«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ճգնաժամ Հայաստանի ավտոմոբիլային շուկայում

Ճգնաժամ Հայաստանի ավտոմոբիլային շուկայում
16.10.2015 | 10:07

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պաշտոնական տվյալներով, կրճատվել է ավելի քան 55 տոկոսով։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստան էր ներմուծվել ռեկորդային թվով՝ 44,3 հազար մարդատար մեքենա, ինչը 15 տոկոսով գերազանցում էր 2013 թ. ցուցանիշը։
Հայաստան ավտոմոբիլների ներկրման շուկան իր ոչ լավ օրերն է ապրում։ Ներքին շուկայում խախտվել են իրական առաջարկն ու պահանջարկը, ինչը հանգեցրել է ավտոմեքենաների գների զգալի նվազման, կրճատվել են նաև առքուվաճառքի ծավալները։
Պատճառները մի քանիսն են, և նախ և առաջ՝ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանի Դաշնությունում։ Բանն այն է, որ վերջին մեկ տարում տեղի է ունենում ռուբլու արժեզրկում։ Ռուբլու արժեզրկման պայմաններում բնակչության եկամուտները դոլարային արտահայտությամբ նվազեցին, ընկավ մարդկանց գնողունակությունը։ Եվ այս պայմաններում ավտոարտադրողները, թեկուզ և վնաս կրելով, որոշում են կայացրել Ռուսաստանում չբարձրացնել մեքենաների գները։ Հակառակ դեպքում կկորցնեին հսկայական ռուսաստանյան շուկան, որն անմիջապես կզբաղեցներ մրցակից ընկերությունը։
Եվ մարդիկ սկսում են ավելի էժան մեքենաներ ներկրել Ռուսաստանից, առավել ևս, որ Եվրասիական տնտեսական միությանն ադամակցելուց հետո թե թղթաբանության, թե մաքսատուրքերի առումով ՌԴ-ից ապրանք ներկրելը բավականին հեշտացել է։
Այս իրավիճակում հատկապես լուրջ խնդիրների առջև են հայտնվել Հայաստանում պաշտոնական դիստրիբյուտորները. փաստորեն, ստացվում է, որ վերջիններս ավելի թանկ են մեքենա ներմուծում Հայաստան, քան անհատները՝ Ռուսաստանից։
Մեր ավտոմոբիլային շուկան շատ հետաքրքիր պատկեր ունի։ Հայաստանում տարեկան ընդամենը 2000 նոր ավտոմեքենա է վաճառվում, մինչդեռ նախորդ տարի Հայաստան է ներկրվել ավելի քան 40000 օգտագործված ավտոմեքենա։ Սա ոչ նորմալ հարաբերակցություն է, ինչին նպաստում են որոշ հանգամանքներ։ Երկրները ներմուծվող մեքենաների համար սահմանում են որոշ չափանիշներ. ասենք, մեքենաները չպետք է ունենան 10-ից ավելի տարիք, պետք է համապատասխանեն որոշ ստանդարտների։ Այս ամենը Հայաստանում չկա, և ՀՀ են ներկրվում մեծ քանակությամբ հին ավտոմեքենաներ, ինչն էլ իր բացասական հետևանքներն ունի. մեծ են վթարի ենթարկվելու, բնապահպանական ռիսկերը։ Էլ չենք ասում, որ Հայաստանն ուղղակի լցվում է մետաղի ջարդոնով։
Ավտոմեքենաների առքուվաճառքի նվազման վրա անդրադառնում է նաև բանկերի պասիվությունը։ Այսօր ՀՀ դրամով վարկեր գրեթե չեն տրամադրվում, եթե անգամ առաջարկվում են, ապա շատ բարձր տոկոսադրույքով, ինչն ազդում է ապրանքների պահանջարկի վրա։ Մարդիկ չեն ցանկանում դոլարով վարկեր վերցնել՝ ստանձնելով նաև փոխարժեքի տատանման ռիսկերը։
Ենթադրվում է, որ ներկայիս վիճակն առաջիկայում նույնպես կպահպանվի։ Այնուհանդերձ, առայժմ տեսանելի չեն այն միտումները, որոնք կարող են վկայել շուկայի ակտիվացման մասին։ Սա էլ հուշում է այն մասին, որ էլ ավելի կպասիվանա մեքենաների ներմուծումը։
Հայաստանում ավտոմեքենաների ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչները նշում են, որ իրավիճակը կշտկվի, երբ Ռուսաստանում ավտոմեքենաների գները կարգավորվեն և համապատասխանեն բիզնեսի վարման տրամաբանությանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ