Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պահպանիչ խաչարձան հայոց սահմանին

Պահպանիչ խաչարձան հայոց սահմանին
27.10.2015 | 10:37

Այս կիրակի, թեև ոչ այնքան շուքով, բայց մեծ խորհուրդ կատարվեց մեր ազգի հոգևոր ոլորտում. Խոր վիրապ վանքին մոտ սրբազան Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց յոթմետրանոց խաչարձանը, որը կանգնեցված է ճիշտ այն տեղում, որտեղ առաջին անգամ իրար են հանդիպել Տիրոջ սուրբ առաքյալները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը։ Ապա այդ տեղում ի նշան պատմական այդ հանդիպման կանգնեցրել են մի խաչ, որ կոչվում է Օթյաց խաչ։ Արձանագրենք՝ նոր խաչարձանի օծման օրը պատահականորեն չէր ընտրված. հենց այդ օրն է հիշատակվում սուրբ Խաչի հինգ տոներից վերջինի՝ Տիրոջ սուրբ Խաչի գյուտի օրը, երբ Հեղինե թագուհու ջանքերով Երուսաղեմում գտնում են Հիսուսի սուրբ Խաչը, որ երկար ժամանակ հրեաները նենգորեն թաքցրել էին Գողգոթայի բլուրին կից աղբանոցում։ Նշենք նաև, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, որի ներսում է գտնվում Խաչգյուտի այդ սրահը, մեր առաքելական եկեղեցու Սուրբ Հակոբյանց միաբանությանն է պատկանում մի մեծ ու գեղեցիկ սրահ, որտեղ մենք իրավունք ունենք այդ օրը հիշատակելու սուրբ պատարագով։
Իսկ Տիրոջ սուրբ առաքյալների հանդիպման տեղում եղած փոքրիկ խաչքարը այժմ զետեղվել է այս նոր ու վեհաշուք խաչարձանի հետևի հիմնամասում։
Փաստեմ, որ Խաչարձանի օծման արարողությունը նշվեց փոքրիկ, բայց զարմանալի հրաշքով։ Բուն արարողությունը պետք է կատարվեր սուրբ պատարագից հետո, բայց արդեն անձրև էր սկսվել, ու երբ սրբազանը սուրբ խորանից հայտարարեց, թե գնալու են խաչարձանի օծման արարողությունը կատարելու, ոմանք անձրևի պատճառով չուզեցին նեղություն կրել ու մնացին եկեղեցում։ Փոքրիկ խմբով անձրևի տակ բարձրանում էինք վանքի պարիսպներից դուրս գտնվող բլուրը, հանկարծ անձրևը կտրվեց և օծման արարողությունը շարականների ու աղոթքների ուղեկցությամբ անարգել կատարվեց հոգու մեծ հուզմունքով և ուրախությամբ։ Տեղի ունեցողը մեծ խորհուրդ էր պարունակում. կատարվում էր մի բան, որ դարերով անտեսվել էր ինչ-ինչ պատճառներով, անտեսվել էր այն պատմական ու կարևոր վայրը, որ նախանշվել էր դեռ քրիստոնեության ակունքներին։ Անտեսվել էր կարևոր մի իրադարձություն, այն է՝ Տեր Հիսուսի համբարձումից կես դար անց Հայաստան եկան միանգամից երկու առաքյալներ՝ սուրբ Թադեոսն ու Բարդուղիմեոսը։ Նրանցից առաջինն իր հետ բերեց սուրբ Խաչից հետո քրիստոնեության համար ամենանվիրական մասունքը, այսինքն՝ Տիրոջ կողահերձ Գեղարդը, իսկ Բարդուղիմեոսը՝ Տիրամոր անձեռակերտ պատկերը։

Այդ երկու մասունքներն էլ նվիրական ու խորհրդանշական էին նրանով, որ սուրբ Գեղարդի հարվածից հետո Տիրոջ Սրտից արյուն և ջուր բխեց, ի նշան տիեզերական եկեղեցու ծննդի, իսկ Տիրամոր պատկերը խորհուրդն էր այն բանի, որ սուրբ Աստվածամայրը բարեխոս ու պահպանիչ Մայր է դառնալու այն ազգին, որն առաջինն իր Որդուն ընդունեց որպես Տեր ու Փրկիչ։ Հիշյալ երկու օրհնյալ առաքյալները մեկ օրով հանդիպում են Հայաստանի այս վայրում ու ի նշան այդ պատմական հանդիպման կանգնեցնում են մի խաչ ի վկայություն հետագա դարերի սերունդներին, որ Տիրոջ առաքյալները Սուրբ Հոգու առաջնորդությամբ եկել են Հայաստան ու սերմանել կենարար Ավետարանի խոսքը, որի պտուղները այնքա՜ն առատ ու քաղցր էին, որ արժանի էին երկնային շտեմարաններին։ Խորհրդանշական այդ հանդիպումը կատարվել է երեք դար առաջ (կարևոր այն իրադարձություններից, երբ այդ տեղից հարյուր մետր հեռու պետք է Տիրոջ մեկ այլ ընտրյալ ծառան՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչը, 14 տարի անդադար, մահվան գուբում իր աղոթքներով ու արցունքներով ոռոգեր հայոց լինելության ու հարատևության Տիրոջ առաքյալների կանգնեցրած այս սուրբ Խաչի արմատները, մինչև որ հեթանոսական խավարը կճեղքեր Առավոտյան պայծառ Աստղի՝ Հիսուս Քրիստոսի փրկարար լույսն ու մի ամբողջ ազգ՝ առաջինը համայն ազգերի միջից իրավունք ու համարձակություն կստանար կոչվելու քրիստոնյա։
Ասել է՝ տեղանքը, որը դարերով մոռացված ու անտեսված էր, Մայր Աթոռի բարձր տնօրինությամբ որոշվեց վերստին պայծառացնել, ու եկեղեցու բարեպաշտ զավակների նյութական օգնությամբ ու նախանձախնդիր քրիստոնյաների մեծ ջանքերով կանգնեցվեց յոթմետրանոց սքանչելի խաչարձանը։
Իսկ մեզ մնում է աղոթել՝ «Տեր Հիսուս, Քո պատվական Խաչը թող լինի պահապան և օգնական ազգիս հայոց, այսուհետ մինչև հավիտյան։ Ամեն»։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 4235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ