Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաչի զորությամբ

Խաչի զորությամբ
23.10.2015 | 00:03

Արցախյան մեր սահմաններում կատարվող աննախադեպ ու ցավալի իրադարձությունները և մեկը մյուսին հաջորդող դեպքերը անհանգստության ու լրջորեն մտորելու առիթ տվեցին շատերիս։
Գուցե շատերի համար տարօրինակ, բայց, կարծում եմ, անմերժելի տեսանկյունից եմ ուզում դիտարկել այս ամենը, որի հիմքը տարիներ առաջ ինձ մի հայորդու տված այս վկայությունն է։ Նա, այդ ժամանակ լինելով Իրանի քաղաքացի, մասնակցում էր իրանա-իրաքյան պատերազմին որպես շարքային զինվոր։ Հետագայում այդ կարևոր վկայությունը զետեղեցի իմ հեղինակած «Խաչապատում» գրքի առաջին հատորում (էջ 236), որպես զգուշացում նաև մեզ համար։ Բայց, ինչպես երևում է, այժմ հիշեցնելու կարիք կա, քանզի վերջին դեպքերը կարծես կրկնվում են նաև մեր սահմաններում գտնվող զինվորների հետ։ Ահա թե ինչ պատմեց մեր հայրենակիցն իր ծառայության ժամանակ եղած մի տարօրինակ դեպքի մասին։

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ


Այս վկայությունը Հայաստան տեղափոխված մի հայ երիտասարդ պատմեց, որը, մի ժամանակ Իրանում ապրելով, ստիպված մասնակից է եղել իրանա-իրաքյան պատերազմին։
«Ինձ որպես զինվոր տարան պատերազմ: Շուրջբոլորս մահմեդականներ էին, ու ինձ, որպես քրիստոնյայի, դժվար էր նրանց հետ ծառայել, բայց ամեն օր առանձնանալով, թաքուն խաչակնքելով աղոթք էի անում ու մեր Տեր Հիսուսին խնդրում, որ ինձ անփորձանք տուն վերադարձնի: Մի անգամ, երբ գիշերային պահակազոր ծառայության ուղարկեցին, պոստում կանգնած ժամանակ, անկախ ինձնից, սկսեցին չար և անհանգստացնող մտքեր այցելել: Սկզբում բանի տեղ չդրեցի ու շարունակում էի տարածքը հսկել, բայց հետզհետե այդ մտքերը սկսեցին իշխել վրաս, ինքնասպանության մղելով: Այդ անհասկանալի և աներևույթ զորությունը այնքան ահավոր էր, որ ես ծնկի եկա տեղում, ու խաչակնքելով երեսս` «Հայր մեր» աղոթքը արեցի, ու Աստծուն աղաչում էի, որ ինձ օգնի չկորչեմ, որովհետև դեռ շատ երիտասարդ եմ, և այդ պահին անկախ ինձնից սկսեցի լաց լինել: Չանցած մի քանի րոպե այդ պարտադրող զորությունը թուլացավ, ու մի քիչ խաղաղվեցի ինձ տանջող մտքերից, բայց սրտումս շարունակում էի աղոթել ու հաճախակի խաչակնքել: Իսկ երբ լրացավ իմ հերթափոխի ժամանակը, եկան ու փոխարինեցին ինձ: Երբ պահակատուն հասանք, պատրաստվեցի հանգստանալու, բայց այդ պահին շտաբի հեռախոսը զնգաց միջանցքում: ՈՒ քանի որ մոտը հերթապահ չկար, ստիպված որոշեցի ես վերցնել հեռախոսափողը: Բայց հենց ուզում էի խոսել, այդ նույն ժամանակ հերթապահ սպան մյուս սենյակում բարձրացրեց երկրորդ հեռախոսի ընկալուչը: Զանգահարողը բարձրաստիճան գեներալ էր, որը հրամայեց այսօրվա պոստի կանգնածների մասին զեկուցել: Տեղեկանալով, որ ես վերադարձել եմ, նախ զարմանք արտահայտեց, հետո հրամայեց, որ այլևս ինձ չուղարկեն հերթապահության. հետո մի պահ դադար տալով ասաց. «Այս գիշեր բոլոր երեսունից ավելի պոստերում կանգնած մեր զինվորները անհասկանալի պատճառներով ինքնասպանություն են գործել, բացի այդ մի հայից, երևում է թշնամու բանակի հմայողները նորից անեծք են ուղարկել, իսկ այդ մեկին էլ իրենց Քրիստոսն է փրկել»: Ես իսկույն կամացուկ դրեցի հեռախոսափողը, որովհետև, անկախ իմ կամքից, ռազմական գաղտնիք լսեցի: Շտապ գնացի հանգստասենյակ ու հագուստներով անկողնուս վրա պառկելով, իբր հանգստանում եմ, ու աչքերս փակելով, մտովի փառաբանության ու գոհության աղոթքներ արեցի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Իր ամենակարող Խաչին, որ ինձ փրկեց չար ու մահաբեր դիվական անեծքի հետևանքից»:
Կարծում եմ, որ անտեղի չէր այս վկայության հիշեցումը, քանզի մենք դարերով կողք կողքի ապրելով այդ ազգերի հետ, ինչ-որ չափով գիտենք նրանց սովորություններն ու դիվական զորությունների հետ առնչվելու ու դրա հետևանքով մեր ազգի ստացած ցավալի վերքերն ու մանավանդ եղեռնի մեկուկես միլիոն նահատակները։


ՍՏԱԼԻՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՐԱՄԱՆԸ


Ինչպես շատերս ենք տեղյակ, Ստալինը (Իոսիֆ-Հովսեփ Ջուղաշվիլին) մի ժամանակ սովորել է վրաց ուղղափառ ճեմարանում, բայց այդպես էլ չի ավարտել։ Եվ այժմ, որպես լրացում այս ամենի, կուզենայի այս առիթով հիշեցնել նաև ռուսական գրականության մեջ տարածված այն փաստի մասին, որ հիտլերյան Գերմանիայի հետ պատերազմելիս, երբ թշնամին արդեն մոտեցել էր Մոսկվայի մատույցներին, այդ ժամանակ Ստալինը մի տարօրինակ հրաման տվեց. ազատել բանտերում արգելափակված շատ հոգևորականների ու թույլ տալ նրանց եկեղեցական հագուստներով, խաչվառներով ու Տիրամոր հրաշագործ սրբապատկերներով երեք անգամ Մոսկվայի շուրջը պտտվել` աղոթելով ու խնկարկելով։ ՈՒ, ինչպես գիտենք պատմությունից, այդպես էլ ֆաշիստները չկարողացան մտնել Սովետմիության մայրաքաղաք։

ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվ վերջապես երրորդ վկայությունը, որը մեր մերձակա ազգերն ու Կովկասի ժողովուրդները ժամանակին լսել են Հայաստանում գտնվող սուրբ Գեղարդի միջոցով կատարված հրաշագործությունների մասին, ու այդ պատճառով էլ 1798 թ. վրաց թագավոր Գեորգին հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցուն թախանձագին խնդրանքով դիմում է թույլ տալ, որ սուրբ Գեղարդը Վրաստան բերվի, քանի որ մահաբեր ժանտախտ է սփռվել իրենց մոտ: Քրիստոսասեր մեր կաթողիկոսը, երկար մտորելուց հետո, թույլ է տալիս, որ Տիրոջ կողահերձ Գեղարդը երկու հայ վարդապետի ուղեկցությամբ տանեն հարևան ազգին վրա հասած օրհասից փրկելու համար: Եվ իսկապես, սուրբ Գեղարդը թափորով ու աղոթքով պտտեցնելով Վրաստանում, շուտով այդ երկրում դադարում է ժանտախտի համաճարակը։
Հիմա այս նամակի վերջնական խնդրանք-առաջարկին անդրադառնամ։
Մեր հարգելի հոգևոր ու քաղաքական առաջնորդներ ու իշխանավորներ, ժամանակը չէ՞ արդյոք մեր ազգապահպան սրբությունները, սուրբ Գեղարդն ու հաղթանակած Տիրոջ Խաչի մասունքներից սուրբ Էջմիածնի թանգարաններից հանելու և օծյալ հոգևորականների ուղեկցությամբ ու աղոթքներով տանելու թե՛ ոտքով, թե՛ ուղղաթիռով, պտտեցնելու Հայաստանի ու Արցախի սահմաններով ու միաժամանակ օրհնելու այնտեղ հսկող զորքերի զինվորներին ու հրամանատարությանը։ Հանրապետության հրապարակի թափուր տեղում կանգնեցնել օծված մի խաչքար, ի պահպանություն ազգիս հայոց և ի վկայություն համայն աշխարհի, մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսին պատկանելության հավիտենական կնիքով հաստատված։
Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աջն ու Խաչը, սուրբ Գեղարդն ու նահատակված սրբերի մասունքների օրհնանքն ու բարեխոսությունները թող լինեն պահապան և օգնական Հայաստան և Արցախ աշխարհին. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ