Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարին. ինչո՞ւ են մեր զինծառայողները մինչև հիմա Աֆղանստանում

Հայաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարին. ինչո՞ւ են մեր զինծառայողները մինչև հիմա Աֆղանստանում
13.10.2015 | 00:08

Հայ-ադրբեջանական սահմաններում տիրող իրավիճակի սրումը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների դրամատիկ շրջադարձը, հատկապես հյուսիսային շրջաններում, մի տեսակ սքողեցին Աֆղանստանի խնդիրը։ ՈՒրեմն և` այնտեղ հայ խաղաղապահ զինծառայողների գտնվելու խնդրահարույց հարցը։ Ի դեպ, կարող եմ ինչ-որ չափով շնորհավորել մեր հայրենակիցներին. հոկտեմբերի 7-ից Սիրիայի զինված ուժերը հայկական ինքնապաշտպանական ջոկատների և այլ քրիստոնեական ուժերի հետ մեկտեղ Իդլեբի և Հալեպի նահանգներում հակահարձակման են անցել։ Ընդ որում, ահաբեկիչներից շատերը խուճապահար փախչում են... Թուրքիայի կողմը։ Այնպես որ, ճիշտ էին մեր սիրիահայ հայրենակիցները, երբ իրենց հայտարարություններում ընդգծում էին, որ իրենց համար այս ամենը ցեղասպանության շարունակություն է, քանի որ ահաբեկիչները միշտ հարձակվում են Թուրքիայի կողմից։
Սակայն ես այսօր հարց ունեմ տալու հայ հասարակությանը, մեր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին. ինչո՞ւ ենք մենք բոլորս ձևացնում, թե իբր «մոռացել» ենք այսօր մահացու սպառնալիքի տակ Աֆղանստանում գտնվող մեր հայրենակիցներին։ Այո, ես մտադիր եմ խոսք բացել այն հայ խաղաղապահ զինծառայողների մասին, որոնց մեր երկրի ղեկավարությունը «նվիրել» է ՆԱՏՕ-ի դաշնախմբին և համաձայնել է, որ հայերը Աֆղանստանում ծառայեն ՆԱՏՕ-ի դրոշի ներքո։ Դեռ 2015 թ. հունիսի 30-ից «թալիբ» ահաբեկիչները վերսկսել են ծանր մարտերը, այդ թվում նաև այդ երկրի հյուսիսային նահանգներում։ Նպատակը պարզ է` դուրս գալ Միջին Ասիայի հետ Աֆղանստանի սահման։ Դեռ ընթացիկ տարվա ամռանը տագնապալի լուրեր էին ստացվում, թե «թալիբները» հասել են մեկ Թուրքմենստան, մեկ Տաջիկստանի ռուսական սահմանապահ ուղեկալներ։ Առանձնապես դաժան մարտեր են մղվել և մղվում Կունդուզ քաղաքի համար։
Եվ ահա սեպտեմբերի 28-ին աշխարհի բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին, որ «թալիբները», այնուամենայնիվ, գրավել են Կունդուզը։ «Associated Press»-ը հաղորդեց, որ, եղած տեղեկությունների համաձայն, զինյալները զավթել են վարչական շենքերը, հոսպիտալը, դատարանն ու կատաղի մարտեր են մղում կառավարական ուժերի դեմ։ Սեպտեմբերի 30-ին ամբողջ քաղաքը գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ, իսկ աֆղանական բանակի և նրան միացած «ՆԱՏՕ-ի հատուկ ջոկատի» հսկողության տակ մնացել էր միայն քաղաքային օդանավակայանը, որը գտնվում է Կունդուզից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ահա թե այդ օրն ինչ է հաղորդել անգլիական «Reuters» գործակալությունը. ՆԱՏՕ-ի հատուկջոկատայինները մարտին միացան վաղ առավոտյան, թե որ երկրների զորախմբերն են մասնակցել գործողությանը, չի ճշտվում։ Թեև ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն պաշտոնապես մարտեր չեն մղում «Թալիբանի» դեմ, այդ պարտականությունները փոխանցելով Աֆղանստանի ազգային բանակին, բայց առաքելության պայմանները նրանց թույլ են տալիս մարտի մեջ մտնել, եթե իրենց անվտանգությունն ուղղակի սպառնալիքի տակ է։ «Թալիբները» մի քանի անգամ գրոհել են Կունդուզի օդանավակայանը, որտեղ պատսպարվել են հազարավոր աֆղան զինծառայողներ, ոստիկաններ և չինովնիկներ` այն բանից հետո, երբ նահանջել են քաղաքից։ Կոալիցիայի մամուլի քարտուղար գնդապետ Բրայան Տրիբուսը (ԱՄՆ) նշել է, որ ՆԱՏՕ-ի «հատուկ ջոկատը» օգնել է աֆղանական անվտանգության ուժերին, բայց դա եղել է «ինքնապաշտպանության շրջանակներում»։ Անանուն կերպով որոշ մանրամասներ է հաղորդել Աֆղանստանի անվտանգության ծառայության մի բարձրաստիճան պաշտոնյա։ Նա հավաստել է, որ մոտ 100 ամերիկյան հատուկջոկատայիններ հետ են մղել օդանավակայանի վրա հարձակված «թալիբների» գրոհը։ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Նիկոլաս Հեյսոման խիստ անհանգստություն է հայտնել Կունդուզի վրա «թալիբների» գրոհի կապակցությամբ. «Արտադատարանային մահապատիժների մասին զեկույցները, այդ թվում` բուժաշխատողների առևանգումները, բուժօգնություն չցուցաբերելն ու քաղաքից տեղաշարժը սահմանափակելը առանձնապես տագնապալի են հնչում»։ Կունդուզի վրա գրոհը դարձավ «թալիբների» ուժի ու միասնության առաջին ցուցադրումն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վախճանվել է «Թալիբանի» առաջնորդ մոլլա Օմարը։ Հավանաբար, Կունդուզի գրավումը կհանգեցնի Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության անհրաժեշտության, ինչպես նաև աֆղանական 350-հազարանոց բանակի պատրաստման համար բազմամիլիարդ ծախսերի անարդյունավետության շուրջ բանավեճերի նոր փուլի։ Հաղորդվում է նաև, թե իբր ՆԱՏՕ-ն «աֆղանական բանակի հետ մեկտեղ», հակագրոհի է անցել և հոկտեմբերի 5-ին, իբր, ազատագրել են Կունդուզը։ Սակայն «թալիբներն» արդեն ականապատել են Կունդուզի մերձատար ճանապարհները, բարիկադներ են տեղադրել և շարունակում են պատերազմել կառավարական զորքերի դեմ։ Աֆղանական բանակի մարտական ոգին անչափ թույլ է. «Մենք դեռ բավականաչափ ուժեր ունենք «թալիբների» վրա հարձակվելու համար, բայց, ցավոք, ո՛չ կամք կա, ո՛չ կռվելու վճռականություն»,- խոստովանում է Չարդարի շրջանի ղեկավար Մոհամմադ Զահիր Նիյազին։
Մեզ` Հայաստանի քաղաքացիներիս, չէր էլ հետաքրքրի, թե այնտեղ` Աֆղանստանում ով ում դեմ է և ինչ է ուզում։ Բարեբախտաբար, եթե հիշողությունս չի դավաճանում, «թալիբները» նզովել են Սիրիայի ժողովուրդների դեմ պատերազմ մղող սիրիական և միջազգային ահաբեկիչներին և ջիհադ են հայտարարել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը։ Բայց երկու առումով, իհարկե, աֆղանական ահաբեկիչների հաջողությունները, թեկուզ ժամանակավոր, պետք է անպայման անհանգստացնեն նաև մեզ։ Առաջինը, ասացինք, «թալիբների» մոտենալն է ԱՊՀ-ի անդամ երկրների, հատկապես Տաջիկստանի ու Ղրղզստանի սահմաններին։ Այն ժամանակ նրանք, իբրև ԱՊՀ ՀԱՊԿ-ի դաշնախմբի անդամներ, լիիրավ են օգնության խնդրանքով դիմելու դաշնախմբի գծով իրենց դաշնակիցներին, ուրեմն և` Հայաստանին, մանավանդ որ մի ամբողջ տարի ՀԱՊԿ-ում նախագահում է հենց մեր երկիրը։ Եվ, իհարկե, բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, եթե Սերժ Սարգսյանի նախագահությամբ մերժվի օգնությունը Տաջիկստանին ու Ղրղզստանին։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) հայկական զորախումբը ևս կգնա օգնելու միջինասիական հանրապետություններին, բայց դա, ազնվորեն ասած, նույնքան անցանկալի է, որքան անցանկալի է ՆԱՏՕ-ի դրոշի ներքո հայ զինծառայողների գտնվելը Աֆղանստանում։ Եվ դա մեզ անհանգստացնող հարցերից երկրորդն է։ Իրավիճակն ամենևին չի հստակվել, նույնիսկ եթե ամերիկացիներին հաջողվել է հետ վերցնել Կունդուզը։ Կենտրոնական Ասիայի գծով փորձագետ Արկադի Դուբնովի տվյալներով, Կուդուզի առումից հետո «Թալիբանը» ՈՒզբեկստանի իսլամական շարժման (ՈՒԻՇ) զինակիցների հետ մտել է մեկ այլ նահանգային կենտրոն` Փուլի-Խումրի։ «Բաղլանի նահանգի այդ քաղաքը գտնվում է երկրի հյուսիսը Քաբուլի հետ կապող ռազմավարական մայրուղու վրա,- նշում է Դուբնովը։ - Փուլի-Խումրիում ՄԱԿ-ի գրասենյակը շտապ տարհանվել է Քաբուլ»։ Կունդուզի նրանց գործընկերները չեն հասցրել դա անել, և գրասենյակը թալանվել ու հրկիզվել է (աշխատակիցներին հաջողվել է դուրս բերել), իսկ UN տարբերանշանը կրող կես դյուժին ավտոմեքենաներով արդեն շրջում էին զինված իսլամիստները։ Հիմա` գլխավորի մասին. Աֆղանստանի հյուսիսում ԻՊ-ի կառույցները վաղուց արդեն ճզմել են «թալիբներին» ու ՈՒԻՇ-ին, որի շարքերում հիմնականում կռվում են միջինասիացիներ։ Եվ քանի որ այդպես է, մեծ է գայթակղությունը Աֆղանստանում ԻՊ-ի գլխավորած իսլամիստների հաջող և լավ նախապատրաստված հարձակումը ժամանակի առումով կապելու Սիրիայում ԻՊ-ի դեմ Ռուսաստանի մարտական գործողությունները սկսելու իրողության հետ։ Կամ` մեկ այլ տարբերակ. ԻՊ-ը «երկրորդ ճակատն» է բացում` արդեն Արաբական Արևելքի սահմաններից դուրս։ Իրադարձությունների նման ընթացքի պարագայում Միջին Ասիայի հանրապետությունների անվտանգությունը դեռևս մնում է հարցականի տակ։ Զուր չէ, որ աֆղանական բոլոր պատերազմների վետերան գեներալ Ռաշիդ Դոստումն այժմ լարված շրջում է և օգնություն խնդրում` սկսած Ռուսաստանից։ Աֆղանստանի ամերիկամետ խամաճիկ նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայն անգամ Վլադիմիր Պուտինին աղաչում է հիմա, որ Ռուսաստանը ԻՊ-ի դեմ իր պայքարը տեղափոխի նաև Աֆղանստան։
Այսպիսով, Աֆղանստանի հյուսիսում ապագա ծանր իրադարձությունների ամբողջ դրամատիզմը դեռ առջևում է։ Ոչ ոք չգիտե, թե իրենց ինչպես կդրսևորեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն։ Ոչ ոք չգիտե նաև` արդյոք «Թալիբանի» ահաբեկիչներն «անսպասելիորեն» չե՞ն միանա ԻՊ-ի ահաբեկիչներին։ Առավել ևս դժվար է կանխագուշակել, թե ինչ պատերազմ կլինի դա և որքան կտևի։ Օրինակ, գրոհայինների հաջորդ թիրախը կարող է դառնալ մեկ այլ հյուսիսային նահանգ` Ֆարյաբը, որը սահմանակից է Թուրքմենստանին։ Այնտեղ, դատելով սահմանում իսլամիստների շարունակական ռազմական ելույթներից, իսլամիստների ակտիվությունը վաղուց արդեն նորություն չէ։ Իսկ դա նշանակում է, որ սպառնալիքը կախված կլինի նաև Մազարի-Շարիֆի և այդ քաղաքի օդանավակայանի գլխին։ Չէ՞ որ ահաբեկիչները կցանկանան բացահայտորեն փակել Կունդուզից մինչև Ֆարյաբի նահանգ ձգվող ամբողջ շղթան, և դա մահավճիռ կդառնա Բալհի և Մազարի-Շարիֆի նահանգների համար։
Հայաստանի քաղաքացիներ, ՀՀ զինված ուժերի պարոն գերագույն գլխավոր հրամանատար, կարո՞ղ եք գուշակել, թե հիմա որտեղ են գտնվում հայ խաղաղապահները Աֆղանստանում։ Չե՞ք կարող։ Հուշեմ` հենց Կունդուզի և Մազարի-Շարիֆի օդանավակայաններում։ ՆԱՏՕ-ի գերմանական ստորաբաժանման կազմում. 40 մարդ` Կունդուզում, 81-ն էլ` Մազարի-Շարիֆում, ինչպես նաև հինգ հրահանգիչ։ Հայաստանցի զինվորականները Կունդուզում հայտնվել են 2010-ի փետրվարի 14-ին, իսկ Մազարի-Շարիֆում` 2011-ի հունիսի 20-ին։ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՆԱՏՕ-ի հետ 2011 թ. ապրիլի 4-ին կնքված համաձայնագիրը, որը նախատեսում է Աֆղանստանում խաղաղապահների թիվը մեծացնել գրեթե երեք անգամ և մեկ տարով երկարացնել մասնակցությունն այդ առաքելությանը։ Համաձայն փաստաթղթի, Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի առավելագույն թվաքանակը հասցվելու է 130-ի, իսկ մարտական հերթապահությունների ժամանակ` 260-ի։ Հայ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը երկարացված էր մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ հետո` 2014-ի դեկտեմբերի 31-ը։ Ավարտվելու վրա է 2015 թվականը, բայց ոչ մի լուր չկա, թե մեր զինվորներին ու սպաներին դուրս են բերել Կունդուզից և Մազարի-Շարիֆից։ Իսկ որ Կունդուզի օդանավակայանը շրջափակված է «թալիբների» կողմից, հաղորդագրություն կա։
Դեռ 2013 թ. վերջին մենք Հայաստանի հանրությանն ու իշխանություններին բացահայտորեն նախազգուշացրինք, որ ոչ մի երաշխիք չկա, թե 2014 թ. դեկտեմբերի 31-ից հետո հայ խաղաղապահները Աֆղանստանից կվերադարձվեն տուն։ Պարզ չէ նաև, թե 2015 կամ 2016 թթ. սահմաններում հատկապես երբ են այդ երկրից հանվելու ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զորախմբերը։ Բայց արդեն բացահայտորեն պարզ է, որ մենք պարտավոր ենք մեր զինծառայողներին տուն վերադարձնել ամերիկացիների և ՆԱՏՕ-ի հեռանալուց գոնե մեկ ամիս առաջ։ Ի վերջո, մեր խաղաղապահները պետք են հենց մեզ. թե՛ Արցախում խաղաղեցման գործ կա, թե՛ Նախիջևանի հատվածում, թե՛ մեր սահմանամերձ հյուսիսում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Լիբանանում էլ խաղաղապահներ ունենք ՄԱԿ-ի դրոշի ներքո, ուստի շատ ավելի նպատակահարմար կլինի, որ մեր հայ խաղաղապահներն այդ առաքելությունն իրականացնեն, ասենք, Սիրիայի հյուսիսում։ 2014 թ. փետրվարին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը MEDIAMAX գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ մեր ռազմական հրահանգիչները, կարծես, ավարտել են իրենց առաքելությունը։ Բայց նրանք ընդամենը հինգն էին, իսկ մի մասի առնչությամբ գուշակեց տեղափոխում Քաբուլ, ոմանց համար ծառայության շարունակում Մազարի-Շարիֆում և այլն։ Սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ ճակատագիր է սպասում Կունդուզի 40 խաղաղապահներին, ոչ թե հրահանգիչներին։ Պարզ չեղավ նաև` արդյո՞ք Հայաստանը Աֆղանստանում իր խաղաղապահների թվակազմը 130-ից հասցրել է 260-ի։ Հիմա Կունդուզում, Մազարի-Շարիֆում, Քաբուլում գտնվող մեր ամեն մի խաղաղապահի կյանքը մեծ վտանգի տակ է։
Այնպես որ, Հայաստանի պարոն գերագույն գլխավոր հրամանատար, ժամանակն է լրջորեն զբաղվելու Աֆղանստանից մեր խաղաղարարների դուրսբերման խնդրով։ Հայերն ինչո՞ւ պիտի ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականների շարքերում կռվեն «թալիբների» ու «Իսլամական պետության» զինյալների դեմ։ Նրանք լուրջ առաքելություն ունեն ադրբեջանական սադրանքներից օրեցօր ավելի ու ավելի վտանգվող իրենց հայրենիքի սահմաններում։ Եվ ամենևին էլ պետք չէ, որ հայերն Աֆղանստանում թիրախ դառնան իսլամիստ ահաբեկիչների համար. ի վերջո, ջիհադականների դեմ պայքարի այլ հնարավորություններ կան, ոչ կեղծ ու ձևական, որոնցով հիշվում են Արևմուտքի ամեն տեսակի «ռազմական կոալիցիաների» գործողությունները մուսուլմանական աշխարհում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ