«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կխորանա՞ քաոսը Թուրքիայում

Կխորանա՞ քաոսը Թուրքիայում
29.10.2015 | 12:08

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս տարվա հունիսի 7-ին կայացած ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ստանալով մոտ 40 տոկոս քվե, այդպես էլ չկարողացավ ձևավորել միակուսակցական կամ կոալիցիոն կառավարություն: Նշենք, որ վերջին մոտ 1,5-2 տարվա ընթացքում Թուրքիայում տեղի են ունենում արդեն չորրորդ ընտրությունները, ինչն իր հերթին որոշակի լարվածություն է առաջացնում։
Ինչպիսի՞ն է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն ընտրությունների նախօրեին: Այս հարցի շուրջ զրուցում ենք թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ։
Փորձագետը, համեմատելով Թուրքիայի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը հունիսի 7-ի հետ, նշում է, որ այն բավականին փոխվել է։ Մեծացել է թշնամանքը թուրքերի և քրդերի միջև, Քուրդիստանի բանվորական կուսակցության հարձակումները բավականին հաճախակի են դարձել, վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիան կորցրել է ավելի քան 60 ոստիկան, հոկտեմբերի 9-ի Անկարայի ահաբեկչությանը զոհ գնաց 100-ից ավելի մարդ, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միմյանց հանդեպ հնչող ավելի սրված քննադատություններն է՜լ ավելի քաոսային են դարձրել իրավիճակը Թուրքիայի քաղաքական կյանքում։
Թուրքական սոցիոլոգիական հարցման Gezici, Metropoll, Varyans կենտրոնների անցկացրած հարցումների արդյունքներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս անգամ էլ, ըստ ամենայնի, չի դառնա միահեծան, իշխող քաղաքական ուժ, ավելին՝ բավականին ամրապնդվել են ընդդիմության դիրքերը, այդ թվում՝ Ժողովրդահանրապետականների, Սելահեթթին Դեմիրթաշի գլխավորած Քրդական Ժողովրդավարական կուսակցության և այլն։ Ըստ մեր զրուցակցի՝ այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում. քրդերը չեն ցանկանում կոալիցիա կազմել ԱԶԿ-ի հետ։ Կոալիցիա կազմելու ցանկություն դեռևս չունեն ժողովրդահանրապետականները, ԱԶԿ-ին չեն համակրում նաև Թուրքիայի ազգայնականները։ Խնդիրն է′լ ավելի է բարդանում, քանի որ չեն հարթվել նախագահ Էրդողանի և Արևմուտքի միջև հարաբերությունները։ ԱԶԿ-ի ներսում ևս սրվել են հարաբերություններն Էրդողանի, Թուրքիայի նախկին պետական նախարար, ԱԶԿ համահիմնադիր Բյուլենթ Արընչի և Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի միջև։
Մուշեղ Խուդավերդյանը նշում է, որ քաղաքական ճգնաժամը Թուրքիայում պայմանավորված է ոչ միայն ընտրություններով, այլև ունի արտաքին քաղաքական երանգներ։ Սիրիական ճգնաժամը նույնպես դարձել է Թուրքիայի օրակարգի հարց։ Բացի այդ, քրդերն ակտիվացել են և պահանջում են ռեալ բանակցություններ քրդերի հետագա կարգավիճակի վերաբերյալ։ Եվ Էրդողանը ստեղծված իրավիճակի միակ լուծումը տեսնում է ԱԶԿ-ի միահեծան իշխանության մեջ, այսինքն՝ երբ ԱԶԿ-ն դառնա լրիվ մեծամասնություն խորհրդարանում, ինչը, սակայն, շատ կասկածելի է։
Թուրքագետը նկատում է նաև, որ չնայած բազմաթիվ քննադատություններին՝ ԱԶԿ-ն, այնուամենայնիվ, պահպանում է բավականին մեծ ընտրազանգված։ Եվ եթե քրդերի հետ հարաբերությունները չկայունանան, ապա յուրաքանչյուր սցենար Թուրքիայի ներքաղաքական կյանքում կանխատեսելի է։
Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական համայնքը առաջիկա ընտրություններում։ Թուրքագետը նշում է, որ հայկական համայնքն այնքան մեծ չէ, որի դիրքորոշումն ինչ-որ խնդիր լուծի։ Հետևաբար մեր համայնքի ձայների քանակը թուրքական ղեկավարության համար այնքան էլ էական չեն։ Չնայած մի քանի կուսակցություն, այդ թվում ԱԶԿ-ն, իրենց պատգամավորների թվում ունեն նաև հայազգիներ։ Մեր զրուցակիցն ընդգծում է նաև այն փաստը, որ վերջերս Ստամբուլի հայկական որբանոցը վերադարձրեց հայկական կազմակերպությանը, ինչը վկայում է այն մասին, որ ամեն դեպքում իշխող կուսակցությունը փորձում է ինչ-որ կերպ ստանալ տեղի հայերի համակրանքը։
Մուշեղ Խուդավերդյանը նկատում է նաև, որ այն չեն ռուս-թուրքական հարաբերությունները։ Ռուսաստանը գազի հարցով այդպես էլ զեղչ չտրամադրեց Թուրքիային, ինչն այդ երկրին կենսական անհրաժեշտություն է, քանի որ Թուրքիայի բնակչությունը տարեցտարի ավելանում է, հետևաբար նաև՝ գազի սպառման ծավալները։ Իսկ Ռուսաստանն այն հիմնական երկիրն է, որից Թուրքիան գազ է ստանում։ Եվ Թուրքիան վերջերս այդ հարցով դիմեց միջազգային արբիտրաժային դատարան։ Այսպիսով՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ թե՜ տնտեսական, թե՜ քաղաքական առումով լարվածություն նկատելի է, ինչը խորացման միտում ունի։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. - Ի դեպ, նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու նաև Ադրբեջանում։ Եթե Թուրքիայում սպասվում է թեժ պայքար, ապա Ադրբեջանում ամեն ինչ կանխատեսելի է։

Դիտվել է՝ 1155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ