Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»
16.10.2015 | 10:04

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

(սկիզբը` այստեղ)



ՎԱՍՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ: ԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ
Հետագա կյանքիս սկիզբը արմանք-զարմանքների շղթա էր: Զարմացա անծայրածիր, երբեմն խռովահույզ, երբեմն քնած երեխայի նման հեզ ծովից: Զարմացա, երբ նավի վրա տեսա անդուր ու գոռոզամիտ անգլիացիներին, սրանց հանդեպ թաքուն ատելություն տածող ֆրանսիացիներին, խորամանկ ու ծածկամիտ հոլանդացիներին, եվրոպացիներին սպասարկող հլու հնդիկներին, որոնք, փոթորիկ լիներ, թե տեղատարափ անձրև, գիշերում էին տախտակամածին, նավախցիկները նրանց համար չէին, և իրենք էլ չէին դժգոհում: «Կյուրասաոն» կիսաբեռնատար-կիսաուղևորատար առագաստանավ էր, և ինձ զարմացրին եվրոպացիների կանայք` բարձրահասակ, սեղմ իրաններով, սպիտակամաշկ, քնքուշ ու փափուկ արարածներ, որոնք արևոտ եղանակին դուրս էին գալիս տախտակամած և ժանեկահյուս հովանոցներով զբոսնում ամուսինների, ծնողների ու կոկ հագնված երեխաների հետ, երբեմն էլ հետաքրքրասեր հայացք նետելով ինձ` թխամաշկ ու սև գանգուրներով երիտասարդիս:
Նավի վրա ես առանձնակի դիրք ունեի: Երբ անգլիացի նավապետը հարցուփորձ արեց ու հոնքերը բարձրացրեց, քանզի անգլերենով պատասխանեցի, թե Ջուղայի քրիստոնյա հայ եմ, առևտրի գործերով մեկնում եմ Հնդկաստան և վճարունակ եմ, ինձ հատկացրեց երրորդ կարգի նավախցիկ: Հորս խոսքը ականջումս էր` բերանդ` փակ, և հենց նավի վրա հասկացա դրա իմաստը, այսինքն` զգացումներդ ցույց մի տուր: Հիշում եմ, դա դժվար էր հատկապես ճաշասրահում: Ճիշտ է, առանձնակի դիրք ունեի, բայց պահվածքս եվրոպացիներից պիտի չտարբերվեր. գաղտագողի և ուշադիր նայում էի, թե նրանք ինչպես էին ճաշում, ինչպես էին օգտագործում դանակը, պատառաքաղը, գդալը, ինչպես էին կում-կում գինի խմում և աշխատում էի նույնությամբ կրկնել նրանց շարժուձևը: Ես հայ էի, որ ոտք էր դրել իր կանոններն ունեցող աշխարհ և պիտի հարմարվեր: Հարմարվել… Ամբողջ կյանքս սրան-նրան, պարագաներին ու հանգամանքներին հարմարվել էր, իմա` այլոց կյանքով ապրել, այլոց լեզվով խոսել, հնարավորինս չհակաճառել, հանդուրժել, լռել, և այդ պայմաններում անչափ դժվար էր սեփական ես-ը, ինքնությունը չկորցնելը: Սակայն ունեի գաղտնի նպատակ, որն ինձ պահպանում էր:
Զարմացա, երբ մեկ ամիս ու մեկ շաբաթ անց «Կյուրասաոն» օվկիանից մտավ Հուգլի գետի բերանը և խարիսխ ձգեց նավերով ու մակույկներով վխտացող Կալկաթայի նավահանգստում: Կալկաթան Հնդկաստանի առաջին քաղաքն էր, ուր մուտք գործեցի և ապշեցի տարալեզու, խուռներամ մարդկանց բազմությունից, վեհաշուք տաճարներից, փողոցներում ազատորեն շրջող սպիտակ սրբազան կովերից, մարդկանց հետ հավասար իրավունքներ ունեցող լկտի կապիկներից:
Նավահանգստից քիչ հեռու մի սենյակ վարձեցի ու սկսեցի մտածել հետագա անելիքներիս մասին: Ակնհայտ էր, որ տեղի հայ վաճառականների հետ գործ բռնել չէի կարող, որովհետև նրանց բացարձակ մեծամասնությունը նորջուղայեցի էր, այնինչ ես համաքաղաքացի վարկատու չունեի ու չունեի երաշխավորներ, հետևաբար ինձ ձեռք մեկնող չէր լինի: Բայց ես դա գիտեի և հաշվի էի առել նախքան Կալկաթա գալը: Այդ իսկ պատճառով այցելեցի գրեթե բոլոր անգլիական առևտրային տները և առաջարկեցի ծառայություններ կամ համագործակցություն: Ինչո՞ւ անգլիական ֆիրմաներ, որովհետև Հնդկաստանի տերերը անգլիացիներն էին, իշխանությունը նրանց ձեռքում էր, իսկ առանց իշխանության հովանավորության բիզնես սկսել չէի կարող:
Հիմա ո՞ւմ է հետաքրքիր, թե ինչպես փող, ունեցվածք ու համբավ վաստակեցի: Մեկնում էի Մադրաս, Բոմբեյ Ագրա, Դելի, տասնյակ մեծ ու փոքր այլ քաղաքներ, ամենահեռավոր նահանգներ, ծայրամասեր և, քանի որ գիտեի անգլիացիների պահանջմունքները, առնում նրանց հարկավոր ապրանքները` աղ, ափիոն, բամբակ, հում մետաքս, ծխախոտ, մուշկ, թանկագին քարեր և այլն ու իմ գինն ավելացնելով` հանձնում անգլիական ֆիրմաներին, որոնք էլ իրենց հերթին նավերով դրանք առաքում էին Եվրոպա: Դա նրանց էլ էր ձեռնտու (քանի որ իրենք չէին չարչարվում), ինձ էլ, որովհետև ապրանքի իրացման խնդիր չունեի: Ավելին, հեռավոր գավառներ ճանապարհվելիս անգլիացիները տալիս էին իրենց ենթակայության տակ գտնվող հնդկական պահակախմբեր` հնարավոր ավազակային հարձակումները հետ մղելու համար: Մի խոսքով, ամեն ինչ լավ էր:
Հնդկաստանում մնացի 12 տարի, չափչփեցի ողջ երկիրը ու զգալի հարստություն դիզեցի: Ժամանակին Վազեդ անունով մի հայ էր եղել, որին պատկանել էր աղի վաճառքի մենաշնորհը, ինչի շնորհիվ օրական վաստակել էր 1000 ռուփի, 1000 չէ, բայց շատ օրեր էին լինում, երբ քսակս մի քանի հարյուր ռուփի էր մտնում: Առևտրից զատ, վարկեր էի տրամադրում նաև այլ վաճառականների, ազգակիցներիս` ամենացածր տոկոսներով:
Այս գլուխն ինչո՞ւ վերնագրեցի «Վասն հարստության: Եվ աղքատության»: Ես ինքս ինձ հետ դրա՛ մասին եմ ուզում խոսել:
Ճիշտ է, երբ ասում են, թե բոլոր մարդիկ ծնվում են հավասար: Աստված է ծնում, բայց ամեն մեկի ճակատին իր գիրը դնում: ՈՒ եթե քեզ թվում է, թե քեզ հաջողվեց ճակատագիրդ փոխել, պետք է իմանաս, որ դա՛ էլ է Տերը կանխորոշել:
Բոլոր մարդիկ ծնվում են հավասար, բայց բոլորը չեն կարող հարուստ լինել, հազարներից` մեկ-երկուսը: Ես վերջիններից եմ, բայց ես էլ եմ աղքատ եղել և գիտեմ ինչ բան է չունևորությունը: Ջուղայում իմ ու մեր ընտանիքի կյանքն ի՞նչ էր` ճգնանք, ծայրը ծայրին հասցնել: Սովորաբար, աղքատները միշտ հաշվում են հարուստի քսակի պարունակությունը և իրենց թվաբանության, իրենց չհաջողվածության, իրենց ճակատի գրի արդյունքում նզովում հարուստին: Ջուղայում ես տեսնում էի խոջաների, նրանց երեխաների ապրելակերպը, նրանք կարող էին ուտել-խմել, սրտի ուզածն առնել, կյանք վայելել, ես` ոչ: Նրանք չքավորին վերից էին նայում, արհամարհում, պատրաստ էին կոխկրտելու, իսկ ես նա էի, ով կոխկրտվելու ենթակա էր: Փոքրաթիվ հարուստները վերնախավ էին կազմել, իշխանություն ձևավորել, եկեղեցին դարձրել լծորդ և մեզ` հազարավոր հացիկարոտներիս համար սահմանել կարգախոս` ով հարուստ է, նա` խելացի: Ինչո՞ւ էին մարդիկ արտագաղթում, լքում հայրենի քաղաքը, հայտնվում օտարի հողում, հաճախ վտանգի ենթարկում իրենք իրենց` որպեսզի ազատվեին այդ վիճակից, անարդարությունից, հեղձուկից, անբարոյականության խրախճանքից: Հետաքրքիր է, որ սկզբում գնում-գալիս էին, հետո սկսեցին չվերադառնալ, ավելին` իրենց հարազատներին էլ տանել։ Ի՞նչ անեին, Աստծո տված մի կարճ կյանք էր, ուզում էին մարդավարի ապրել: Ոմանք արտասահմանից փող էին ուղարկում, ապսպրում իրենց նախնյաց անուններով եկեղեցի ու վարժարան կառուցել, ու իրենց հոգը չէր, որ քաղաքում հասակ էին առնում քրիստոսապաշտ և ուսումնատենչ թշվառներ…
Գիտեմ, իմ քսակի պարունակությունն էլ են մշտապես հաշվել, հատկապես ազգակիցներս: Դրանից չեմ նեղսրտել: Բայց կուզեի հարցնել` նրանք երբևէ մտածե՞լ են, թե ինչ չարչարանքների, զրկանքների գնով եմ հարստությունս վաստակել, այո՛, վաստակել, ոչ թե բախտի քմահաճույքով ձեռք գցել: 1817-ին վախճանվեց Փերի մայրիկս, ու չկարողացա նրան հողին հանձնել, 1826-ին հոգին ավանդեց ամենաթանկ մարդս` Աշուղ-Արքան, ու նրա մահվան մասին իմացա ամիսներ անց, Ամիրխան եղբայրս ծնվեց ինձնից 23 տարի անց, և նրան առաջին ու վերջին անգամ տեսա, երբ հասուն մարդ էր ու եկավ Սմարանգ: Իմ ունեցվածքը համրողները հաշվի առնո՞ւմ են, թե ինչ թանկ գին եմ վճարել:
Բայց ես ամեն դժվարության, նախանձի, չկամության, նենգության դիմացա, որովհետև ունեի հորս պատգամը` հետ բերել հայրենի Ղարաբաղը: Այդ նպատակն էր, որի համար աշխատում, վաստակում ու կուտակում էի: Հարստությունը մարդուն հարաբերական ազատություն է տալիս, ուրեմն նույն հարստությունը կարող էր Ղարաբաղին ազատություն պարգևել: Իմ ուխտի կատարման համար պիտի շատ փորձությունների միջով անցնեի:
Անգլիացիների իշխանության հետ խիստ դժվար էր: Արտաքուստ օրինապահ, բարեպաշտ մարդիկ էին, թագավորական գանձարանի համար տքնողներ, բայց չկար գեթ մեկը, որին, պաշտոնական հարկերն ու տուրքերը վճարելուց հետո, կաշառք չտայի` թանկագին ակներով մատանիներ, ոսկեղեն ու ռուփիներով լեցուն քսակներ: Ի՞նչ անեի, չտայի` հաց ու ջուրս կկտրեին: Իշխանություն էր` իր գրած ու չգրած օրենքներով, իր սահմանած կարգուկանոնով: Ցերեկը փետրազարդ գլխարկով, ոսկեզօծ կոճակներով համազգեստը հագած, սպիտակաթույր ձի հեծած վարգում էր կանաչ մարգագետինով, գիշերը մարդ էր ուղարկում կաշառք տանելու:
Անգլիացիներից հետ չէին մնում նահանգների ու գավառների իշխանները` ռաջաները, որոնք առևտրային բարենպաստ պայմանների դիմաց իրենց հասանելիքն էին ուզում:
Բոլորին պիտի տայի, բայց պիտի առնես, որ տաս: Առնելու ու տալու միջև ընկածն իմն էր: Կար հաշվեկշիռ, որը խախտել չէր կարելի: Սակայն խախտեցին: Վրա հասավ մի ժամանակ, երբ տեսա, որ աշխատում եմ ոչ թե իմ, այլ իշխանությունների համար. համատարած կաշառակերությունը խեղդեց: Հնդկաստանում մնալն այլևս իմաստ չուներ: Մանավանդ, երբ մի անգամ երեսիս ուղղակի ասացին, թե զտարյուն եվրոպացի չեմ, ընդամենը Պարսկաստանի հայ եմ:
Նոր երկրի ընտրությունն ամենևին դժվար չէր: Առևտրային բազմաթիվ կապեր ունեի, որոնք էլ հուշեցին` լավագույն տարբերակը Նիդերլանդական Հնդկաստանն էր:


(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ