Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կա երեք ճանապարհ, բայց ընտրվում է չորրորդը

Կա երեք ճանապարհ, բայց ընտրվում է չորրորդը
02.09.2015 | 13:28

Աշունը Երևանում անհանգիստ սկսվեց: Սեպտեմբերի 1-ին «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները ցանկացան հանդիպել ՀՀ նախագահի հետ, իսկ նա սեպտեմբերի սկիզբը միշտ Ստեփանակերտում է դիմավորում: Նրանք նորից փորձեցին Բաղրամյանը «գրավել», բայց ոստիկանությունը այս անգամ հանդուրժողականության հրաման չուներ և եղան ձերբակալություններ: Մայրաքաղաքը պայքարի հատվածների բաժանած ակտիվիստների մի խումբ էլ Հանրապետության հրապարակում էր՝ «Ոտքի՜, Հայաստանը» քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էր նախաձեռնել: Նրանք շրջում էին հրապարակով և տարբեր ուղղություններով փորձում հայտնվել գորգի վրա` գերնպատակ, որ մի ամիս չի հաջողվում, և ժամանակն է, որ դադարի իդեա ֆիքս լինել: Նրանց էլ տարան՝ 7 ակտիվիստների: Հետո, իհարկե, բոլորին միասին ազատ արձակեցին:
Բռնել-բաց թողնելու խաղերի ընթացքում վերադարձ եղավ և էլէներգիայի խնդրին՝ Սիրահարների այգուց սկսելով նրանք չհասան նախագահական, բայց հայտարարում են, որ ունեն տասնյակ տարբերակներ, այդ թվում՝ նորից Բաղրամյանը փակելը։ Նրանց չի բավարարում, որ մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայության ավարտը պետությունը բնակչությունից բացի, մասնակի կփոխհատուցի փոքր ձեռներեցներին՝ ամսական մինչև 500 կիլովատտ/ժամ հոսանք սպառելու դեպքում առաջին 250 կիլովատտ/ժամի համար։ Նրանք էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի նոր փուլ են սկսում, պահանջները մնում են նույնը: Նորից ասպարեզում էին Մաքսիմ Ոսկանյանը, Վաղինակ Շուշանյանը, Վալերի Օսիպյանը և այլ պարոնայք:
Նրանք բոլոր իրավունքներն ունեն աշնանը շարունակել պայքարը, որ արդյունք չտվեց ամռանը: Ավելին՝ պարտավոր են տեր կանգնել իրենց երկրին՝ ինչպես ազդարարել են: Բայց, ի տարբերություն պայքարի սկզբի, պայքարի շարունակությունը չի ստացվում: Չի ստացվում ոչ միայն արդյունքի տեսակետից, այլև պայքարի ձևերի: Եթե ամռանը նրանք կարողացան սպառողներից կառավարությանը փոխանցել էլէներգիայի գնի բարձրացած մասի վճարը, աշնան սկզբից կառավարությունը քայլ առ քայլ նվազեցնում է իր վճարումների սահմանը, թեպետ ՀՀ նախագահը պարզ ասել էր, որ կառավարությունը կփոխհատուցի էլէներգիայի սակագնի բարձրացումը՝ առանց կատեգորիաներ նշելու, բայց միանշանակ է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սահմանելով որոշակի խմբեր՝ հարցը նախապես համաձայնեցրել է նախագահի հետ: Փաստացի՝ պայքարի վերսկսումը ունի բոլոր հիմքերը՝ իրավիճակ է փոխվել, կառավարությունը հերթական անգամ խաբում է սպառողին և պայքարի երկու ուղղությունները՝ կառավարություն ու նախագահ, արդարացված են: Այդպես է: Խնդիրը պայքարի ձևն է: Ոստիկանության հետ մինի բախումները, բռնել-բաց թողնելու մարտավարությունն արդեն վարկաբեկում են բուն պայքարը: Հասարակությունը ընտելացավ ու այլևս բարիկադ կառուցելու ու բարիկադների վրա նետվելու առաջվա պոռթկումը չկա:
Իսկ պատճառը մեկն է՝ առաջ կար իշխանական պահանջարկ, քաղաքացիական շարժման միջոցով քաղաքական հարցեր լուծելու խնդիր, որը չէր ներառում բարձրացված սակագնի փոփոխություն: Հիմա այդ պահանջարկը չկա, հիմա արդեն քաղաքացիական նախաձեռնությունը հայտնվել է պետական համակարգի դեմ, փաստացի դառնալով եզակի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ մեկ հարթության մեջ: Ավելին՝ կարճ ժամանակում կրկնելով նաև ոչիշխանական ուժերի անցած ճանապարհը՝ մեծ խոստումներ, խաղեր իշխանության հետ ու հասարակական աջակցության կորուստ: Այսքանից հետո քաղաքացիական երկու նախաձեռնություններն ունեն երեք ճանապարհ.
1. Նրանք շարունակում են մնալ իշխանության կառավարելիության դաշտում ու ստեղծում են առերևույթ ընդդիմադիր պայքարի պատրանք, բայց լուծում են իշխանությանն անհրաժեշտ խնդիրները որոշակի ժամանակահատվածի մեջ:
2. Նրանք անցնում են դաշտում գտնվող ստվերային կամ բացահայտ ընդդիմադիր ուժերի ազդեցության ոլորտ և կատարում են իշխանության դեմ պայքարի նրանց ծրագիրը իրենց մասով:
3. Վերջապես դառնում են քաղաքացիական նախաձեռնություն, որ ունի էլէներգիայի սակագնի բարձրացումը կասեցնելու խնդիր և ջանում է լուծել իրեն հասու բոլոր տարբերակներով՝ առանց այս ու այն ազդեցության տրվելու:
Բնականաբար՝ երրորդ ճանապարհն ամենադժվարն է, բայց և միակը, եթե իրոք քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն ցանկանում ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի գործիքը լինել և մտադիր են դառնալ ուժ, որ կարող է իրավիճակ փոխել: Սա նաև միակ ճանապարհն է խորհրդարանական ընտրություններին իսկապես մասնակցելու ու հաջողության հասնելու համար՝ ունենալով սպառող ընտրողների իրական աջակցությունը: Բայց կան նաև 4-րդ ճանապարհը՝ առաջին երեքի համակցումը, բոլոր ուղղություններով քայլեր անելով ու մշտապես քաղաքական-քրեական քրոնիկոնի մեջ մնալով, ուժերի տրոհվածության պատճառով՝ ռեալ ոչ մի ուղղությամբ արդյունքի չհասնելու, բայց հընթացս անձնական հարցեր լուծելու տարբերակը: Ամենայն հավանականությամբ՝ չորրորդ ճանապարհն էլ ընտրվել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչո՞ւ են ձախողվում քաղաքացիական նախաձեռնությունները, նրա՞նց, թե՞ հասարակության մեղքն է, որ «Սանիտեկի» աղբամաններից ավելին չեն կարողանում իրենց ակտիվում գրանցել, իսկ պասիվում պարտություններն են բոլոր ուղղություններով: Կարծում եմ՝ հավասարապես: Իշխանությունը չէ ուժեղ, այլ՝ իշխանության դեմ պայքարն է անկազմակերպ, ցաքուցրիվ ու աննպատակ, հետևաբար թույլ և անվտանգ: Ապացույցը նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացն է:

Դիտվել է՝ 984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ