Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղոթք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

Աղոթք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին
23.10.2015 | 00:04

Հայաստանում և արտասահմանում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները։ «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը «Աղոթքով՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին» ծրագրով ելույթներ է ունենում Հայաստանից դուրս 100 քաղաքներում` տարբեր ազգերի, տարբեր հավատի տեր մարդկանց համար։
Հիմնադրամն այս ծրագրով առաջարկում է մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության` ցեղասպանության մասին խոսել աղոթքով, ևս մեկ անգամ ցույց տալ աշխարհին հայ մշակույթի հարստությունն ու գեղեցկությունը: Կոմիտասյան, նարեկյան, մաշտոցյան տաղերի ու շարականների լեզվով երիտասարդների ու պատանիների շուրթերից կոչ է արվում աշխարհին միավորվել սիրո ու համերաշխության շուրջ` դեմ կանգնելով ցեղասպանությանն ու չարիքին:
«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի գործադիր տնօրեն ՔՆԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ նշում է, որ արդեն եղել են 4 պետությունում ու 12 քաղաքում և շարունակելու են այցերը։ Տարբեր երկրներում հայ երգի մենակատարների «Զվարթնոց» խումբը ներկայացնում է հայ ժողովրդական, ազգագրական, գուսանական և դասական երգեր՝ ժողովրդական գործիքների նվագակցությամբ։
Համերգների ժամանակ բեմում տեղադրված էկրանից երգերի ընթացքում ցուցադրվում են ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմերից հատվածներ, Հայաստանի պատմամշակութային հուշարձանների նկարներ։
Ծրագրի մեկնարկը տրվել է Իսրայելում, որտեղ եղել են չորս քաղաքներում՝ Երուսաղեմ, Փեթախ Թիկվա, Բեթղեհեմ, Հայֆա։ Իսրայելի քաղաքներում կոմիտասյան երաժշտության շուրջ համախմբվեցին հայոց հոգևոր դասը, քաղաքապետերը, հայկական համայնքը, հրեաները և այլ ազգերի ներկայացուցիչներ: Բոլոր քաղաքներում էլ համերգների իրականացումը, հոգևոր առաջնորդների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հանդիսատեսի արձագանքները հաստատեցին ծրագրի անհրաժեշտությունը և ցեղասպանության մասին խոսելու համար ընտրված լեզվի՝ աղոթքի ճշմարտացիությունը:
Առաջիկա օրերին Ցեղասպանության զոհերի հիշատակի խնկարկում-համերգներ են սպասվում Ռուսաստանում և Լիբանանում (լիբանանյան ելույթները տեղի կունենան ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում)։ Լիբանանյան ելույթների ընթացքում խումբը համալրվելու է Հորդանանի և Եգիպտոսի ներկայացուցիչներով։ Հետագայում բեմելներ են սպասվում եվրոպական երկրներում։ Քնարիկ Ղազարյանը նկատում է, որ ծրագրի ամփոփիչ համերգը նախատեսվում է Երևանում։
Ընդ որում, ծրագրի շրջանակում, բացի համերգներից, տեղի են ունենում նաև շփումներ հայկական համայնքների երիտասարդների հետ, ովքեր ևս մեկ անգամ առիթ են ունենում լսելու հայերեն խոսք, հաղորդակցվելու հայկական մշակույթին, ձեռք բերելու նոր ընկերներ։
Նշենք, որ հայ երգի մենակատարների «Զվարթնոց» խումբը ձևավորվել է «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորների կողմից ՀՀ բոլոր մարզերում և Արցախում անցկացված «Զվարթնոց» հայ երգի մրցույթների արդյունքում: 2013 թվականին «World Folk 2013» ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթում խումբն արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի, «Ոսկե մեդալ», «Ոսկե քնար» մրցանակների, ինչպես նաև «Հորովել» և հարսանեկան ծիսական երգերի համար` «Ամենապատվավոր ներկայացում», «Հայտնություն» և «Ազգային մշակույթը պահպանելու» դիպլոմների: Ժողովրդական գործիքների նվագախմբի անդամները ՀՀ վաստակավոր արտիստներ են և միջազգային մրցույթների դափնեկիրներ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ