Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Խտացվածքն եմ իմ ազգի» Հովհաննես ՇԻՐԱԶ

«Խտացվածքն եմ իմ ազգի» Հովհաննես ՇԻՐԱԶ
18.09.2015 | 01:15

ՀՊՈՒՄ 1.
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՑԱԿԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ


1977 թ. հունվարին աշխատանքի անցա Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում: Գործը մասնագիտությանս համապատասխան էր՝ լրագրողական: Բնույթը հետևյալն էր. մամուլի բաժինը հոդվածներ, զանազան բնույթի այլ նյութեր էր նախապատրաստում, պատճենող սարքով բազմացնում և փոստով առաքում (ոչ համացանց կար, ոչ էլեկտրոնային փոստ) Սովետական Հայաստանին դրականորեն վերաբերվող սփյուռքահայ մամուլին: Հեղինակների վճարումը կատարում էինք մենք, բայց պարտադիր պահանջ կար՝ բոլոր նյութերը պետք է անտիպ լինեին:
Մեխանիզմ էլ կար. ասենք, ես ինչ-որ հեղինակի նյութ հավանում էի, ընդունում, խմբագրում, ապա հանձնում բաժնի վարիչին, որը ստորագրում էր ու իր հերթին ներկայացնում կոմիտեի նախագահի գաղափարական գծով տեղակալին, որը նշանավոր բանաստեղծ ու խիստ ազդեցիկ Վահագն Դավթյանն էր: Նրա ստորագրումից հետո հոնորարի թերթիկ էինք կցում ու հանձնում նախագահ Վարդգես Համազասպյանին, որի ստորագրումից հետո միայն հեղինակը կարող էր հոնորար ստանալ:
Բաժնի վարիչը մասնագիտությամբ պատմաբան էր, հրաշալի տիրապետում էր ֆրանսերենին, տարիներով աշխատել էր աֆրիկյան ինչ-որ երկրում ու վերադարձել: Լրագրողական շրջանակներից, արվեստից ու գրականությունից հեռու մարդ էր (մի անգամ ռադիոյով լսեց արգենտինաբնակ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի խոսքերով երգը, ու երբ երգիչն արտաբերեց. «Այնպես ուզում եմ անունդ թողնել կեսգիշերային ավազի վրա», վրդովվեց ու սկսեց հետս վիճել. «Ի՞նչ է նշանակում՝ կեսգիշերային ավազ, Նորքում տուն եմ սարքում, ինձ մի տոննա ցերեկային ավազ տուր»): Այնինչ մամուլի բաժնի լավ կամ վատ աշխատանքը մի պարզ ցուցիչ ուներ, դա հոնորարի տարեկան ֆոնդի՝ 15 հազար ռուբլու իրացումն էր: Նախորդ՝ 1976 թ. ֆոնդից չէր ծախսվել 8 հազար ռուբլի, այսինքն՝ այդ գումարի չափով սփյուռքի մամուլին օգնություն չէր կատարվել, և, երբ ընդունվեցի, բաժնի վարիչի գլխին սև ամպեր էին կուտակվել: Բարի, անշառ մարդ էր, և որոշեցի օգնել: Զանգահարեցի բոլոր ծանոթ լրագրողներին, արձակագիրներին, բանաստեղծներին, արվեստագետներին ու հորդորեցի նախքան ռադիոյին տալը կամ մամուլում տպագրելը իրենց գործերը մեզ տրամադրել: ՈՒրախությամբ համաձայնեցին (դեռ չհամաձայնեի՞ն. ես իրենց եկամտի լրացուցիչ աղբյուր էի հուշում), ու սկսվեց իսկական հեղեղ: Նույն տարվա նոյեմբերին հոնորարի ֆոնդը սպառվեց, ու ստիպված եղան լրացուցիչ գումար հատկացնել:
Մի բան էր վատ. ամեն հեղինակ, «ընդունված կարգի» համաձայն, հոնորար ստանալիս պարտք էր համարում ինձ հրավիրել «մի բաժակ բան խմելու»: Մեկ-երկու գնացի, բայց արագ հասկացա, որ ալկոհոլիկ կդառնամ, և այդուհետ կտրականապես հրաժարվեցի:
Այսքանը նախաբան էր, հիմա անցնեմ բուն նյութին:
1978-ի ամռանն էր: Վ. Համազասպյանն ինձ կանչեց իր աշխատասենյակ և ասաց.
-Լսիր, Շիրազը յոթ երեխա ունի, և ասում են՝ վատ է ապրում: Գնա նրանից բանաստեղծություններ վերցրու, հոնորար վճարենք, օգնենք:
Տարօրինակ էր… Գնացի իմ սենյակ և ընկա մտածմունքների մեջ՝ ինչո՞ւ հենց ինձ նման հանձնարարություն տվեց, կարող էր անձամբ զանգել Շիրազին, կարող էր Վահագն Դավթյանին ապսպրել: Կնշանակի ինչ-որ բան կար, որ չգիտեի:
Գլուխս առա ափերիս մեջ, ես՝ ո՜ւր, Շիրազն՝ ո՜ւր: Նա իմ կուռքն էր, կարդացել էի բոլոր տպված գործերը, անգամ հայ բանաստեղծների «Ստալին» ժողովածուն, որտեղ արեգակին շքանշան էր կարգել դիվահարի կրծքին: Խենթուխելառ, անոսկոր լեզվի տեր մարդու համբավ ուներ, որից մարդիկ և երկյուղում էին, և պաշտում: Մի անգամ ինքս էի ականատես եղել. «Արարատի» «պադվալից» մի քանի հոգու հետ գինովցած դուրս եկավ և առաջին պատահած տղային հարցրեց.
-Անունդ ի՞նչ է:
-Համլետ,- պատասխանեց, չիմանալով, որ հարցնողը գրել է «Հայոց անունները» բանաստեղծությունը:
-Համլե՞տ, ես քու մերը…,- ու յոթհարկանի տաղանդավորագույն, պատկերավոր հայհոյանքներ տեղաց:
Հիմա ես նրանից բանաստեղծություններ պիտի վերցնեի: Բայց դե հանձնարարությունն ստացել էի ու պարտավոր էի կատարել:
Կար ևս մի կարևոր հանգամանք՝ Վարդգես Համազասպյանի մարդկային կերպարը: Այսօր անսպեռ կերպով մոռացության մատնած, իր արժանի վարձքը դեռ չստացած այդ երջանկահիշատակ անձնավորությունը ահռելի հեղինակություն էր վայելում սփյուռքահայության շրջանում: Չկար արտասահմանից ժամանած մի հայ, որի խնդիրը չլուծեր իր փոքրաթիվ աշխատակիցներով, չկար մեկը, ով դժգոհ հեռանար: Մենք դա տեսնում էինք: Հայը հային կամրջող այդ մարդը աչքիս առաջ էր: Ամենևին էլ Վ. Համազասպյանի գործը չէր Շիրազին ֆինանսապես աջակցելը, բայց կոմիտեի նախագահը ցանկանում էր իր ազգի հանճարին օժանդակել:
Ընկալուչն առա ձեռքս ու հավաքեցի Շիրազի հեռախոսահամարը: Երբ վերցրեց, ակնածանքով ասացի.
-Բարև Ձեզ, Վարպետ:
-Բարև,- կռվարարության պատրաստի նման պատասխանեց:
-Ձեզ անհանգստացնում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնի ռեֆերենտ Խաչատուր Դադայանը:
Երկարաշունչ նախադասությունս Շիրազին ստիպեց մի պահ լռել, հետո հարցրեց.
-Ի՞նչ գուզես:
Խիստ հարգալից բացատրեցի ինչ եմ ուզում:
Անհավատալի է, սակայն ասաց.
-Արի, բայց պրոսպեկտի վրայի տունս չէ, Ամիրյանի վրայինը,- ու թելադրեց հարկն ու բնակարանի համարը:
Հասցրի ասել, թե 10 րոպեից կգամ, խոսակցությունն ավարտեց:
Երբ ասացի 10 րոպեից, չէի ստում: Սփյուռքի կոմիտեն ու նրա տունը բաժանում էր Լենինի հրապարակը, իսկ ես վառվռուն երիտասարդ էի: Դուրս թռա շենքից, որ ժամանակին եղել էր Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նստավայրը, իսկ այսօր բանկ է ու պիցցայանոց, և վազեցի:
Հասա Շիրազի դռան առաջ ու թակեցի:
-Վո՞վ է:
Կրկնեցի «նշանաբառը»՝ «Ձեզ անհանգստացնում է…»: Ասաց. «Ի՞նչ գուզես»: Ասացի, որ 10 րոպե առաջ բացատրել եմ:
Դուռը բացեց: Առջևս Ինքն էր: Նայեց կոկիկ հագնվածքիս ու ձեռքով ներս հրավիրեց: Տե՜ր Աստված, բնակարանը պետական վիճակում էր, չնորոգված, ճաքճքած պատերով: Մտանք մի սենյակ, ուր թախտ կար, երկու մաշված բազկաթոռ, մի լրագրային սեղան:
Նստեցինք, ու նորից բացատրեցի ինչու եմ եկել:
Չգիտեմ ինչ կատարվեց: Միայն հասկացա, որ ուզում է խոսել: Իսկ ես լսել կարողանում էի:
Մեկ ժամից ավելի խոսեց: Գրականության մասին: Ապշած էի: Ավարտել էի համալսարանի բանասիրականը, բայց այդպիսի ակադեմիական գիտելիքներ, խոր գրական վերլուծություն չէի լսել: Քարացել էի ու կարկամել: Նաև ապացուցեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը մեծագույն բանաստեղծ է: Իր մասին՝ ոչ մի խոսք:
Դասախոսության ժամանակ հասկացա ևս մի բան. նրա հրապարակային ագրեսիվությունը լոկ ինքնապաշտպանական շերտ էր պաշտոնյաներից, իր գործերը չտպողներից, հոռի մարդկանցից, հիմա ի դեմս ինձ տեսնում էր հլու աշակերտի, որը որսում էր իր յուրաքանչյուր բառը: Ես իր համար վտանգ չէի ներկայացնում:
Երբ ստիպված հիշեցրի այցելությանս նպատակը, այս ու այն կողմ թափթփված թղթերը սկսեց վերցնել, աչքի անցկացնել ու դասդասել: Հանկարծ ձեռքն ընկավ բեյրության այն ամսագիրը, որտեղ տպագրվել էր «Հայոց Դանթեականի» մի մասը (ես դրա պատճենահանված, մրոտված, ձեռքից ձեռք անցած և արգելված օրինակն ընթերցել էի) ու սկսեց կարդալ.
Եվ անցնում էինք այս մտորմունքով,
Ինչպես բուրվառը այրվող իմ խունկով,
Եվ խունկի բույրը այս խոսքերն էին`
Նուրբ հասկացողի համար երկնային.
-Սգա, Հայաստան, այս ժայռաշրթունք աշխարհը վկա`
Քո հին եղեռնը նոր շրթունքով էլ սգացող չկա,
Դու որ չսգաս` քո մարմնացավը ո՞վ է սգալու
(Եվ անցնում էինք հազարադժոխք հայ վշտին հլու),-
Ես ողբերգում եմ ապրողաց համար` հայ վերապրողաց,
Որ ցույցի ելնեն` հոգեհանգիստը գոռան ընկնողաց,
Ծով ցույցի ոստնեն ապրիլյան ամեն քսան և չորսին`
Նահատակների ողբը բուրվառեն աշխարհի չորս դին,
Ծածկեն տաճարներն հայոց սրտասև սուգի մարմաշով,
Սևասև հագնեն ողջ աշխարհով մեկ հավերժավաշով,
Անտառներ կանգնեն` որպես խաչանտառ` զոհերի վրա,
Հավիտյան խնկեն, որ չմոռացվեն հուշերն էլ դժնյա...

Անտե՜ր մնա ժամանակը, մի ձայնագրիչ լիներ…
Բանաստեղծությունների տրցակը թևիս տակ, վերադարձա կոմիտե, մտա սենյակս, սկսեցի կարդալ ու… սոսկացի: Այն ամենը, ինչ տվել էր՝ տպագրված էր, այնինչ մենք անտիպի համար էինք վճարում, կարգն այդպիսին էր: Բաժնի վարիչին հայտնեցի, ասաց՝ գործ չունեմ, տար Վահագն Դավթյանին: Տարա, նայեց, ասաց՝ տար Համազասպյանին: Տարա ու զեկուցեցի, թե՝ այսպես ու այսպես:
Համազասպյանը սևեռուն նայեց վրաս և ասաց.
-Հոնորար գրողը ես չե՞մ: Ոչինչ, ընտրիր 100 տող, ամեն տողի համար՝ 3 ռուբլի, թերթիկը բեր՝ կստորագրեմ:
Այդպես էլ արեցի:
Դա առաջին հպումս էր Հանճարի հետ: Բայց այդ չարաբաստիկ հոնորարը պատճառ դարձավ երկրորդ հպման:

ՀՊՈՒՄ 2:
3-ՆՈՑԸ
Սփյուռքի կոմիտեի գլխավոր հաշվապահը անհաճո անձնավորություն էր՝ ծանրաշունչ, կախգլուխ, մռայլ ու չխոսկան մարդ: Թեպետ որևէ հիմք չունեի, բայց ինձ թվում էր, թե 37 թվի «հերոսներից» էր:
Ահա այդ մարդը, Շիրազից բանաստեղծությունների տրցակը վերցնելուց շուրջ մեկ ամիս անց մտավ սենյակս ու ինձ.
-Ա՜յ տղա, բոլորիս գցել ես կրակը: Շիրազը չի գալիս հոնորար ստանալու, համարյա ամեն շաբաթ զանգում եմ՝ հայհոյում է: Տես, եթե չեկավ, դեպոնենտ կգցեմ, հետո ստիպված կլինի անձնագրով գնալ բանկից ստանալ:
«Դեպոնե՜նտ», թեև չէի առնչվել, բայց լսել էի, որ անտանելի բան է, էլ չասած, որ էն ժամանակ բանկն էլ ինչ-որ մութ ու տհաճ երևույթ էր:
Տարա-բերեցի և ասացի.
-Որ պետք լինի, փողը կտա՞ք ես տանեմ:
Մի պահ երկմտեց.
-Կտամ,- ասաց ու քսքստացնելով գնաց:
«Հին» ծանոթի իրավունքով զանգեցի Շիրազին:
-Բարև Ձեզ, Վարպետ:
-Բարև:
Արտաբերեցի «գաղտնի» նշանաբառը. «Ձեզ անհանգստացնում է…»:
-Ի՞նչ կուզես:
-Վարպետ, հոնորար ունեք ստանալու…
Խոսքս բերանս թողեց ու տհաճ բնութագրումների տարափ տեղաց Վ. Համազասպյանի ու Վ. Դավթյանի հասցեին (հիշում եմ, բայց այստեղ չեմ կրկնի): ՈՒ եզրափակեց.
-Քանի դեռ նրանք էդտեղ են, էդ շենք ոտ չեմ դնի:
Ա՜յ քեզ բան…
-Վարպետ, իսկ կարելի՞ է գումարը ես բերեմ:
-Բե՛ր:
-10 րոպեից կգամ:
Իսկույն գնացի գլխավոր հաշվապահի մոտ ու փողն ուզեցի: Տվեց կանաչ 3-նոցների բանկային փաթեթավորմամբ մի կապուկ` 300 ռուբլի, ու նաև` «վեդոմոստ», որպեսզի գումարի դիմաց Շիրազն ստորագրեր:
Տասը րոպե անց դուռը թակեցի:
-Վո՞վ է:
Ծիծաղս զսպելով` ասացի «գաղտնաբառը»`«Ձեզ անհանգստացնում է…»:
-Ի՞նչ կուզես:
-Հոնորարն եմ բերել:
Դուռը բացեց: Արդեն «հին» ծանոթներ էինք: Մտանք այն սենյակը, ուր դասախոսություն էի լսել: Նստեցինք, «վեդոմոստն» ու փողը դրեցի սեղանին:
Շիրազը շատ մեղմ ինչ-որ բանի մասին էր խոսում, բայց չէի լսում, ուշքումիտքս փողը տալն էր, հանկարծ ու` միտքը փոխեր:
Մտատանջությունս հասկացավ ու հարցրեց, թե որտեղ պիտի ստորագրի: «Վեդոմոստի» համապատասխան տողը ցույց տվեցի:
Ստորագրեց, ապա հանկարծակիորեն, կայծակի արագությամբ բանկային փաթեթավորումը պատռեց, մի 3-նոց հանեց ու խոթեց պիջակիս վերին գրպանիկը:
-Էս ի՞նչ եք անում, Վարպետ,- ասացի ու 3-նոցը դրեցի սեղանին:
Նորից խոթեց գրպանս.
-Կերթաս կենացս կխմես:
-Ձեր կենացն առանց այդ էլ խմում եմ,- փողը հետ դրեցի:
Այդպես կրկնվեց մի քանի անգամ, վերջապես ես հաղթեցի:
Ի՜նչ անխելք էի, ինչո՞ւ չխնդրեցի, որ այդ 3-նոցի վրա ստորագրեր: Կպահեի, հիմա, որպես մասունք, կփոխանցեի թոռներիս:

ՀՊՈՒՄ 3:
«ԸՍՊԵՍ ԼԱ՞Վ Է»
Սփյուռքի կոմիտեն ռադիոյում ունեցավ կեսժամանոց հաղորդաշար: Կոչվում էր «Ծիծեռնակ» և ամիսը մեկ սփյուռքահայությանը պատմում կոմիտեի գործունեության մասին: Քանի որ նախաձեռնությունն իմն էր, ռադիոժամն էլ ինձ էին վստահել:
1979 թ. ապրիլի 24-ն էր մոտենում, և որոշեցի «Ծիծեռնակի» համար Շիրազին ձայնագրել:
Զանգեցի, «գաղտնաբառն» ասացի, համաձայնեց (ակնհայտորեն աստղս բռնել էր):
Հիմա մի բան նկարագրեմ, որն այսօր ժպիտ կարող է առաջացնել: Ձայնագրող սարքը մի ամբողջ ագրեգատ էր, ավտոմեքենայի ակումուլյատորի չափ, կաշվե պատյանի մեջ, դրանից լարով դուրս էր գալիս երկարող-կարճացող ձողի վրա ամրացված միկրոֆոնը: Սովետի տեխնիկայի վերջին խոսքն էր:
Երբ զանգեցի ռադիոյի` սփյուռքահայության համար տրվող հաղորդումների խմբագրություն ու ձայնագրիչը խնդրեցի` Շիրազին ձայնագրելու համար, չվստահեցին ու չտվեցին, թե` մեր աշխատողը կգա:
Եկավ մի կին` ագրեգատը ուսից կախ: Զանգեցի Շիրազին, «գաղտնաբառն» ասացի, ասաց` եկեք: Ճանապարհին ռադիոյի կնկան առաջարկեցի ծանր սարքավորումն ինձ տալ, բայց սովետի տեխնիկական նվաճումը չվստահեց:
Դուռը թակեցի. էլ չկրկնեմ արդեն հայտնի «լրտեսական» նախադասությունները:
Մտանք «դասասենյակ»: Շիրազը կասկածանքով ու երկյուղածությամբ նայում էր ռադիոյի կնկա պատրաստություններին: Կինը միկրոֆոնի ձողը երկարացրեց, մոտեցրեց Վարպետին: Շիրազը բանաստեղծություններ ընտրեց, բայց երբ սկսեց կարդալ, կինն ընդհատեց, թե` փողոցի աղմուկը լսվում է: Շիրազը թե` գնանք մյուս` բակի կողմի սենյակ:
Կատարյալ ավերակ էր, իսկ մի անկյունում` շինարարական աղբ: Կինը փորձնական միացում արեց և ասաց` լավ է: Պատրաստվեցինք ձայնագրության:
Շիրազն ուսերը շտկեց, մազերը ձեռքով հարդարեց, թղթերը պահեց աչքի առաջ, ապա միայն աչքերը թեքեց իմ կողմը ու հարցրեց.
-Խաչատուր, ըսպես լա՞վ է:
Իրեն թվում էր, թե նաև նկարահանվում է, վախենում էր տեխնիկայից, և իր դաշնակիցը ես էի…
Ծիծաղս զսպելով, ասացի` լավ է:
Շուրջ մեկ ժամ կարդաց: Հմայված էի ու քարացած: Հույզերի, զգացումների, անարդարության դեմ ընդվզման, պոռթկումների հրաբխի ականատեսը եղա… Հիմա չեմ հիշում, թե կոնկրետ ինչ կարդաց, գուցե սա.
Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:

Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:

Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` «Զոհ է սա»:

Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:

Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:

Վշտի վիհից գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:

Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:

Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:

Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:

Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:

Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:

Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:

Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան:
Եթե այսօր Հանրային ռադիոյով լսեք Շիրազի ձայնը, շատ հնարավոր է, որ դա իմ կազմակերպած ձայնագրությունը լինի:

ՀՊՈՒՄ ՎԵՐՋԻՆ
1984 թ. մարտի 17-ին Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնից սկսվեց Հովհաննես Շիրազի հուղարկավորությունը: Ազգն ուսերի վրա դեպ անմահություն էր ճամփում իր հանճարին: Դա համազգային հուղարկավորություն էր, մարդկային գետի մի ծայրը գտնվում էր Կոմիտասի անվան պանթեոնում, մյուսը` օպերայի հրապարակում:
Տասնյակ հազարավորների մեջ նաև ես էի:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ