Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ձեզ` ծափերն ու պարգևները, ինձ` մեն մի հանդիսատես»

«Ձեզ` ծափերն ու պարգևները, ինձ` մեն մի հանդիսատես»
06.10.2015 | 10:40

ԽՍՀՄ և ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, հայ մեծանուն կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը մշտապես վայելել և վայելում է իր ժողովրդի սերն ու հարգանքը, ջերմ վերաբերմունքը: Միայն թե ինքը շատ քիչ վայելեց այս արևի լույսը՝ ընդամենը 63 տարի: Ի՜նչ անագորույն ճակատագիր ու նաև զարմանալի զուգահեռում՝ իր բախտակից Ֆրունզիկ Մկրտչյանը նույնպես ճիշտ այդքան տարի ապրեց:

ՄԱԼՅԱՆԻՑ ՃԱՌԱԳՈՂ ԼՈՒՅՍԸ
Այդ լույսը հիմա էլ շարունակում է ջերմացնել մեզ, և Մալյան ռեժիսորին, Մալյան մանկավարժին շարունակ մեր կողքին ենք զգում։ Նրան հաջողվեց հայկական ազգային կինոյի տերը դարձնել մեզ, հաջողվեց մեր հայացքը դարձնել մեր ակունքներին, սերունդներ ուղեկցել արվեստի դժվարին ճանապարհին՝ մաքրելով նրանց անցնելիք ուղին։ Այդպիսին էր Մալյանը՝ Երկրի հանդեպ ծածուկ ու մաքուր սիրով, լույս ճառագող բարությամբ, ասելիքը՝ իմաստուն, խրատներով լեցուն ու անջնջելի տպավորվող, սիրով շաղախուն ու բարի, բարի, շատ բարի: Ի՜նչ հրաշալի է բնութագրել գրող Ռուբեն Հովսեփյանը. «Մենք մի փոքր էլ բարիացանք, մի փոքր էլ հայացանք, մի փոքր էլ խելոքացանք Հենրիկ Մալյանի գոյությամբ»:
Եվ դրանից է, որ Մալյանին կարոտում ենք, ու մեր այդ կարոտից է, որ կրկին ու կրկին դիտում ենք իր բնույթին հարազատ թեմաներով ու ոճով նկարահանած նրա կինոնկարները, այդ կարոտից է, որ հիշողություն ենք քրքրում՝ ուրախանալով, որ առիթներ ենք ունեցել շփվելու այդ հմայիչ մարդու հետ:
...1988-ին էր, վերադարձել էր Ամերիկա կատարած այցելությունից: Իր ստեղծած թատրոն-ստուդիայում հավաքվել էինք՝ լսելու նրա տպավորությունները: Տպավորություն ասածը մի հայ ընտանիքում լսած երգի շուրջ շարունակ կրկնվող պատմությունն էր: Փորձում էր վերհիշել ամբողջ երգը, փորձում էր վերհիշելով երգել այդ երգն այնպես, ինչպես այն ընտանիքի մեծ մարեն էր երգել: Շատ էր տպավորված. այլ հանդիպումներ, տեսարժան վայրերի նկարագրություններ մի կողմ էր դրել՝ այդ երգն էր շուրթերին: Երգը լրիվ չէր հիշում ու երգի անունն էլ չէր հիշում, բայց հիշում էր, թե ինչի մասին է ու պատմեց, երկար պատմեց: Հետո ասաց. «Շատ կուզենայի գտնել այդ երգը»: Թատրոն-ստուդիայի դերասանուհի Կարինեն հետո գտավ այդ երգը և հաջորդ անգամ, փորձի ընդմիջմանը, անսպասելի երգեց: Մալյանը լսում էր՝ ձեռքը այտին իրեն բնորոշ դիրքով: Եթե զարմանքը, ուրախությունն ու հիացմունքն այդ պահին մարմին առնեին, հաստատ Մալյանի կերպարանքը պիտի ստանային:
-Մի անգամ էլ երգիր,- ասաց:
-Զույգ եզ ունիմ կուտամ ծախու,
Քանի որ տան պիտ ծախեմ՝
Թվենք մը առնիմ զիմ Կիկոյին,
Տանեմ գրեմ ֆիդայի:
Ախ, տեր Աստված հոգիս չառնես
Ես զիմ Կիկոն տեսնեի՝
Դոշին թվենք, թևին պշենք,
Ախ, այդ օրը մեռնեի:
Լռություն տիրեց: Մալյանի աչքերը թաց էին, միտքը՝ Աստված գիտի, թե ուր: Այդ ընթացքում Կարինեն երգի բառերը գրեց:
-Այս երգը,- թուղթը խնամքով ծալելով ու գրպանը դնելով` ասաց Մալյանը,- «Զարթնիր, լաո» երգին համահունչ է, բայց այստեղ ավելի զգայական ու խիտ ասելիք կա` հայ կինը պատրաստ է իր վերջին կարողությունը տալու, միայն թե որդին զինվոր գրվի, ասել է` եղեռն տեսած իր ազգի վրեժը կարողանա լուծել: Եվ դրանից հետո միայն նա հանգիստ խղճով կարող է էն աշխարհը գնալ. «Ախ, այդ օրը մեռնիմ»: Մալյանը նաև զուգահեռեց. «Սոսեն ինչպե՞ս էր երդվում Արաբոյի գերեզմանի մոտ»:
Չգիտեմ ինչու, այն ժամանակ ինձ թվաց, թե նա այդ երգը, գուցե հենց այդպես՝ Կարինեի ձայնով ուզեց տանել Ազատության հրապարակի միտինգին, որովհետև այդ ութ տողն ավելին էին, քան, թերևս, ղարաբաղյան ազատագրական պայքարին նվիրված այնտեղ հնչող կոչերը: Ինքն այնտեղ միշտ էր գնում: Գնում կանգնում էր ծառերի տակ՝ նայում, լսում, մտորում: «Գարուն» ամսագիրը հետո տպագրեց Մալյանի խոսքը՝ կուռ, ամբողջական մի մտորում ժողովրդի այդ մեծ վերազարթոնքի մասին:
Մենք Հենրիկ Մալյանին երկնային ճանապարհներ ուղեկցեցինք նրա կյանքի 63-րդ տարում: Հազար մտահղացում, հազար մտորում, որ կյանքի պիտի կոչվեին, նա տարավ իր հետ: Մեծ սրտերը մեծ ծանրություն են տանում։ Մեծ սրտերը մեծ ապրումներ են ունենում, մեծ հոգսեր քաշում ու մեծ ցավերից մաշվում։ Մեծ սրտերը խենթ են նաև ու խենթի հրճվանքով անզուսպ` կամովին տեր են դառնում հուզումներին և ուրախությանը, տագնապին ու բերկրանքին և հաճախ չեն դիմանում ու պայթում են այդ մեծ, շատ մեծ ծանրությունից։ Ի՜նչ ճիշտ քանդակ է արված նրա շիրմին՝ պայթած սիրտ: Երկրի համար այդ հուզումնալի տարիների տագնա՞պն էր, իր փայփայած «Կարոտ» ֆիլմի հետ կապված անհարկի քաշքշո՞ւկը, թե՞ էլի ուրիշ բաներ, որ մենք չիմացանք, կարճեցին նրա կյանքը, որ լեցո՜ւն շարունակություն պիտի ունենար:
Սովորական մարդու համար նրա կիսատ թողածը թերևս միայն իր կիսատն է, իր չհասցրածը: Հենրիկ Մալյանի չհասցրածը մեր բոլորի կիսատը, մեր բոլորի պակասը մնաց:
Այսօր՝ Հենրիկ Մալյանի ծննդյան 90-ամյակի տարում, խորհելու բան ունենք, թե մեր ո՞ր մի վերաբերմունքով ենք պատասխանելու մեծանուն կինոռեժիսորի ամեն արածին, մեր կողքին հարազատորեն զգալո՞ւ ենք այդ ՄԵԾ ՀԱՅԻՆ։ Այցի գնալո՞ւ ենք նրա շիրմին, ուր պատռված մի սիրտ` հուշաքարի տեսքով, նրա ապրած կյանքի լեցուն օրերի մասին է պատմում։ Հուշաքարի մոտ մեր ներքին խռովքը կբարձրաձայնե՞նք, արդյոք, թե Մալյանին այստեղ չէ, այլ Հայոց մեծերի պանթեոնում պիտի այցելեինք:
Մալյանի վախճանից հետո նրա թողած ոտնահետքերը մեզ տանում են իր ստեղծած թատրոն-ստուդիա, ուր իր դստեր՝ Նարինե Մալյանի ղեկավարած մի հիանալի թատերախումբ շարունակությունը պահում է այնպես, կարծես Մալյանը չի էլ բացակայում: Դա ՈՒսուցչին կրկնել չի նշանակում, դա նորը չունենալ չէ: Պարզապես Մալյանն այնքան տվեց, այնքան թողեց, այնպես անհնացող ու ազգային է նրա ոճը, այնքան շատ էին համատեղ ծրագրերը, որ Մալյանի մեծ ներկայությունը կա ու շարունակում է լինել: Դա նաև ինքնուրույնության պակաս չէ, որովհետև շարունակության մեջ ուրիշ ճանապարհներ փնտրելու հարկը չկա: Նրանք ազատ են իրենց պահվածքի մեջ, նոր բեմադրություններում իրենց ոճը բերելու մեջ: Նրանք ազատ չեն միայն իրենց զգացմունքները զսպելու մեջ, երբ խոսում են Մալյանի հետ ու նրա մասին:
«Ձեզ` ծափերն ու պարգևները, ինձ` մեն մի հանդիսատես»։ Այսպես ասաց Հենրիկ Մալյանը, և նրա մեն մի հանդիսատեսն այսօր ամբողջ ժողովուրդն է:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ