Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մենք որոշեցինք ամբողջ աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ վիրտուալ համայնքում»

«Մենք որոշեցինք ամբողջ աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ վիրտուալ համայնքում»
26.10.2015 | 16:36

Հոկտեմբերի 24-ին կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: Այն նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդներին, զարգացնելու հայկական խաղային ինդուստրիան, նպաստելու ՏՏ ոլորտում «Արտադրված է Հայաստանում» բրենդի զարգացմանը: «Բաց խաղ» առաջնությունը 5 տարի անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից: Այս տարի մրցույթի գործընկերն է Huawei ընկերությունը:

«Բաց խաղ-2015» առաջնությանը ներկայացվել է 30 նախագիծ, որից եզրափակիչ փուլ էին անցել 10-ը:
Գյումրիից ժամանած Digital Pomegranate թիմի PlayLand Armenia նախագիծը հաղթեց երկու`«Լավագույն 2D խաղ» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում: Թիմի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՂԱՆԴԻԼՅԱՆԸ նշում է, որ PlayLand Armenia-ն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար։ Այն առաջին առցանց խաղահրապարակն է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ մանուկների համար: Հավելվածը վիրտուալ աշխարհ է, սոցիալական հարթակ, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ: Լեզվական գիտելիքներից անկախ՝ հնարավորություն է տալիս բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն ու մշակույթը: Ներկայացնելով իրենց նախագծի գաղափարը՝ Գայանեն նշում է, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը ՏՏ ոլորտում ցանկանում էր ինչ-որ պրոդուկտով հիշատակել Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և 18-25 տարեկան գյումրեցի երիտասարդներն առաջարկեցին մի բան, որը ցույց է տալիս հայերի ձեռքբերումներն անցած 100 տարիներին։ «Մենք որոշեցինք ամբողջ աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ վիրտուալ համայնքում։ Մեր ստեղծած սոցիալական հարթակն անվտանգ խաղային համակարգ է՝ արևելահայերեն, արևմտահայերեն սովորելու, խաղեր խաղալու և միմյանց հետ շփվելու համար։ Այս նոր պլատֆորմի նպատակներից է նաև սփյուռքի և Հայաստանի մանուկների միջև կապերի հաստատումը»,- ասում է Գայանեն։
Հարթակն անվտանգ է երեխաների համար, այն համակարգում են ծնողները։
PlayLand Armenia նախագծի վրա աշխատել են 12 երիտասարդներ՝ դիզայներներ, ծրագրավորողներ և այլ մասնագետներ։ Հեղինակները հիմնականում ծրագրավորման ոլորտում իրենց կարիերան սկսել են այս նախագծի շրջանակներում։
PlayLand Armenia-ն ստեղծված է բոլոր հարթակների համար՝ սկսած համակարգչից, մինչև մոբայլ, Android, iOS։ Այս պահին թողարկված է համակարգչային տարբերակը. հնարավոր է ներբեռնել playlandarmenia.com կայքից, իսկ մինչև Ամանոր, որպես նվեր ամբողջ աշխարհի հայ մանուկներին, կթողարկվի բջջային տարբերակը։
Գայանե Ղանդիլյանը նշում է, որ Գյումրիում ՏՏ ոլորտը կամաց-կամաց զարգանում է, գործում է տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ մոտ երկու տասնյակ ընկերություններ են աշխատում։


ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ «Բաց խաղ» առաջնությունը նպատակ ունի հայտնաբերելու խաղային ինդուստրիայում ապագա ունեցող երիտասարդներին, որպեսզի նրանց աջակցելով՝ զարգացնեն այս ոլորտը Հայաստանում. «Եթե նկատել եք, տարեցտարի Հայաստանի խաղային ինդուստրիան ուժեղանում է, ընկերությունների թիվը մեծանում է, ինչը շատ կարևոր է։ Այս ոլորտի առաջընթացը կարևոր է, քանի որ այն ներգրավում է տարբեր բնագավառների մասնագետների՝ ծրագրավորողներ, անիմատորներ, գրողներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, դիզայներներ, ովքեր ներգրավվում են ՏՏ ոլորտում»։ Կարեն Վարդանյանն ընդգծեց նաև, որ այս տարի ներկայացված խաղերն աչքի էին ընկնում նրանով, որ ամբողջական էին, արդեն պատրաստի, փորձարկված խաղեր էին։ Նա հույս հայտնեց, որ առաջնությանը մասնակցած թիմերը շատ շուտով կդառնան ընկերություններ և հաջողություններ կունենան միջազգային ասպարեզում։
Տեղեկացնենք, որ «Բաց խաղի» մասնակիցները պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ իրենց նախագծերը զարգացրել են փուլ առ փուլ: Ժյուրիի կազմում այս տարի ներգրավված էին Triada Studio-ի, PicsArt-ի, X-TECH-ի, Underwater apps-ի, ViViFi-ի, Frismos-ի, Plexonic-ի, ԻՏՁՄ-ի և Օրանժ Արմենիայի ներկայացուցիչներ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ