ աչքը խաղա, խեր է գործիդ վերջը։
. Փռշտալիս խաչակնքում են երեսը, որ գործը հաջողի։
. Հորանջելիս բերանը խաչակնքել, որ չարքերը ներս չմտնեն։
. Եթե տան մեծը մեռնի, ու դրանից հետո նրա հարազատներից մեկի մոտ ծանր հիվանդություն սկսվի, ապա գնում մեռելին հանում են գերեզմանից, վրան մի քանի երկաթե շյուղ ու մախաթ խրում ու նորից թաղում, որ հիվանդին չկանչի իր մոտ։
Էլի շարունակե՞նք, թե՞ բավական է միջնադարյան այս մութ ու լպրծուն արահետներով քայլենք, որտեղով անցել են մեր տգետ նախնիները։ Հիմա էլ, երբ որևէ ազգական է մահանում, կարծես բացվում է մարդկանց սնոտիապաշտական պաշարի շտեմարանը ու ինչ ասես անում են խեղճ հանգուցյալի գլխին իրենց իմացած-չիմացածներով, փոխանակ մի քահանա հրավիրեն, աղոթքով ու շարականով ճանապարհ դնեն, գերեզմանն էլ սուրբ խաչով կնքեն մինչև Տիրոջ երկրորդ գալուստը, իսկ այդ հոգեհանգստյան հացի կիսահարսանիք հիշեցնող կերուխումի սեղանների փոխարեն թշվառ աղքատներին մի բան բաժանեն, որ նրանք էլ ասեն` ողորմի Աստված, ու պիտի ողորմի, քանզի աղքատներն ու թշվառները Տիրոջ հայացքի տակ են միշտ, ու նրանց մի բան տվողը Աստծուն պարտք է տալիս։
Բայց չկարծենք, թե մենք հիմա այնքան ենք զարգացել ու կրթվել, որ կարիք չունենք խրատների, քանզի սնոտիապաշտությունը նաև, այսպես ասած, գիտուններին ու նույնիսկ զորավորներին է ուղեկցում։ Հիմա կարդանք դրանցից մեկի մասին։
Ըստ խորհրդապաշտական ¥միստիկ¤ մտածելակերպի, կարծիք կա, որ ում մոտ լինի Սուրբ գեղարդը, նա միշտ հաղթող կլինի, այսինքն, այն համարում են, այսպես ասած, «Ճակատագրի գեղարդ»։ Այդ պատճառով, երբ Նապոլեոն Բոնապարտը Աուստերլիցի ճակատամարտից հետո անպայման ուզեց տիրանալ Վիեննայում գտնվող «ճակատագրի գեղարդին», ավստրիացիներին հաջողվեց այն թաքցնել։ Իսկ Նապոլեոնի պարտությունից, ապա աքսորից հետո գեղարդը նորից դրվեց Վիեննայի թանգարանում` մինչև 1938 թվականը։ Իսկ երբ գեղարդի ճակատագրական նշանակության մասին իմացավ դեռ նոր քաղաքական աշխարհ ոտք դրած Ադոլֆ Հիտլերը, դրանից հետո իր օրվա մեծ մասն անցկացնում էր Վիեննայի թանգարանի այն սրահում, որտեղ ցուցադրվում էր հաղթության գեղարդը, որն իր ձեռքում էր պահել 47 ճակատամարտերում հաղթած Կառլոս Մեծ կայսրը: Եվ երբ 1933 թ. Հիտլերը դարձավ Գերմանիայի առաջնորդը, հենց առաջին գործը, որ արեց, Ավստրիան «խաղաղ» ճանապարհով միացրեց Գերմանիային ու դրանով իսկ տիրացավ Վիեննայի թանգարանի գեղարդին, որը նա սրբության պես պահպանում էր Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի սուրբ Կատարինեի վանքի հատուկ խորանում՝ որպես իր իշխանության ու անպարտելիության թալիսման։ Բայց Գերմանիայի կապիտուլյացիայից հետո գեղարդին տիրացավ ամերիկյան զորքերի գեներալ Պատտոնը ու այն ռազմական ավարի հետ տարավ Ամերիկա` մինչև 1946 թ., որից հետո վերադարձրին Վիեննայի թանգարանին, ու մինչ այսօր էլ այնտեղ է։ Բայց որ այդ գեղարդը հաղթանակած Տիրոջ գեղարդը չէր, հաստատվում է թեկուզ և նրանով, որ Հիտլերն այդ գեղարդը ձեռք բերելուց հետո չարաչար պարտվեց՝ իր հետևում թողնելով ավերված ու ռմբակոծված, «արիաշեն» Գերմանիան: Իսկ Խորհրդային Միությունը, որի կազմում այդ ժամանակ գտնվում էր Հայաստանը, հաղթեց հզոր ֆաշիստական Գերմանիային, քանզի «գեղարդակիր» Հայաստանը, չնայած բազում արյունարբու և բարբարոս ազգերի հարձակումներին, կա՛ ու կմնա՛ հաղթող, զի Աստված ընդ մեզ է: Որովհետև մեր հավատը մահվանը հաղթող հարուցյալ Քրիստոս Հիսուսի վրա է։
Ասենք նաև, որ ճակատագրապաշտությունը նույնպես սնոտիապաշտություն է, այն էլ` անդառնալի հետևանքներով, բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ կկարդաք, երբ բախտի ու ճակատագրի մասին գրելու լինենք։ Սնոտիապաշտություն է նաև շատ մտավորականների իմացած հոգեվերադարձի թեզը, որ իբր մարդու հոգին վերադառնում է որևէ կենդանու միջոցով ու ապրում, մինչև մյուս մաքրագործման շրջանը կսկսվի։ Սա հնդկական կրոնի ցնդաբանություններից է, որին շատերն են, ավաղ, հավատում ու, անպատրաստ լինելով հավիտենական կյանքին, սպասում են Աստծո դատաստանի վճռին։ Մինչդեռ Պողոս առաքյալը զգուշացնում է. «Մարդկանց համար մեկ անգամ մահ, ապա դատաստան»։ Իսկ Հովհաննես Ոսկեբերանը այս մասին գրում է. «Նրանք, որոնք մտածում են, թե այս կամ այն մարդիկ ինչ-որ ժամանակ եղել են շուն կամ առյուծ, դրանք մտքով մթագնած են»։
Քանի որ սկզբում ասացինք, որ պաշտամունքը մեծ մասամբ Աստծո և հավատի հետ է առնչվում, բնական է, որ սնոտիապաշտությունն էլ իր զգուշացնող եզրերն ունենա միակ սուրբ ու ճշմարիտ գրքերի Գրքում` Աստվածաշնչում։ Եթե ձեզնից մեկը կասկածում է, որ իսկապես Սուրբ գիրքը միակ ճշմարտության մատյանն է Արարչից մարդկությանը փոխանցված, ապա նա անպայման սնոտիապաշտության ցանցի մեջ կընկնի կամ էլ արդեն այնտեղ է, քանզի Տեր Հիսուսն ասաց. «Ճշմարտությունը ձեզ կազատագրի»։ Իսկ Դավիթ մարգարեն ասում է. «ՈՒնայնություններ (ասել կուզի` փուչ սնոտիապաշտություններ) պահողներին ատեցի» (Սաղմոս 31.6)։ Ինչո՞ւ, քանի որ այդպիսիները իրենց հույսը կենդանի Աստծո վրա չեն դնում, այլ դիվային ու մարդկային փուչ զորությունների վրա։ Իսկ մեկ այլ տեղում նա Տիրոջը խնդրում է. «Ետ դարձրու աչքերս, սնոտի բաներ չտեսնեն»։ Իսկ Եսայի մարգարեն ասում է. «Մարդիկ սնոտի բաների են հուսացել» (Եսայի 58.4), մեկ այլ տեղում էլ գրված է. «Տերն ասաց. «Մարդիկ իրենց չաստվածներով Իմ նախանձը գրգռեցին ու իրենց սնոտի բաներով բարկացրին։ ԵՍ էլ անպիտան ժողովրդով նրանց նախանձը պիտի գրգռեմ ու անմիտ ազգով նրանց պիտի բարկացնեմ, քանզի Իմ բարկությունից կրակ վառվեց» (Գիրք Բ Օրինաց 32.21)։ Այս տողերից կարելի է եզրահանգել, որ Արարիչ Տերը խիստ նախանձախնդիր է Իր արարածների հանդեպ ու երբեմն էլ խստորեն է պատժում այն ազգերին ու մարդկանց, որոնք ճշմարիտ Աստծուն պաշտելու ու Նրան հուսալու փոխարեն փուչ ու սուտ բաների վրա են հույսները դնում, մոռանալով Աստծո ամենազորությունը։ Դա մոտավորապես նման է այն բանին, որ դու, լինելով ընտանիքի գլուխ կամ ծնող, հանկարծ տեսնում ես, որ քո զավակը իր խնդիրներն ու կարիքները լուծելու համար դիմում է քեզ ատող ու արհամարհող մարդկանց, չնայած դու լիուլի կարող ես նրան օգնել ու բավարարել բոլոր կարիքները։
Սնոտիապաշտությամբ առաջնորդվողները, ըստ Հովհաննես Ոսկեբերանի, մթան մեջ խարխափողներ են, որոնք պարանը սողացող օձի տեղ են դնում կամ, նեղ տեղն ընկնելով, կարծում են, թե դևերի ձեռքում են հայտնվել, ու նրանց համար կատարվում են սաղմոսի այս խոսքերը. «Այնտեղ նրանք կսարսափեն, որտեղ վախ չկա» (Սաղմոս 13.5)։ Իսկ ինչից պետք էր վախենալ, դրանից չեն վախենում։ Եվ Աստծո Ավետարանը մեզ ասում է, որ պետք է միայն մեր Տեր Աստծուց վախենալ, քանզի Նրա ձեռքում է մեր թե՛ ներկայիս կյանքի բարի ընթացքը, թե՛ հանդերձյալի։
Այսչափ օրինակները, կարծում եմ, բավական են հասկանալու, որ սնոտիապաշտության արմատը մեր հոգևոր տկարությունն է, այսինքն, ներքին լույսի բացակայությունը, որի պատճառով արտաքին խավարը վախի ու անհանգստության միջոցով թափանցում է մեր ներաշխարհն ու խռովեցնում մեր սրտերը։
Իսկ այդ ամենի դեմ մեկ միջոց կա` կենդանի հավատ առ ամենազոր Աստված, որ մեր ամենքի Հայրն է խնամատար, Նրա Որդու, որ մեր Փրկիչն ու Հովիվն է, որ չարին հաղթեց, և Սուրբ Հոգու, որ մեր հոգու լույսն է ու կյանքի միակ գրավականը։ Եվ իհարկե` մեր բոլորի մայր կույս Աստվածածինը, ում մեր ազգը անվանել է նաև Չարխափան, ով գուրգուրում է ու պահպանում իրեն հուսացող բոլոր զավակներին չարի բոլոր հնարքներից։ Տերը մեր ազգին ու մեր ընտանիքներին օգնական ու պահապան լինի բոլոր հարցերում. այսուհետև մինչև հավիտյան. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ