«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»

«Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ»
30.10.2015 | 11:05

(փաստագրություն՝ ուղեկից զեղումներով)

(սկիզբը` այստեղ)

ՎԱՍՆ ՄՆԱՑՈՐԴԱՑ
Շատ հիվանդ եմ, մատներս հազիվ են գրիչը շարժում, բայց դատողությունս սթափ է: Դռան հետևում զգում եմ հրեշտակապետի ներկայությունը: Վախենո՞ւմ եմ` և այո, և ոչ: Ոչ, որովհետև որոշ է, հեռանում եմ, այո, որովհետև գալիքն անորոշ է:
Հեռանալս զգացի անցյալ տարի, երբ նավիս վրա ուժեղ մրսեցի ու հիվանդացա: Կանխազգացմանս մասին Հելենային ոչինչ չասացի: Չասացի նաև Ամիրխանին, բայց նա գլխի ընկավ, սպասավորներին մոտ չէր թողնում` ոտքերս դնում էր տաք ջրի մեջ, բրդե թիկնոցով թիկունքս ծածկում, փոխնորդ բերում և ամբողջ ժամանակ շուրջս պտտվում էր: Ախպե՜րս… Ինձնից քսան տարով փոքր էր, ծնվեց թե չէ` ես Աշուղ-Արքայի հետ բռնեցի Բուշերի ճանապարհը: Ծնողներիս մահից հետո նա սկսեց ինձ նամակներ գրել և ամեն մեկն սկսում էր «Բարև, սիրելի եղբայր» բառերով: 1829-ին իմ խորհրդով գնաց Բասրա, առևտրատուն հիմնեց, ես էլ նավերովս իրեն գաղթաբերք էի առաքում: Բայց գործերը, կարծես, լավ չէին, առևտրի աստվածն իր շնորհն ինձ էր բաշխել, ոչ իրեն: Ապսպրեցի գալ Սմարանգ: 1831 թվականն էր, երբեք չեմ մոռանա այն օրը, երբ նավից ոտք դրեց ցամաք: Երեսնամյա բարձրահասակ, սև գանգուրներով, խաժաչ հասուն տղամարդ էր: Ինքը մոտեցավ ինձ և ասաց. «Սիրելի եղբայր, ես Ամիրխանն եմ»: Արցունքներս չկարողացա զսպել, առաջին անգամ էինք մեկմեկու տեսնում…
Երեք տարու չափ պահեցի մոտս, զանազան գործերի դրեցի, ուզում էի իր համար շաքարեղեգի մշակման գործարան գնել, բայց ինքը չէր ուզում, ուշքումիտքը տունդարձն էր, սիրտը Ճավային չէր կպչում: Ես դեմ էի իր մեկնելուն, բայց երբ հիվանդացա, հասկացա, որ պիտ թողնեմ երթա: Իրեն տվեցի մոտս եղած Սարգսի ավետարանը, մեր ազնվականական ծագման վկայագրերն ու նավահանգստում հրաժեշտ տվեցի: Վերջին հրաժեշտը: Տախտակամածից ձեռքը թափահարեց ու հետը տարավ իմ նախկին կյանքը:
Սա՛ էր գաղթականության «պերճանքը»: Ինձ նախանձող եվրոպացիք տեղին-անտեղի երեսովս էին տալիս` դուք գաղթի հակում ունեցող ժողովուրդ եք: ¥Հորս պատվիրանը չմոռանալով, բերանս փակ էի պահում, չէի հակադարձում, թե` հապա դո՞ւք այստեղ ինչ գործ ունեք, հայրենիքներդ թողած այստեղ ի՞նչ եք անում¤: Ասում էին առանց պատճառը հասկանալու: Բացատրեմ իմ հարազատների օրինակով: Սկզբում Սմարանգ բերեցի Աննա քույրիկիս` իր ամուսին Անդրեասի ու Կարապետ, Բարսեղ, Պողոս մանուկների հետ: Հռիփսիմե քույրիկիս` իր ամուսին Մարտիրոսի ու Գալստան և Ավետիք երեխաների հետ, բերեցի Կալկաթա: Մարամջան քույրիկիս Սեթ անուն որդուն բերեցի մոտս, քույրս ու նրա ամուսին Մարտիրոս Տեր-Ոսկանյանը մնացին Ջուղայում: Ջուղայում մնացին նաև Մարիամ քույրիկս` Գևորգ Աբգարյանց ամուսնու ու վեց արու զավակների հետ: Եվրոպացիքին պարտավոր չէի բացատրել, որ Պարսկաստանը մեր հայրենիքը չէ, մենք հայրենազուրկ ենք, մեր իսկական հայրենիքը Ղարաբաղն է, որ հենց իրենք մեզ թույլ չեն տալիս, ինձ թույլ չտվեցին վերագտնել: Ղարաբաղում էլ ապրեինք` կարտագաղթեինք, որովհետև հայը չի ուզում անհաց մնալ, համարում է, որ ոչ ոքից պակաս չէ: Անհացությունն ամենամեծ անարդարությունն է, իսկ հային այս աշխարհում ամենից շատը արդարություն է հարկավոր: Եվրոպացիք իրենց արդարությունը գտնում են ուրիշի հայրենիքում` բռնի ուժով, ստրկացնելով, կեղեքելով, մենք` ուրիշի հայրենիքում տքնելով ու մաքառելով, մեր սրտում պահելով եղած կամ չեղած հայրենիքի հուշ-երազանքը: «Ընդամենը» սա է տարբերությունը:
Հիմա, երբ ինձ հաշված ժամեր են մնացել, հանգիստ եմ հեռանում այն մտքից, որ Ամիրխան եղբորս ու քույրերիս` իրենց ընտանիքներով, ամեն ինչով ապահովել եմ, ոչ մի բանի կարիք չունեն:
Հանգիստ խղճով եմ հեռանում նաև այն մտքից, որ ապրուստի կարիք չեն ունենա կինս և ութ երեխաներս:
Իններորդն էլ ունեի, առաջնեկս` Դավիթը… Մեկ-երկու տարի էր, ինչ եկել էի Սմարանգ, երբ պլանտացիաներիցս մեկում հանդիպեցի 18-ամյա տեղացի մի գեղեցկուհու: Ներսումս բռնկվեց անմեկնելի կիրք, հրաբուխ: Նրանից ունեցա որդի, որին անվանեցի Դավիթ, և այդ երեխան՝ ճավացու ակնհայտ դիմագծերով, կյանքս իմաստավորեց՝ նրա երակներում հոսում էր իմ արյունը: Մորն ուղարկեցի հեռավոր կալվածքներիցս մեկը, իսկ երեխային ինքս պահեցի-մեծացրի: Թեև հոլանդացիները հանդուրժողաբար, ըմբռնումով էին վերաբերվում ¥նրանցից շատերն էլ տեղացի կանանցից երեխաներ ունեին¤, իսկ հայերը՝ լուռ դատապարտանքով, բայց աշխարհում ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել հրաժարվելու որդուցս: Դավթին մեծացրի, Lady Jakoba նավիս տեր կարգեցի և ամուսնացրի հոլանդուհու հետ: Տե՜ր իմ Աստված, մինչև վերջին շունչս Քեզ փառք եմ վերառաքելու, մինչ վերջին հոգոցս գոհունակությունս եմ հայտնելու այն ամենի համար, ինչ պարգևեցիր ինձ, բայց Դու կարող էիր նվազ պատիժ սահմանել ինձ ու Դավթիս չտանել: Երկու շաբաթ առաջ տարար, ի վիճակի չէի անգամ նրան ձեռամբս հողին հանձնելու, ի՜նչ կլիներ, մի քիչ սպասեիր, նախ ինձ տանեիր, չիմանայի: Քո գործերը, հիրավի, անքննելի են: Պոռթկումնալից բողոքիս համար էլ թողություն շնորհիր:
Հիմա մխիթարանքս կինս ու երեխաներս են: Հելենան Աստծո պարգև էր, ընծա՝ բազում չարչարանքներիս, զրկանքներիս դիմաց: Նրան առաջին անգամ տեսա ընդունելության ժամանակ, որ կազմակերպել էր Սմարանգի անգլիացի նահանգապետը (Ճավային դեռ անգլիացիներն էին տիրում): Բարակիրան, նազուկ, սպիտակ շրջազգեստով, մոմակաթ դիմագծերով Հելենան ինձ անմիջապես գերեց: Հրապուրանքին միախառնվեց հաշվենկատությունս, և հասկացա, որ նա պիտի դառնա օրինական կինս:
Հելենան ոչ միայն ութ երեխա ծնեց ինձ համար, այլև մայրական գորովանքով ընդունեց Դավթին:
Երեխաներս և իմ ուրախությունն են, և մտահոգությունը: Կյանքը մրցակցություն է, և այդ մրցակցությունում հաղթելու համար կրթված պետք է լինել: Գևորգ Զաքարյանը նրանց հայերեն էր սովորեցնում, վարձել էի նաև հոլանդերենի և անգլերենի ուսուցիչներ: Հելենան էլ գերմաներենի դասեր էր տալիս: Կոռնելիսից շատ գոհ եմ, ուշիմ, բանիմաց երիտասարդ է, և բիզնեսս հավանաբար նա կշարունակի: Հակոբն է անհանգստացնողը, կամակոր տղա է, ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է հորաքրոջ որդիների հետ, և դրանից լավ բան դուրս չի գա:
Երեխաներս, ցավոք, հայերեն չեն խոսում, և դա նրանց մեղքը չէ, դժբախտությունն է: Ո՞Ւմ հետ խոսեն: Լեզուն պիտի գործածես, որ չմոռանաս: Եթե ինձ մոտ հյուրընկալվող ազգակիցներս չլինեին, ես էլ կմոռանայի մայրենին:


Կոռնելիսին էլ ամուսնացրի հոլանդուհու հետ, հապա ի՞նչ անեի, հայ օրիորդներ որտեղի՞ց գտնեի: Գիտեմ, աղջիկներս էլ կնության կգնան հոլանդացիներին: Բայց կարծում եմ, որ խառնամուսնությունն ու մայրենիի կորուստը որոշիչ չեն: Ոգի՛ն է հիմքը, ես ձգտեցի հայի ոգի սերմանել երեխաներիս մեջ և հավատում եմ՝ ինչ-որ ժամանակ այդ ոգին ի հայտ կգա:
Բայց իմ իղձը, նպատակը կվստահեմ Կարապետ որդուս ¥հիմա բացեմ ու փակեմ մի գաղտնիք¤: Հայրական գերդաստանիս սուրբը Կարապետն էր, հայրս ուխտագնացություն կատարեց Մշո Սուրբ Կարապետ ու երազում էր Կարապետ անունով որդի ունենալ: Դրա համար էլ Ամիրխանին մկրտեց Կարապետ անունով: Իմ Կարապետին կավետեմ փափագս` Ղարաբաղի ազատագրումը: Ինչպես Ամիր պապս` հորս, հայրս` ինձ, այնպես էլ ես Կարապետին կփոխանցեմ պատգամս: Ես չկարողացա, իրեն կհաջողվի՞ մեր իղձը կատարել` չգիտեմ, բայց եթե չի հաջողի` թող վերջին կամքս ինքը փոխանցի որդվոց որդի:
Հեռանում եմ, հավատալով, որ մի օր, անգամ դարեր անց, Ղարաբաղը կազատագրվի: Ռուսն է այժմ տիրում հայրենիքիս, վաղը` գուցե եվրոպացին, մյուս օրը` գուցե Կասպիականի ափին մեխանիկական բազմացմամբ զբաղվող թաթարը, բայց թող բոլորն իմանան, որ Ղարաբաղն իրենց համար տարածք է, պլանտացիա, մեզ համար` հայրենիք: Կհասկանան` լավ, չեն հասկանա` հեռու-մոտիկ ղարաբաղցին, հեռու-մոտիկ հայը զենքը կառնի ձեռքը, և մարտի ժամանակ նրանց կառաջնորդի նաև ի՛մ ոգին:
Հեռանում եմ, հավատալով, որ խեղճ ու թափառական իմ ժողովուրդը իր հայրենիքում պետություն կկերտի, որը կկառավարի բարեսեր, ուսյալ, ուժեղ ու հպարտ թագավոր` թշնամյաց հանդեպ անզիջում, հպատակաց նկատմամբ` ներողամիտ:
ՈՒր հայը հացի կարոտ չի մնա, արդար քրտինքով կաշխատի, արժանապատվորեն կապրի, ամուր կկանգնի մայր հողի վրա, երեխաներ կունենա, իր օջախում գլուխը բարձին դրած կհեռանա` վստահ, որ հազար տարի անց էլ հաղթական է լինելու:
ՈՒր իշխանությունն արհեստականորեն չի վերարտադրվի ու լծակները պորտեպորտ չի փոխանցի:
ՈՒր պաշտոնյան ոչ միայն տեր կլինի, այլև ծառա:
ՈՒր հարուստը ողորմած կլինի աղքատի նկատմամբ, իսկ աղքատը դաշույն չի հանի հարուստի հանդիման:
ՈՒր աղքատությունը չի ավերի ամեն բան ու չի ստրկացնի, ու ստրուկ հայը հայրենիք չի ծախի:
ՈՒր կիշխի ոչ թե արծաթսիրությունը, այլ Աստվածսիրությունը:
ՈՒր եկեղեցի կառուցողն իր արածը չի թմբկահարի և անգամ իր կառուցած եկեղեցին ոտք չի դնի:
ՈՒր կտիրեն ոչ թե լկտիությունը, տգիտությունը, բռնությունը, այլ համեստությունը, կրթվածությունը, բարությունը:
ՈՒր մարդն ազատ կլինի, բայց կհարգի օրենքի սահմանափակումը:
ՈՒր հայը համերաշխ կլինի ազգակցի և հատկապես գաղթականի հետ:
ՈՒր օտարի իշխանություն չի լինի, և դրածոները գեհենի բաժին կդառնան:
ՈՒր բարեկամություն կկարողանան անել բարեկամների հետ, քանզի եթե բարեկամություն չես կարողանում անել, թշնամիներ ես ձեռք բերում:
ՈՒզում եմ հավատալ ևս մեկ բանի. կգա մի օր, երբ ոմն մեկը կհետաքրքրվի անձովս ու գործովս, կկարդա, կուսումնասիրի ու գրիչ կառնի ձեռքը: Այնժամ ոգիս դուրս կգա խոնավ այս օտար հողից ու կմխրճվի նրա սիրտը, հոգին, ուղեղը: Քուն ու դադար չեմ տա, կխելագարացնեմ ու կգամ նրա շուրթերով ասելու, որ իսկական երջանկությունը հարստության մեջ չէ, որ ամենամեծ հարստությունը հայրենիքն է, որ ամենահեշտ բանը հանուն նրա մեռնելն է, իսկ ամենադժվարը` հանուն հայրենիքի ապրելը: Որ… Հազարումեկ բան եմ ուզում հուշել, բայց, ավա՜ղ, ժամանակ չիք:
Գաբրիելը գավազանը կամացուկ զարնում է դռանս:
Վե՛րջ: Վաղն այս գրվածքը կայրեմ:
24 մարտի 1835 թ.
Նիդերլանդական Հնդկաստան, Ճավա կղզի,
Սմարանգ նավահանգիստ

Էջի լուսանկարներում` Հովսեփ Ամիրխանյանի հարազատները
Նիդերլանդական Հնդկաստանում

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ