Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պիճիլիկ Գյումրու մեծ հոգով մարդիկ ու նրանց եկեղեցիները

Պիճիլիկ Գյումրու մեծ հոգով  մարդիկ ու նրանց եկեղեցիները
27.10.2015 | 10:33

Ինչպես գյումրեցիներն են իրենց քաղաքը անվանում` հայրաքաղաքում անցյալ շաբաթ յոթերորդ դարի եկեղեցին վերաբացվեց, որը 100 տարի կիսավեր ու փակ էր այցելուների առաջ։ Այդ յուրօրինակ ճարտարապետությամբ եկեղեցին կոչվում է Գրիգոր Լուսավորչի անունով, բայց գյումրեցիները այն «գեղջոց» եկեղեցի են կոչում, քանի որ այդտեղ մեծ մասամբ հաճախում էին շրջակա գյուղերից քաղաք եկած գյուղացիները։
Այդ պիճիլիկ Գյումրին իր ժամանակին այնքան եկեղեցի է ունեցել, որ նույնիսկ Երևանի հետ է ոտք մեկնել։ Պատմական այս փաստագրությունը, որ հիմա կկարդաք, ապացույց է ասվածին։
1873 թ. բնակչության հաշվառումից հայտնի է, որ Գյումրի քաղաքի բնակչության թիվը կազմել է 19970 մարդ, որից առաքելական-լուսավորչական հայեր` 18742, պարսիկներ և մահմեդականներ` 598, հույներ և ռուսներ` 367, հռովմեական հայեր (ֆրանկներ)` 274, մոլոկաններ` 6, հրեաներ` 3։
Աշուղ Ջիվանին այս քաղաքի մասին ասել է, երգելով.
Մի նոր քաղաք տեսա ժամին սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել` խելքի աշեցեք...
Բայց Ջիվանին հինգ վանք ասելով նկատի չի ունեցել ռուսական, հունական եկեղեցիները, Կազաչի պոստի, Սևերսկու և Խոլ -չեստի եկեղեցիները, այլ զուտ հայկականները, որոնց գլուխգործոցը հարկավ Ամենափրկիչն էր` Անի քաղաքի Կաթողիկե եկեղեցու ճիշտ նմանությամբ և, իհարկե, Սուրբ Աստվածածին Յոթ վերքը։
Նույնիսկ գյումրեցի հայտնի կատակախոս Պոլոզ Մուկուչն էլ է իր խոսքը ասել եկեղեցիների առատության մասին։
Մի անգամ Պոլոզ Մուկուչին հարցնում են.
-Պոլոզ, ինչո՞ւ են ձեր քաղաքում էդքան շատ եկեղեցի կառուցել։
-Նախ, որպեսզի Աստված մեզնից գոհ էղնի, և հետո` որ մարդիկ չըսեն, թե գյումրեցիները ժլատ են։
Իսկ գյումրեցոց կենդանի հավատի մասին 19-րդ դարի վերջին տարիների այս անեկդոտախառը պատմությունն է վկայում.
«Շատ հնուց մի լավ սովորություն ունեին գյումրեցիք, 3-4 տարին մեկ Երուսաղեմ ուխտի էին գնում։
Էդոյենց Ենոքը որոշում է իր մի քանի ընկերների հետ գնալ Երուսաղեմ, հաջիության։ Նրանք չգիտեին, որ Թուրքիան սահմանադրություն ընդունելու կապակցությամբ սահմանը փակել է։ Ճանապարհին թուրք ասկյարները սրանց բռնում են։ Ոչ թողնում են սահմանը անցնել, ոչ էլ տուն վերադառնալ։
-ՈՒխտի ենք գնում, ուրիշ նպատակ չունենք,- բացատրում էր Էդոյենց Ենոքը։ Ասկյարները չեն հավատում և որոշում են ստուգել։ Կանչում են մոտակա գյուղերից մեկի մոլլային ու ասում. «Իմացիր, թե ինչ մարդիկ են սրանք և ո՞ւր են գնում»։
Մոլլան, դիմելով ճամփորդներին, ասում է. «Եթե իրոք հոգևորականներ եք, եկեք գնանք մեր մոլլայի գերեզմանը օրհնեք, եթե օրհնեցիք, ուրեմն հոգևորական եք, իսկ եթե չօրհնեցիք, կասեմ, որ ձեզ բանտ ուղարկեն»։ Համաձայնում են։ Բայց Ենոքը մոլլային զգուշացնում է, թե մենք թուրքերեն լավ չգիտենք ու մեր լեզվով կօրհնենք։ Մոլլան համաձայնում է։
- Տղերք,- ասում է Ենոքը,- որ եկել հասել ենք էստեղ, էլ էստեղից առանց մեր գործը անելու հետ դառնալը ամոթ է, քաղքցիք վրաներս կխնդան, համաձայնեք, ինչ կեղնի, թող էղնի։ Հըմը ես ինչ կըսեմ, դուք էնիք կրկնեք, մնացածը ձեր գործ չէ։
Համաձայնում են։ Չանցած երկու-երեք րոպե, տղերքը ծնկի են իջնում` ձեռքերը վեր պարզում ու… ի՜նչ օրհնել, Ենոքը կսկսե անիծել և ուզածդ հայհոյանքները թափել մոլլայի գերեզմանին։ Նորից կելլեն, նորից կպպզեն, մոլլան կհիանա գյավուրների վրա ու կըսե` վալահ-բիլ` իսոնք մաքուր հավատացյալներ են, եթե անհավատ էղնեին, ձեն-ծպտուն չէին հանի։ Ասկյարները հավատում են իրենց մոլլայի խոսքին ու էնոնց առոք-փառոք ճանապարհ են գցում»։
Էս էլ մի փաստ, որ դեռ էն ժամանակներում գյումրեցիները Երուսաղեմ են գնացել ու իրենց ուխտը կատարել ու մահտեսի (հաջի) անուն վաստակելով տուն վերադարձել։
Այս գրառումը արեցի, որ չկարծենք թե մեր ազգը այժմյան սինթետիկ չհավատի տեր որոշ մարդկանց ժողով է, ովքեր մի նոր եկեղեցի կառուցելու մասին լսելով, իսկույն հայհոյախառն անեծքներով հարձակվում են կառուցողների ու մեր եկեղեցականների վրա, այլ Վարդանանց հոգով, հավատի ու ազգի համար իրենց կյանքը չխնայող հայկյան արժանի սերունդ, ով Նեբրովթին նետահարեց այն բանի համար, որ նա իրեն աստված ու տիրակալ էր հայտարարել մարդկության վրա, և դարձել նեռ-սատանայի նախակարապետը, ում Տեր Հիսուս Քրիստոսը Իր Խաչով նետահարեց, իսկ Հայկի քաջարի սերունդը առաջինը բոլոր ազգերից վերցրեց այդ Խաչ-Սուրը ու հավատով պահեց իր ազգն ու լեզուն հեթանոս ու բարբարոս ազգերի հարևանությամբ, որոնցից շատերը հիմա քարտեզային պատմության մեջ են լոկ հիշվում. գյումրեցոց կենդանի հավատը վկա` իրենց բազում եկեղեցիներով հանդերձ։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ