Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գլխավոր գործող անձինք՝ Օբաման, Պուտինը, Ֆրանցիսկոսը

Գլխավոր գործող անձինք՝ Օբաման, Պուտինը, Ֆրանցիսկոսը
12.10.2015 | 15:28

Սիրիայում պատերազմը թեժանում է օրեցօր և տարածվում ամբողջ աշխարհում՝ գրում է La Repubblica-ն: Պատերազմի մեջ կմտնի՞ ԻՊ-ի հետ Իտալիան Իրաքում՝ օգտագործելով իր չորս Tornado կործանիչները, որ տեղակայված են Աբու Դաբիում: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ուզում է, որ որոշումն ընդունի խորհրդարանը: Եթե Իտալիան վճռի պատերազմել, կարող է դառնալ իրավահավասար գործընկեր այդ պատերազմին մասնակցող երկրներին, թեպետ նրանք տարբեր, երբեմն կոնֆլիկտային դերեր ունեն՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, Ֆրանսիան, Սիրիան, Իրաքը, հավելած Իտալիան: Միջազգային ասպարեզում խաղացող դառնալու Ռենցիի ցանկությունն այդ դեպքում կկատարվի՝ գրում է Էուջենիո Սկալֆարին՝ La Repubblica-ի հիմնադիր խմբագիրը:

Եթե Ռենցին դա անի, Իտալիայի դերը կտրուկ կփոխվի ՄԱԿ-ում ու Եվրոպայում, Օբամայի հետ հարաբերությունները ավելի կսերտանան, ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ու Պուտինի հետ:
Կազդի՞ այդ քայլը միգրանտների իրավիճակի կամ ԻՊ-ի վրա: Բոլորովին՝ վստահ է Սկալֆարին: Պատերազմի մասշտաբներն ամեն օր մեծանում են ու ամբողջ աշխարհի վրա տարածվում: Մի քանի օր առաջ ահաբեկչություններ եղան Բանգլադեշում, հետո երկու մահապարտներ իրենց պայթեցրին Անկարայի կենտրոնական կայարանի հրապարակում, որ դարձավ ամենաքիչը հարյուր մարդու մահվան պատճառ, մի քանի հարյուրը վիրավորվեցին: Դա կատարվեց մի երկրում, որ պատկանում է միաժամանակ մուսուլմանական աշխարհին ու Եվրոպային, որտեղ կառավարում է ավտորիտար նախագահ ու նա պատերազմի մեջ է մտել քրդերի հետ, որն արդեն քանի տասնամյակ շարունակվում է: Զուգահեռ՝ նոր կոնֆլիկտ է բռնկվել Իսրայելի ու «Համասի» միջև, որ ընդգրկում է Գազայից մինչև Հորդանանի արևմտյան ափը:
Եվրոպան հայտնվել է այդ իրադարձությունների հետնաբեմում, չունի իր զինված ուժերը, չունի միասնական արտաքին քաղաքականություն, այլ խոսքով՝ գլխավոր գործող անձ չէ, այլ՝ պտուտակ: Իտալիայի վարչապետի նախաձեռնությունը մեծ կշիռ չունի, բայց եթե խորհրդարանը հավանություն տա, կարող են ահաբեկչություններ լինել երկրում, որտեղ Հռոմի պապի նստավայրն է: Էուջենիո Սկալֆարին կարծում է, որ գլխավոր գործող անձինք երեքն են՝ Օբաման, Պուտինը, Ֆրանցիսկոսը: ԱՄՆ-ի նախագահը մեկ նպատակ ունի՝ բազմաբևեռ աշխարհում նա ցանկանում է, որ ԱՄՆ-ը դիրիժորի պես ցույց տա՝ ինչ երաժշտություն նվագել ու ինչ ռիթմով և համակարգի տարբեր գործիքների նվագը: Պուտինը գիտակցում է, որ նվագախումբը ղեկավարելն ու երաժշտություն ընտրելը իր գործառնությունը չէ: Նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակներում և երկու գաղափարախոսությունների միջև բաժանված աշխարհում, ամերիկյան կայսրությունն ավելի մեծ էր, քան խորհրդայինը: ԽՍՀՄ-ը չէր կարողանում դաշինք կազմել նույնիսկ կոմունիստական Չինաստանի հետ:
«Պուտինն այլևս չունի գաղափարախոսություն, որ կարող է օգտագործել իբրև քաղաքական գործիք, չունի հզոր տնտեսություն, որի վրա կարող է հենվել: Նա չունի նույնիսկ մեծ ռազմական ուժ, ինչպես ԱՄՆ-ը, որ անհրաժեշտության դեպքում կարող է մարտադաշտ հանել: Սակայն Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում իր պարտիան նա խաղում է համարձակ ու վարժ»՝ գրում է Սկալֆարին և հավելում. «Մերձավոր Արևելքում այդ ցարն ուզում է ելք ունենալ Միջերկրական և տնտեսական ներգործություն տարածաշրջանի վրա: Ղրիմն առաջնահերթ նշանակություն ուներ Սև ծովում ռուսական ներկայության համար, բայց Միջերկրական ծովը բազում պատճառներով ավելի կարևոր է և ռուսների ներկայությունը Սիրիայում հենց այդ նպատակն ունի՝ Միջերկրականում ստեղծել բազա, որը ոչ միայն նավահանգիստ կլիներ, այլև տնտեսական ֆորպոստ: Պուտինը նաև հասկանում է, որ պետք է համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի ու Օբամայի հետ, մասնավորապես այն պատճառով, որ մեկ տարի հետո նախագահն ուրիշն է լինելու և փաստ չէ, որ այդ ուրիշը համաձայն կլինի Ռուսաստանի ներկա դերի հետ: Պուտինի ու Օբամայի համաձայնությունը առաջիկա մի քանի օրերին կկայանա և, իհարկե, արգելք չի լինի Ասադը, որ անցումային պահ է անհրաժեշտ միջնորդական ջանքերում»:
Երրորդ գործող անձը Հռոմի պապն է, նա գործում է ոչ քաղաքական, այլ կրոնական հարթության մեջ: Նրա կրոնական ընկալումներն այնքան հեղափոխական են, որ քաղաքական էֆեկտ ունեն ու Ֆրանցիսկոսը դա հիանալի հասկանում է: Նրա հայտարարությունը, որ ամբողջ աշխարհում Աստված մեկն է, թեպետ տարբեր կրոններ տարբեր նկարագրություն են տալիս, համարվում է գլխավոր ելակետը՝ չափազանց կարևոր քաղաքական հետևանքներով: Միասնական Աստված բացառում է ցանկացած ֆունդամենտալիզմ: Մուսուլմանական խալիֆաթի ահաբեկչությունը իր մահապարտներով, որ զոհվում են՝ սպանելով ուրիշներին, հրեշավոր շեղում է, որ ծնել է ֆունդամենտալիզմը և ամբողջությամբ մերժվում է միասնական Աստծո կողմից՝ կարծում է Ֆրանցիսկոս պապը:
«Առանց Ֆրանցիսկոսի մեր աշխարհը և մեր ժամանակը չափազանց աղքատիկ կլինեին բոլորի համար: Ներառյալ նրանց, ովքեր չեն հավատում: Հավատացյալ լինելով՝ նա միաժամանակ ամենաաշխարհիկ պապն է քրիստոնեության պատմության մեջ: Նա դա գիտի ու իրեն բնավ վատ չի զգում»՝ եզրափակում է Սկալֆարին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իհարկե, Պուտին-Օբամա համաձայնագիր կկնքվի, թե ոչ և ինչ ճակատագիր կունենա, եթե կնքվի էլ, մեկ տարի հետո, երբ Սպիտակ տանը նոր նախագահ կլինի ու հայտնի չէ՝ որ կուսակցությունից ու ով, շատ կարևոր փաստ է, բայց և իրագործման տեսակետից թեական: Համենայն դեպս՝ երեկվա օրվա մեջ Պուտինի ու Օբամայի իրարից անկախ, բայց միմյանց ուղղված հայտարարությունների համապատկերում: Այս դեպքում միանշանակ է, որ նրանք աշխատում են հասարակական կարծիքի համար, իսկ քաղաքականությունը ուրիշ ափերում է ապրում: Համաձայնագիրը կայունություն է, եթե կատարվի, և, որպես կանոն, գործում է միշտ սահմանափակ ժամանակի մեջ: Բայց համաշխարհային քաղաքական էլիտայի երրորդ դեմքը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շատ ավելի շահեկան ու համամարդկային դիրքերում է միասնական Աստծո իր գաղափարով: Հազիվ թե Ֆրանցիսկոսը նորություն է ասել, բայց նա ասել է՝ ինչ արդեն քանի դար՝ մուսուլմանության ի հայտ գալուց հետո, բոլորը փորձում են մոռանալ: «Մոռանալով», որ Ղուրանի հիմքում, այնուամենայնիվ, Աստվածաշունչն է: Իսլամական ֆունդամենտալիզմի դեմ պայքարում քաղաքականությունը նախընտրում է ռազմական գործողությունները, Հռոմի պապը՝ հոգևոր զենքը: Ո՞րն է ուժեղ 21-րդ դարում: Կապրենք՝ կերևա: Համենայն դեպս, Հռոմի պապը խոսում է հավերժական արժեքներից, քաղաքական գործիչները՝ ընթացիկ քաղաքական իրադարձություններից:

Դիտվել է՝ 1966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ