«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայոց ազգի տիեզերական առաքելությունը

Հայոց ազգի տիեզերական առաքելությունը
25.09.2015 | 09:52

Երբ ճրագը վառում են, այն բարձր տեղ են դնում, որ լուսավորի շուրջը եղողներին։ Այդպես էլ Արարիչ Տերը առաջինը համայն ազգերից հավատքի լույսով լուսավորեց հայոց հինավուրց ազգն ու դրեց Արարատ լեռան վրա, որ լուսավորի դեռևս հեթանոսական խավարում գտնվող ազգերին։ Մեր եկեղեցական պատմագրության մեջ կան տեղեկություններ, որ Հովհաննես Գառնեցի վարդապետը, շրջելով եվրոպական երկրներում, տեղի հայ քրիստոնյաներին հորդորում-խրատում էր, նորոգում լուսավորչական հավատը։ Այդ ամենից հետո նա ուխտի է գնում սուրբ Երուսաղեմ, որտեղ և ականատես է լինում սուրբ Հակոբյանց տաճարում կատարված հրաշքին: Այդ նույն Գառնեցի վարդապետն է, որ Աշորնիս ձորի իր խցում ճգնելիս տեսիլքի մեջ տեսել է ահեղ դատաստանի օրը, թե ինչպես է Հիսուսը իջել Երուսաղեմում և հրեշտակների բերանով կանչել Գրիգոր Լուսավորչին, որ ողջ հայ ազգի հետ բազմի Իր աջակողմում: (Տեղեկությունները` Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի 1987 թ. հրատարակած «Հայ գրականության միջազգային կապերը» գրքից): ՈՒ քանի որ խոսեցինք Հովհաննես Գառնեցի վարդապետի մասին, ապա հոգեշահ է կարդալ նրա անվանն առնչվող մի այլ հրաշքի մասին ևս, որ գրված է Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» գրքում.
«Սա (Հովհաննես Գառնեցին) մի առաքինի մարդ էր, վարքով զարմանալի, Աստծո պատվիրանները կատարող, Քրիստոսի լուծը կրող. պատանեկությունից արժանացավ կուսակրոն քահանայական աստիճանի, Այրիվանքի (այժմ Գեղարդավանք) սուրբ միաբանությունից: Սա մանկությունից արհամարհեց կյանքի ամեն ինչքը, լքեց հարազատներին ու տունը, բնակվում էր ամայի տեղերում: Սիրում էր առանձին լինել և անդադար Աստծո հետ խոսել՝ իրեն տալով տեսակ-տեսակ ճգնությունների, պասերի, գետնատարած ու պառկած աղոթքների և անդադար տեղից տեղ շրջելով ու պատահածներին լուսավորելով:
Նրան տրվեց նաև բժշկության շնորհ, որովհետև ձեռքը դնելով ու աղոթելով բազմաթիվ ախտաժետների էր բժշկում: Նրանից խնդրում էին նաև իրենց անձերի պահպանման համար թուղթ (զորավոր ու պահպանիչ աղոթքներ, գրված մագաղաթի վրա, որ ժողովուրդը հմայիլ է կոչում- Մ. Բ.), իսկ նա անմիջապես տալիս էր խնդրողներին: Նա գրում էր Սուրբ Երրորդության Անունն ու աղոթքի խորհրդավոր խոսքեր ու տալիս նրանց: Իսկ նրանք հավատով առնում ու կապում էին իրենց վրա:
Սրա մասին շատերը շատ բան էին ասում, բայց շատ ավելի Վարդան վարդապետն էր պատմում, որի խոսքերն արժանի են վստահության, որովհետև նրանք սիրով կապված էին միմյանց հետ: Մենք հեռավորության պատճառով չտեսանք նրան, նա իբր մխիթարություն պատմեց մեզ նրա կյանքից որոշ բաներ, մասնավոր կերպով ասաց, թե՝ «Հովհաննեսն ինքը պատմեց, թե ես գնացի սուրբ քաղաք Երուսաղեմ երկրպագելու փրկչական վայրերին. այնտեղ որոշ ժամանակ մնացի՝ իջևանելով սուրբ Հակոբում» (այստեղ Կիրակոս Գանձակեցին պատմում է Գաբրիել հրեշտակի նկարի հետ կապված տեսիլքի մասին, որ ապրիլի 7-ին սուրբ Կույսին Հիսուսի ծննդյան ավետիսը տվեց՝ ինչի մասին արդեն կարդացել է ընթերցողը և անպատեհ է նորից այն կրկնելը- Մ.Բ.)։ Իսկ երկրորդ պատմության շարադրությունն այս է. «Ես, ասում է, Հորդանան գետի կողմերում էի. աղոթում էի Տիրոջ և սուրբ Հովհաննես Կարապետի մկրտության տեղում: Ինձ մոտ մահմեդական երեք մարդ եկան և խնդրեցին, որ իրենց մկրտեմ: Ես հապաղում, թողնում էի ուրիշ օրվա, մտածելով, թող ուրիշներից մկրտություն ստանան, քանի որ տեսնում էի, որ նրանք վայրենաբարո մարդիկ են, և կարծում էի` ձևացնում են:
Բայց նրանցից տարեցը ինձ պատմեց ու ասաց. «Մենք պարսից քաղաք Զանգիանից ենք, կրոնով մուղրի ենք (մահմեդական կրոնավոր, Ղուրան կարդացող): Շինեցինք մեծ ու գեղեցիկ մի աշտարակ և պատրաստեցինք բացման տոնի հանդեսի համար, ինչ անհրաժեշտ էր: Ես, ըստ արաբական կրոնի, բարձրացա աշտարակի ծայրը, անարժան ազանը (նամազը) տալու: Եվ ահա տեսա արևելքի կողմից երկինքը պատռված ու վայրը անչափ լույսով լիքը: Մի զարմանալի ու ահեղ Թագավոր նստած փառքի աթոռին, իսկ Նրա շուրջը լուսեղենների բազմություն էր, որ օրհնում էր Նրան անպատմելի ձայնով: Թագավորին երկրպագելու էին գալիս բոլոր քրիստոնյա ազգերը՝ յուրաքանչյուրը իր կրոնի առաջնորդներով, որոնք զարդարված էին երևելի փառքով: Եվ երբ երկրպագում էին Նրան, Նա ընդունում էր նրանց ողջույնը: Ի վերջո, եկավ մի այլ ազգ, որ փառքով շատ ավելի էր, քան նախորդները, իսկ սրա առաջնորդները չափազանց զարմանալի էին: Երբ եկան Թագավորին երկրպագեցին, Նա աթոռից վեր կացավ նրանց ընդառաջ ու համբուրեց նրանց իրենց առաջնորդներով և մյուս ազգերից ավելի մեծարեց:
Եվ մինչդեռ ես հիացած, կանգնած էի զարմանքով ու ապշանքով, վերև, ինձ մոտ եկավ իմ այս ավագ որդին և ասաց. «Ինչո՞ւ ուշացար, ամբողջ ժողովուրդը քեզ է սպասում»: Սա նույնպես նայեց արևելք ու նույն տեսիլքը տեսավ և հիմարացած կանգնեց: Ապա երբ չափազանց ուշացանք, ամբոխը մեր ուշանալու վրա նեղսրտեց: ՈՒ բարձրացավ, եկավ իմ այս կրտսեր որդին և մեզ մեղադրում էր ուշանալու համար: Բայց քանի որ սրա գալու ժամանակ տեսիլքը վերացել էր, սրան պատմեցինք ուշանալու պատճառը և տեսիլքի հանգամանքները: Եվ իսկույն կամեցանք այն բարձունքից Քրիստոսին ճշմարիտ Աստված, իսկ մեզ քրիստոնյաներ հայտարարել: Սա մեզ արգելեց և ասաց. «Եթե այդպես է, խելքով գործ բռնենք. եթե հիմա Քրիստոսին քարոզենք, իսկույն տաճկաց այս ամբոխը մեզ կսպանի և պատրվակ կբռնեն, թե ինչ-որ հանցանքի համար սպանեցինք, իսկ մեր մասին ո՞վ է իմանում: Այլ ավելի լավ է գնանք մեր պատրաստած ճաշերը տանք դրանց, իսկ մենք գնանք Երուսաղեմ, սուրբ քաղաք, և այնտեղ լինենք կատարյալ քրիստոնյաներ, նրանց մկրտության միջոցով, մանավանդ այն քրիստոնյաների ձեռքով, որոնց մասին դուք ասում եք, թե նրանց ցնծությամբ ընդունեց Թագավորը, և ձեզ տեսիլքում նշան տրվեց, թե այն հայոց ազգն էր, որ վիճակ ընկավ Թադևոսին, Բարդուղիմեոսին և սուրբ Գրիգորին»:
Մենք անսալով նրա խոսքին, իջանք նրանց մոտ՝ ոչ մեկին ոչինչ չպատմելով: Թողեցինք մեր ամբողջ կայքը, եկանք Երուսաղեմ և Աստծուն աղաչեցինք, որպեսզի մենք հանդիպենք այն ազգին, որ տեսիլքում փառավոր էր: Եվ Աստված մեզ ցույց տվեց քե՛զ, և նույն նշանը տեսանք քեզ վրա: Այժմ աղաչում ենք քեզ, տուր մեզ Քրիստոսի մկրտությունը և մեզ դարձրու քո Աստծուն կատարյալ ծառաներ»:
Ես տեսա նրանց հոժարությունը, և թե մանավանդ Տիրոջից իմ կոչումը, նրանց մկրտեցի Հորդանան սուրբ գետում, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, և նրանց հաղորդեցրի Աստվածորդու պատվական մարմնով և արյունով:
Հետո մեզ ողջունելով, քաղաքից դուրս եկան գնալու մեծ Հռոմ, տեսնելու սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի գերեզմանները ի փառս Քրիստոսի»:
Սիրելի հայորդի ընթերցող, մեզնից յուրաքանչյուրը, որպես ազգի մի բջիջ, կարող է իր չափով հավատարիմ լինել այդ տիեզերախորհուրդ առաքելությանը, միայն թե սրտի հոժարությունը պետք է կամովին լինի այդ առաքելությունը մեր ազգին վստահող Արարիչ Տիրոջը։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ