Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերժ Սարգսյան. «Օր օրի բարձրանում է Արցախի միջազգային հեղինակությունը»

Սերժ Սարգսյան. «Օր օրի բարձրանում է Արցախի միջազգային հեղինակությունը»
02.09.2015 | 10:18

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք: Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թևակոխեց բոլորիս պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան: 2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր՝ արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար: Սիրելի՛ հայրենակիցներ, օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության և բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների: Կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի առթիվ` կրկնելով հին ու իմաստուն կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ