«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Վարդնոցի Սաֆարը

Վարդնոցի Սաֆարը
09.10.2015 | 08:54

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Գերեզմանոցում Դժգու Սաֆարը դողացող մատներով գրկեց քրոջ աղջկա դագաղը և մի քանի վայրկյան ականջ դրեց հանգուցյալի վաղուց մարած շնչառությանը՝ «Էղսո լաո՛, հազար ու հազար անգամ եմ Աստծուն խնդրե ու քզի կխնդրիմ՝ ներե՛ իմ մեղավոր հոգուն, ներե՛ ու նորե՛ն ներե։ Տե՛ր Աստված, ընչի՞ դու իմ անմեղ հոգին մեղավոր սարքիր»։ Մոտ կանգնածներից շատերն աչքի պոչով հարցական իրար նայեցին՝ էդ ի՞նչ հին մեղք է, որ անգամ վերջին հրաժեշտին էլ այդպես ցավեցնում է հանգուցյալի սիրելի քեռու սիրտը կամ, ո՞վ գիտե, մեծ մարդ է, կարող է՝ խելքը գնալ-գալով է։
Երբ տուն դարձան, Սաֆարը դեռ գլուխն էր ցավագին տարուբերում, մատների արանքում ջղարան մոլորված տրորում։
-Բաբո՛, հորքուր Էղսոն ամենից շատ քեզ էր սիրում, ամբողջ օրը՝ «Իմ փրկիչ քեռի Սաֆար, իմ անմեղ քեռի Սաֆար»։ Բա քո էդ ներողությունն ինչի՞ համար էր,- պապի ձեռքը պինդ բռնեց իր ամենահետաքրքրասեր թոռը՝ Սամվել Ավագյանը։
-Սամվել լաո՛, կերթանք Աշնակ, կպատմիմ, երկար խորաթա է,- վերջապես ջղարան վառեց Սաֆարն ու հրաժեշտին հերթով գրկեց հանգուցյալ քրոջ զավակներին։
Բեռնատար մեքենան փնչալով կանգնեց Աշնակի Վերին թաղում՝ Սաֆարի և նրա եղբայր Դոնոյի ընդհանուր բակում։ Հուղարկավորությանը մասնակցած հարազատները բեռնատարի թափքից վարորդի օգնությամբ արագ ցած թռան։ Սաֆարը ոտքը դեռ գետնին կարգին չէր դրել, Սամվելը բռնեց պապի ձեռքը. «Բաբո՛, արի էրթանք բոստան, մի քիչ շունչ քաշի, ճամփից հոգնեցիր»։
-Է՜, լաո՛, ես գիդիմ՝ քու մտքին ինչ է, գուզիս զիմ մեղք իմանաս,- թոռան գլուխը շոյեց Սաֆարն ու տեղավորվեց ծառի տակի իր ամենօրյա նստաքարին։
Պապը չգիտեր ինչից սկսել, որ թոռը ճիշտ հասկանա իրեն։ Ծխի ծանր քուլայով խեղդեց հուզմունքը, բառերը խո՜ւլ տեղից էին գալիս՝ 1915-ի ձորերից ու քարանձավներից, փախեփախի մոլոր ճամփեքից։
-Գարուն էր, զուլում ընկավ Էրգիր։ Մի ջոկատ մարդասպան ասկյար ու թալանչի քուրդ մութուլուսին լցվան մեր գեղ՝ Սասնո Վարդնոց,- շատ հեռվից սկսեց պապը, որ թոռան մտքում իր չգործած մեղքը մեղավորության ցավ չթողնի։- Լաո՛, մեկ ռանչպար սասունցու վրեն մի բուլուկ ասկյար ու քուրդ էկավ՝ թոփ ու թվանքով։ Մի քանի չախմախլի հրացանով ջահելներ կռվան մինչև վերջին փամփուշտ։ Էլ դեղ ու ճար, օգնող չկար, աշխարհ դարձավ հային դուշման, մեկ բարեկամ չկար։ Սպանվածներին արագ-արագ հող ու քարով ծածկինք, ով ողջ էր կամ վիրավոր՝ ժողվին զիրար, մեծ մաս ելավ Անդոկու սար։ Մեր Վարդնոց կոտորումին թալանի գլուխ քուրդ Սըլիմո աղան էր։ Մերոնք տուն չէին։ Սըլիմոն երկար նայեց մեջ իմ աչքերին, մատով մոտ կանչեց։ «Հիմի էս շուն քուրդ զիմ վիզ կկտրի ուր կեռ թրով»,- դող ընկավ իմ ջան, հըմը կամաց-կամաց մոտեցա քուրդ աղին։
-Աշխուժ էրեխա է, իր ախպոր հետ պահեք ձեր մոտ, որ դառնան ինձ հոտաղ,- կարգադրեց Սըլիմոն։- Որ խելոք չմնան, սպանելը կա ու կա։
Մինչև աշուն մնացինք Սըլիմոյի տուն։ Սկզբի օրեր, որ ասկյար կերևար, կթաքնվեինք փետից շինած մեծ պահարանի մեջ կամ էլ դոշակների տակ։ Իմ ուշք ու միտք մերոնք էին։ Ամեն գիշեր զիմ աչք լացով ու դողով կփակեի։ Փախնելու ճար ու ճամփա չկար, չորս կողմ հայ կփնտրեին՝ մեկ հայ մեկ ոսկով փոխելու։ Ո՞Ւր փախնինք, ո՞ւմ մոտ երթանք։
Թոռն անհամբեր սպասում էր այն հատվածին, որ շուտ իմանա՝ պապի մեղքը ո՞րն է։ Իսկ պապը չէր շտապում։ Նրա սիրտն արդեն Վարդնոցում էր, իրենց անուշ յայլաներում՝ Դժուկում, ուր առավոտից իրիկուն վազում էր անսանձ քամու հետ, իջնում էր Բաթմանա ջուր, գլուխը մտցնում պաղ ալիքների մեջ ու շունչը պահում։ Սաֆարը, աչքերը փակ, մի պահ շունչը պահեց։ Թոռանը թվաց, թե պապը շնչահեղձ է լինում և ձեռքը թափով ցնցեց. «Բաբո՛, ինչ եղավ քզի...»։ Պապը, հանգիստ շնչելով, աչքերը բացեց. «Լաո՛, իմ գլուխ Բաթմանա ջրի մեջ էր...»։ Ծերունին թաշկինակով դեմքն ու մազերը չորացրեց. «Ինչ անուշ ջուր է, հովցավ իմ սիրտ»։ Թոռը անհանգիստ շարժումներ արեց. պապը վաղո՜ւց Աշնակում չէր։
-Հա՜, իմ անուշ թոռան պատմիմ, թե իմ սիրտ ինչի էդքան կմղկտար,- նորից թութունի ղութին հանեց պապը։- Է՜, էս լէ թութո՛ւն է, մեր Էրգրի թութուն լէ թութուն է,- դժգոհեց պապը՝ շոյելով անհամբեր թոռան գլուխը։- Հա՛, ձկո՛ւգ, կպատմիմ, հըմը ամեն խոսք զուր տեղ ունի։
Պապի աչքերը մշուշվեցին, անվերջ ձգվող գաղթի ճամփան իր աչքին կարմիր գետ դարձավ, ալիքներին մանկան ուռած ու կապտած մարմիններ էին լողում։ Մարութա սարից իջնող մառախուղը ճերմակ սավանով իրիկնամուտին ծածկում էր արյունոտ դիակները։ Իսկ գետը խուլ մռնչում էր։ Ծերունուն թվաց, որ Բաթմանա ջրից իր դեմքին արյան հետքեր մնացին։ Հանեց թաշկինակը, դեմքը արյունից սրբեց, հետո բեղերը։
-Հա՛, իմ անուշ թոռան պատմիմ՝ ասկյար ու քուրդ որ լցվան Վարդնոց, իմ քուր Ֆարիդան, Մարմառ, ուր գրկանոց Եղսոյի ու իմ մոր հետ, Գոշակ գյուղում էին։ Իմ ականջ ամեն օր մերոնց խաբարի կսպասեր։
Մի օր քուրդ Սըլիմոն, զուր խիտ ունքեր ժողվուգ, ներս մտավ մարագ ու մատով մոտ կանչեց։ Իմ թուք նորից ցամքավ մեջ իմ բերանին. «Երևի արդեն գուզին զիս ու զիմ ախպեր Դոնոն սպանին»։ Քուրդ ժպտաց, ու վախից, չհասկացա ինչի, իմ ծաղր էկավ։ Լաո՛, լալաման ու ծաղրաման մեկ տեղ է։
-Սաֆա՛ր, լաո՛, դու էս քանի ամիս քո ախպոր հետ հալալ ծառայեցիր։ Ձեր կյանքը ձեզ փեշքեշ կանեմ։ Ես հրեշտակ չեմ, հայերու հանդեպ շատ եմ մեղք գործել ու հոգի ունիմ տալու։ Իմ էրեխեք քզի շատ սիրեցին։ Ես քզի ու Դոնոյին թուրքին չեմ հանձնի։ Բո՛լ է, ինչ որ ծառայեցիք։ Մեծ աշխարհ է, կվախենամ, որ մի օր թուրք էդ նույն զուլում մեր գլխին բերի։ Գնացեք ձեր բախտի հետ։ Իմ հովիվներ ձեզի կտանին կհասցուն հայ գաղթականների խմբին, մեկ էլ տեսար՝ ձերոնցից մարդ գտաք։
Չհավատացի իմ աչքերին ու ականջներին։ Թալանչի քուրդ աղան առաջին անգամ բարի խոսք ասաց։ Ես հասկացա, որ հատուկենտ քրդերու մեջ էլ մարդու սիրտ կա։ Քուրդ ծառան ուտելիք դրեց տոպրակի մեջ ու առաջ ընկավ։ Արևմտոցին ծառան մատով ցույց տվեց՝ «Արաքսից էն կողմ երթացող գաղթականներ էս բլրի հետևում են, վազե՛ք-հասե՛ք»։ Լաո՛, հավք ու հավորիքի պես թռանք։ Իմ սիրտ ու իմ աչքեր ինձնից առաջ կվազան։
...Արևմտոցին հոգնած, չցամքած արցունք աչքերին, անհաց ու անշոր գաղթականներ պառկել էին խոտերին ու քարերին։ Ելա մի ջոջ քարի վրեն ու բարձր գոռացի զիմ մոր, քրոջ ու մյուս հարազատների անուններ։ Մեկ էլ մի ճչոց ընկավ իմ ականջ՝ Սաֆա՜ր... Իմ մեր Փարիշանն էր, բոլոր իրեն Մամո կկանչեին։ Գաղթականներ խառնվան իրար։ Մի քանի րոպե մեր բերան փակ էր, մեր աչքեր ու սիրտ կխոսեին։ Մամոյի հետ էին իմ երկու քուրեր Ֆարիդան ու Մարմառ, ուր ախչիկ Էղսոն, մեր շատ հարազատներ։ Մարմառի գրկանոց Էղսոն ծաղիկով հիվանդ էր, դեմք վերքերի մեջ կորուկ, մնացել էր ոսկոր-կաշի, աչքեր փակ՝ հազիվ կշնչեր։
Սաֆարը փախեփախի մեջ է։ Ձեռքերն անկանոն շարժվեցին, հետո կարծես երեխայի բարուր գրկեց։
...Գաղթականները ցերեկը թաքնվում էին ձորերում, սսկվում, որ թափառական թալանչիները չլսեն իրենց ձայնը։ Ձեռքով կամ շորի կտորով փակում էին սովից հազիվ նվացող մանուկների բերանները, սպասում՝ մինչև փրկարար մութը օգնության հասնի։ Հետո մի երկու հոգի առաջ-առաջ էին գնում, ստուգում ճամփան։ Քարափներին թառած գիշերահավքն էր երբեմն չարագուշակ կռռում՝ ավելացնելով թուրքից ու քրդից հալածված գաղթականների անվերջանալի տագնապը։ Ամեն ինչ պապանձվում էր, քարանում էր անգամ լռությունը, գիշերն ավելի պինդ էր փակում աչքերը, որ ինքն էլ չտեսնի սովից ու ցավից մեռնող գաղթականին։ Կեսբերան էին շնչում, գլուխները դանդաղ շարժում։ Կարծես ուր որ է քարի հետևից յաթաղանը կփայլի, և փոքրիկը չի հասցնի անգամ վերջին ճիչն արձակել։ Ձորի մեջ մենակ անտեր քամին էր վազվզում, փշրվում քարերի շուրթերին ու սողալով ձորն ի վեր բարձրանում։ Քամին իր հետ տանում էր գաղթականների անձայն տնքոցն ու մտքում անվերջ կրկնվող «Տե՛ր Աստված, դու փրկես...» մրմունջը։ Մենակ քամին ու քարերն էին սարսուռով լսում աղոթքը։
-Ժողովո՛ւրդ, սարի փեշին մեծ փոշի ելավ, թշնամին մի քանի ժամից մեզ կհասնի։ Մինչև մութն ընկնելը գոնե հասնենք մեծ ձորին,- տագնապեց դիրքապահ գաղթականներից մեկը։
Մարմառը փորձեց նստել, բայց անզորությունից փլվեց քարին՝ «Սաֆա՛ր, իմ ախպե՛ր, դուք գացեք, ժողովրդին փրկեք, ես ու իմ մահամերձ ախչիկ կմնանք մեջ էս ձորին»։
Քրոջ անօգնական հայացքը դարձավ մի գունդ ցավ, օդի մեջ գալարվեց, պտտվեց ու մուսենու գնդակի պես խոցեց եղբոր սիրտը։ Ի՞նչ անել, մնալ քրոջ հետ ու մի անհույս ելք փնտրել։ Բա մա՞յրը, քույրե՞րը, մյուսնե՞րը։ Մնալն ընդամենը մի քանի ժամվա սփոփանք ու ինքնամխիթարանք էր ստույգ մահից առաջ։ Ինքն էլ, քույրն էլ, մահամերձ փոքրիկն էլ ասկյարի գնդակի բաժին կդառնան։ Քրոջը մենակ թողնելը մահից էլ ծանր է։ Մոլորված հայացքը դեսուդեն շրջելով՝ Սաֆարը լույսի շող էր փնտրում. ախր իրենց նման շատերն են եղել։ Մի պահ հայացքը օդում քարացավ՝ էն որտե՞ղ էր, որ գաղթական մայրը հիվանդ զավակին դրեց քարերի արանքն ու, առողջին գրկած, կույր Աստծուն անիծելով, միացավ փախչողներին։ Սաֆարին թվաց, որ ելքը գտել է, բայց ուժ չունեցավ քրոջը գոնե հուշելու...
-Մարմառ քուրո՛, Էղսոյին տուր իմ գիրկ, ես շու՛տ-շու՛տ էրթամ, մի ապահով տեղ դնեմ, հետ գամ՝ օգնիմ,- հայացքը գետնին՝ քրոջը հազիվ շշնջաց Սաֆարը, բարուրը գրկեց ու վազեց դեպի ձորը։ Երբ ոլորանին հասավ, ականջը դրեց երեխայի դեմքին. շունչ չկար։ «Աստվա՛ծ, դու զուր անմեղ հոգին էս պահին առնիս, քու մահով թող մեռնի, մենակ ասկյարի սրով չմորթվի»,- շշնջաց Սաֆարը՝ հարմար տեղ որոնելով։ Ոտքերը դողում էին, ձեռքերը՝ փայտացել, լեզուն՝ կարկամել։ Սաֆարը աղոթքի պես Տիրոջը մրմունջով խնդրում էր, որ քրոջ երեքամյա աղջիկը, որ համաճարակից էլ փրկում չունի, այդ պահին գոնե Աստծու մահով մեռնի։ Ախր մահն ամենուր իրենց հետևից վազում է։ Բայց հիմա Սաֆարն էր վազում մահվան հետևից, բայց մահը փախչում էր։
-Տե՛ր, ընդունի՛ր էս անմեղ մատաղ մեկելների փրկության համար,- մի ակնթարթ երկնքին նայեց Սաֆարը։ Օդում դիակ որոնող ագռավների խումբն էր պտտվում։- Տե՛ր, փրկության փոխարեն ագռավ կուղարկի՞ս, գոնե մահ ուղարկի, որ հավատամ քու զորության, թե չէ,- գոռաց Սաֆարն ու բարուրը պարզեց երկնքին,- առ՛ քու մատաղ»։ Ձեռքերը քարացան օդում։ Հետո մի քանի վայրկյան ականջը փոքրիկի դեմքին դրեց։ Չզգաց երեխայի շնչառությունը, մարմինը տաք չէր։
«Օ՜ֆ, քու հոգին վերջապես փրկվավ էս դժոխքից, լաո՛, ես լէ մեղքի մեջ չեմ մնա»,- մրմնջաց Սաֆարն ու մատներով փակեց երեխայի առանց այն էլ անշարժ կոպերը։ Հետո բարուրը դրեց երկու քարի արանքում, մանր թփերով ու քարերով ծածկեց, որ գել ու գազան չհոշոտեն։ «Մարդավարի մեռնել-թաղվելու բախտ էլ չտվիր, Տե՛ր, բա մենք քզի ի՞նչ էրեսով փառք տանք։ Լաո՛, քու բախտ հալբաթ էդ էր, էրթամ զմեկելներ փրկիմ»,- հրաժեշտի հարմար խոսքեր գտավ Սաֆարն ու վազեց դեպի հարազատները։ Ճամփակեսին Սաֆարի սիրտն անսովոր զարկեց, շխկաց։ Կարծես մեկը հետևից քաշում էր։ Կանգնեց, շրջվեց ու հետ վազեց։ Մոտեցավ շիրմաթմբին, ականջ դրեց, լսողությունը լարեց, բայց ոչ մի շշուկ։ Չհասկացավ, թե ինչն էր իրեն պահեց ճամփակեսին։ Նորից համբուրեց շիրմաթումբը և մտամոլոր հետ վազեց։
-Սաֆա՛ր, Էղսոն ո՞ւր թողիր,- ծնկներին զարկեց Մարմառը։
-Էրեխեն հանգավ, մեր հետ տանել չեղնի, հիվանդություն կընկնի մյուսների մեջ։ Էրեխին թաղեցի,- քրոջը գրկեց Սաֆարը։
Կանգնելը վտանգավոր էր, և Մարմառն ու հարազատները աղջկա մահը ողբում էին վազելով։
Քիչ հետո խումբը հավասարվեց շիրմին։
Ոլորանի մոտ Մամոն ճչաց. «Սաֆա՛ր, ես Էղսոյի ձենն է կլսիմ»։ Վազեցին խուճի կողմ։ Սաֆարը խելագարի պես քանդեց քարերը, թփերը հետ տվեց։ Երեխան աչքերը բաց՝ շնչում էր։ Մայրը ցնցումով գրկեց քարակույտը։
«Տե՛ր Աստված, էդ ի՞նչ հրաշքով փրկվավ, դու էդ ի՞նչ մեղքի տեր սարքիր ինձ»,- իր մոր ու քրոջ աչքերին մեղավորի պես նայեց Սաֆարը, գրկեց բարուրը և շարունակեցին ճամփան։
...Սամվելը ցավով նայեց պապի խոնավ աչքերին, ափերի մեջ ավելի ամուր սեղմեց պապի դողացող ձեռքը։
«Խե՜ղճ պապ, երկրորդ անգամ ես թաղում քրոջդ աղջկան։ Դրա համար էիր գերեզմանոցում ականջդ դրել հանգուցյալի դեմքին. մեկ էլ տեսար Եղսոն ճչա՜ց։ Հիսուն տարի այդ ցավը բզկտել է քո տանջված հոգին։ Իմ բարի պապ, մեղավոր աշխարհի մեղքերն էլ քեզ վրա ես վերցնում»,- կարեկցանքով շշնջաց Սամվելը, պինդ գրկեց պապի գլուխն ու մեկիկ-մեկիկ մտաբերեց նրա խոսքերը. «Տե՛ր Աստված, ինչի՞ զիմ անմեղ հոգին սարքիր մեղավոր...»։
Դե՛, գաղթական սասունցին հանգիստ մեռնելու բախտ էլ չունի...

Դիտվել է՝ 163956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ