«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Եվ Մեռոնը խաչանման ջուրն է կաթեցնում, որովհետև Մեռոնը Քրիստոս է, իսկ խաչաձևը Քրիստոսի խաչն է»

«Եվ Մեռոնը խաչանման ջուրն է կաթեցնում, որովհետև Մեռոնը Քրիստոս է, իսկ խաչաձևը Քրիստոսի խաչն է»
29.09.2015 | 11:02

Այս մյուռոնօրհնությանն էլ արժանացանք, այսինքն՝ ևս յոթ տարի ապրեցինք, քանզի, ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, յոթ տարին մեկ մյուռոնօրհնության արարողություն է կատարվում։ Բացառություն է լինում միայն այն ժամանակ, երբ կաթողիկոս է ննջում, որից հետո նորընտիր կաթողիկոսի օրոք նորից Մյուռոն է եփվում։ «Եփվել» բառը կարծես չի սազում այս արարողությանը, քանզի ոչ մի կրակ չի վառվում այդ ժամանակ, բայց չգիտես ինչու, Աստծո միջամտությամբ Մյուռոնի օրհնության արարողությունից հետո կաթսան սկսում է ինքն իրեն տաքանալ, ու յուրաքանչյուր ոք, ձեռքը հպելով կաթսային, կարող է զգալ դրա տաքությունը։ Ինձ բախտ է վիճակվել մյուռոնօրհնության արարողությանը մասնակցել դեռ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք, երբ առաջին անգամ թույլ տրվեց այդ արարողությունը կատարել Մայր տաճարի դիմացի հրապարակում։ Այդքան գունագեղ ու վեհ արարողություն դեռևս չէի տեսել, քանզի բոլոր հրավիրյալ եկեղեցականները իրենց շքեղ հանդերձներով էին մասնակցում արարողությանը։ Հիշում եմ, որ նրանց մեջ էր նաև Կոստանդնուպոլսի երջանկահիշատակ պատրիարք Շնորհ Գալստյանը։ Հատուկ նրա անունն եմ գրում, քանի որ նրա հաջորդ այցելությունը Հայաստան, իր իսկ մարգարեական խոսքով, վերջինը դարձավ։ Նաև գրում եմ հենց Շնորհ պատրիարքի մասին, քանի որ նա առաջին անգամ հանձն առավ թարգմանել մեկ գործ, որը մեր եկեղեցու հետ կարծես կապ չուներ, բայց ահա երեսուն տարի է` հոգեշունչ պատգամներ է մատուցում մեր ազգին։ Խոսքը «Աստծո կանչ» գրքի մասին է, քանի որ մեր թերթը մի տարի անընդհատ այդ հոգեշահ խոսքերն է հրամցրել իր ընթերցողներին։ Հայաստանում այդ գիրքը Աստվածաշնչից ու Նարեկից հետո ամենաընթերցվող գիրքն է։ Կարծես մի փոքր շեղվեցինք Մյուռոնի օրհնության պատմությունից, բայց իրականում առանց Աստծո օրհնանքի ո՛չ ձիթայուղը Մյուռոնի կվերածվեր, ո՛չ էլ Աստծո կանչը կտարածվեր մեր ազգի մեջ։
Հիմա էլ մի փոքր պատմական էքսկուրս կատարենք Մյուռոնի պատմության վերաբերյալ, որպեսզի ամբողջացնենք մեր ասելիքը։
Հայոց եկեղեցու վարդապետներն այսպես են մեկնաբանել Մյուռոն բառը` նկատի ունենալով Ս. Մկրտության խորհուրդը: ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Երզնկացի Պլուզն ասում է. «Եվ Մեռոնը խաչանման ջուրն է կաթեցնում, որովհետև Մեռոնը Քրիստոս է, իսկ խաչաձևը Քրիստոսի խաչն է: Եվ ինչպես Քրիստոս խաչով մեռավ, նույնպես էլ քրիստոնյան Քրիստոսի հետ Ավազանի մեջ խորհրդաբար խաչակից է դառնում Քրիստոսին, և ասես մեռնում է այս աշխարհի և մեղքերի համար և միայն Քրիստոսի բարեգործությամբ կենդանի լինում»: Իսկ աղոթասաց սբ. Գր. Նարեկացին եբրայերենի հետևողականությամբ Մյուռոնը ստուգաբանում է «մեռա» բառով, որ նշանակում է «դառնություն»: Մկրտության խորհրդով բաժնեկից ենք դառնում Քրիստոսի չարչարանքների դառնությանը, բայց վերստին ծնվելով Ս. Ավազանից` Նրա հետ նաև հարություն ենք առնում (հմմտ. Հռոմ. 8. 17):
Ս. Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը: Ս. Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Վերոնշյալ նյութերը, որոշակի պատրաստություն անցնելով, աղոթքներից, հոգևոր համապատասխան արարողություններից հետո լցվում են Մյուռոնի կաթսայի մեջ: Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում է Ս. Էջմիածնի Մայր տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով: Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա եփվում են: Կրակի վրայից վերցնելուց հետո թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը ցած իջնի և մնա պարզված մաքուր հեղուկը, որը քամում են մաքուր կտավով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը:
Մնում է ավելացնել, որ արդեն շուրջ 120 տարի է, ինչ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել նորնախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:
Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գր. Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում:
Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը՝ 1897 թ. սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին։
Ավարտենք Սուրբ Մյուռոնի վերաբերյալ այս մտորումները անմահ Նարեկացու տողերով.
Հիսուս, չորս կողմից դրոշմված այս յուղը
Բարձրյալիդ Խաչի պես հաստատում է
Կեցուցչիդ զուգափառ և նմանատիպ Արյան շնորհը,
Եվ մեծարում է նույն անմերժելի փառքով
պսակելով…
Այս համեստ յուղը միշտ օրինակն է ու
նմանությունը
Տիրոջ Համբարձման և խոնարհության։
(Բան ՂԳ)։
Իսկ մեզ մնում է միայն մաղթել, որ Սուրբ Հոգով վերածնված ու այդ նոր Մեռոնով կնքված մանուկները արժանանան երկնքի արքայությանը։ Ամեն:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ