Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ելք չկա»

«Ելք չկա»
27.10.2015 | 10:19

Մատուցողուհին սուրճը բերում է, և հարցնում եմ.
-Դեմ չե՞ք, եթե ծխեմ:
Ասում է.
-Երևանին մեջ ոչ ոք ատանկ հարց չի տար,- ու շուրթի ծայրով ժպտում:
Ես էլ կարող էի այդ հարցը չտալ, որովհետև սրճարանը բացօթյա էր, բայց դա ինձ համար ինքնաբերաբար էր, սովորական, ինչը մեր միջև ձգեց փոխըմբռնման առաջին անտես կամուրջը: Փոխըմբռնում, որը երկժամյա զրույցի արդյունքում վերածվեց լիակատարության:
Իմ հանդիպումը ՍԵՊՈՒՀ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ կարող էր տեղի ունենալ տարիներ առաջ, բայց եղավ այն, ինչ եղավ: Եվ ստորև մտադիր եմ թղթին հանձնել զուգահեռվող այն խորհրդածություններն ու մտահանգումները, որոնք ծնվեցին հանդիպման ժամանակ:
Սեպուհ Ասլանյանը ծնվել է Ադիս Աբեբայում, 1976-ին ընտանյոք տեղափոխվել ամերիկյան մայր ցամաք: Ավարտել է Մոնրեալի Մաքհիլ համալսարանը, Կոլումբիայի համալսարանում ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան, դասավանդել մի շարք ամերիկյան բուհերում, 2011-ին նշանակվել Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հայագիտության ամբիոնի վարիչ` փոխարինելով շատ առումներով հայտնի Ռիչարդ Հովհաննիսյանին: Հեղինակ է գրքերի, բազմաթիվ գիտական հոդվածների: Տիրապետում է ֆրանսերենին, իտալերենին, իսպաներենին, գրաբարին, Ջուղայի բարբառին:
Բարձրահասակ, եռանդուն, մտքերն արագ ու ճշգրիտ ձևակերպող, իր գործի մեջ գլխովին խրված երիտասարդ է: Իսկ իր գործը հետևյալն է` միակ սփյուռքահայ գիտնականն է, ում մասնագիտական կյանքի նպատակը հայոց տնտեսական մշակույթի հետազոտումն է (սփյուռքում կան այլք ևս, որոնք, ցավոք, այդ հարցերին անդրադառնում են դեպքից դեպք, ըստ անհրաժեշտության): Ավելին, ուսումնասիրում է Նոր Ջուղայի հայ վաճառականության պատմությունը` երեք հարյուր տարվա կտրվածքով, և է՛լ ավելին` նրանց ծովային գործունեությունը, հավելելով, թե` հայերը բաժանվում են երկու մասի` ծովային-ծովափնյա ու ցամաքային (իրեն դուր էր եկել իմ «Հայեր և ծովեր» շարքը):
Ընդհանրությունն այն է, որ ես էլ եմ երկար տարիներ զբաղվում տնտեսական մշակույթով, ի մասնավորի` աշխարհում հայերիս տնտեսական գործունեությամբ: Տարբերությունն էլ այն է, որ, ինչպես Սեպուհն է ասում, ես գրում եմ հանրամատչելի, ինքը` զուտ գիտական:
Այն, ինչով մենք պարապում ենք, տառապանք է ու շատ քիչ` հաճույք:
Որո՞նք են մեր դժվարությունները:


Սեպուհն ասում է` պետք է հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ամեն ինչ գիտեն (իմա` ոչինչ չիմացող դիլետանտներից): Ես դա իրենից վաղ ու լավ գիտեմ: Ժամանակին ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, երջանկահիշատակ Վլադիմիր Խոջաբեկյանն ինձ հրավիրեց իր մոտ աշխատելու: Հորդորում էր զբաղվել տնտեսագիտական մտքի պատմությամբ, ասում էի` մենք ինքնուրույն այդպիսի միտք չունենք, մերն ընդօրինակումն է, բայց ունենք բացառիկ գործնականության պատմություն: Չգիտեմ նորանկախության շրջանի ակադեմիկոսներն ինչպիսին են, բայց խորհրդային կարգերի օրոք ինձ հանդիպած ակադեմիկոսները նոր գաղափարներն ընկալող մարդիկ էին: Վ. Խոջաբեկյանը ոչ միայն հասկացավ, այլև խրախուսեց, որ շարունակեմ աշխատանքս: Խրախուսանքն արտահայտվեց հետևյալ կերպ` առաջին տարում ստացա ամսական 8000 դրամ, երկրորդ տարում` 13000, երրորդ տարում` 20000: Սա՛ էր իմ վարձատրության չափը, գնա՛, ոնց ուզում ես ապրիր: Վ. Խոջաբեկյանին պաշտոնանկեցին, բերեցին մի մարդու, որն ամեն ինչ գիտեր: Ինստիտուտին հրաժեշտ տվեցի:
Սեպուհը պատմում էր, թե ինչպես է աշխարհի տասնյակ քաղաքներում փնտրում, գտնում, ձեռք բերում ու թվայնացնում հայ վաճառականների արխիվային փաստաթղթերը: Պայուսակից հանեց դյուրակիր համակարգիչն ու խնդրեց որևէ ջուղայեցի վաճառականի անուն տալ: Ասացի` Պետրոս Ոսկան: «Շատ լավ»,- ու ցույց տվեց Մադրասից հայթայթած մեր վաճառականի 1750 թ. կտակի ձեռագիրը: Սարսափեցի, երբ տեսա, որ փաստաթուղթը բաղկացած էր… 200 էջից: Որովհետև Պետրոս Ոսկանին մի քանի պարբերությամբ ընդգրկել էի իմ «Հայոց ազգային կտակներ» անտիպ գրքում, և նրա կտակի տեքստը ձեռագրիս ծավալից ավելի էր։ (Երեք տարի է՝ ձեռագիրս հրատարակել չեմ կարողանում: Աստծո մի արարած, որ ի պաշտոնե, ի կոչմանե պիտի դա լույս ընծայեր, աշխատանքս վերցրեց, խոստացավ ու… խոստումը դրժեց: Այնպիսի մարդ է, որ հիմա` հիշելով, իր փոխարեն ամաչում եմ): Պետրոս Ոսկանը կտակով պատվիրել էր իր սիրտը թաղել ծննդավայրում` Նոր Ջուղայում.
Սիրտս իմ ցանկայ զհայրենի,
Թե գնալոյ չըժամանեցի,
Յորժամ հասցէ ինձ որ վերջին,
Սիրտս իմ յղեսցի առ հայրենին,
Զի գերեզմանս անդ լիցի իմ
Պետրոս Ոսկանիս:
Սիրտը դրել էին ոսկե տուփի մեջ ու տարել Նոր Ջուղա: Սեպուհին հարցնում եմ` իրո՞ք Ջուղայում են հողին հանձնել: «Այո, բայց ոսկե տուփն ինչ եղած է` չեմ գիտեր»,- ու շուրթի ծայրով ժպտում է:
Ապա ցույց է տալիս Լիվոռնոյի հայոց եկեղեցին կառուցած, կյանքը բառացիորեն այդ եկեղեցուն նվիրաբերած աղա դի Մաթուսի` Աստվածատուր Օղլանքեշիշյանի (այս մարդու մասին գրել եմ 2003-ին) արխիվը, որը Ֆլորենցիայում խոշոր գումար վճարելով` թվայնացրել էր: 1000 էջ: (Մտածեցի` հայաստանյան որևէ «օլիգարխի» դիմեի, թե` ֆինանսավորեք, գնամ արխիվ ուսումնասիրեմ, խելագարի տեղ կդնեին, «ախրաննիկներն» էլ դուրս կշպրտեին):
Հետո ցույց է տալիս տասնյակ հազարավոր էջեր: Հարցնում եմ` այս ամենն ի՞նչ պիտի անեք: Ասում է` հայերեն տեքստերը պիտի մուտքագրեմ, ի մի բերեմ, զետեղեմ համացանցում, որպեսզի բանալի-բառերով բոլորը կարողանան օգտվել: Տրտնջաց, թե մի խոշոր բարեգործական կազմակերպության է դիմել, համեմատաբար չնչին գումար խնդրել` մերժել են: (Այդ պահին մտաբերում եմ մեր «օլիգարխին», որը սեղանի շուրջ, իր ընկերների ներկայությամբ ինձ երդվեց` այսուհետ ինչ գրես, կտպեմ: Երբ երկու ամիս անց այդպիսի մի հարցով զանգահարեցի… Պատասխանը չեմ կրկնի, բայց և նրա փոխարեն չեմ ամաչի):
Սեպուհը ոգևորված շարունակում էր, թե` Մոսկվայից էլ պիտի ձեռք բերի վաճառական Եղիա Մուշեղյանի արխիվը: Այդ պահին իսկույն մտաբերում եմ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, լուսահոգի Լորետա Դանեղյանին, ով բազում տարիներ ուսումնասիրում էր այդ վաճառականի զարմանալի կյանքն ու գործունեությունը, մեկնում էր Մոսկվա և ամիսներ շարունակ աշխատում արխիվում: Այդ միայնակ ու հիվանդ կնոջը հաճախակի էի այցելում. ձմեռային ցուրտ բնակարանում, թաթմանները դրած, գրառումներն էր հանում ու պատմում Եղիայի մասին: Օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց բարեխղճորեն վճարում էր գիտնականի իր աշխատավարձից` 800 դրամ, իսկ ռեստորաններում ու գիշերային ակումբներում ասեղ գցելու տեղ չկար: Եղիայի մասին ուսումնասիրությունն ավարտեց, հանձնեց` մնաց անտիպ, այդպես էլ աշխատանքի արգասիքը չտեսավ:
Սեպուհ Ասլանյանը` ի դեմս ինձ տեսնելով իրեն հասկացող մարդու, պատմում էր ու պատմո՜ւմ: Այդպիսին էի ես տարիներ առաջ, գտածոներիս մասին սիրում էի պատմել: Հիմա լռում եմ: Տրտմությունից: Չէի ուզենա, որ Սեպուհն էլ լռի, դրա համար էլ, նկատի ունենալով բռի անգրագիտությունը, տարրական նախանձը, անզիջում անհասկացողությունը, բթամիտ «օլիգարխներին»` հարցնում եմ` ո՞րն է ելքը, ասում է` ելք չկա: Եթե դա գիտի, ուրեմն չի լռի:
Բայց ինձ մեկ այլ խնդիր է շատ հետաքրքրում: Մտքումս ողորմի եմ տալիս ամերիկացու հորն ու մորը և հարցնում.
-Ամերիկացիների ինչի՞ն է պետք այն ամենը, ինչ անում եք:
Ինձ համար անսպասելի պատասխան տվեց: Ասաց` XIX դ. կեսերից պատմագիտությունը հիմնվել է անձանց և նրանց մատուցածի վրա: Ժամանակակից պատմագրությունը` արդեն մի քանի տասնամյակ, հունը փոխել է, սկսել է առաջնորդվել սկզբնաղբյուրներով, և դա ինքնությունը բացահայտելու, իսկությունը որոնելու գերխնդիր ունի: Ասաց` հայության խնդիրները ոչ ոքի չեն հետաքրքրում, անգամ` հայերին (շուրթի ծայրով ժպտաց), այդ խնդիրները ես դիտարկում ու համադրում եմ այլ ժողովուրդների պատմության հետ հատույթում:
Խորհելու տեղիք կա: Եզրակացնում եմ` մեր ինքնությունը մենք փնտրում ենք մեր մեջ, մեր ներսում, բայց այսօրվա բաց աշխարհի պայմաններում բախվում ենք օտարի պատին ու ոչինչ չենք գտնում: Գուցե սխալվում եմ, չգիտեմ, մտածելու բան կա:
Քանի որ Սեպուհը սերում է իմ համակրելի գաղթօջախից` Եթովպիայից, զրույցի վերջում խոսում եմ համայնքի մասին ու պատահաբար հիշատակում «Արթիսթիք փրինթերս» առաջին մասնավոր տպարան-հրատարակչատան սեփականատեր, Ազգային խորհրդի նախագահ, միլիոնատեր Էլիաս Ճերահյանին: Նրա մայր Օվսաննան 1915 թ. Ադիս Աբեբայի իր տանը բացել էր առաջին հայկական դպրոցը, իսկ կինը` Աշխենը, Կրթասիրաց ընկերության ատենապետուհին էր: Զարմանալու հերթը Սեպուհինն էր, ասաց, որ Էլիասը իր պապ Ժորժի եղբայրն է, երկուսով են տպարանը հիմնել: Ասացի` արխիվային փաստաթղթեր կուղարկեմ, ի մասնավորի` խորհրդային դիվանագետների զեկուցագրեր: Դրանցից մեկում Էլիասն ասել էր. «Ինչպես գիտեք, եթովպացիները շատ են հպարտանում իրենց երեքհազարամյա մշակույթով: Մենք էլ ենք ուզում ցույց տալ, որ փողոցից եկած մարդիկ չենք, իսկ հայ մշակույթն ավելի հին ու առաջադեմ է, քան եթովպականը»:
Մեկ օր անց ռուսերենից թարգմանեցի և ուղարկեցի: Օդանավակայանից Սեպուհն արձագանքեց, պատասխանն սկսելով հետևյալ բառերով. «Շատ սիրելի Խաչատուր ջան»:
Ես շա՜տ եմ ուզում, որ Սեպուհ Ասլանյանը լայն համբավ, հեղինակություն ձեռք բերի ամերիկյան ու եվրոպական գիտական շրջանակներում` ի փառս մեր ժողովրդի: Համոզված եմ` հաջողության կհասնի: Համոզված եմ նաև, որ գիտե` հաջողություն տանող տատասկոտ ճանապարհը մարդ անցնում է մենակ տառապելով, բայց փառքի դափնիները կիսողները շատ են: Մարդիկ այդպիսին են:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ