Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Քո պահպանության տակ ենք շտապում, սուրբ Աստվածածին

Քո պահպանության տակ ենք  շտապում, սուրբ Աստվածածին
08.09.2015 | 10:21

Թերևս բոլորը չէ, որ գիտեն, թե երբ է ծնվել աշխարհի Փրկչի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը, ով նաև բոլորիս Մայրն է, քանզի նրանից ծնվածը մեր Տերն ու Աստվածն է, և այդ պատճառով է, որ մենք Մարիամ կույսին նաև Աստվածամայր կամ Աստվածածին ենք անվանում: Եթե դեռևս կա հայորդի, որն այդպես չի մտածում, ապա թող լրջորեն խորհի իր հավատքի վերաբերյալ, քանի որ այս ժամանակների ամենակատաղի աղանդավորները՝ եհովականները, նույնպես Հիսուսին Տեր ու Աստված չեն ընդունում, ու բնական է նաև, որ Աստվածամորը չընդունեն որպես Մայր:
Հրեաստանի Գալիլեայի Նազարեթ քաղաքում, Կարմեղոս լեռից ոչ շատ հեռու, Հուդայի ցեղի, Դավիթ թագավորի սերնդից Հովակիմ անունով մի արդար ու աստվածավախ այր էր ապրում իր կնոջ՝ Աննայի հետ, որը նույնպես Իսրայելի աննշան ցեղից չէր, քանի որ սերում էր Ահարոն քահանայապետի սերնդից ու Մատթան քահանայի դուստրն էր:
Աստված նրանց օրհնել էր ամեն ինչում՝ թե ազնվական սերնդաբանությամբ, թե՛ ունեցվածքով, և թե՛, ամենակարևորը, ընտանեկան մեծ սիրով ու խաղաղությամբ, բացի ամենակենսականից. նրանք երկար տարիներ ամուսնացած էին, բայց երեխա չունեին: Իսկ այդ ավանդապաշտ երկրում ընդունված էր, որ զավակներ չունեցող ամուսիններն անարգանք են համարվում Իսրայելի համար, որպես անպտուղ ծառ:
Այդ մասին կա նաև տեսիլային գրականություն երանելի Մարիա Վալտորտայի միջոցով մեզ շնորհված, որտեղ սրբուհի Աննան դիմում է իր ամուսնուն դրացու երեխային ցույց տալով.
«Հովակի՛մ, ապա նայիր դրա աչքերին: Ճիշտ չե՞մ, որ նման են Գալիլիայի ծովի ալյակներին, երբ մայրամուտից առաջ քամին ամպերի քողով է ծածկում երկինքը»,- ամուսնուն է դիմում Աննան, ձեռքը դնելով նրա ուսին և փոքր-ինչ թեքվելով վրան: Նրա ամբողջ տեսքն արտահայտում է ամուսնու հանդեպ կնոջ խոր սերը, ինչն առաջվա պես անբասիր է, չնայած ամուսնության երկար տարիներին: Հովակիմը սիրագին նայում է նրան և համաձայնում. «Այո՛, դրանք ամենագեղեցիկ աչքերն են: Իսկ նրա խոպոպիկնե՜րը... Դրանք արևի տակ չորացած հասկերի գույնն ունեն, ճիշտ չէ՞: Նայիր, ոսկու և պղնձի երանգ ունեն»:
«Ա՛յ, եթե երեխա ունենայինք, նրան այսպես կսիրեի, այս աչքերը, այս մազերը»: Աննան կռանում է, գրեթե ծնկի է գալիս և խոր հոգոց հանելով, համբուրում է երեխայի մոխրակապույտ մեծ-մեծ աչքերը: Հովակիմն էլ է հոգոց հանում։ Բայց ցանկանալով կնոջը մխիթարել, ափը դնում է նրա գանգուր ու ալեխառն խիտ մազերին և շշնջում. «Մենք չպետք է հույսներս կորցնենք: Աստված ամեն ինչ կարող է անել: Քանի ողջ ենք, այդ հրաշքը կարող է կատարվել, մանավանդ որ մենք սիրում ենք Նրան, և սիրում ենք միմյանց»: Հովակիմը շեշտում է վերջին բառերը:
Բայց ընկճված Աննան լռում է: Կանգնել է գլուխը վայր հակած, որ թաքցնի այտերն ի վար հոսող արցունքները»։
Նա արդեն շատ տարիներ ամուսնացած էր Հովակիմի հետ և պատկառելի տարիքի էր հասել: Բայց, չնայած դրան, մնում էր նրա պատանության ամուսինը, նրա ուրախությունը, նրա սրտահույզ եղնիկը և նազանի եղջերաձագը, որի փաղաքշանքները միշտ աչքի էին ընկնում մաքրությամբ և հարսանեկան առաջին երեկոյի հմայքով: Աննան ամուսնու սիրո քնքուշ սքանչելիքն էր` պահպանելով այդ սերը ծաղկի նման և մշտաբորբոք կրակի պես: ՈՒստի, երեխա չունենալու պատճառով, վշտերի պահին միմյանց մխիթարության խոսքեր էին ասում իրենց մտածմունքների և անհաջողությունների մասին:
Եվ երբ ժամանակը եկավ, հավիտենական Գերիմաստությունը ոչ միայն խրախուսում էր նրանց` արթնացնելով գիտակցութունը, այլև լույս էր տալիս գիշերային անուրջների և տեսիլքների փառքի պոեմի մեջ, որը ծագելու է նրանցից և որը լինելու է սրբասուրբ Մարիամը` Իմ մայրը: Եթե պարգևված խոնարհությունը ամուսիններին անվճռական էր դարձնում, ապա նրանց սրտերը թրթռում էին առաջինի հույսից, ինչի մասին Աստված հիշեցրել էր Իր խոստման մեջ: Անշուշտ, նրանք արդեն խորասուզվել էին Հովակիմի ասածի մեջ. «Հուսա՛... Մեր հավատարիմ սիրով՝ Աստծուց բարեհաճություն կգտնենք»: Նրանք, որ երեխա էին երազում, արժանացան Աստծո Մորը ծնելուն»:
«Ահա այդպես էլ նրանք աղոթելով ու սաղմոսելով, հաշտ ու խաղաղ, սիրով ու քնքշանքով միմյանց հանդեպ ապրեցին քսան տարի, մոտենալով իրենց կյանքի հասունությանը, բայց ամեն օր անզավակության կսկիծը կրելով իրենց մաքուր սրտերում:
Հովակիմը, լինելով հրեա և բավականին ունևոր մարդ, ըստ այդ երկրի օրենքների` իրավունք ուներ կամ երկրորդ կին բերել տուն, կամ կնոջը ապահարզանի թուղթ տալ ու արձակել և ուրիշ կին առնել` իր սերունդը շարունակելու համար: Բայց այդ բարեպաշտ ու շնորհազարդ ամուսինը չօգտվեց դրանցից և ոչ մեկից, որովհետև իր կնոջը նա սիրում էր քնքուշ ու զարմանալի սիրով, դրանով իսկ անտրտունջ կրելով իր ընտանիքին ընկած անարգանքը: Նա միաժամանակ մեծ բարեգործ էր ու առատաձեռն թե՛ կարիքավորների հանդեպ, թե՛ Աստծո սուրբ Տաճարի: Ահա մի տոնակատարության ժամանակ, երբ բոլորն իրենց ընտանիքների համար ողջակեզի քավության զոհերն էին տանում Տաճար, նա ուրախությամբ առաջինը գնաց այդ արարողությանը, բայց Տաճարի սպասավորներից մեկը, ճանաչելով Հովակիմին, ծաղրանքով ասաց նրան. «Ինչո՞ւ ես բոլորից առաջ ուզում բերել քո զոհը մեր Ադոնա Տիրոջ առաջ, չէ՞ որ դու անարժա՛ն ես այդ անելու, քանի որ անպտուղ ես Իսրայելի համար»: Այս անսպասելի հանդիմանանքը ցավալի խոցեց բարեպաշտ Հովակիմի սիրտը, մտածելով, որ իսկապես նա Աստծո առաջ այնքան մեղավոր է, որ Տիրոջ բարկությունը պատժում է իրեն անզավակությամբ: Այսպես խորհելով, նա գլխիկոր դուրս եկավ Տաճարի գավթից ու չկամեցավ այլևս տուն վերադառնալ և գնաց Կարմեղոս լեռան լանջերին արածող իր ոչխարի հոտերի հովիվների մոտ:
Եվ քառասուն օր նա այնտեղ մնաց, խիստ ծոմապահությամբ, անդադար աղոթքներով առ Աստված, լաց ու աղաչանքով Նրա ողորմածությանն արժանանալու համար:
Միևնույն ժամանակ, նրա սիրելի ու խոնարհ կինը, տեղեկանալով, թե ամուսինն ինչ պատճառով է առանձնացել, ինքն էլ առավել տխրեց, քանի որ գիտեր` պատճառն իր ամլությունն էր, ինչը իր պաշտելի ամուսնու վրա մարդկանց անարգանքն է բերում: ՈՒ ինքն էլ, տրվելով ծոմապահությանն ու աղոթքներին, լաց ու արցունքով Տիրոջից մի զավակ էր խնդրում, վկայակոչելով Աբրահամի կնոջը՝ Սառային, ու Սամուել մարգարեի մորը՝ Աննային, որոնք նույնպես ամուլ էին մինչև իրենց ծերության տարիները, բայց դա չխանգարեց, որ Տերը անսա նրանց աղոթքներին ու հավատքին և սերունդ պարգևի նրանց: Եվ այդ բարեպաշտ ու խոնարհ աղախնի աղոթքները լսելի եղան Բարձրյալին, ու նա իր աղերսանքների պատասխանը ստացավ Տիրոջից՝ երկնային անկրկնելի մարգարտաշող լույսով, որ անսպասելի ծագեց Տաճարի Սրբություն Սրբոցի կողմից, հստակ հասկացնելով, որ Աստված նրան մի անկրկնելի ժառանգ է պարգևելու, որը պետք է ընծայվի Աստծո այս Տաճարին: Այդ ավետիսն Աննային տվող հրեշտակն այցելեց նաև Հովակիմին, հաստատելով Բարձրյալ Աստծո կամքը, որ նրանց սերունդ է շնորհվելու շուտով:
Այդպես էլ եղավ, ինչպես հրեշտակն էր ավետել նրանց, ու հաջորդ տարվա Թշրի ամսին (որ մեր օրացույցով սեպտեմբերին է համապատասխանում), ավելի ճիշտ` ամսի 8-ին, շաբաթ օրը, առավոտյան ծնվեց խոստացված ժառանգը՝ մի սքանչելի, լուսերես աղջիկ:
Ծնողների ու իրենց բարեկամների ուրախությունը զարմանքով և լի ուրախությամբ հորդեց, ու ողջ Իսրայելը հասկացավ, որ Տերն Իր հերթական զարմանահրաշ այցելությունն է արել այդ բարեպաշտ ամուսիններին և ամուլ կնոջ արգանդն է բացել ¥ինչպես նախնի ընտրյալներինը¤։ Ըստ հրեական սովորության, հարազատների ու ազգականների հետ մեկտեղ, ութերորդ օրն ընտրեցին նորածնի անունը և դրեցին Մարիամ, որը մի քանի թարգմանական բացատրություն ունի, որ նշանակում է թագուհի (դշխո) կամ ծովային աստղ:
Երեք տարի ընդամենը ծնողները վայելեցին իրենց սքանչելի ու կենսախինդ դստեր ներկայությունը, որից հետո, ըստ իրենց ուխտի խոստումի, Մարիամին տարան Տիրոջ Տաճար և հանձնեցին Աստծո նախախնամությանը, քանի որ Իսրայելի մեջ լսված Եսայու մարգարեությունը բոլորն էին հիշում, թե «ահա կույսը պիտի հղիանա ու Որդի ծնի և Նրա անունը Էմանուել պիտի լինի» (Եսայի 7.14): Այդ հույսով էլ Մարիամին ծնողները հանձնեցին տաճարական կին խնամակալներին, որոնք պահում և կրթում էին այդ կույսերին մինչև իրենց արբունքի տարիքը, որ երբ Տերը կամենա այցելել նրանցից մեկն ու մեկին, ում Ինքը կընտրի, որի միջոցով էլ Իսրայելի սպասված Մեսիան՝ Փրկիչը կծնվի: Իսկ Էմանուել թարգմանվում է Աստված մեր մեջ:
ՈՒ քանի Բարձրյալի խոսքն առանց Իր կամքը կատարելու հետ չի վերադառնում, ապա այդպես էլ եղավ, Տերը կամեցավ, որ հենց այս ընտրյալ անոթը՝ Նոր ՈՒխտի Տապանակը, Մարիամը կրի Աստծո Որդուն իր կուսական ու անարատ որովայնում և ծնի Հիսուսին՝ աշխարհի Փրկչին:
Այժմ կարդանք նույն Մարիա Վալտորտայի գրառումներից մի հատված, որտեղ Տեր Հիսուսը մեկնում է Իր Մոր ծննդյան խորհուրդը. «Աստծո մեծագույն հաղթանակը սատանայի հանդեպ կայանում է նրանում, որ ստեղծված աշխարհում կատարելություն է ներբերվել, թեկուզ Մեկի՝ Մարիամի, բայց հոգում գերբնական կատարելության հասած, ուր բոլորովին բացակայում են մարդկության վրա դրած սատանայի կնիքները: Մարիամի հոգին բռնկվեց ոչ թե ամուսնու գրկախառնումից, այլ Աստվածային գրկից, քանզի այդպես պետք է գար Որդին:
Կույսի Կուսությունը:
Արի՛, մտահայի՛ր այս սրբազնագույն Կուսությունը, որ գլխապտույտ հիացմունք է առաջացնում այն մտահայելիս: Ի՞նչ է չամուսնացած կնոջ ստիպված կուսությունը. պակաս, քան ոչինչ: Ի՞նչ է կանացի կուսությունը, ով կամենում է կույս մնալ, որ պատկանի Աստծուն, բայց այդպիսին է սոսկ մարմնով, այլ ոչ հոգով, թույլ տալով օտար դատարկա-մտություններ և մարդկային գայթակղող մտածմունքներ: Այդ կեղծ կուսություն է. այն շատ քիչ է: Ի՞նչ է իրեն Աստծուն հանձնած վանքի միանձնուհու կուսությունը. այն բարձր է, բայց երբեք չի կարող դառնալ կատարյալ, համեմատած Իմ Մոր Կուսության հետ: Նույնիսկ ամենասուրբ հոգիների մոտ գոյություն է ունեցել սկզբնական մեղքի հետ կապը: Միայն մկրտությունն է քանդում այդ կապը: Այն լուծվում է, (բայց ամուսնուց բաժանված կանանց համար, երբ մահանում է ամուսինը), կուսության վիճակը լիովին չի վերականգնվում, ինչպես այն եղել է նախածնողների մոտ մեղանչելուց առաջ:
Սպին մնացել է ու ցավոտ է, չթողնելով մոռանալ իր մասին, և պատրաստ է ամեն պահ բորբոքվել, ինչպես հարատևող հիվանդությունն է սրվում վիրուսի ազդեցությամբ: Սուրբ Կույսի մոտ մեղքի հետ կապի նշույլ անգամ չկա: Նրա հոգին, Իր մեջ հավաքելով շնորհները, նույնքան հիասքանչ ու անաղարտ է, ինչպես Հորից հղացման պահին:
Նա Կո՜ւյս է: Նա Միա՜կն է: Նա կատարելագո՜ւյնն է: Նա Ամբողջությո՜ւն է: Այդպիսի՜ն է Նա մտահղացվել: Այդպիսի՜ն է ծնվել: Մնալով Կույս, Նա հղիացավ, ծնեց և թագադրվեց: Հավե՜տ Կույս: Նա անարատության օվկիանոս է, որի մաքրության ակունքները կորսվում են աստվածային Անարատությա՜ն, Մաքրությա՜ն, Շնորհի Լիության Օվկիանում:
Այդպիսին է Եռասուրբ Աստծո պատասխանը՝ արարչության ապականությանը:
Նա այդ Աստղին բարձրացրեց կատարելության: Եվայի կործանարար հետաքրքրասիրության դեմ՝ Նա կանգնեցրեց Խոնարհ Կույսին՝ ապրող միայն Աստծո Սիրով: Չարի իմացության դեմ՝ մեծագույն Անարատ Կույսին: Նրա մեջ ոչ միայն չկա անկյալ սիրո գիտություն, այլև նույնիսկ չի հանդիպել այն սիրո հետ, որ Աստված տվել է ամուսնացող մարդկանց: (Այդ քիչ է, Նրա մեջ նույնիսկ բացակայում է մեղքի ժառանգության մղումը): Նրանում հարատևում է միայն բյուրեղյա մաքուր ու Աստծո Սիրո խանդավառ գերիմաստությունը: Սառույցով ամրացնող հուր, որպեսզի Նա դառնա թափանցիկ հայելի զոհասեղանի վրա, որտեղ Աստված նշանեց Կույսին և այդ դեպքում չնսեմացրեց Իրեն, քանզի Իր կատարելությունը համակում է Նրան: Հարսնանալով, Մարիամը կատարելության լոկ մեկ աստիճանով է պակաս Փեսայից, քանի որ որպես Կին՝ հնազանդ է Նրան, և ինչպես Նա` անարատ է»:
Օրհնյալ լինի համայն աշխարհի Փրկչի Մայրը, որ մեզ մեր մեղքերից փրկող Աստծո Անարատ Գառին ծնեց, Որը 33 տարի անց պետք է Խաչի վրա ադամական մահապարտ սերնդի փրկագործությունը կատարեր ու մեզ համար հավիտենական կյանքի դուռ բացեր դեպի Իր Երկնային Արքայությունը:
ՈՒրեմն դարձյալ հիշենք սքանչելի ու անմոռաց այս օրը՝ սեպտեմբերի 8-ը, ու միշտ տոնենք մեր սուրբ Կույս Մոր ծննդյան օրհնության օրը:
Վերջում մի փոքրիկ աղոթք զետեղենք հայորդիների համար, որ Երկնային Թագուհու՝ սուրբ Կույս Աստվածածնի բարեխոսությամբ իրենց կյանքը Տիրոջ օրհնություններով լցնեն, արժանանալով Երկնքի Արքայությանը:
Քո պահպանության տակ ենք շտապում, սուրբ Աստվածածին,
Մեր հույսի և փրկության Մայր, մի՛ անտեսիր այս վշտալի աղոթքները մեր,
այլ փրկիր մեզ գալիք
բոլոր վտանգներից:
Տիրուհի մեր, պահապան մեր, բարեխոս մեր, հաշտեցրու մեղավորներիս
քո սիրելի Միածնի հետ և հասցրու բոլորիս մինչև Իր խոստացած երկնային
արքայությունը: Ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ.- Այս տոնի առիթով և հուրախություն հայորդիներիս ասենք, որ Երևանի կենտրոնում (Սայաթ-Նովա, Աբովյան փողոցների խաչմերուկում) ավարտվեց ու բացվեց Սուրբ Աննայի եկեղեցին, որի ճարտարապետական լուծումն այնպես է տրված, որ այդ նորակառույց Սուրբ Աննայի եկեղեցին գրկի մեջ է առնում իր աղջնակին՝ Մարիամ կույսի նախկին փոքրիկ եկեղեցի-մատուռը, որ հրաշքով փրկվել է կոմունիստական կատաղի անաստվածության ճիրաններից:

Դիտվել է՝ 2153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ