Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարո՞ղ է Նոբելյան մրցանակի դափնեկիր ծնել իրական էկոնոմիկա չունեցող կոռուպցիոն օլիգարխիական համակարգը

Կարո՞ղ է Նոբելյան մրցանակի դափնեկիր ծնել իրական էկոնոմիկա չունեցող կոռուպցիոն օլիգարխիական համակարգը
23.10.2015 | 00:07

Հազիվ էր Նոբելյան կոմիտեն հայտարարել քիմիայի ասպարեզում (ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների հետազոտությունների համար) թուրք գիտնական Ազիզ Սանջարին 2015 թվականի մրցանակը շնորհելու մասին, հայոց լրատվամիջոցներում անմիջապես հաղորդումներ երևացին, որ նրա ծննդավայրում (Մարդինի մարզ, Սավուր) թուրքեր երբեք չեն ապրել և որ նա է քուրդ հայկական արմատներով:

Սա արդեն հիվանդություն է, ըստ երևույթին՝ արդեն անբուժելի: Որտեղից այսքան կիրք ու էներգիա հայացնելու տարբեր ասպարեզներում աչքի ընկնող թուրք գործիչներին, հիմա էլ՝ գիտնականի: Ի՜նչ են տալիս հայությանը այս դատարկ ու անիմաստ ծագումնաբանական պեղումները: Երևի Օրհան Փամուկն էլ է հայ: Ինտերնետում հիշյալ հավաստումը սոսկ զավեշտի առարկա դարձավ: Գուցե թուրքերի համար շա՞տ է երկու Նոբելյան մրցանակակիրը, երբ մենք մեկն էլ չունենք (հրեաները պնդում են, որ աշխարհի այդ ամենահեղինակավոր գիտական կոչմանն արժանացածների 25 տոկոսը իրենք են):
Բայց չէ՞ որ, ի վերջո, ամենադյուրին ձևն է հարցնել այդ նույն «Սանջարյանին», թե նա ընդունո՞ւմ է իր հայկական ծագումը, եթե նույնիսկ ինչ-որ մի բան կա: Իսկ ահա մրցանակին արժանանալուց հետո անմիջապես BBC-ին տված հարցազրույցում ինչ է ասում ներկայումս ԱՄՆ-ում ապրող ու աշխատող այդ «հայաքուրդը». «Ես թուրք եմ, և հպարտանում եմ դրանով: Ամենից շատ ուրախ եմ իմ հայրենիքի համար: Թուրքիան գիտության զարգացման սուր կարիք ունի, մեզ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել այդ ասպարեզում եվրոպական մակարդակի բարձրանալու համար: ՈՒրախ եմ, որ իմ ավանդն եմ ներդնում թուրքական գիտության ու նրա հանրաճանաչության գործում»:
Հայկական ի՜նչ աղերսներ կան այստեղ: Մարդն իրեն թուրք է համարում և վերջ:
Իսկ գուցե ավելի ճիշտ կլիներ, եթե «հայացման» տեսության ջատագովները տվյալ դեպքում իրենց պեղումները կենտրոնացնեին այն հարցի վրա, թե ինչու է անկախ Հայաստանում գիտությունը հայտնվել ողբալի վիճակում, որ բնավ էլ հայ գիտնականների մեղքը չէ: Ավագ սերունդը հիանալի է հիշում, թե ինչ բարձր մակարդակի վրա էր ու հարգի գիտությունը Խորհրդային Հայաստանում: Ո՞Ւր անհետացավ այդ մակարդակը և ինչո՞ւ, ի՞նչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Կամ գուցե տրվի պարզ մի հարցի պատասխանը՝ իսկ կարո՞ղ է գիտություն ստեղծել, Նոբելյան մրցանակի դափնեկիր ծնել իրական էկոնոմիկա չունեցող կոռուպցիոն օլիգարխիական համակարգը: Հանրահայտ փաստ է՝ գիտությունը զարգանում է հզոր էկոնոմիկայի պայմաններում, այն խոշոր ներդրումներ է պահանջում և չի կարող անմիջական փոխհատուցում ապահովել ներմուծված ապրանքների մենաշնորհային վաճառքի պես:
Էկոնոմիկայի մասին: Մի կողմ թողնենք «Սանջարյան» Թուրքիային, որի էկոնոմիկան դասվում է աշխարհի 20 հզորագույնների շարքում, և դառնանք մեր մյուս ոխերիմ թշնամուն՝ Ադրբեջանին, նկատի ունենալով ուժեղ տնտեսություն ստեղծելու ուղղությամբ նրա ղեկավարության գործունեությունը, տվյալ դեպքում՝ մասնավորապես Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ կապերը ինտենսիվորեն զարգացնելու միջոցով:
Ադրբեջանը, անշուշտ, անհամեմատ մեծ հակասություններ ունի Ռուսաստանի հետ իր հարաբերություններում: Թեկուզ հենց Ղարաբաղի հարցում: Այդուհանդերձ այդ երկիրը ակտիվ հարաբերություններ է պահպանում և՛ Մոսկվայի, և՛ Արևմուտքի հետ, իր օգտին մանևրելով նրանց միջև ու առավելություն չտալով ոչ մեկին: Ժամանակավորապես մոռանանք Հայաստանում ավանդական դարձած փնովումները մեր «ստրատեգիական դաշնակցի» հասցեին՝ Ադրբեջանին առնչվող, և այս անգամ ուշադրություն դարձնենք այն պարագային, թե այդ երկրին ինչպես է հաջողվում իր համար շահավետ լայնածավալ համագործակցության հասնել Ռուսաստանի հետ:
Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը Մոսկվայում անցկացրին տնտեսական համագործակցության ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը: «Կողմերն արձանագրեցին ապրանքաշրջանառության ռեկորդային՝ պատմական ցուցանիշ՝ ավելի քան 4 միլիարդ դոլար, լավագույններից մեկը ԱՊՀ երկրների մեջ»: Նշվեց, որ երկկողմ փոխշահավետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ակտիվորեն զարգանում են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, մարդասիրական ոլորտներում:
Արձանագրային չոր ձևակերպումների տակ տեսնենք դրանց թվային արտահայտությունները: 2009 թվականից արտաքին ապրանքաշրջանառությունը կրկնակի աճ է ապրել: 2014 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանից 1,5 միլիոն տոննա նավթ Ռուսաստանի տարածքով արտահանելու մասին: Ռուսաստանի նավթային ընկերությունները ակտիվորեն գործում են ադրբեջանական շուկայում, և այդ ոլորտի ինտենսիվացման համար ստեղծվել է մասնագիտական երկկողմ էներգետիկ խումբ: Մոտ 600 ռուսաստանյան ընկերություններ արդյունավետորեն աշխատում են Ադրբեջանում, զարգանում է նաև ադրբեջանական բիզնեսը Ռուսաստանում: Հատուկ ընդգծվում է բազային համագործակցության հեռանկարայնությունը նավաշինության, ուղղաթիռաշինության, լրատվական տեխնոլոգիաների ասպարեզներում:
Ինչպես հիշյալ նիստի կապակցությամբ, այնպես էլ ընդհանրապես ռուսները գոհունակությամբ են նշում, որ 90-ականների բեկումնային իրադարձություններից հետո էլ Բաքուն չնվազեցրեց ռուսաց լեզվի քաղաքակրթական-հաղորդակցական նշանակությունը։ Այսօր Ադրբեջանում ռուսերեն լույս է տեսնում 50 տպագիր պարբերական, գործում է 7 լրատվական գործակալություն, բացվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի մասնաճյուղը, Ադրբեջանի 9 հազար քաղաքացի սովորում է ՌԴ-ում, որոնցից 1,5 հազարը՝ Ռուսաստանի բյուջեի հաշվին:
Նիստի ընթացքում ընդգծվեց, որ Ռուսաստանն Ադրբեջանում 1,5 միլիարդ դոլար է ներդրել բանկային ոլորտի և խոշոր ընկերությունների գծով: Եվ ամենակարևորը՝ ադրբեջանական նախագծերը լայնորեն վարկավորում է «Գազպրոմբանկը». խոսքը մասնավորապես քիմիական ձեռնարկությունների ստեղծման, «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների հավաքման արտադրության, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման մասին է և այլն:
Եվ վերջապես վերն առաջադրված հարցին, թե ադրբեջանցիներն ինչպես են հաջողության հասնում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, փորձենք պատասխանել ռուսների միջոցով: Նույն Ռոգոզինը, նիստի մասնակից ՌԴ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Դմիտրի Լիխաչովը տարբեր առիթներով հաճախ էին ընդգծում, որ գործ ունեն բարձրակարգ պրոֆեսիոնալ թիմի հետ, և որ Ադրբեջանը վստահելի պրագմատիկ գործընկեր է:
Արժե՞ այսքան խոսել մեր թշնամու մասին: Արժե: Մենք տանուլ ենք տալիս տնտեսական զարգացման ասպարեզում, և բանը սոսկ նավթադոլարները չեն: Մեծ և փոքր պետությունների փոխհարաբերություններում վերջինիս շահերի տեսանկյունից շատ էական է նրա ղեկավարի ու ղեկավարության դերը՝ ինչքանո՞վ է այդ թիմն ունակ ընդհանուր շահերի շրջանակում առավելություններ կորզելու մեծից հօգուտ սեփական պետության:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ