Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ մասոններ-2. «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»

Հայ մասոններ-2. «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»
06.10.2015 | 10:16

«Իրատեսի» 2012 թ. փետրվարի 17-ի համարում տպագրվեց իմ «Հայ մասոններ» հոդվածը, որը բազմաքանակ ընթերցողներ ունեցավ: Ի՞նչ դրդապատճառներով էի առաջնորդվել այն ժամանակ։ Մասոնության վերաբերյալ այլալեզու բյուրավոր գրքեր, ուսումնասիրություններ, հրապարակումներ կային, իսկ հայ մասոնների թեման գրեթե անուշադրության էր մատնված, այնինչ դրանից բխում էր տրամաբանական հարցադրում` ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել մասոնությունը Հայկական հարցում, իմա` հայության ճակատագրում: Ընդ որում, ես սահմանափակվել էի մասոնության ծագումնաբանական, վարվելակերպային, գաղափարական, քաղաքական հիմնադրույթների համառոտ շարադրմամբ ու ներկայացրել էի հայ մասոնների մի «փունջ»:
Այս տարվա հուլիսի 24-ին հայրենագետ Սարգիս Հացպանյանը փայլուն զեկուցում կարդաց` շեշտադրումը կատարելով Հայկական հարցի բաղադրյալի` Ցեղասպանությանը մասոնության մեղսակցության վրա: Նա պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ապացուցեց, որ վերազգային գաղափարներով «տոգորված» թուրք մասոնները, հայ և օտարազգի «գործընկերների» լռին անգործությամբ, անանց ողբերգության մատնեցին մեր ժողովրդին:
Սակայն Հայկական հարցը շատ ավելի ընդգրկուն հասկացություն է, այդ հարցն այսօր էլ կա, կա նաև Հայաստանում փթթող մասոնությունը:
Այժմ կներկայացնեմ ևս մի պատմական «ծաղկաբույլ»:
ԲԵՀԲՈՒԹՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓԻ (1859-1923) - իշխան, սերում է Թիֆլիսի հայ ազնվականական տոհմից: Ավարտել է պաժերի կորպուսը, ծառայել է լեյբ-գվարդիական Պրեոբրաժենյան գնդում, 1895-ին ծառայությունը թողել է և աշխատանքի անցել պալատական գերատեսչությունում: XX դ. սկզբից զբաղվել է հասարակական գործունեությամբ, եռանդուն մասնակցություն է ունեցել Ժողովրդական ազատության կուսակցության (կադետներ) ստեղծմանը, որից ընտրվել է Ռուսական կայսրության Պետական դումայի I, II գումարումների անդամ:
Առաջին աշխարհամարտը դիմավորել է Բեռլինում, Ռուսաստան է վերադարձել 1916 թ. վերջին: Ժամանակավոր կառավարության օրոք մեղադրվել է գերմանացիների հետ կապի համար (մասնակցություն գաղտնի բանակցությունների` Գերմանիայի հետ սեպարատ դաշն կնքելու նպատակով), ենթարկվել է տնային կալանքի, տունը խուզարկվել է, սակայն գործը կարճվել է անբավարար ապացույցների պատճառով:
Թողել է ավելի քան 600-էջանոց հուշագրություն, ուր պատմել է, թե ինչպես է 12 հազար ռուբլի տվել Ազեֆին` Նիկոլայ II-ին սպանելու, ապա 6000 ռուբլի Բուրցևին` Ազեֆին մերկացնելու համար:
Ռուսաստանում առաջին մասոնական օթյակների հիմնադիրներից մեկը: 1906 թ. Մոսկվայի «Վերածնունդ» օթյակի հիմնադիր-անդամ, 1909-ին Օդեսայում հիմնել է «Ճշմարտություն» օթյակը: Պետերբուրգի «Հյուսիսային աստղ» օթյակի քարտուղար, ապա` «Մեծ Արևելք» ռուսական բոլոր օթյակների գերագույն խորհրդի քարտուղար Ֆրանսիայում: Սակայն 1910 թ. տեղի է ունեցել մասոնական օթյակների արտակարգ ժողովը, որը, վախենալով նրա ազդեցության ուժեղացումից, ռուսական մասոնությունն անվանել է «նիրհած», ինչի արդյունքում Բեհբությանն ու նրա համախոհները հեռացվել են ղեկավար դիրքերից:
ԳՅՈՒՐՋՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԳԱՐԻ (1881, Շուշի-1948, Փարիզ), հայ քանդակագործ։ Սովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալիստական ուսումնարաններում, Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1907-1910), հաճախել Օգյուստ Ռոդենի արվեստանոցը։ 1908-ից մասնակցել է ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում։ Նրա գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Անտվերպենում, Բրյուսելում և այլուր։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (1924), Փարիզում (1926, հետմահու՝ 1952)։ 1958 թ. այրին Հայաստանին է նվիրել քանդակագործի 400 ստեղծագործություն, 1963 թվականին Ա. Առաքելյանը (Փարիզ)՝ 42 քանդակ։
1926 թ. մարտի 27-ից` անդամ Փարիզի «Ոսկե գեղմ» օթյակի, որում ընդգրկված էին նաև Ս. Լիանոսյանը (հիմնադիր-անդամ), Պ. Տեր-Օսիպյանը, Ալ. Շահնազարյանը: 1929-ից` Փարիզի «Յուպիտեր» օթյակի 2-րդ աստիճանի, 1930-ին` 3-րդ աստիճանի անդամ: 1932-ին հեռացվել է անդամավճարները չմուծելու համար, 1934-ին վերականգնվել, 1935-ին` կրկին հեռացվել:
ԶԱՎԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ (1872-1945)- փաստաբան, լրագրող: Համալսարանական կրթություն է ստացել, Սանկտ Պետերբուրգում աշխատել է որպես երդվյալ ատենակալ: 1917-ին վտարանդվել է Փարիզ, աշխատել որպես փաստաբան, զբաղվել լրագրական գործունեությամբ, 1930-ական թթ.` «Նավարա» տպարանի տնօրենների կոմիտեի անդամ: 1933-1937 թթ. զեկուցումներով հանդես է եկել Կովկասի ուսումնասիրման խմբակում:
Փարիզի «Ազատ Ռուսաստան» մասոնական օթյակի անդամ, 1932-ին բարձրացվել է 2-րդ աստիճանի, 1933-ին հեռացվել: 1933-ին` Փարիզի «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ, հեռացվել է 1937-ին:
ԿԱՖՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԳԱԲՐԻԵԼԻ (1900-1971) - երաժիշտ: 1935-ից մինչ ի մահ` Փարիզի «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ, Դրոշակիր (1938), Գանձապահ (1945), 1-ին Պահապան (1946), Բարապան (1947), 1959-ից` օթյակի Դատավոր: 1957 թ. օթյակում զեկուցում է կարդացել Գյուրջիևի ու նրա տեսության մասին, ինչպես նաև գրել է «Ռուսական մասոնության վերջը» հոդվածը, որտեղ նշել է. «Ամեն ինչ ասվա՛ծ է: Մենք հոգնել ենք: Այլևս ասելիք չունենք: Մենք բոլորս կմեռնենք»:
ՂԱՄԲԱՐՅԱՆ ՅՈՒՐԻ ՍՏԵՓԱՆԻ (1850-1926) - իրավագիտության պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի առաջին ռեկտոր (1919-1920)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1884-ին դարձել նույն համալսարանի պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899 թվականը։1899-ին հրատարակել է «Гражданское право», «Вещное право» աշխատությունները։ Եղել է «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ։ Դասախոսել Բրյուսելի համալսարանում։ 1906-1911 թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը՝ «Курс гражданского права» և այլ արժեքավոր աշխատություններ։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1919-ի հուլիսից մինչև 1920-ի դեկտեմբեր եղել է Երևանի պետհամալսարանի առաջին ռեկտոր։
1907-ից` Պետերբուրգի «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ:
Նրա գլխաքանդակը այսօր զետեղված է պետհամալսարանի գլխավոր մուտքի նախասրահում:
ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՔԱՐԻ (1862-1931) - բժիշկ, միկրոբիոլոգ, Միքայել Լոռիս-Մելիքովի հորեղբոր որդին: Թիֆլիսի ռեալական գիմնազիայից հետո, 1888-ին ավարտել է Փարիզի բարձրագույն բժշկական դպրոցը, պաշտպանել ատենախոսություն և ստացել բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան: Եվս մեկ տարի կատարելագործվել է բժշկության նոր ասպարեզում` միկրոբիոլոգիայում: 1889 թ. վերադարձել է Պետերբուրգ, ապա` Թիֆլիս, ուր աշխատել է որպես բժիշկ ու զբաղվել գիտական հետազոտություններով: Քրիստափոր Միքայելյանի հետ հիմնել է ՀՅԴ կուսակցությունը: 1899 թ. վերջին Ք. Միքայելյանի առաջարկով մեկնել է Փարիզ` Եվրոպայում քարոզչություն վարելու նպատակով, Պիեռ Կիարի հետ հրատարակել է ֆրանսերեն «Pro Armenia» թերթը: Աշխատել է Պաստյորի ինստիտուտի` հռչակավոր Ի. Մեչնիկովի լաբորատորիայում (1900-1906 թթ. և 1908-ից ցկյանս): 1903-ին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն:
1905 թ. Ք. Միքայելյանի զոհվելուց հետո հարաբերությունները սրվել են դաշնակցության մյուս ղեկավարների և նրա միջև, ինչի հետևանքով Մ. Վարանդյանն ու Ա. Ահարոնյանը 1906 թ. հունվարին Հ. Լոռիս-Մելիքովին ազատել են եվրոպական քարոզչության լիազորի պարտականություններից: Վերջինս թողել է քաղաքական գործունեությունն ու մեկնել Պետերբուրգ: 1906-1908 թթ. աշխատել է «Ստրանա» թերթում, ապա վերադարձել Փարիզ և Կլեմանսոյի երաշխավորությամբ կրկին ընդունվել Պաստյորի ինստիտուտ:
1914-1918 թթ. մասնակցել է Առաջին աշխարհամարտին որպես Արևմտյան և Սալոնիկի ռազմաճակատների դաշտային հոսպիտալի գլխավոր բժիշկ, պարգևատրվել Զինվորական խաչով:
1919 թ. Ֆրանսիայի ԱԳՆ-ն հատուկ առաքելությամբ նրան ուղարկել է գեներալ Ա. Դենիկինի մոտ` Ռուսաստանի հարավում իրադրությանը ծանոթանալու նպատակով: Հետդարձի ճանապարհին այցելել է Վրաստան ու Հայաստան: Երևանում նրան ցուցաբերել են բավականին սառն ընդունելություն և, որպես արտասահմանցու, թույլ չեն տվել ելույթ ունենալ խորհրդարանում: ՈՒղևորության արդյունքում 1920 թ. տպագրել է «Ռուսական հեղափոխությունը և Անդրկովկասի նոր հանրապետությունները: Բոլշևիզմ և հակաբոլշևիզմ» գիրքը (La Revolution Russe et les Nouvelles Republiques transcaucasiennes. Bolchvisme et Antibolchevisme, Paris, 1920), «Թուրքական մենթալիտետը», «Սոցիոլոգիական էտյուդ Վրաստանի և Ադրբեջանի մասին» հոդվածները:
1905-1908 թթ. Փարիզի «Տիեզերք» օթյակի անդամ (ունեցել է 3-րդ աստիճան), Պետերբուրգի «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ (Յու Ղամբարյանի հետ), 1906 թ. Դ. Բեհբությանի հետ Մոսկվայում հիմնել է «Վերածնունդ» օթյակը:
ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ ՀՈՎՍԵՓ ԳՐԻԳՈՐԻ (1872-1948) -դիվանագետ, կամերգեր, պետական խորհրդական: 1894 թ. ավարտել է կայսերական Ալեքսանդրյան լիցեյը և ծառայության անցել ԱԳՆ-ում: Նախարարության գրասենյակի գործավար (1902 թ.), 1906-1908 թթ.` Նիդերլանդներում ռուսական դեսպանության 2-րդ քարտուղար, 1909-1913 թթ.` Նորվեգիայում ռուսական դեսպանության քարտուղար, 1914-1916 թթ.` ԱՄՆ-ում ռուսական դեսպանության 1-ին քարտուղար: 1916-ից` Սիամում գործերի հավատարմատար ու գլխավոր հյուպատոս: Սիբիրում մասնակցել է քաղաքացիական պատերազմին, կռվել է ծովակալ Ա. Կոլչակի բանակում: Վտարանդվել է Փարիզ: 1920-ական թթ. որպես ռուս էմիգրանտների ներկայացուցիչ գործուղվել է Բեռլին` բանակցություններ վարելու:
Պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով, «Ի հիշատակ Ռոմանովների տան գահակալության 300-ամյակի» մեդալով:
Առաջին ռուսական օթյակներից մեկի` Փարիզի «Մեծ օթյակի» անդամ:
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՏԻԳՐԱՆԻ (1894-1961) - իրավաբան, օպերային երգիչ, ՀՅԴ անդամ: Ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Առաջին աշխարհամարտի և քաղաքացիական պատերազմի մասնակից: 1921 թ. Պարսկաստանով ու Սիրիայով վտարանդվել է Չեխոսլովակիա, ապրել Պրահայում, սովորել համալսարանում և 1925 թ. հանձնել իրավագիտության պետական քննություն: 1926-ին տեղափոխվել է Ֆրանսիա, որպես իրավաբան աշխատել մի շարք մասնավոր առևտրային կազմակերպություններում, ապա մինչև կյանքի վերջ` Փարիզի կինովարձույթներից մեկի տնօրենի օգնական:
Զբաղվել է երգեցողությամբ, սովորել երաժշտության Նորմալ դպրոցում, Փարիզի կոնսերվատորիայում: 1927-ից մասնակցել է հայկական և ռուսական տարբեր կազմակերպությունների նախաձեռնած համերգներին:
Փարիզի «Հյուսիսային աստղ», «Ազատ Ռուսաստան» օթյակների անդամ:
ՊԱՐՈՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ (1880-1946) - իրավաբան, ձեռնարկատեր: Ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1917-ից հետո վտարանդվել է, ապրել Փարիզում: 1921-ից` ռուս և հայ կապիտալիստների հիմնած Տորգպրոմ հակաբոլշևիկյան կազմակերպության անդամ: 1934-ից` ձեռնարկատեր, կինոթատրոնի սեփականատեր:
1932 թ. փարիզյան «Ազատ Ռուսաստան» օթյակի, 1933-1945 թթ. «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ:
ՋԱՄԱԼՅԱՆ (ԻՍԱՀԱԿՅԱՆ) ԱՐՇԱԿ (1882-1940 ) - հասարակական-քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1901 թ.)։ 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է ցարական ոստիկանապետի ահաբեկչությանը, որի համար բանտարկվել է։ 1906 թ. Գերմանիայում զբաղվել է հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ, հիմնադրել ՀՅԴ «Եվրոպայի հայ ուսանողական միությունը», հրատարակել «ՈՒսանող» պարբերականը և հայ ազատագրական պայքարը լուսաբանող գրքույկներ (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։ 1909 թ. վերադարձել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, աշխատակցել «Հորիզոն» օրաթերթին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայ կամավորական ջոկատների կազմակերպիչներից (անձամբ կռվել է ուսանողական կամավորական ջոկատում)։ 1917 թ. հոկտեմբերից՝ Հայոց ազգային խորհրդի անդամ։ Մասնակցել է Երզնկայի զինադադարի կնքմանը (1917 թ.)։ 1918-ին՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Եղել է Հայոց ազգային խորհրդի՝ Բեռլին մեկնած ազգային պատվիրակության կազմում։
1918 թ. ՀՀ դեսպան Թիֆլիսում, 1919-ին՝ Հայաստանի խորհրդարանի անդամ, 1920-ին՝ հաղորդակցության ճանապարհների նախարար։ 1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրել է զինադադարի համաձայնագիր Խորհրդային Ոուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ։ 1921 թ. մասնակցել է բոլշևիկների և դաշնակցականների միջև Ռիգայի բանակցություններին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, ապա՝ Կ. Պոլիս, այնուհետև՝ Ֆրանսիա։ 1925-1933 թթ.` Փարիզում հրատարակվող «Դրօշակ» ամսագրի խմբագրակազմի անդամ:
1934 թ. կազմակերպել է «Հայ-վրացական միությունը»։ Գրել է «Դաշնակցության տեսությունը» գիտական աշխատությունը (1908 թ.), թատերգություններ:
1928-1934 թթ. «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ:
(շարունակելի)


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ