USD483.66
EUR567.24
RUB8.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը հավասարեցվում է աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին»

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը հավասարեցվում է աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին»
18.09.2015 | 00:24

«Էս ո՞վ ա էսի: Կանչեք ոստիկաններին, թող հանեն ըստից»,- սահմանադրական բարեփոխումների առնչությամբ խորհրդարանական լսումների ժամանակ նետեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, երբ ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը պնդում էր, թե սահմանադրության նոր տեքստով թույլատրվում են միասեռ ամուսնությունները:
Թովմասյանը դահլիճից դուրս էր հրավիրում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանին, ով, սկզբունքորեն դեմ չլինելով բարեփոխումներին, «Իրատես» ակումբում պարզաբանեց, թե ինչ սողանցքեր կան սահմանադրության նոր նախագծում: Ի թիվս այլ հոդվածների, Հայկ Նահապետյանին անընդունելի է նաև 34-րդ հոդվածը, որը հիմք է ստեղծում միասեռ ամուսնությունների համար: «Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում «կին» և «տղամարդ» բառերը գրված են հոգնակի թվով, բացակայում է նաև «միմյանց հետ» բառակապակցությունը: Հայերեն տարբերակում ևս հոգնակի է թարգմանվել: Սա նշանակում է, որ ամուսնանալ կարող են կինը և տղամարդը ինչպես միմյանց, այնպես էլ կինը` կնոջ, տղամարդը` տղամարդու հետ: Փաստորեն, սահմանադրության նախագծում ամրագրվում են միասեռականների ամուսնության իրավական հիմքերը, որից հետևում է, որ այդուհետ ընտանիք կարող է կոչվել կին-կին և տղամարդ-տղամարդ զույգերի միությունը»,- հայտարարեց բանախոսը, հավելելով, որ խնդրահարույց է նաև երեխայի իրավունքներին առնչվող հոդվածը:
Այս բարեփոխմամբ հոգևոր անվտանգությանը ևս հարված է հասցված: «Նոր նախագծի մեջ էականորեն նվազեցվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերը: Եթե գործող սահմանադրության մեջ նշված է, որ ՀՀ-ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, ապա սահմանադրության նոր նախագծի մեջ նշված է, որ այդ հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով: Սա նշանակում է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը հավասարեցվում է աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին` զրկելով նրան որոշակի արտոնություններից, որոնք հատուկ համաձայնագրով չեն կարող սահմանվել»,- վստահ է ՀԿ ներկայացուցիչը, ով մտահոգիչ է համարում նաև տարածքային ամբողջականությանը վերաբերող 58-րդ հոդվածը, տնտեսական ինքնիշխանությանը վերաբերող 199-րդ հոդվածը, որով կարգավորվում են Կենտրոնական բանկի գործառույթները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 60219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ