Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առավել ամրացնենք մեր սուրբ հավատը, որ կարող լինենք դիմակայելու այս աշխարհի ահագնացող փոթորիկներին

Առավել ամրացնենք մեր սուրբ հավատը, որ կարող լինենք դիմակայելու այս աշխարհի  ահագնացող փոթորիկներին
16.10.2015 | 10:06

«Դիվանագիտություն» բառն առաջացել է «դիվան» բառարմատից, որ պահլավերենից է մեզ անցել ու հնում նշանակել է «արքունական ատյան», իսկ մեր ժամանակակից մտածելակերպով կարելի է համեմատել արտաքին գործերի նախարարության հետ, որի ծառայողները արտաքին աշխարհի հետ պետական հարաբերությունները կարգավորելուն են աջակցում։ Բայց քանի որ մեր ազգը դարերով կորցրել էր պետականությունը, այդ նուրբ ու դժվարին գործը իր վրա էր կրում հայոց եկեղեցին, որպես միակ հաստատուն ու վստահելի կառույց այլ ազգերի հետ հարաբերվելու ժամանակ դիվանագիտական լուծումների համար։ Հայոց եկեղեցու մատենագրական պատմությունը լեցուն է բազմազան վկայություններով, թե ինչպես են աշխարհի հզորների հետ դիվան կտրել, այսինքն՝ խիստ կարևոր վճիռներ կայացրել ի նպաստ ազգիս հայոց։ Ընթերցողներին ենք ներկայացնում այդ պատմական հետաքրքիր դրվագներից երկուսը։

Երբ հայոց իշխանությանը տիրում էր Սմբատ Բագրատունին, այդ ժամանակ իսմայելյան (արաբների) տոհմից մի ոստիկան գալով Հայաստան, կռիվ է սկսում հայոց բոլոր ամրոցների դեմ։ Եվ ինչ գրավում էր, ամբողջովին քանդում էր ու ավերում, այդ թվում՝ Սևանա կղզու ամրոցն ու եկեղեցին։ Իսկ երբ նրան փոխարինեց Աբդլահ անունով մի այլ ոստիկան, ավելի դաժան, անօրեն, կատաղած և խիստ չարաբարո մարդ, որի կեղծավորությունը իր մեջ դրած ուներ իժի թույն, չարչարում էր հայոց աշխարհի իշխաններին ու ազնվականներին և թալանում շատերի ունեցվածքը։ Իսկ քրիստոնեական եկեղեցիները առհասարակ թողնում էր առանց զարդերի ու ծիսական պարագաների։ Այդ ժամանակներում Վարդանակերտում կռիվ է լինում, որտեղ բնաջնջվում է իսմայելյան բանակը, այդ պատճառով հագարացիներն իրենց լեզվով պատմում են, թե «Վարդանանց կռիվը թող չհիշվի մեր մեջ»։ Հայոց մեծամեծ մարդիկ, խիստ տագնապած, հույսները դրեցին երկնային նախախնամության վրա՝ հակառակ կանգնելով իսմայելյան զորքի ավազակային հարձակումներին։ Նրանք էլ իրենց ամիրապետի մոտ գնալով ու մեծ զորք առնելով, հոխորտանքով եկան Հայաստան՝ առնելով իրենց կոտորված զորքի վրեժը՝ հրդեհելով, քանդելով հայոց եկեղեցիները, կործանելով, գերելով ու սրի մատնելով մեր ողջ երկիրը։ Հայոց սուրբ Սահակ կաթողիկոսը, երբ լսում է այդ սպառնալիքների ու կոտորածների մասին, ամիրայի մոտ գնալու հրաման է խնդրում, հուսալով, որ թերևս հնարավոր լինի նրան հետ դարձնել այդ չափազանց դաժան մտադրությունից։ Ամիրայի հետ հանդիպման ճանապարհին Խառանում կաթողիկոսը ծանր հիվանդացավ։ Նա իր ձեռքով աղաչալից նամակ է հղում Ոգբա մեծ զորապետին, որը անխնա ասպատակում էր Հայաստան աշխարհը, նրան հիշեցնում նաև մարմնի սովորական մահը, որ հասնելու է բոլոր մահկանացուներին։ Գրում է դժոխքի տանջանքների մասին։ ՈՒ խրատական խոսքերով համոզում, աղաչում է նրան հետ դառնալ չար խորհրդից և չկատարել իր ապիրատ մտադրությունը, ինչը պատրաստվել էր անելու Հայաստանի նկատմամբ։ Հայոց սուրբ կաթողիկոսը հրամայում է մահից հետո այդ հրովարտակը դնել իր աջ ձեռքում, որպեսզի Ոգբան անձամբ գա ու վերցնի իր օծյալ ձեռքից և, թերևս, զղջա ու չիրագործի իր անօրեն մտադրությունները։ Երբ ոստիկան Ոգբան լսեց Սահակ կաթողիկոսի մահվան մասին, իսկույն բանագնաց ուղարկեց՝ հրամայելով չթաղել մինչև ինքն անձամբ չգնա։ Իսկ երբ տեղ հասավ, անմիջապես գնաց ու մոտեցավ Աստծո մարդու դիապատված մարմնին, ձեռքը շարժեց իրենց սովորության համաձայն, ու որպես կենդանի մարդու ողջունեց նրան իրենց լեզվով` «սալամելեք» ասելով։ Հանկարծ Տիրոջ Հոգու ազդեցությամբ սուրբ կաթողիկոսի անշնչացած ձեռքը վեր բարձրանալով, շարժվեց աղերսանքով, որի վրա էլ խիստ զարհուրած Ոգբան, վերցնելով նրա ափի մեջ սեղմած կաթողիկոսական աղերսագիրը, ընթերցեց ու ասաց. «Այո՜, խնդրանքդ կատարված է, Աստծո պատվական այր»։ Հետո հայոց նախարարներին նամակ գրեց և հայրապետի սուրբ մարմնի հետ մեծ պատվով Հայաստան ուղարկեց, ներելով այն հանցանքները, որոնք նրանք գործել էին իր զորքի դեմ։ Եվ այսպես Աստված Իր ծառայի՝ սուրբ կաթողիկոսի մահը մեր ողջությունից ավելի պատվական համարեց, և նրա աղոթքներով մեր աշխարհին մեծ փրկություն պարգևեց։
Հաջորդ վկայությունը Հայոց եկեղեցու դիվանագիտության մասին, որ կկարդանք, արդեն Կիլիկիայի մեր թագավորության ու Հեթում Ա արքայի հոգևոր խորհրդատու Վարդան Արևելցի վարդապետի հետ է կապված։ Նրանք 1264 թվականին հրավիրվել էին Չինգիզխան Հուլավուի մոտ մեծ տոնահանդեսի մասնակցելու։ Այդ աննախադեպ տոնահանդեսին էին հրավիրվել նաև նվաճված աշխարհի մեծամեծները՝ թագավորներ, սուլթաններ, վրաց Դավիթ արքան ու Անտիոքի թագավորը։ Այդ շքահանդեսի ժամանակ Հուլավու խանի ու Վարդան Արևելցի վարդապետի հետ մտերմիկ զրույց է տեղի ունենում, որի մասին ինքը՝ Վարդան Արևելցին, այսպես է գրում. «Ասացի Հուլավու խանին, դու որչափ վեր ես, քան այլ մարդիկ, այդչափ մոտ ես Աստծուն, իսկ Աստծո Աթոռը արդար դատաստանով է հաստատված։ Ամեն ազգի Աստված տերություն է տվել, բայց ձեզ՝ աշխարհի տերությունները։ Մինչ ձեզ աշխարհակալները աշխարհավեր, աղքատների վրա ծանր շալակ ու անողորմ են թողել իրենց գրաված տերությունները, նրանք էլ հոգոց հանել ու լաց են եղել Աստծո առաջ, Տերն էլ առել է դրանց իշխանությունը ու տվել է այլ ազգերի։ Հիմա, եթե դուք աշխարհաշեն լինեք ու աղքատների հանդեպ ողորմած, ձեզնից Աստված չի առնի ձեզ տվածը, այլ կթողնի ձեզ, քանի որ Նա ում կամենում է` նրան է տալիս»։
Եվ սա կրոնավորի պարզ խրատ չէր, այլ դիվանագիտական նուրբ հոգեբանական քայլ՝ խանի հոգսերը փարատելու և նրան հուսադրելու համար, քանզի Աստծո սիրտը իր հանդեպ բարի է տրամադրված, որովհետև խորաթափանց Վարդան վարդապետը զգացել էր Հուլավուի հոգեկան ներքին խռովքը։ Այս խոսքերից հետո շահվում է Հուլավուի համակրանքը, որից հետո նուրբ խոսքերի հետագա շարադրանքով, վարդապետը հասնում է առավել կարևոր ու մեր ազգին շահավետ խնդիրների լուծման, քանի որ նա գիտեր, թե մոնղոլները մեր երկրում ինչ ավերածություններ են գործել։ Եվ երբ Հուլավուն նկատում է վարդապետի համեստ ու պարզ մազեղեն հագուստը, ասում է. «Ոչխարենի՞ ես զգեստավորվել, քանի որ իմացա, որ մեծ աբեղա ես քո երկրում. կուզե՞ս հրամայեմ մեծարել քեզ ոսկեհուռ զգեստներով ու շատ ոսկի տամ»։ Բայց Վարդան Արևելցին, ի զարմանս խանի, վեհանձնաբար պատասխանում է և միաժամանակ հայրենասիրաբար առաջարկում. «Ոսկին ու հողը մեզ համար մեկ է, մենք ավելի մեծ բան ենք ուզում, որ վայել է քո ողորմած մեծությանը, որ ունես աշխարհի վրա»։ Իհարկե նրբամտաբար ակնարկելով իր հայրենի երկիրն ու ժողովուրդը։ Զարմացած խանն ազդվում է այդ ազնվաբարո քայլից, որ մահկանացու մարդը հրաժարվում է մեծարանքից ու ոսկուց, խոստանում է կատարել նրա խնդրանքը, ասելով. «Եվ այդ, որ ասացիր, մարդիկ կուղարկեմ, որ աշխարհը տեսնեն ու արդարությամբ գործեն»։ Բայց և այնպես խանը մեծարում է վարդապետին թանկագին հագուստներով ու ոսկով, միաժամանակ և նրա խնդրանքի համաձայն առլեխ, այսինքն՝ հրովարտակ է ուղարկում Հայաստանի կառավարիչներին և հրամայում, որ բարյացակամ լինեն երկրի և ժողովրդի նկատմամբ։ Նույնիսկ ավելին է կատարում վարդապետի դիվանագիտական խորագիտության համար. խանը առլեխի մեջ ազատ տեղ է թողնում, որ վարդապետն ավելացնի ինչ սիրտն է կամենում, ու մոնղոլ կառավարիչները պարտավոր են կատարելու նրա կամքը։ Դիվանագիտական ինչպիսի փայլուն հաղթանակ Աստծո իմաստությամբ լցված մի հասարակ վարդապետի միջոցով ամբողջ ազգի համար։ Հետագայում խանը վարդապետի խրատների ակնկալիքով պատմում է իր խանության ներքին դժվարությունների մասին, որին ի պատասխան Վարդան Արևելցին խորհուրդ է տալիս խանին, որ նա իրեն շրջապատի միայն այնպիսի մարդկանցով, ովքեր ոչ միայն աստվածավախ լինեն, այլև գոհացնեն իրենց դիմող թշվառներին ու կեղեքվածներին, որոնք կաշառք տալու հնարավորություն չունեն, ու շարունակելով այս խոսքը, վարդապետը խորհուրդ է տալիս իրեն շրջապատել կաշառքը մերժող ու ճշմարտությունն իրեն պատմող մարդկանցով, քանի որ թագավորի աթոռը նման մարդկանցով է հաստատ մնում։
Եվ այս խանական տոհմի հետ մեր Հայոց վարդապետի մտերմությունը այսքանով չի ավարտվում, քանի որ Հուլավուի մահից հետո նրա կինը՝ Տողուզ խաթունը, խորհուրդ է հարցնում Վարդան Արևելցուց` նրա հոգու համար պատարագ անի՞, թե՞ ոչ։ Իսկ պատասխանը առավել քան գոհացուցիչ ու ճշմարիտ էր, քանի որ վարդապետը խորհուրդ է տալիս, որ առավել լավ է հանգուցյալի հոգու համար մարդկանց հարկերին թեթևություն տալ ու աղքատներին ողորմություն բաժանել նրա անունով։
Ահա այսպես Աստված պետականություն չունեցող մեր ազգին ապրեցրել է հզորների մեջ ու հասցրել մինչև մեր օրերը։ Բայց արի ու տես, որ այդ մեծ լուծը կրած եկեղեցին հիմա էլ հալածվում է մեր իսկ ազգակիցների կողմից, ովքեր ցանկացած առիթ բաց չեն թողնում փնովելու և ծաղրելու, նաև նսեմացնելու մեր ազգի հոգու ողնաշարը՝ Հայ առաքելական եկեղեցին։
Հայրենակիցներ, պետք չէ, որ այդպես լինի, այլապես մենք, կորցնելով մեր եկեղեցու հաստատության սյունը, կթուլացնենք մեր նախնիների Թորգոմա տան ապրեցնող սյունը և մեր գլխին կբերենք թշվառություն ու պատերազմ։
ՈՒրեմն մաղթենք բոլոր հայորդիներիս, իշխանավորներից սկսած, եկեղեցականներով ընդմիջված ու մտավորականներով և ամենապարզ մարդկանցով վերջացրած, առավել ամրացնենք մեր սուրբ նախնիների իմաստությունն ու կենդանի հավատը, որ կարող լինենք դիմակայելու այս աշխարհի ահագնացող փոթորիկներին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ