Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Այո»՝ ինչի՞ն, «ոչ»՝ ինչի՞ համար»

«Այո»՝ ինչի՞ն, «ոչ»՝ ինչի՞ համար»
23.10.2015 | 00:40

«Իրատեսի» հյուրն է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ կա Սերժ Սարգսյանի մտքին:
-Զարմանալին Սերժ Սարգսյանի մտքինը չէ, զարմանալին՝ որ չեն հարցնում, թե ի՞նչ կա մտքին:
-Իսկ կասի՞, որ հարցնեն:
-Թող հարցնեն: Կուսակցությունները, անհատները գնում-հանդիպում են ու չեն հարցնում: Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներն էլ, որ փորձում են Սերժ Սարգսյանի մտքում եղածը իրավական ձևի մեջ դնել, համոզված եմ, որ հարցեր չեն տալիս: Մինչև հիմնական հարցի պատասխանը չիմանանք, չենք հասկանա՝ ի՞նչ ենք ուզում անել մեր երկրում, ինչի՞ համար են սահմանադրական բարեփոխումները: Որ ճգնաժամ կա, բոլորը գիտեն, բայց ի՞նչ ճգնաժամ է՝ սահմանադրակա՞ն, թե՞ իշխանական: Ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ սկզբից հնչեցվեին այդ հարցերը և իրական պատասխաններ գտնեին:
-Ձեզ չի՞ թվում, որ սահմանադրական բարեփոխումներին զուգահեռ իշխանության պահպանության հարցն է լուծվում:
-Իշխանությունը պահելու համար բացարձակապես Սահմանադրություն փոխելու հարկ չկա, սահմանադրական փոփոխությունների իրական դրդապատճառները գիտի միայն Սերժ Սարգսյանը: Երբ ինքը ոչինչ չի ասում, մնացածները միայն ենթադրում են. մի խումբն ասում է՝ իշխանությունը պահելու համար է, մյուսներն ասում են՝ լավ է, որովհետև կարող է բերել որոշակի փոփոխությունների: Դրսի ուժերի համար, օրինակ՝ եվրոպացիների, լավ է, որովհետև դիտվում է ժողովրդավարացմանը միտված գործընթաց: Մեկ այլ խմբի համար լավ չէ, որովհետև ոչինչ չի փոխում:
-Ռուսաստանը ժողովրդավարացմանը միտված գործընթացին ինչպե՞ս է վերաբերվում:
-Ռուսաստանը հիմա զբաղված է այլ հարցերով, բայց փորձեր է անում իր մարդկանց ներդնել Հայաստանի իշխանական համակարգում, թերևս կարծում է, որ այսօրվա խորհրդարանը չի արտահայտում իր ցանկությունները:
-Խորհրդարանում կամ իշխանական բուրգում կա՞ն նման մարդիկ:
-Մենք կարող ենք այդպես գնահատել, բայց Ռուսաստանի վերլուծաբաններն ու հատուկ ծառայությունները այլ գնահատական կարող են ունենալ Հայաստանի խորհրդարանի, իշխանության, հասարակության մեջ եղած տրամադրությունների վերաբերյալ: Կարծում եմ՝ վստահ չեն, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք ու ամբողջությամբ կատարում են իրենց ցանկությունները: Այդ պատճառով էլ փորձում են լուծել իրենց կամքը լիարժեք կատարող իշխանության ձևավորման հարցը: Այդ փորձերը տեսանելի են դառնում, երբ առանձին «փրկիչներ» են հայտնվում Հայաստանում և փորձում են ներդրվել քաղաքական դաշտում՝ չունենալով օրենսդրական իրավունքներ:
-Արկադի Վարդանյանից սկսած՝ «փրկիչները» գալիս-գնում են, ու ի՞նչ:
-Էլի կգան ու կգնան, այդ գործընթացը ծրագրվում է Ռուսաստանում, որտեղ մինչև վերջ չեն հասկանում՝ ի՞նչ անել, որ ներդաշնակ լինի իշխանության, հասարակության ու եղած ընդդիմության շրջանակներում:
-Ինչո՞ւ չենք ուզում հավատալ Արա Աբրահամյանի անկեղծ հայրենասիրական պոռթկումին:
-Նա հստակ չի կարողանում մտքերը ձևակերպել: ԳԱԱ-ում ասուլիսը լեզվափիլիսոփայական երգիծանքի ժանրից էր, ոչ թե միտված էր քաղաքական անհրաժեշտությունները ձևակերպելու ու կոնկրետ խնդիրներ լուծելու: ԳԱԱ տարածքը ճիշտ չէր ընտրված և բուն ակադեմիայի համար: Մեր հիշողության մեջ ակադեմիան մնում է մի վայր, որտեղ հավաքված են էլիտար մտավորականները, բայց այսօր ակադեմիան այն հարթակն է դարձել, որտեղ կարելի է գալ ու քաղաքական երգիծանքով զբաղվել: Եթե ակադեմիայում պահպանված լինեին քաղաքական գործիչների հետ ազգային հարցեր լուծելու հիշողությունները, նրանք պիտի հրավիրեին ոչ թե Արա Աբրահամյանին, այլ Սերժ Սարգսյանին, և որոշակի հարցեր տային: Ոչ նրանք, ոչ քաղաքական ուժերը բովանդակային քննարկումների մեջ չեն մտել:
-Քաղաքական ուժերը բովանդակային քննարկումների մեջ չեն մտնում, որովհետև «Ոչ»-ի ճակատը միանգամից մերժում է ու իշխանափոխություն է պահանջում, «Այո»-ի ճակատն էլ ի սկզբանե ամեն ինչի համաձայն է: Գուցե սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբի պե՞տը պիտի բացատրի:
-Շտաբի պետերը պիտի իրենց ուժերը կազմակերպված տանեն հանրաքվեի: Եթե կա սահմանադրական ճգնաժամ, հասարակությունը պիտի սահմանադրական փոփոխություն պահանջեր: Որևէ նման գործընթաց մինչև հիմա չի եղել: Եղել է իշխանության փոփոխության խնդիր, որ հետևանք է ընտրություններում անարդարությունների, ներիշխանական ճգնաժամերի: Իշխանության ներսում եղած ճգնաժամը 1998-ին ավարտվեց նախագահի հրաժարականով: Դրանից հետո էլ ներիշխանական ճգնաժամեր եղան, բայց Սահմանադրության հետ կապ չունեին: Արդյունքում և հասարակությունը, և իշխանության մեջ եղած ուժերը գնացին արդար ընտրությունների ճանապարհով՝ 1999-ի խորհրդարանական ընտրությունները, երբ իշխանության եկան Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, և Հայաստանը հաղթահարեց այդ պահին եղած իշխանական ճգնաժամը, սկսվեցին գործընթացներ, որ պետք է լուծեին քաղաքական դաշտում եղած խնդիրները: Բայց դա տևեց մայիսից հոկտեմբեր, և հոկտեմբերի 27-ից հետո մենք անընդհատ հայտնվեցինք իշխանական ճգնաժամերի մեջ:
-21-րդ դարում մենք հաղթահարե՞լ ենք ճգնաժամը, որի մեջ հայտնվեցինք 20-րդ դարավերջին, 1999-ի հոկտեմբերի 27-ով: Մենք կորցրինք պետության ղեկավարների՞, թե՞ Հայաստանի անկախության երաշխիքները:
-Մենք կորցրինք ճգնաժամը հաղթահարած վիճակը և հաղթահարողներին: Նրանք մի օրում, մի ժամում չէին ձևավորվել, այլ իրենց ապրած կյանքով ու գործով, պետականության ընկալմամբ: Հայաստանի ինքնիշխանությունը պահող ու առաջ տանող մարդիկ էին: Նրանց տեղը թափուր է: Հոկտեմբերի 27-ից հետո անընդհատ անկման մեջ ենք և այսօր հայտնվել ենք ոչ թե իշխանական ճգնաժամի, այլ հոգևոր ճգնաժամի մեջ: Շատ բարդ է լցնել այն ամայությունը, որ այսօր կա մշակութային ու հոգևոր կյանքում: Անհրաժեշտ է ստեղծել միջավայրը, որտեղ կարող է ձևավորվել ճգնաժամը գիտակցող ու հաղթահարող սերունդը:
-Փաստորեն խնդիրը ժամանա՞կն է:
-Նաև ժամանակը, բայց չպիտի պարապ նստենք ու սպասենք՝ երբ ինքն իրեն կգա բարենպաստ ժամանակը: Այսօր մշակութային քաղաքականությունը իշխանությունը փոխարինել է եկեղեցիներ բացելով ու հարսանիքներ-կնունքներ անելով: Իշխանության մեջ անկախության արժեքն ընկալող մարդկանց թիվը նվազել, գուցե զրոյացել է հոկտեմբերի 27-ի պատճառով:
-Գուցե հոկտեմբերի 27-ին հենց ա՞յդ խնդիրն էր լուծվում՝ դաշտի ամայացման:
-Փաստ է, որ լուծվեց ոչ միայն իշխանության խնդիրը, այլև հայտնվեցինք անկման կորի մեջ: Դա պետք է հաղթահարվեր քաղաքական զարգացումներով, հնարավորությունները կային: Հասարակությունը միշտ փորձել է տեղապտույտից դուրս գալ ընտրությունների ժամանակ: 2008-ին էլ հասարակությունը փորձեց իշխանության խնդիրը լուծել: Ինչքան ընտրություն լինի, ժողովուրդը դեմ է լինելու կեղծիքներին:
-Այդ պատճառո՞վ է նախագահի ընտրությունը նոր Սահմանադրությամբ վստահվում խորհրդարանին:
-Մնում է մեկ ուղիղ ընտրություն՝ խորհրդարանականը, այդտեղ էլ այնպիսի մեխանիզմներ են դրված, որ գործող իշխանությանը հնարավորություն են տալիս երկար ժամանակ պահել իշխանությունը:
-Հանրաքվեում «այո՞»-ն կանցնի, թե՞ «ոչ»-ը: Ինչո՞ւ է ժողովուրդը գերազանցապես անտարբեր:
-Ժողովուրդն անտարբեր է, որովհետև Սահմանադրության հետ չի կապում փոփոխություններն իր կյանքում: Ժողովուրդը գիտի, որ սա հնարավորություն է իշխանության հետ իր հակամարտությունը թարմացնելու: Եթե այդ հիշողությամբ առաջնորդվի, «ոչ» է ասելու, բայց այսօրվա մեխանիզմներով իշխանություններն ունեն իրենց ենթակա որոշակի ընտրազանգված, որին կպարտադրեն «այո»-ն: Թեպետ՝ վստահ չեմ, որ 300 000 բյուջետային աշխատողները մի մարդու պես գնալու են «այո» ասելու: Հասարակությունն իր վեճը իշխանության հետ չի ավարտել և ամեն առիթ օգտագործելու է իր «ոչ»-ն ասելու: Նախագահական վերջին ընտրություններում, երբ ընդդիմադիր դաշտը համարյա ոչնչացված էր, ժողովուրդը գտավ իր «ոչ»-ն ասելու ձև, իշխանությունները դասեր չքաղեցին, որովհետև իրենց նպատակը երկիրն ուժեղացնելը չէ, այլ իշխանությունը պահելը: Սերժ Սարգսյանը մինչև հիմա չի բացատրել՝ թե ինչպե՞ս հանգեց սահմանադրություն փոխելու մտքին, ի՞նչ է տալու սահմանադրություն փոխելը: Իշխանական բոլոր հարթակները օգտագործվում են իշխանությանը սպասարկելու համար, բայց մտածող մարդիկ իսպառ չեն վերացել, կան այլ հարթակներ:
-Ինչո՞ւ «Ոչ»-ի ճակատը միասնական չի դառնում: Քաղաքակա՞ն, անձնակա՞ն, մարդկայի՞ն հարաբերություններն են առանձին հարթակների պատճառ դառնում:
-«Ոչ»-ի ճակատում չկա միասնական ու անհերքելի լիդեր: Երբ հայտնվի, բոլոր բզկտված ճակատները միասնական կդառնան: 1988-ին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն անհերքելի լիդեր էր, հասարակության բոլոր շերտերը, նույնիսկ իշխանության մեջ, միացան շարժմանը, որովհետև նպատակներն ազնիվ էին և խարդավանքներ չկային: Հիմա բզկտվածության պատճառը խարդավանքներն են, որ կան բոլոր ճակատներում: Երբ դու մինչև վերջ ազնիվ չես եղել քո քաղաքական խնդիրը ձևակերպելու մեջ կամ փորձել ես խնդրի լուծման ճանապարհին աջակիցներ գտնել օտար ափերում, սկսել ես գործընթացներ հասարակության թիկունքում, կորցրել ես հասարակության հետ ուղղակի երկխոսության հնարավորությունը: Այսօր պիտի գտնվեն երկխոսության ճակատները ձևավորող մարդիկ և վերականգնեն կապը ժողովրդի հետ: «Ոչ»-ի ճակատները պետք է գիտակցեն՝ իշխանությունը ոչ թե վարչական շենքերում ներկայացվածության մեջ է, այլ կարող է լինել հասարակության հետ փողոցում երկխոսություն ձևավորելով: Պետականությանը և հասարակությանը վերաբերող խնդիրներում քաղաքական ուժերը պետք է ձևավորեն իշխանություն հասարակության հետ, դրանով իշխանությանը կպարտադրեն անցկացնել արդար ընտրություններ՝ ցանկացած մակարդակում:
-Ժողովուրդն ինչո՞ւ պիտի նորից երկխոսության գնա՝ լավ հիշելով տուն ուղարկվելու ավանդույթը:
-Այդ պատճառով էլ ժողովուրդն այսօր փողոց դուրս չի գալիս, ինչ-որ խմբերի փողոց հանում են կամ օտար երկրների շահերը սպասարկող հատուկ ծառայությունները, կամ ուժեր, որ երկրի ինքնիշխանությունը կորցնելու պատճառով՝ այս կամ այն կերպ ծառայում են նույն այդ ուժերին: Հասարակությունը շատ լավ գիտի՝ որ պահին արտահայտի ըմբոստությունը, չես կարող ժողովրդին անընդհատ հանել փողոց, թե գնա-պայքարի: Համապետական ընտրությունների ժամանակ է նման շանս լինում:
-Ընտրություններով հնարավո՞ր է հասնել իշխանափոխության:
-Արդար ընտրություններ հնարավոր կլինեն, եթե ընդդիմությունը փողոցը միասնական պահի: Մինչև 2013-ի քաղաքագիտական հայտնի վերլուծությունը ընդդիմությունը փողոցում ուներ ազդեցիկ ուժ և կարողանում էր ներգործել շատ հարցերի լուծման վրա, դա նաև իշխանությունների շահերից էր բխում՝ հնարավորություն էր տալիս արտաքին մարտահրավերներին դիմակայել: Անօգնական վիճակի վկայություն է, որ անհայտ ծագումնաբանությամբ՝ ով ասես գալիս է Հայաստան փրկչական առաքելությամբ, և դա սովորական երևույթ է ընկալվում: Ռուսաստանում հարստացած հայ տղերքը գալիս են Հայաստան, սկզբում փաթեթով տնտեսական, հետո քաղաքական խնդիր են ուզում լուծել: Ինչո՞ւ մինչև հիմա հայրենիքը չէին փրկում: Հայաստանի գործարար շրջանակները չեն նկատում, որ ռուսական տնտեսական կապիտալն է Հայաստան գալիս՝ մեծ ախորժակով, և վաղը իրենք տեղ չեն ունենալու: Ցանկացած նման «փրկչի» սահմանից պետք է հետ դարձնեին: Հայտնի պատմություն կա՝ տարիներ առաջ մեկն արտասահմանից եկել էր Երևան և փորձում էր ինքնարժեքից էժան՝ կաշառք տալով ռազմավարական նշանակության ձեռնարկություն գնել: Բարձրագույն պաշտոնյաների էր հանդիպում: Լուրը Վազգեն Սարգսյանին հասավ, բոլոր հանգամանքները պարզելուց հետո հարցրեց նրանց հանդիպման վայրն ու ժամը: Գնորդը, այդ երկրի դեսպանը դեռ հյուրանոցի դռանը կանգնած էին: Վազգենը եկավ, մեքենայից իջավ ու հարցրեց՝ ո՞ր մեկն է, մի շրխկան ապտակ հասցրեց ու առանց մի բառի հեռացավ: Վերջ, որբի գլուխ չի էս երկիրը, որ գաս, կաշառք տաս ու աչքդ տեսածը կես գնով տանես: Երկրում այսօր տեր չի մնացել, որ ասի՝ էս ո՞ւր ենք հասել: Ակադեմիկոսներ՝ ո՞ւր եք հասել, պետական համալսարանի դասախոսներ՝ ո՞ւր եք հասել, սահմանադրական փոփոխություններ իրականացնող իրավաբաններ՝ ի՞նչ եք անում: Ձևակերպեք, ժողովրդին էլ մասնակից դարձրեք, առանց դրա երկիրը հաջողություն ունենալ չի կարող: Իսլանդիայի սահմանադրական փոփոխությունների գործընթացը ճգնաժամ հաղթահարելու փայլուն օրինակ է: Հասարակությունը գտավ մեխանիզմներ՝ մասնակից դառնալու ճգնաժամից դուրս գալուն: Ճգնաժամից առաջ փոխեց կառավարություններին, որ չէին կարողանում իրավիճակ փոխել: Եթե չկա ճգնաժամ, ինչո՞ւ ենք Սահմանադրություն փոխում: Ինչո՞ւ մինչև հիմա կոռուպցիայի խնդիրն օրակարգում է: Փորձեցին վախեցնել Ռոբերտ Քոչարյանի գործոնով, գտնվեցին քաղաքական լիդերներ, որ ասացին՝ մի վախեցեք, Ռոբերտ Քոչարյանը ամեն առավոտ պիտի վախենա, որ իր հետևից ինչ-որ մեկը գալու է: Դեռ շատ հարցերի պատասխան պիտի տա Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 27 կա, «Գույք` պարտքի դիմաց» կա, Մարտի 1 կա: Քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանը մասնակից լինելու է, բայց միշտ՝ ստվերային, դա պայմանավորված է նաև արտաքին խաղացողների առկայությամբ: Եթե խնդիր ունենք լուծելու, առաջին հերթին արտաքին խաղացողներին պիտի մեկուսացնենք: Նախագահականում սելֆիների գնացող կուսակցությունները պիտի կոնկրետ պահանջներ դնեին: Ինչո՞ւ քննարկումները հրապարակային չեն, եթե հասարակությանն են վերաբերում: Թող «Ոչ»-ի ճակատը միասնական հարթակ ստեղծի ու հրավիրի նախագահին, եթե մերժի, հասարակությունը կհասկանա, որ իշխանությունը չի կարող պատասխանել «Ոչ»-ի դաշտում ձևավորված հարցերին: «Այո»՝ ինչի՞ն, «ոչ»՝ ինչի՞ համար: Ոչ իշխանությունը, ոչ հասարակությունը, ոչ ընդդիմությունը բացարձակապես պատրաստ չեն սահմանադրական փոփոխությունների:
-ՈՒ ի՞նչ անել:
-Մի կողմ դնել նախագիծն ու ձևակերպել ճգնաժամի պատճառները, որպեսզի բովանդակային բարեփոխումների գնանք: Պատերազմող երկիրը չի կարելի ներքաշել անորոշության մեջ, որ հետևելու է կառավարման մոդելի փոփոխությանը:
-ՈՒշ չէ՞:
-Ես համոզված եմ, ոչ ԱԺ նախագահը, ոչ վարչապետը չգիտեն՝ ո՞րն է այս փոփոխության բուն իմաստը, ոչ էլ նրանք, ովքեր սպասարկում են իշխանությանը: Սպասարկում են, որովհետև իրենց ապագայի խնդիրն են լուծում, չսպասարկելու դեպքում հեռանկարը նոր խորհրդարանում չլինելն է: Այդպես են մտածում նաև շատերը, որ իրենց անվանում են ընդդիմություն, բայց իշխանության խողովակով են անցնում: Ազնիվ պետք է լինել:


Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 7939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ