Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Պարոն նախարար, խնդրում եմ, քիչ աղոթեք Աստծուն

Պարոն նախարար, խնդրում եմ, քիչ աղոթեք Աստծուն
02.10.2015 | 00:36

Չէ, պարոն Կարապետյան, ես Ձեր նկատմամբ չարությամբ չեմ լցված և երբեք չեմ պատրաստվում թերագնահատելու այն լայնածավալ աշխատանքը, որ կատարում եք Դուք: Վերջապես կույր պետք է լինել և չնկատել Ձեր այցելությունները մարզեր, հանդիպումները գյուղացիների հետ, նրանց ոգևորող խոսքերը: Վերջապես ով կարող է ժխտել, թե ինչպիսի տնտեսական աճ կա գյուղատնտեսության մեջ Ձեր աշխատած տարիներին, և որոշ լրատվամիջոցներում հնչող խոսքերը, թե այդ աճը լավ նկարած թվեր են, պարզապես բամբասանք է, չարակամ մարդկանց խոսք: Վերջապես ով կարող է ժխտել, թե ինչպիսի ջերմեռանդությամբ եք Դուք աղոթում առ Աստված առատ բերքի համար և ահավասիկ կարողացել եք աղոթքներով ընդունելի լինել Աստծուն, և փաստը այս տարի Հայաստանում գյուղացու աճեցրած առատ բերքն է: Սատանայի չար կամքին հակառակ (նկատի ունեմ՝ գարնանային ցրտերը, կարկտահարությունները, ուժգին քամիները, շատ տեղերում գյուղացուն հասցված վնասները) Ձեր աղոթքներն ավելի զորեղ դուրս եկան:
Ասեմ Ձեզ, հարգելի նախարար, գյուղացին ամենևին էլ չի օրհնում «թագն ու իրեն», որովհետև աճեցրած բերքը… Պոմիդորը մթերում են 40 դրամով, բադրիջանը՝ 50 դրամով, դե գլուխը քարը, գյուղացու համար էլի փող է, իր չարքաշ գոյությունը մի կերպ քարշ տալու տեսանկյունից: Առատ բերքի չարիքն այսօր խաղողն է: Դուք էլ երևի չեք հիշում խաղողի նման առատ բերք: Խոստացված 150 դրամով կգ-ն մթերելու խոստումները հօդս են ցնդել: Կգ-ն 100, 110, 120... դե էլի փող է: Իր չարքաշ օրը հայհոյելով՝ գյուղացին համակերպվում է ստեղծված վիճակի հետ: Համարյա բոլորը, այդ թվում` գյուղացին, հասկանում և կրկնում են 1939 թվականին Մոսկվայից հայկական արվեստի և գրականության տասնօրյակից վերադարձած Լենինականի կայարանում տակավին շիտակ ու միամիտ Հովհաննես Շիրազի խոսքերն ուղղված դրամատուրգ, դերասան Ջահանին (Ջահանը Մոսկվայում իր «Շահնամե» դրամայի համար 3-րդ մրցանակն էր ստացել). «Համա զիլ փարա զարգիր, հա՜»: Այսօր համարյա բոլոր օլիգարխները, օգտվելով ստեղծված վիճակից, հազար ու մի պատճառաբանությամբ, վերջին հաշվով վերջնական արդյունքում, «զիլ փարա են զարգում»:
Դասական կապիտալիզմի նախնական կապիտալի կուտակման փուլում անգամ այդպիսի «փարա չեն զարգել», ինչպես այսօր հայ օլիգարխները: Ով է և ինչ է իրենից ներկայացնում այն, անշուշտ, իշխանավորի հետ ժողովրդի հաշվին սերտաճած մի թարախապալար: Բայց այդ մասին չէ խոսքս, պարոն նախարար: Պարզապես խնդրում եմ, մի աղոթեք Աստծուն, թող բերքը քիչ լինի, կարկուտը, քամին տանեն, ոչնչանա, գոնե այդ դեպքում գյուղացին կմխիթարվի՝ ասելով.
-Ի՜նչ արած, աղետ էր:
Դա նույնն է, թե, անկախ որևէ պատճառից, հղի կինը վիժում է, բոլորովին այլ է, երբ երեխան ծնվում, գուրգուրվում, մեծանում և հանկարծ ինը, տասն ամսականում մահանում է: Խաղողի առատ բերքի վիճակն այսօր նման է ծնված, խնամված, գուրգուրված երեխային և հանկարծ, գյուղացու սպասելիքի արդյունքը չի հատուցում նույնիսկ նրա վրա կատարած ծախսերը:
Հարգելի նախարար, չեմ ցանկանում ծավալվել, որովհետև, ով գիտե, մարդ եմ, էլի, մեկ էլ մի տեղ սայթաքեցի և ասված խոսքը դուր չեկավ «զիլ փարա զարգողներին»՝ պաշտոնավոր ընկերներին:
Էնպես որ, հարգելի նախարար, մի՛ աղոթեք Աստծուն, թող բերքը քիչ լինի: Իսկ եթե Դուք շարունակեք նույն եռանդով աղոթել, այդ դեպքում կխնդրեմ Աստծուն, որ Ձեր ձայնը նրան հասանելի չլինի:


Հարգանքով ՝
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ