Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տո՞ն, թե՞ տոնակատարամոլություն

Տո՞ն, թե՞ տոնակատարամոլություն
06.10.2015 | 10:32

Այո՛, ժողովուրդն առանց տոների ու տոնակատարությունների չի կարող լիարժեք ապրել։ Սակայն պետք է ընդունենք, որ «տոնը» և «տոնակատարությունը» տարբեր հասկացություններ են։
Տոնը երկրի ու ժողովրդի պատմական, համաժողովրդական, համապետական կամ կրոնական որևէ կարևոր իրադարձության հիշատակման օր է, որը ժողովրդի մեջ վառ է պահում հեռավոր կամ ոչ վաղ անցյալում ազգի ու երկրի համար ճակատագրական-հերոսական իրադարձության բարոյական և պատմական դասերը, բարձրացնում է ազգի բարոյական ոգին, ինքնագնահատականը և հավատն իր ուժերի, իր խաղաղ ու բարեկեցիկ ներկայի ու ապագայի նկատմամբ։ Միշտ չէ, որ ժողովուրդն ու նրա պետությունը կարողացել են տոնը վերածել տոնակատարության. քաղաքական անբարենպաստ անցուդարձի, պատերազմական իրադրության և համաճարակների ժամանակ տոնը տոնակատարություն չի դարձել, այլ նեղ շրջանակներում հիշվել է և դրանով անգամ ուժ է տվել ժողովրդին։ Պատմական փաստերը բավարար են. պետականությունը կորցրած հայ ժողովուրդն իր ազատագրական ոգին չթուլացնելու համար, դարերով օտար գերիշխանության տակ ապրելիս երբեք չի մոռացել Վարդանանց հաղթանակի տոնը (իհարկե, եկեղեցու մեկնաբանությամբ), եկեղեցին, որ մշակել էր տաղավար տոների հաջորդականություն, նույնպես առանց առանձնակի շուքի և ճոխությունների նշում էր հավատքի հետ կապված տոները` չվերածելով դրանք տոնակատարության։ Հայրենական պատերազմի տարիներին նույնպես հիշվել են տոները, բայց չեն վերածվել տոնակատարության։ Սովետի լավագույն տարիներին տոները վերածվում էին տոնակատարության` մայովկաներ, շքերթներ, «гулянка»-ներ։ Այս երկար նախաբանը բնավ աննպատակ չէ` տոն և տոնակատարություն հասկացությունների վերաբերյալ փորձել եմ թեթև, ոչ ազգագրական բացատրություն տալ։
Հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը։ Ոչ ոքի չեմ ուզում անձնապես վիրավորել, բայց տպավորությունն այնպիսին է, ասես մեզանում չկա քաղաքական, ռազմական, տնտեսական, ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակից հասկացող մի լուրջ մարդ` ղեկավարներից` վերից վար, որ դադարեցներ այդ տոնավաճառությունը։
Պարոնա՛յք, մեր երկիրը, հիշեցնեմ` Հայաստանի Հանրապետությունը, պատերազմի մեջ է: Մեզ ոչ թե ճոխ տոնակատարություններ են հարկավոր, այլ բարոյական ու ֆինանսական միջոցների կենտրոնացում. քանի միլիոն դրամ եք ծախսելու ձեր «փուչիկ շոուների» վրա, երբ ամեն օր սահմաններում կրակի տակ են հայտնվում Տավուշի խաղաղ բնակիչները և զոհվում։ Խաշած հավերի ծիծաղն էլ կգա. երեքմետրանոց պատ են կառուցում դպրոցի ու մանկապարտեզի դիմաց։ Իհարկե, հոգեբանական թեթև խաբկանք է դա։ Իսկ ինչ անեն այն գյուղացիները, ում տունն ու պատուհանները թշնամու գնդակների անմիջական թիրախն են։ Իսկապե՞ս դժվար եք հասկանում, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, պետք է դադարեցվեն բոլոր տեսակի խրախճանքները։ Մի առիթով իմ հոդվածներից մեկում գրել եմ, որ մենք` հայերս, անկախ պետություն հիմնելու առաջին օրից առնվազն 50 տարի պիտի ազգովին ու պետականորեն մոռանայինք անձնական ճոխություններն ու խրախճանքները, իսկ երբ անկախ պետականության կայացման հոգսերին միացավ նաև երկարատև պատերազմը, գոտիներս պիտի ձգեինք ու երկրի տնտեսությունը, գիտությունը, կրթությունը զարգացնեինք, բանակը հզորացնեինք ու զինվորի ոգին բարձրացնեինք։ Հասնեինք ազգային-բարոյական այնպիսի հոգեվիճակի, որ սփյուռքում ապրող հայ երիտասարդները թեկուզ վեց ամիս ծառայեին հայոց բանակում։ Մինչդեռ մենք վավերացրել ենք միջազգային մի թյուրիմացություն, որը դժվար է օրենք անվանել. կրոնական որոշակի համոզմունքներ (աղանդավորական) ունեցող երիտասարդը (թե տասնութ տարին նոր բոլորած պատանին երբ հասցրեց խորանալ կրոնական դոգմաների մեջ) կարող է հրաժարվել զինվորական ծառայությունից և այլընտրանքային ծառայության անցնել։ Այս թյուրիմացությունը վավերացնող պաշտոնյաներն ինչպե՞ս են բացատրում իրենց այս անխոհեմությունը, ես կասեի` դավաճանությունը, երբ առանց այն էլ մեր երկրում ընկել է ծնելությունը, արտագաղթը շարունակվում է, զինակոչիկների թիվը, բնականաբար, չի աճում։ Պատերազմի մեջ եղող մեր պետությունը դրամական միջոցների մեծ կարիք ունի այս բոլոր խնդիրները լուծելու համար։ Իսկ մենք լավ մասնագիտացել ենք տոնակատարությունների անցկացման գործում. թեթև գործ է` փուչիկներ փչենք, երգիչներին հավաքենք հրապարակում, բեմ սարքենք, լույսերը վառենք ¥տեսնես ո՞ր սակագնով են հաշվելու¤, երգիչներին ու նվագախմբերին հոնորար բաժանենք, նրանք էլ այս անգամ մեծահոգաբար մի մասից, կամ լրիվ հրաժարվեն` «հօգուտ սահմանամերձ գյուղերի»։ Այդ երգիչ-երգչուհիներն իհարկե եղանակ ստեղծող չեն, բայց գոնե այնքան բարձր է նրանց գիտակցությունը, որ հրաժարվում են, թեկուզ և մասամբ, իրենց հոնորարից։ Իսկ մեր երկրի տերերը, ներողություն, պետության ղեկավարները, եթե տիրոջ սրտացավություն ունենային, ապա պատերազմի մեջ եղող երկրում ճոխ տոնակատարություններ չէին անի։ ՀԱՊԿ ու մապկն էլ կհասկանային, որ ոչ միայն մեր սահմանների վրա են կրակում, այլև վաղուց սահմանից ներս։ Իսկ եթե երկրի սահմանի ներսում խաղաղ բնակիչ է զոհվում հակառակորդի հրթիռներից իր տանը կամ գյուղի ու քաղաքի փողոցներում, ապա դա միջազգային բոլոր օրենքներով պատերազմ է։ Պարոնայք, պարզ է, բայց բարոյական տեսակետից հասկանալի չէ ձեր տոնակատարամոլությունը։ Պատերազմ է, պատերա՛զմ... Չափավորե՛ք ձեր ախորժակը։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ